Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մտորումներ «Կայարանի» կառամատույցում

Մտորումներ «Կայարանի» կառամատույցում
31.05.2019 | 02:47

(շարունակություն՝ անակնկալ երկխոսությամբ)

2019-ին «Կայարան»-ը անակնկալ մատուցեց մեզ՝ ընդարձակելով կայարանամերձ կառամատույցի հյուրընկալ կամարաշարքը: Տարեգիրքը արդեն հրամցվելու է իր նրբաճաշակ ընթերցողին եռամսյա հանդեսի ձևաչափով: Մի՞թե սա չէ «Կայարան»-ի կայացման վստահագիրը:

ՊԱՏՄՎԱԾՔ, ՎԵՊ, ՀՐԱՊԱՐԱԿԱ-ԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՒՂԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Շչակը մեղեդայնորեն դղրդաց, շոգեքարշը թափառքի մեջ է: Հապշտապ հանգրվանում եմ թիվ 1 վագոնում: ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ է ուղեկցորդը իր «Կամերային համերգ»-ով:
Նա կարդում է, ես, բնականաբար, ունկնդրում եմ վագոնի ճոճքի ռիթմով. «Պատշգամբից երևում էր միայն գմբեթը՝ թեթև ձյունը վրան, իսկ հյուրանոցի շրջակայքում հալոցք է: Կարոն դեռ առաջին գործուղումից գիտեր, որ վանքը շատ հեռու չէ և կարելի է ոչ ավելի, քան կես ժամվա զբոսանքով հասնել տասներեքերորդ դար»: Հրապուրի՞չ է պատմվածքի նախերգանքը: Ըստ իս՝ այո: Եթե ձեզ ևս այն գերեց, մի վարանեք, հաջորդ կայարանում համեցեք թիվ 1 վագոն:

Թող համերաշխ լինեն ինձ հետ ընթերցողները (համերաշխ և ներողամիտ) և համաձայնեն, որ սույն համարում տպագրված «Վաղը չէ մյուս օրը» («Նվիրում եմ մահապարտներին») ողբերգազավեշտանքով շաղախված պատմվածքը որպես «Քեզ համար կուռք մի ստեղծիր» պատվիրանի մերօրյա ընթերցում, գլուխգործոց է, ուրիշ ոչինչ:
Հեղինակը ՄՀԵՐՆ է ԻՍՐԱՅԵԼՅԱՆ: Պատմվածքների դրվագման ծավալը՝ վերոնշյալով պայմանավորված, ընդարձակ է:


«Քանի որ թունդ ծխող էի, այն ժամանակ, գնացի ծխարան, որտեղ ակամա միացա գժերի գաղտնի ժողովին: Գժերի գլխում ինչեր ասես չեն պտտվում, չեք էլ կարող պատկերացնել, ու որպեսզի չխճճվեմ անմեկնելի գլուխկոտրուկի այդ հորձանուտում, խոսակցության հետագա ընթացքը կարտաբերեմ բառացի, հենց այնպես, ինչպես որ իրականում եղել է:
-Եթե մեռնենք, հետո ի՞նչ կլինի,- հարցրեց Գուգոն:
-Հետմահու մեդալ կտան,- ասաց Սեթոն:
-Բա եթե ապրե՞նք,- շարունակեց Մամոն:
-Չեն տա: Բայց գժանոցից բաց կթողնեն,- բացատրեց Սեթոն:
-Արա՛, էդ փաստորեն դաշնակների մահ կամ ազատությունն ա,- փայլատակեց Պետոն:
-Հա էլի՛, ըտենց մի բան ա դուրս գալիս,- հաստատեց Գուգոն:
-Արխային, գժին գյուլլա չի կպնում,- հույս տվեց Մամոն:
-Շեֆը պարզ ասաց, ապրել-մեռնելու հավանականությունը հիսուն-հիսուն ա,- գլուխը տմբտմբացրեց Պիպոն:
-Քո համար շեֆ չի է՛, սպարապե՛տ ա,- ուղղեց Շալիկոն:
-Էդ սպարապետը մեր գժանոցի շեֆից էլ բարձր ա, պետերի պետն ա: Նրա պաշտոնում վերջինը Վարդանն ա եղել, Մամիկոնյանը: Բայց գլուխը կերան պարսիկները: Հիմա էլ ա նույնը, էլի հիսուն-հիսուն»:

Հայ ոսկեղենիկ լեզվի հմուտ ոսկեխույզ ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ¥նույն ինքը՝ ՎԱՍ-ը¤ ներկայանում է կառամատույց «Դավաճանություն» և «Թռչող ավտոբուսը» պատմվածքներով: Ինքնատիպ է, չկասկածեք: Պարզապես ընթերցեք:

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
«Գյուղը սար ու դաշտից հոսել, եկել լցվել է տները, անասունները գոմում են, հավերը թառերին աքլորի հրամանով քնած են, մարդիկ տպավորություններն են կիսում տնեցիների հետ՝ չափազանցելով դեպքերը, մտերմաբար ձեռ առնելով մյուսներին, մտմտում վաղվա անելիքները, ամոթխած շրջանցելով սպասումներով լի գիշերը»:

ԹՌՉՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԸ
«Նաիրիտի» մոտից մտնում էր, Ավանից դուրս գալիս՝ անընդհատ քաղաքի վրա պարուրաձև պտտվելով: Ավտոբուսի մեջ կիսաքուն, հոգնած, կիսամերկ, ոտքերը չռած նստած էին տարբեր տարիքի կանայք՝ անխնամ շպարված, պոռնկատուն գնացող հին անառակների պես՝ իրենց մաշված մարմինների պես գռեհիկ կատակներ անելով»:

ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆՆ է ճեմում վագոնում և կարդում է իր նոր պատմվածքը.

ԶՈՀԸ
«Ծնողական ժողով էր, ինքը նստած էր մոր կողքին, բացվեց դասարանի դուռը, ու հայրը գլորվեց ընկավ սենյակ»:
Արժե՞ հետևել դեպքերի ընթացքին: Վստահ եմ, այո՛: Կարդում ենք պատմվածքը: Մինչև հաջորդ կայարան դեռ ճանապարհ պիտի անցնենք, թունելներ պետք է հաղթահարենք և այլն:
Հաջորդ կայարանում ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆՆ է մեզ դիմավորում կառամատույցում: Դիմավորում, հրավիրում է զբոսանքի կայարանամերձ հրապարակում: Մենք շրջում ենք, նա կարդում է:

ԱՐԱԳԱՑՐՈՒ՛, ԱՍԱ՛ ՀԱՋՈՐԴ ԲԱՌԴ
«Ես կիսամերկ վազում էի դեպի այդ բառապաշտ դաշտը և թաղվում դրանց մեջ: Ինձ թվում էր, թե բոլոր բառերը ժամադրվել են հետս, և ես դարան էի մտնում՝ թռչուն բռնելու, որ հաստատեմ իմ գոյության փաստը՝ կենսասիրությամբ լցված տարաներիցս գոնե մեկը դատարկելու նրանց մեջ»:

ԹՈՒԼԱՄՏՈՒԹՅՈՒՆ
«Արդեն ուշ է, լեռն ինձ տուն է ուղարկում: Հալոցքային հեղեղատից մինչև աշխարհի ամենակենտրոնական մասն ավելի հեշտ կլիներ հասնել, քան համառ լռության սքանչելիքների հաղթահարումը, որով շռնդալից գիտակցությամբ փորձում է ինձ համոզել, բնությունն արթուն է…»:

ԵՐԿՆԱՊԱՐԳԵՎ
«Շնկշնկան հովը հուշիկ փարվում է կանաչ անտառի գանգուր վարսերին, շոյում ու փսփսում քնքուշ գաղտնիքներ՝ տարածելով խորհրդավոր մի շշունջ, իբր թե գաղտնիքներն էլ հեքիաթներ են»:

Հեղինակը ՎԱՐԴՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է: Արժե՞ հեռակա կարգով հայտնվել այս անտառում: Արժե՛: Կառամատույցում նվիրենք նրան մի ալ վարդ: Իհարկե:

ՔԱՂԱՔԻ ՎՐԱ ԹԱՆՁՐ ՄԱՌԱԽՈՒՂ
Սեփական ինքնատիպությանը երբեք չդավող ԳՐԻԳՆ է բացում վագոնի դուռը: «Կողպեքով փակված դռան վրա գրություն կա.
Թե փակ է
Իմ դուռը,
ՈՒ վառ է
Իմ լույսը
ՈՒրեմն
Էլ ոչ ոք
Պետք չէ
Ինձ…»:

ՎԵՊ
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Հեղինակը ինձ անհայտ ՋԵՍԱՀՆ է: Այժմ հայտնի է և ես փնտրում եմ վեպն ամբողջությամբ: «Կայարանում» տպագրված է մի հատված վեպից:

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՊԵՐՃՈՒՀԻ ԱՒԵՏԵԱՆՆ է մեր խառնակ, գերքաղաքականացված ժամանակը զննում և գնահատում, իր «ԻՆՔՆԱԶՆՆՈՒՄ» հրապարակման տիրույթում, մտասույզ չափելով X կայարանի սալահատակը: Ինքնազննվենք նրա հետ, զի հեղինակի տագնապները երկրի տագնապներն են…

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է ուղևորվել դեպի Սուրբ երկիր: «Մեկնում ենք շուրջ քառասուն ուխտավորներից բաղկացած խմբով՝ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Զենոն Բարսեղյանի առաջնորդությամբ»:
«Այս ճանապարհը շուրջ մեկուկես դար առաջ անցել է իմ նախապապ Վարդանը: Այդ օրը նա աքլորականչից էլ վաղ է արթնացել, ջորուն բարձել են խուրջինը՝ մի կողմում իր համեստ օրապահիկը՝ փշրած չոր լավաշի ու պանրի խառնուրդ «փշուրափլավը», մյուսում՝ ջորու համար նախատեսված գարին»:
Տիար Արտակը բեղմնավոր է ճամփորդել և տպավորություններն է մեզ հանձնել իր հուշապատումում:

ՆՇԽԱՐՆԵՐ ՍՈՒՐԲ ԵՐԿՐԻՑ
Սա է հուշապատման խորագիրը: Հեղինակը նրբորեն դիտողունակ է ու իր տոհմի պատմությամբ մեր ազգային պատմության մի առանձնահատուկ փուլն է ներկայացնում:
«-Տա՛տ, ո՞վ է թաղված այստեղ,- հարցրի:
-Ձեր ցեղի ամենամեծն է: Էլ ո՞վ պետք է լինի, բալե՛ս,- պատասխանեց նա:
Ես հասկացա, որ այնտեղ հենց ինքը՝ մեր տոհմի նահապետն է ննջում»:
Ի դեպ, վերջին կայարանում մեզ դիմավորեցին… փշուրափլավով:
Խորհրդային արտադրության 5-աստղանի կոնյակը «Էդիթ Պրինտի» անշահախնդիր նվերն է:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ