Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ցանկացած արցախցի կարողանում է ամեն ինչից վեր դասել Արցախն ու նրա անվտանգությունը»

«Ցանկացած արցախցի կարողանում է ամեն ինչից  վեր դասել Արցախն ու նրա  անվտանգությունը»
16.04.2019 | 02:50

Արցախի հիմնահարցը, ներսն ու դուրսը, պատերազմի հետքերը, զգոնությունն ու ուժը. այս և այլ թեմաներին են առնչվում արցախաբնակ գրող, լրագրող, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆԻ (ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ) անկեղծ ու ինքնատիպ մեկնաբանությունները:

(Նախորդ մասը)

-Մեր օրերում բոլորը գրում են (համացանցում): Ի՞նչ պիտի գրի գրողը, նաև լրագրողը, որ գրավի ընթերցողին: Մարդիկ շատ հաճախ կարդում են միայն հոդվածների վերնագրերը, ու քննարկումների հեղեղ է սկսվում, նախընտրում են կարդալ ֆեյսբուքյան կարճ գրառումները, սկանդալային նյութերը: Ինչու՞ պետք է 21-րդ դարի մարդը ձեռքը գիրք վերցնի, իր կողքին ստեղծագործող գրողի գիրքն ընթերցի:
-Այն, որ մեր օրերում բոլորն են գրում, ինչպես Դուք նկատեցիք, ես դրանում վատ բան չեմ տեսնում, յուրաքանչյուր մարդ ուզում է ինքնարտահայտվել, իսկ ֆեյսբուքը, համացանցը լավագույն հարթակն է այդ անելու համար։ Ըստ իս՝ չարիքը սկսվում է այնտեղից, երբ պրիմիտիվ, եսակենտրոն, անհեթեթ շարադրանքը` լինի չափածո, թե արձակ, արժանանում է հավանությունների, հայտնվում շռայլ գնահատականների ծովում... Եվ բառի նկատմամբ վերանում է հարգանքը, բառը կորցնում է իր արժեքը։ Նույն այդ մարդիկ Ձեր ասած, միայն հոդվածի վերնագիր կարդալով իրենց թույլ են տալիս քննարկումների մասնակցել, իսկ սա խոսում է միայն նրանց ցածր ինտելեկտի մասին։ Ցավոք, մեր կյանքում այդպես է. փոքր մարդիկ են մեծ երազներ տեսնում։ Մինչդեռ մի լավ բան գրելու համար հարկավոր է, որ հարյուրը կարդացած լինես։ Աշխարհահռչակ դա Վինչին ամեն օր գնում էր հիշատակածս Սանտա Մարիա դել Կարմինե եկեղեցին ու ժամերով կանգնում Մազաչոյի որմնանկարի առաջ (Լեոնարդոն Մազաչոյից փոքր էր 51 տարով)։ Եվ ո՞վ հակառակը կպնդի, որ նա Մազաչոյից ոչինչ չի սովորել: Էյնշտեյնը համոզված էր, որ ինքը Դոստոևսկուց ավելի շատ բան է սովորել, քան բազմաթիվ գիտական աշխատություններից։ Մենք այսօր, ցավոք, փոխանակ վեր ձգվելու, բարձրանալու, արվեստի նշաձողը իջեցրել ենք ծնկներից էլ ցած, որպեսզի ինքներս բարձր երևանք։ Ըստ իս՝ դա է պատճառը կամ պատճառներից մեկը, որ այսօր աղետալի վիճակում է մեր երգարվեստը, որ այսօր համացանցում ձևավորվում է անուն չունեցող մի տեսակի շարադրանք, որը հավակնում է գրականություն կոչվելու։ Այնինչ արվեստը, գրականությունը գիտություն են մարդու և մարդկային կյանքի մասին, արվեստը մարդկային հոգու ճարտարապետն է։ Այս դիտանկյունից մոտենալով խնդրին, տեսնում ենք, որ այն, ինչն այսօր է ստեղծվում, հիմնականում «հոգու ճարտարապետության» հետ առնչություն չունի։ Այս կարծիքին եմ, որովհետև, եթե ի սկզբանե արվեստը եղել է եկեղեցու նման, ուր մարդը ոտք է դնում ապաշխարելու համար, այսօր արվեստը ընկալում ենք իբրև զվարճանքի տուն, որտեղ գնում են միայն ժամանակ անցկացնելու: Ասում եք` ինչու՞ պիտի այսօրվա մարդը կարդա իր կողքին ապրող գրողի գիրքը։ Հավատացեք, մենք, ամենայն հավանականությամբ, այսօր չէինք ունենա Ռեմբրանդի «Բերսաբեն Դավիթ թագավորի նամակի հետ» սքանչելի կտավը, եթե Ռեմբրանդը տեսած չլիներ իր աշակերտներից Վիլլեմ Դրոստի «Բերսաբեն» նկարը։ Շարժառիթը կարևոր գործոն է։ Ինչ վերաբերում է գրողի և լրագրողի անելիքին, ես նրանց անելիքը տարանջատում եմ այնքանով, որ լրագրողի թիրախում օրվա հիմնախնդիրներն են, իսկ գրողը տալիս է իր ժամանակաշրջանի դիմապատկերը։
-«Մոմերն իզուր են այրվել մեղքերիս համար» վիպակում այսպիսի տողեր կան. «Պատերազմի մասին չեն պատմում, պատերազմը ատում են»: Իսկ մոռանալ, անտեսել, բացառել կարո՞ղ ենք: Զգո՞ն ենք: Ոչինչ բաց չե՞նք թողնում: Ամրապնդու՞մ ենք մեր ուժերը սահմանում, թիկունքում:
-Պատերազմը մարդկային կյանքում հզոր կատակլիզմ է, որի ժամանակ պարտադիր վեր է բարձրանում կյանքի տիղմը։ Իսկ պղտոր իրականությունում ապրելը բոլորովին էլ դյուրին չէ։ Այնպես որ, եթե մաշկիդ վրա զգացել ես պատերազմի բերած տառապանքը, կորստյան ցավը բացառում է մոռացումը։ Իմ «Դժոխքից եկածին հարցեր չեն տալիս» վեպի մեջ, որը ներկայացնում է Ստեփանակերտի կյանքը պատերազմի տարիներին, կա այսպիսի դիտարկում. «Ամեն անգամ հրթիռակոծությունից հետո, երբ քաղաքում հանդիպում ես ծանոթներիցդ որևէ մեկին, տեսնելուն պես ստացած ես լինում քեզ հետաքրքրող հարցերի պատասխանը, որն ամփոփվում է մեկ բառի մեջ` ողջ է։ Եվ այն մտքից, որ ծանոթներիցդ մեկն էլ ողջ է, անբացատրելի զգացում ես ունենում. նրա ողջ լինելը քեզ ապրելու ուժ է տալիս»։ Հիմա Ձեր հարցադրումների մեջ ես տեսնում եմ այն մտահոգությունը, որը քաջածանոթ է ինձ։ Սովորաբար մարդը հեռուներում գտնվող իր հարազատի համար ավելի շատ է մտահոգվում, քան հեռուներ մեկնածը` իր մասին։ ՈՒստի փարատեմ Ձեր մտահոգությունը` ասելով` Արցախում ապրողները սահմանին ու զինվորին առնչվող հարցերին վերաբերվում են շատ սթափ, զգոն ու շրջահայաց են։ Բայց հարկի-անհարկի չեն խոսում այդ մասին։ ՈՒ ամենակարևորը, չեն էլ մտածում միջամտել բանակի գործերին, որովհետև կա մեծ հավատ ու վստահություն։ Այլ կերպ ասած` ամեն մարդ զբաղված է իր գործով, ինչը մեր դեպքում շատ կարևոր է բազմաթիվ առումներով։
-Հեղափոխությունը Հայաստանում էր, բայց մենք վախենում էինք Արցախի համար (թշնամին, առիթից օգտվելով, պատերազմ չսանձազերծի, կամ հեղափոխությունը Արցախ չհասնի): Արցախի հետ կապը շատ զգայուն է: Ի՞նչ արձագանք, ազդեցություն են ունենում հայաստանյան իրադարձությունները Արցախում:
-Հավատացեք, այդ օրերի Ձեր ապրումները նույնությամբ տեղի էին ունենում Արցախում ապրողներիս հետ։ Ի վերջո, Հայաստանը աշխարհի կենտրոնն է` ողջ հայության համար։ Եվ հայաստանյան կյանքի ցանկացած խաթարում, շեղում բնականոն ընթացքից, իր անդրադարձն է գտնում թե՛ արցախյան իրականությունում, թե՛ Արցախում ապրողներիս սրտում։ Ինչ վերաբերում է հեղափոխությանը, որի մասին նշեցիք, ահա թե ինչ կասեմ. Սոս Սարգսյանը մեծ մտավորական էր, պայծառ մարդ։ Նա կարծում էր, որ արցախցին հայի ազնվական տեսակն է։ Ձեզ ասեմ` ապշելու բան է, ո՛նց էր կռահել, որ արցախցին վեհանձն է, դյուրահավատ է, բայց խորաթափանց, ներողամիտ է ու շրջահայաց, բարի է, բայց և իրասածի, իսկ ամենակարևորը` իր մեջ ամբարել է դարերով եկած իմաստնություն։ Արցախցին հեղափոխության պետք չունի, նա ի զորու է ցանկացած ներքին կնճռոտ հարց լուծելու այնքան քաղաքակիրթ եղանակով, որ աշխարհը մնա ափիբերան։ Եվ գիտե՞ք ինչու է դա նրան հաջողվում. ցանկացած արցախցի կարողանում է ամեն ինչից վեր դասել Արցախն ու նրա անվտանգությունը։
-Գրում եք. «Մինչդեռ պատերազմի ժամանակ մարդ մշտապես քաղցած է լինում»: Իսկ հիմա քաղցած չե՞ն. հոգու սովի մասին չէ խոսքը: Սոցիալական վիճակը գոհացուցի՞չ է:
-Գիտե՞ք, ես կարծում եմ, գուցե սխալ եմ, բայց այդպես եմ կարծում, որ խնդիրը աղերսներ ունի ադապտացիայի հետ։ Մի՞թե որևէ մեկը կարող է նույն հարթությունում դնել այսօրվա Հայաստանի և, ասենք, 2000 թվականի սոցիալական կյանքը։ Առնվազն պետք է կույր լինել կամ երախտամոռ` չտեսնելու համար այն առաջընթացը, որ կա մեր կյանքում։ Ըստ իս՝ բոլորը չէ, որ կարողացան ադապտացվել նոր իրականությանն ու նրա պահանջներին։ Ի վերջո, մարդիկ 70 տարի ապրել էին մի հասարակարգում, որտեղ շատ հարցերում ուրիշներն են մտածել քո փոխարեն, ուրիշներն են որոշումներ կայացրել։ Խորհրդային երկրում կա՞ր արդյոք մի հիմնարկ, մի գործարան, որի աշխատակիցները օրվա վերջում` տուն գնալիս, մի բան չտանեին իրենց հետ` լիներ ցեմենտ, մեխ կամ պտուտակ, հաց, երշիկ` նայած ով որտեղ էր աշխատում։ Այսօր մասնավոր սեփականություն է, գողանալ չես կարող և ոչինչ չանելու դիմաց աշխատավարձ չես ստանա։ Ավելին՝ ամեն օր պիտի աշխատես բարձրացնել քո մասնագիտական որակները աշխատատեղդ չկորցնելու համար, քանի որ գոյություն ունի մրցակցություն։ Մի կարծեք, թե Արցախում չկա գործազուրկ մարդ, բայց կա մի բայց` պատերազմի զրկանքներով անցած մարդը չի միանում դժգոհների խմբին, իր հարցերը ձգտում է լուծել ինքնուրույն։ Չհաջողելու դեպքում էլ չի վհատվում։
-Մշակութային աշխուժություն, գրական միջավայր, ընթերցող-հրատարակիչ կապ, բացվող գրախանութներ, գրողի դերի բարձրացում, ցուցահանդեսներ, թատրոն, կինո... Երևանում փորձեր են արվում նշվածներն ունենալու համար: Մարզերում պատկերն անհամեմատ տխուր է: Արցախում ի՞նչ դրական տեղաշարժեր կան:
-Ձեր այդ հարցին պատասխանեմ միայն փաստեր արձանագրելով, իսկ գնահատականը Դուք տվեք։ Եթե աշխարհահռչակ Ալբանոն համերգ է տալիս Արցախում, եթե Մոնսերատ Կաբալիեն է ելույթ ունենում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, եթե մոլորակի մեծագույն երգիչ Ազնավուրն է քայլել Ստեփանակերտի փողոցով, եթե ֆրանսիացի գեղանկարիչ Դոմենիկ Լանդուչին իր ցուցահանդեսը բացում է Ստեփանակերտում, եթե շվեդ կինոռեժիսորը իր ֆիլմի պրեմիերան կազմակերպում է Արցախում, այս շարքը կարող եմ շարունակել, կարծում եմ ինքնին շատ բան է ասում։ Այդուհանդերձ չեմ ժխտում, որ ունենք նաև բազմաթիվ մանր ու մեծ լուծելի խնդիրներ։ ՈՒղղակի մենք այդ ամենը չենք դարձնում մատի փաթաթան` գիտակցելով, որ Արցախը առաջնագիծ է և մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք։ Հետևաբար, ամեն բան լինելու է իր ժամանակին։ Արցախում դա գիտակցում են բոլորը` մեծից փոքր։
-Ի՞նչ կասեք ընթերցողին զրույցի վերջում:
-Ի՞նչ ասեմ։ Նախ ասեմ, որ խորհուրդներ տալ չեմ սիրում, ուստի ընթերցողից կխնդրեի ինձ սխալ չհասկանալ, և թող խոսքս ընդունի որպես իր հայրենակցի, իր արյունակցի սրտի անկեղծ ցանկություն։ Իսկ ցանկությունս այն է, որ, անկախ հանգամանքներից, ինչ էլ եղած լինի` անարդարության պատը փուլ եկած լինի քո ուսերին, թե չարացած, գազազած լինես աշխարհի վրա, Հայաստանի մասին, ինքդ որպես հայ մարդ, երբեք մի ասա` էս երկիրը... Էս երկիրը ասելով ինքդ քեզ կորցնում ես, նաև մեզանից ես հեռանում։ Մարդ իր մոր մասին խոսելիս ասո՞ւմ է` էս կինը։ Առավել ևս` այն հողում, որի անունն է Հայաստան, երբ ծաղիկ են դարձել քո պապն ու նանը, քո հայրն ու մայրը: Համո Սահյանի «Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է» խոստովանությունը հզոր է Նիագարայի պես և ծանրանիստ է Քեոփսի բուրգի նման. ոչ այն պատճառով միայն, որ իր միջուկում պատմություն ունի և հայոց ճակատագիր։
Ամենքին է հայտնի, որ Հայաստանը մարդկության բնօրրանն է, ու ամենքս ենք երազում, որ Հայաստանը դառնա աշխարհի հետ ոտք գցող երկիր։ Բայց երազելը քիչ է, քիչ է նաև հայրենիքը սիրելը, հարկավոր է, որ ամեն մեկը հանուն դրախտավայր Հայաստանի զբաղվի իր գործով և իր գործը անի անմնացորդ նվիրումով, այնպիսի նվիրումով, որ Հայաստան ասելիս շրթունքդ ճաքի, և չիմանաս, թե ինչու է այդպես։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ