Թեհրանի միջուկային գործարքի մասնակից երկրներն Իրանին կոչ են արել զերծ մնալ այն չեղարկելու նոր քայլերից, որոնք նախատեսված են սեպտեմբերի 4-5-ը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Վիեննայում Իրանի միջազգային միջնորդների հնգյակի բանակցությունների ավարտին: Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է սեպտեմբերի սկզբին անել երրորդ քայլը` ուղղված ծրագրի շրջանակներում իր պարտականությունների կրճատմանը, ինչի մասին որոշում է կայացվել «ավելի քիչ՝ ավելի քչի դիմաց» սկզբունքով: «Մենք իրանցիներին կոչ ենք արել, այնուամենայնիվ, զերծ մնալ դրանից», - հավելել է Ռյաբկովը: Նա ընդգծել է, որ Իրանի հետ գործարքի պարտականությունների լիակատար վերականգնումն այս պահին առանց նախապայմանների անիրատեսական է: