Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արժեքներ չունեցող իշխանություն

Արժեքներ չունեցող իշխանություն
09.07.2019 | 01:15

Մարդը որքան անկարևոր է դարձել։ Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով մարդիկ մոխրացան, երևում է, մեր օրերում այնքան կարևոր չէ, որքան սեփական PR-ը, «փուչիկ» հաջողությունները, իրենց առօրյա գործը մեծ ձեռքբերում համարելը։ Մեր գումարների հաշվին գոյատևող հանրային հեռուստատեսության լուրերին ես հետևում, որ տեղեկանաս, թե սահմռկեցուցիչ վթարից քանի՞ մարդ է տուժել և ի վերջո, ի՞նչն է եղել վթարի պատճառը, բայց առաջիկա 10-15 րոպեն նվիրված է ԵԱՀԿ ԽՎ-ի Հայաստանի պատվիրակության անդամների ջանքերով «չափազանց կարևոր հաղթանակին»: Էլի թող պատվիրակների «աշխարհացունց նվաճումը» ներկայացվեր, սակայն չկա՞ առաջնային և երկրորդային լուրի կարևորության խնդիր։ Իսկ ինչ վերաբերում է պատվիրակության հաջողությանը, մի՞թե միջազգային պատվիրակությունների խնդիրը հենց այն չէ, որ կանխեն անցանկալի բանաձևերն ու ձևակերպումները։ Պատկերացրեք, որ նախորդներն էլ հենց այդ գործով էին զբաղված։ Պետք չէ իրենց առաքելությունն այնքան կարևորել ու հասցնել այն աստիճանի, որ դարի հաջողության տպավորություն ստեղծվի։ Դա է նրանց գործը, այլապես ինչու՞ է պետությունը նրանց պատվիրակել Հայաստանը դրսում ներկայացնել։ Ի դեպ, ինչու՞ այդքան մեծ անդրադարձ չեղավ, օրինակ, այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավարը անգամ «դեմ» ու «կողմ» կոճակներն էր խառնել, շփոթել (իհարկե, շփոթմունք համարել է անձամբ Ռուբեն Ռուբինյանը)։ Շփոթվող պատվիրակն էլ ուր մնաց ճիշտ կարողանա հասկանալ Հայաստանի արտաքին քաղաքականության նրբությունները։


Հայաստանում արժեք չունեն նաև ինստիտուտները։ Այլապես երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության օրը Հայաստանի վարչապետը «տուրիստական» այցերով չէր գնա Վիետնամ ու Սինգապուր։ Մինչդեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի «սահմանադրական պարտականություն» էր համարում դահլիճում ներկա լինելը։ «Եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրն ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող, քան այս դահլիճում»,- հայտարարում էր նա։ Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. այցերի գրաֆիկը կազմում է այնպես, որ պետության համար կարևոր օրերին երկրում չլինի։ Ենթադրենք, «սինգապուրյան հրաշքին» ծանոթանալը եղել է Փաշինյանի վաղեմի երազանքը, ամեն անգամ գետը գերան հո չի՞ բերի, իմա՝ պետության հաշվին, վարչապետի կարգավիճակով էլ ե՞րբ հնարավորություն կլինի գնալու Սինգապուր ու տեղում «շոշափելու» հրաշքը, թե իրականում ինչպես պիտի երկիրը երկիր դարձնել։ Բա Վիետնամ ա՞յցն ինչի համար էր, այն էլ այդ օրով։
Իրականում սա հաճելի փախուստ էր։ Նիկոլ Փաշինյանը իշխանության բոլոր օղակները սեփական ձեռքում է կենտրոնացրել, և միայն ՍԴ-ն է նրա տիրույթից դուրս մնացել, որի շուրջ նրա «թեթև» ձեռքով իրավիճակը գնալով սրվում է։ Մեր ամենամեծ խնդիրը մշտապես եղել է այն, որ մենք պետությունն ու իշխանությունը նույնացրել ենք, բայց իշխանությունները գալիս ու գնում են, իսկ պետությունը մնայուն է։ Նիկոլ Փաշինյանին էլ խորթ չէ այս մտածողությունը, նրան թվում է, որ ՍԴ-ն Հրայր Թովմասյանն է, ու քանի դեռ այնտեղ չի հայտնվել սեփական մարդը, դա, կոպիտ ասած, արհամարհանքի արժանի պետական ինստիտուտ է։ Բայց հուլիսի 5-ը և՛ Սահմանադրության, և՛ պետական խորհրդանիշերի օրն է։ Ստացվում է՝ պետական խորհրդանիշի՝ խոնարհված դրոշի համար շարքային պետծառայողին աշխատանքից ազատած վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդն առաջինն է այդ խորհրդանիշերն արհամարհում, անտեսում ու երկրից փախչում, որ հանկարծ չառնչվի դրանց հետ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ