Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը լուրջ հարված էր վարչապետի հեղինակությանը

Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը լուրջ հարված էր վարչապետի հեղինակությանը
19.07.2019 | 01:24

Շաբաթվա իրադարձությունը, թերևս, Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգում համատարած վեթինգի և անցումային արդարադատության ներդրման վերաբերյալ տրված բացասական եզրակացությունն էր։ Այս եզրակացությունը հայաստանյան իշխանությունների համար պետք է որ կանխատեսելի լիներ։ Անսպասելին այդ եզրակացության հրապարակայնացումն էր, մանավանդ որ վերջին շրջանում Փաշինյանի կառավարությունը վեթինգի հետ կապված քայլերը, կարծես թե, սկսել էր ձևել Վենետիկի հանձնաժողովի պահանջներին համապատասխան։ Այսքանից հետո թեմայի նման հրապարակայնացումը պետք է ունենար իր հիմնավոր պատճառները։


Դժվար է թաքցնել, որ իշխանական վերին էշելոններում խոր հիասթափություն է տիրում նշված արտահոսքի հետ կապված։ Այս տապալումը, բնականաբար, ցավագին է և ոչ ցանկալի անձամբ վարչապետի Նիկոլ Փաշինյանի համար։ Օրեցօր վարկանիշ կորցնող Փաշինյանը կորցնում է հեղինակությունը ոչ միայն հանրության լայն շրջանակներում, այլև թիմակիցների մոտ։ Մանավանդ որ իշխանական վերնախավում շատերը Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին տեղեկացել են միայն վերջերս՝ մամուլի հրապարակումից հետո։ Այս դիպվածը նոր ճաքեր է առաջացնում Փաշինյանի առանց այն էլ խայտաբղետ ու գաղափարական հենքից զուրկ թիմում՝ նոր հակասությունների հիմք դառնալով։
Վենետիկի հանձնաժողովի որոշման հրապարակումը ներքաղաքական և արտքաղաքական հարթակներում նույնպես խարխլեց ՀՀ վարչապետի հիմքերը։ Այս կարծիքի հանրայնացումը բացահայտում է այն փաստը, որ մեր երկրում կարևորագույն որոշումներն ընդունվում են առանց կշռադատելու, առանց հաշվարկների, առանց համաձայնեցումների, միայն պահի ազդեցության տակ՝ էմոցիոնալ ֆոնի ներքո։


Տարօրինակ է, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ուշանում է վարչապետ Փաշինյանի արձագանքը, ով, որպես կանոն, ամեն մի առիթով ֆեյսբուքով ուղիղ եթերներ էր մտնում, ստատուսներ գրում։ Ամենայն հավանականությամբ, վարչապետը կդրսևորի այն նույն վարքագիծը, ինչ ամեն անգամ ցուցաբերում է փոքր, միջին ու մեծ ձախողումների դեպքում. կմատնանշվեն ներքին և արտաքին թշնամիներ, սլաքները դարձյալ կուղղվեն հակահեղափոխականների ուղղությամբ, կփնտրեն դավադիր ուժերի ստվերն այդ ամենում և այլն։ Չեն մոռանա նաև նախկին իշխանությանը՝ ՀՀԿ-ին, որը շարունակում է պահպանել իր կապերն ու ազդեցությունը միջազգային կառույցներում։ Կթիրախավորվի նաև ՀՀԿ-ականների հետ տարիներ շարունակ գործակցած Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքիոն։ Այնպես որ՝ առաջիկայում մամուլի էջերում կոմպրոմատային արտահոսքերի, սկանդալային հայտարարությունների ականատես կլինենք, հայտարարություններ, որոնց ներքո, ինչպես միշտ, ոչ թե իրական հիմքերն են, այլ զգացմունքային պոռթկումներ։


Սակայն փաշինյանական թիմի ինքնապաշտպանական այս մարտավարությունը կորցրել է իր զորությունը։ Մարդիկ այլևս լուրջ չեն ընդունում նման անհավասարակշիռ քայլերը։ Հատկապես տարաձայնության նշույլներ են երևում Փաշինյանի թիմի սորոսական թևի մոտ։ Վերջիններս սկսել են սուր քննադատել իշխանություններին անվճռականության, անհետևողականության համար՝ նույնիսկ ակնարկելով, թե չի բացառվում, որ Փաշինյանը գուցե որոշ ստվերային գործարքների մեջ եղած լինի նախկին իշխանությունների հետ։ Մարտի 1-ի գործի հետ կապված՝ սորոսականների և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների մեղադրանքները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տարօրինակորեն սկսել են համընկնել։ Բարձրաձայնվում է այն, որ ՀՀ վարչապետը, կարևոր օրակարգերը մղելով երկրորդ պլան, կենտրոնացել է Մարտի 1-ի գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու խնդրի վրա՝ աշխատելով մաքրել Լևոն Տեր-Պետրոսյանին մարտիմեկյան իրադարձություններից։


Հրապարակ է նետվում նաև այն հարցը, թե ինչու 2018 թ. ապրիլյան դեպքերի ժամանակ մերժեցին Սերժ Սարգսյանին, սակայն ազատազրկվեց միայն Ռոբերտ Քոչարյանը։ Չի բացառվում, որ այս հարցապնդումը մղվի առաջին պլան, և առաջիկա ամիսներին որոշակի գործողություններ տեղի ունենան Սերժ Սարգսյանի հետ կապված, ինչն է՜լ ավելի կխճճի առանց այն էլ գերքաոսային ու անհասկանալի քաղաքական օրակարգը։ Եվ այս խառն ու անհասկանալի վիճակը հնարավորություն կտա շատ ուժերի, այդ թվում՝ արտահայաստանյան, խառնվելու գործընթացներին՝ քաղելով իրենց օգուտները։


Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունն իրականում լուրջ հարված էր Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար։ Այն, որ միջազգային այս կառույցը կասկածի տակ չի դնում Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, խառնում է ՀՀ առաջին նախագահի ու նրա հետ շաղկապված առանցքային դեմքերի խաղաքարտերը։ ՍԴ անդամ-դատավոր հասկացության շուրջ իրավաքաղաքական բանավեճը դիտարկելով միայն բառախաղ՝ Վենետիկի հանձնաժողովը տապալեց իշխանությունների այն մտայնությունը, թե այդ թեզի քողի տակ կկարողանան իրավական առումով վերահսկողության ներքո պահել ՍԴ-ն։
Վենետիկի հանձնաժողովն ուղղակիորեն նշեց, որ ՀՀ իշխանությունն իրավական ճանապարհով ՍԴ-ն վերահսկողության տակ վերցնելու որևէ հնարավորություն չունի։ Այս դեպքում մնում է միայն քաղաքական ճանապարհը։ Այս պարագայում էլ, սակայն, ՀՀ իշխանությունների գործողություններն ու ապագա ՍԴ-ի լեգիտիմությունը կասկածի տակ կառնեն եվրոպական կառույցները։


Ինչպես ցույց տվեց վարչապետի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին, գործող վարչախումբը որոշել է գնալ ուժային ճանապարհով, և Նիկոլ Փաշինյանն այս հարցազրույցում ըստ էության քաղաքական հիմնավորումներով և իրեն բնորոշ մանիպուլյատիվ հնարքներով հանրությանը պատրաստում է առաջիկա քաղաքական գործողություններին, որոնք ակնհայտորեն ուղղակի ճնշման մեթոդներ են պարունակելու անձամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։ Վերջինս արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել է Սահմանադրական դատարանը սեփականաշնորհողի պիտակին։ Սա իհարկե չի նշանակում, որ ասենք մի շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանը հակառակը չի ասի կամ անի, քանի որ ՀՀ վարչապետը անցած 14 ամսվա ընթացքում թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանների մոտ հասցրել է վաստակել անկայուն գործչի և ընդհանրապես անձնավորության համբավ։ Հարցազրույցից նաև պարզ դարձավ, որ դատավորների համատարած վեթինգի էջը իրոք վերջնականապես փակված է, և այստեղ նույնպես գործող վարչախումբն ապավինելու է ավելի «ավանդական», հայավարի, տնավարի վեթինգային գործիքակազմին։ Այսինքն՝ դատավորին կանչելու են, սեղանին դնեն որոշակի կոմպրոմատներ, որոնց պակասն անկասկած մեր դատավորների պարագայում չկա, և գործարք առաջարկեն՝ կա՛մ գնում ես, կա՛մ, օրինակ, դատապարտվում։ Բնականաբար, այս ամենը կձևակերպվի որպես կարգապահական նորմերի խստագույն կիրառման մեթոդ, հասկանալի է՝ ժողովրդի պահանջով։


Չի բացառվում, որ ՀՀ իշխանությունների ու եվրոպական կառույցների միջև քաղաքական առևտրի խնդիր առաջանա։ Քաղաքական առևտրի առարկա կարող է դառնալ Ստամբուլյան կոնվենցիան, որը ստորագրվել է դեռևս նախկին իշխանությունների օրոք։ Այս փաստաթուղթը, թեև արտաքուստ շատ անմեղ է թվում, սակայն իրականում ստորջրյա լուրջ վտանգներ է պարունակում, և կարող է ՀՀ կողմից դրա ընդունումը շատ սկզբունքային լինել Եվրոպայի համար։ Փաստաթղթի ընդունման դեպքում գուցե եվրոպացիները անտեսեն ՀՀ իշխանությունների կասկածելի գործողությունները։ Սակայն արձանագրենք, որ ԱԺ «Իմ քայլը» 88-հոգանոց խմբակցությունում ոչ բոլորն են կողմնակից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Խմբակցության ոչ քաղաքական թիմը, որը տարիներ շարունակ սնվել է տարբեր հիմնադրամներից, և որոնց գործունեության նպատակը եղել է օտար, ոչ ավանդական բարքերի ներմուծումը Հայաստան, բնականաբար կքվեարկի այդ փաստաթղթի օգտին, սակայն «Իմ քայլը» խմբակցությունում անշուշտ կան պատգամավորներ, որոնք դեմ կարտահայտվեն այս կոնվենցիային։ Եվ առաջիկայում այդ կոնվենցիայի շուրջ քննարկումները շատ գործընթացներ կարագացնեն, կընդգծեն իշխանության ներսի բաժանարար գծերը՝ առաջ բերելով «իզմ»-երի տարբերությունը թիմի ներսում։ Ակնհայտ է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը շեշտում է «իզմ»-երի բացակայությունը և ոչ անհրաժեշտությունը, իր քաղաքական թիմում, այնուամենայնիվ, կան տարբեր հոսանքներ՝ և՛ ազատականներ, և՛ պահպանողականներ, և՛ կենտրոնամետներ։ Այս առումով Սասուն Միքայելյանի և «Քաղպայմանագիր» կուսակցության ղեկավարների միջև հակասությունը կարող է մանկական խաղ թվալ։ Ստամբուլյան կոնվենցիան կարող է հանգեցնել լուրջ գաղափարական բախման, որը ջրի երես կհանի քողարկված շատ տարաձայնություններ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ