Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Օրենքն անցկացնելու ամենակարճ ճանապարհը մարդ սպանելն է»

«Օրենքն անցկացնելու ամենակարճ ճանապարհը մարդ սպանելն է»
24.05.2019 | 01:41

Քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ կարծում է, որ այս իշխանությունները, որոշ օրենքներ անցկացնելու համար, չեն խորշի անգամ մարդ սպանելուց։ Ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ զրույցը՝ ստորև։


-Ներքաղաքական զարգացումները մեզ ու՞ր են տանում։
-Եթե նկատի ունեք դատարանները շրջափակելը, ապա դա վերջին հիմարությունն էր, որ կարելի էր անել։ Ի՞նչ է նշանակում՝ դեմ գնալ երկրի գլխավոր օրենքին՝ Սահմանադրությանը։ Մինչև այսօր 4-5 դեպք է եղել, երբ դատախազությունը հանգիստ կարող էր քրեական գործ հարուցել վարչապետի դեմ։ Բռնության կոչերը, կզակներին հարվածելը...
-Դատարանները շրջափակելով՝ քրեական գործերն ավելացան ևս մեկո՞վ։
-Իհարկե, այս ամենին գումարվեց նաև երկրի գլխավոր օրենքի վրա կոպիտ հարձակումը։ Սրա համար վաղ, թե ուշ պատասխանատվության է ենթարկվելու, նա պարզապես սա լավ չի պատկերացնում։ Այն մարդիկ, ովքեր նրան հուշում են, թե ինչ պետք է անի, չեն հասկանում, թե ինչի մեջ են ներքաշում նրան։
-Փաշինյանն այս ամենն այլ լույսի տակ ներկայացրեց, այն է՝ դատական համակարգի վիրահատություն, որի 5 քայլերը թվարկեց։
-Առանձնապես հետաքրքիր չէ, թե քանի կետ է նշել, քանի որ մեկ օր ՀՀ քաղաքացուն զրկել է դատական իշխանությունից, որի համար հաստատապես պատասխան է տալու։ Ձեռք է բարձրացրել քաղաքացու սահմանադրական իրավունքի վրա։ Իր դիտարկմամբ՝ այդ 7-8 հարյուր հոգին են հպարտ քաղաքացիներ, մնացած 2,5 միլիոնն էլ սովորական քաղաքացիներ են։
-Ի՞նչ նկատի ունեք։
-Դատարանները շրջափակելու ակցիային, իմ հաշվարկներով, մասնակցել է 7-8 հարյուր հոգի։ Իրենք ասում են՝ 1100-1500, բայց եթե քաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատակիցներին հանենք, կլինի իմ ասած թիվը՝ այն էլ ֆեյսբուքյան կոչերով, լայվ մտնելով, ժողովրդին հրահրելով։ Փաշինյանը նաև ցնցող մի փաստ ասաց, որ ոստիկանությունն իրեն զեկուցել է, թե մարդիկ արգելափակել են դատարանների մուտքերը, մինչդեռ օրենսդրությունն արգելում է անգամ խաղաղ ցույցերը, հանրահավաքներն անցկացնել դատարանի առջև։ Ոստիկանությունը, որ պետք է թույլ չտար այդ խայտառակությունը, ցրեր այդ մարդկանց, անմիջական մասնակցություն ունեցավ դատարանների շրջափակմանը։
-Ասել է՝ Փաշինյանը հակասահմանադրական գործողության մեջ ներքաշեց նաև ոստիկանությա՞նը։
-Այո։ Այս ամենը պայմանավորված էր նաև Եվրախորհրդով։
-Ի՞նչ կապի մասին եք ակնարկում։
-Շատ պարզ, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ուղիղ ասաց, որ ողջունում է Փաշինյանի հակասահմանադրական քայլերը։ Սա փաստում է այն մասին, որ եվրոպացի էմիսարները տեղյակ են եղել այս հակաօրինական քայլերի մասին։ Ազատության, մարդու իրավունքների այդ պաշտպաններից ոչ մեկը նույնիսկ մի բառ չասաց, թե այս ինչ են անում։ Մենք շատ վտանգավոր դաշտում ենք հայտնվել, որին գումարվում են նաև Արցախի հետ կապված զարգացումները, Վիտալի Բալասանյանի մեքենայի անօրինական խուզարկության փորձը (սա, ի դեպ, սորոսականների հուշած քայլն էր, որպեսզի Արցախ-Հայաստան հարաբերություններում սեպ խրվի)։ Մինչ այս իշխանությունը մենք ապրում էինք մի Երևանում, որտեղ ամենավերջին խուլիգանն իրեն թույլ չէր տալիս աղջիկների ներկայությամբ փողոցում հայհոյել, իսկ այսօր Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, սրիկան ձեռք բարձրացրեց պապիկի վրա, որը հանգիստ զբոսնում էր թոռնիկների հետ։
-Խոսքը Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցածի մասի՞ն է։
-Այո, սրիկաները հային ոչ վայել նման քայլի գնացին։
-Հանրային այսպիսի տրամադրությունները միանգամից չեն ծնվել, այս մեկ տարվա ընթացքում անհանդուրժողականությունն ու ատելությունը լավ «եփվեցին»։
-Անշուշտ, դրա համար Փաշինյանը լավ աշխատել է՝ բռնության կոչերով, սևերի ու սպիտակների բաժանելով, որոնք իրենց համար ցանկալի արդյունքը տվեցին։
-Ի դեպ, Դուք հայտարարել էիք, թե Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել, որպեսզի ընդունվի գենդերային հավասարության մասին օրենքը, այսինքն ստամբուլյան հայտնի կոնվենցիան կյանքի կոչվի (հիշեցնենք, որ ժամանակին այս օրենքը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ դա ենթադրում էր արվամոլների ամուսնություն, նրանց կողմից երեխաների որդեգրում և այլն)։ Դուք դեռ շարունակու՞մ եք նույն կարծիքին մնալ։
-Հայաստանում շատ դժվար է դա լինելու, բայց դրա ձևը կա։ Հիշու՞մ եք՝ Մայդանում Սորոսն ինչ արեց։ 100 մարդ գնդակահարեց, որ իշխանափոխություն լինի, գնդակահարվածներից առաջինը մեր հայրենակիցն էր։ Մեզ մոտ էլ օրենքն անցկացնելու համար, իմ կարծիքով, կգնան սպանությունների։ Ինչպես Մայդանում եղավ, այստեղ էլ սպանություններ կլինեն, որպեսզի դրա քողի տակ անցկացնեն «գենդերային հավարարություն» կոչված օրենքը՝ թարմացված տարբերակով։
-Կարծում եք՝ հանուն այդ օրենքի մա՞րդ կսպանեն։
-Իհարկե, 100 զոհ Կիևում եղավ, այնտեղ բնակչությունը 45 մլն է, այստեղ էլ 2,5 մլն ենք, մի 2-3-ի վրա անհայտ սրիկաները մահափորձ կիրականացնեն։ Իհարկե, կատարողներին չեն էլ բացահայտի։ Այդ օրենքն անցկացնելու ամենակարճ ճանապարհը սա է, այսինքն՝ Կիևի օրինակը։
-Ինչու՞ եք կարծում, թե այս օրենքն այդքան կարևոր է իշխանությունների համար, որ կգնան անգամ այդ ճանապարհով։
-Այս իշխանությունը եկել է որոշակի խնդիրներ լուծելու պայմանով։ Դրանք հայաստանցու հետ կապ չունեցող հարցեր են, որոնք որոշվում են արտասահմանում, իսկ Հայաստանում նրանց խամաճիկների կողմից ի կատար են ածվում։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ