Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Անակնկալները շարունակվում են

Անակնկալները շարունակվում են
02.07.2019 | 02:05

Արդեն անցյալ են նաև ֆուտբոլի Ամերիկայի գավաթի մեկ քառորդ եզրափակչի խաղերը, որոնք, ի հաշիվ դրանցում արձանագրված արդյունքների, անակնկալների մի ամբողջ փունջ նվիրեցին ֆուտբոլասերին։ Բավական է վերհիշել միայն, որ չորս հանդիպումից երեքն ավարտվել է հետխաղյա տասնմեկմետրանոցներով, որ այդ երեքում էլ հիմնական ժամանակում գրանցվել է ոչ-ոքի հաշիվ՝ ընդ որում զրոյական արդյունքով։ Նման բանը, եթե անկեղծ, խիստ դժվարությամբ երևակայելու բան է, բայց սա այն դեպքերից է, որ երևակայել-չերևակայելդ զրոյական դեր ունի արձանագրված փաստի կողքին։


Այս տարօրինակությունների շարքը սկսվեց Բրազիլիա-Պարագվայ դիմակայությամբ, ու հատկանշականն այն է, որ պարագվայցիները աշխարհի հնգակի չեմպիոններին խաղային ամբողջ 32 րոպե դիմակայել են տասը հոգով, մինչդեռ խաղից առաջ եթե ցանկացած մեկին հարցնեիր այս դիմակայության հնարավոր ելքի մասին, պատասխանը մոտավորապես կլիներ այսպիսի բնույթի՝ բրազիլացիները պարզապես կանցնեն պարագվայցիների վրայով ու չեն էլ նկատի, որ խաղադաշտում, իրենցից բացի, այլ թիմ էլ կա։


Բրազիլացիների հարաբերական անհաջողությունը ստիպեց փոքր-ինչ այլ վերապահությամբ մոտենալ Վենեսուելայի ու Արգենտինայի ընտրանիների մրցակցությանը, մանավանդ որ արգենտինացիներն այնպիսի ճռռոցով մաս կազմեցին փլեյօֆյան փուլ անցած հավաքականներին, որ լուսավոր ոչինչ չէիր էլ կարող մտածել այդ հավաքականի մասին։ Եվ այսուհանդերձ, «Մեսի ու ընկերություն» համքարությունն արդարացրեց իրեն ու դարձավ քառյակը կազմած զույգերից միակը, որը կարողացավ խաղի հիմնական ժամանակում ֆուտբոլասերին գոլ տեսնելու հաճույք պարգևել։
Արգենտինացիների խփած երկու գոլերի հեղինակների մեջ Մեսիի անունը խորհուրդ կտայինք չփնտրել, քանզի համաշխարհային ֆուտբոլի կախարդն այս դիմակայությունում ավելի շատ զբաղված էր կազմակերպչական գործողություններով։ Նկատենք, որ կիսաեզրափակչում Բրազիլիան ու Արգենտինան են կազմել զույգերից մեկը, ինչը նշանակում է, որ եզրափակչում տեսնելու ենք այդ հավաքականներից միայն մեկը։


Բրազիլիա-Պարագվայ դիմակայության հանգույն ոչ-ոքի ավարտ են ունեցել Կոլումբիա-Չիլի, ՈՒրուգվայ-Պերու զույգերի մրցակցությունները, ու սրանք հիրավի զույգեր էին, որտեղ սրան կամ նրան առավելություն տալը անձնական համակրանքի խնդրի շրջանակներում միայն կարող է դիտարկվել. ուժերով հիրավի հավասարազոր թիմեր, ու ոչինչ տարօրինակ չէ նրանում, որ Ամերիկայի գավաթի վերջին խաղարկությունների հաղթող թիմը հանդիսատեսի է վերածում այս խաղարկությունում գեղեցիկ ու արդյունավետ խաղով առանձնացած Կոլումբիայի ընտրանուն։
Ինչ վերաբերում է երկրորդ դիմակայությանը, Պերուն փաստորեն կարողացավ ոչ միայն արժանի դիմադրություն ցույց տալ ՈՒրուգվայի հզոր ընտրանուն, այլև նրան վերածել հանդիսատեսի։ Այստեղ առանձնահատուկ հիշատակման է արժանի Լուիս Սուարեսի ճակատագրական վրիպումը հետխաղյա տասնմեկմետրանոցը իրացնելիս, որն այս իրապես տաղանդավոր ֆուտբոլիստի ողջ կյանքի համար դարձավ խարան։ Ինչևէ։ Ֆուտբոլում նման բաներ լինում են և բավականին հաճախ են լինում, ու նման ձախողումներից ապահովագրված չէ ոչ ոք։


Վերջում թերևս ավելացնենք, որ կիսաեզրափակիչ դիմակայությունները լինելու են հուլիսի 3-ին ու 4-ին։ Առաջինը մրցելու են Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականները, իսկ 24 ժամ հետո խաղադաշտ դուրս կգան Չիլիի ու Պերուի ընտրանիները։


Միաժամանակ ասենք, որ մինչ Բրազիլիայում ընթանում է Ամերիկայի գավաթի խաղարկությունը, արդեն իսկ որոշվել է, թե հաջորդը որտեղ է անցկացվելու։ 2020 թվականի առաջնությունը հյուրընկալող երկիրը կլինի Կոլումբիան, իսկ մրցաշարը կանցկացվի հունիսի 12-հուլիսի 12 ժամանակահատվածում։ Առաջնությունը կանցկացվի նոր ձևաչափով։ Թիմերը կբաժանվեն երկու խմբի՝ Հյուսիսային ու Հարավային։ Հյուսիսայինում կլինեն Բրազիլիայի, Կոլումբիայի, Էկվադորի, Պերուի, Վենեսուելայի, Հարավայինում՝ Արգենտինայի, Բոլիվիայի, Չիլիի, Պարագվայի, ՈՒրուգվայի ընտրանիները։ Յուրաքանչյուր խմբում կլինի նաև մեկական հրավիրված հավաքական։ Յուրաքանչյուր խմբից մեկ քառորդ դուրս կգա չորս թիմ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ