Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ է AGILE SPIRIT զորավարժանքը և ինչու Հայաստանը կրկին որոշեց չմասնակցել

Ինչ է AGILE SPIRIT զորավարժանքը և ինչու Հայաստանը կրկին որոշեց չմասնակցել
29.07.2019 | 10:48

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ մենք Վարդավառ ենք նշում և ԱԺ բակում գորգ լվանալով ենք զբաղված, նախօրեին Վրաստանում մեկնարկել է Agile Spirit 2019 բազմազգ զորավարժանքը։ Հայաստանն այդպես էլ որոշեց չմասնակցել այդ զորավարժանքներին։ Այս տարի այդ կարևոր ռեգիոնալ միջոցառմանը մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրի շուրջ 3 հազար զինվորական։ Զորավարժանքները կտևեն մինչև օգոսոտսի 9-ը, և կկայանան Սենակիում, Վազիանիում և Ախալցխեում։


Բացատրեմ, թե ինչ է Agile Spirit-ը և ինչու է կարևոր Հայաստանի մասնակցությունը։
Agile Spirit-ը մինչև 2014թթ․ վրաց-ամերիկյան զորավարժություններ էին։ 2009թ․ ուժից մեջ մտավ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության խարտիան, որի հիմնական նպատակն էր Վրաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը։
2011-ից հաստատված ամենամյա վրաց-ամերիկյան Agile Spirit զորավարժությունների անցկացման իրավական հիմքը հանդիսանում էր հենց այս խարտիան։ Դեռևս 2012-2013 թթ. Agile Spirit-ն ստացել էր բազմազգ զորավարժության կարգավիճակ, որին կարող էին մասնակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամ և գործընկեր երկրները, սակայն իրավիճակն արմատապես փոխվեց 2014թ․ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից հետո, երբ նույն թվականին ՆԱՏՕ-ի Նյուպորտի գագաթնաժողովում Վրաստանի համար ընդունվեց «Առարկայական ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը» և ԱՄՆ առաջարկով Agile Spirit զորավարժությունները, որպես ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող լրացուցիչ ջանք, դրվեցին ՆԱՏՕ-Վրաստան Հանձնաժողովի ինստիտուցիոնալ ենթակայության և հաշվետվության տակ։


2016 թվականից Վրաստանին տրամադրված ԱՄՆ աջակցության վերաբերյալ ամերիկյան հաշվետվություններում Agile Spirit վրաց-ամերիկյան բազմազգ զորավարժությունները ներկայացված են արդեն որպես ՆԱՏՕ-ի զորավարժություններ։
Agile Spirit զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր երկրների զինված ուժերի փոխգործունեության մակարդակի բարձրացումն է։


Իհարկե, առանձին վերցրած մեկ զորավարժությանը մասնակցել-չմասնակցելու հանգամանքը, մեծ հաշվով, չի կարող էական ազդեցություն ունենալ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, մյուս կողմից՝ տարակուսելի է, որ Հայաստանի նոր իշխանությունը, նախկինի պես, հրաժարվում է նման ձևաչափային մասնակցությունից՝ կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու արտաքին քաղաքականության բազմավեկտորության մասին պնդումները։


Խնդիրը կոնկրետ զորավարժությունը չէ, ինչն, անշուշտ, գործնականում կնպաստեր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև հերթական հարթակը կհանդիսանար հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար։ Շատ ավելի էական է այն հանգամանքը, որ ռուսական ճնշումը Երևանի վրա մեծանում է ու կարծես թե ունենում է իր առաջին առարկայական դրսևորումները՝ ինչքան էլ իշխանությունները խնամքով փորձեն քողարկել այդ փաստը։


Հայկական հեղափոխության նվաճումներից մեկը եղել է հայ-ռուսական վասալային հարաբերությունների չեղարկումը, ինչին վերադարձն առնվազն կարող է ստվերել Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունների քաղաքական նշանակությունը»:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ