«Փաշինյանը բացարձակ զուրկ է պետական մտածելակերպից»
04.10.2019 | 00:42
Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, ըստ քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ, տապալված է։ Քաղաքագետը մեզ հետ զրույցում ներկայացրեց այն պատճառները, որոնք նրան նման եզրահանգման հիմքեր են տվել։
-Հայաստանում կայացավ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Կուլիսային տրամադրությունները կարծես ավելի հետաքրքիր էին։ Ի՞նչ կառանձնացնեք այս նիստից։
-Բուն նիստն անցավ այնպես, ինչպես սովորաբար միշտ անցնում է։ Իհարկե, ողջունելի էր, որ ԵԱՏՄ-ի անդամ բոլոր երկրները ներկայացված էին բարձր մակարդակով, մենք հյուրընկալել էինք Իրանի նախագահին, Սինգապուրի վարչապետին, Մոլդովայի նախագահին։ Նիստը մի մարդու աշխատանք չէ, բազմաթիվ մարդիկ են աշխատել, որ այդ նիստը լավ անցնի։ Բոլորը նախապես գիտեին, թե ինչ փաստաթղթեր պիտի ստորագրեն։ Առավել ուշագրավ էր կուլիսներում կատարվողը, մասնավորապես մեզ առավել հետաքրքիր էր ղեկավարների վարքագիծը։ Նախ պետք է նշեմ, որ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն չհայտնեց Հայաստանի իշխանություններին և անձամբ Փաշինյանին՝ նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար, ինչպես դա արեցին բոլոր երկրների ղեկավարները։ Պուտինն իր ելույթի վերջում ընդամենը լղոզված հայտարարություն արեց, թե շնորհակալ է գործընկերներին՝ բարձր մակարդակով նիստն անցկացնելու համար։ Երկրորդ էական հանգամանքը. իշխանական մամուլը և իշխանության ներկայացուցիչները, որ ավելի շատ Ֆեյսբուքում են, քան իրենց աշխատասենյակում գործ անելիս, մեծ հրճվանքով արձանագրում էին, որ Փաշինյանը միակն է Հայաստանի ղեկավարներից, որ Պուտինին օդանավակայանում չդիմավորեց։ Բայց այդ էֆորիան կարճ տևեց. Փաշինյանը գնաց օդանավակայան ճանապարհելու Պուտինին։ Նա միակն էր Հայաստանի ղեկավարներից, որ չդիմավորեց Պուտինին, բայց բոլոր նախկին ղեկավարների պես ճանապարհեց ՌԴ ղեկավարին։ Այդ «դուխով» արտաքին քաղաքականությունը շատ կարճ տևեց։ Երկրորդ կարևոր իրադարձությունը, որ մթագնեց ԵԱՏՄ նիստը, Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումն էր Ռուսաստանի դեսպանատանը։ Սա ևս մեկ ապացույց է, որ Փաշինյանի հենց քթի տակ անում են այն, ինչ ուզում են։ Սա ևս մեկ ուղերձ է Փաշինյանին, որ ոտքն իր վերմակի չափով մեկնի, զուսպ լինի հռետորաբանության մեջ։ Պուտինի հետ Փաշինյանի երկրորդ հանդիպումը, որ տեղի ունեցավ օդանավակայանում, կարծում եմ, Փաշինյանի նախաձեռնությամբ էր, քանի որ նա արդեն տեղեկացված է եղել, որ ՌԴ դեսպանատանը նման հանդիպում է եղել։ Դե գիտենք Փաշինյանին, նա շատ է սիրում լրատվամիջոցներով տեղեկություններ հրապարակել, որն անում է նախ իր ֆեյսբուքյան էջով։ Առաջին հանդիպումը Պուտինի հետ փայլուն գնահատեց, իսկ օդանավակայանում երկրորդ հանդիպումից 1-րոպեանոց տեսահոլովակ էր հրապարակել։
-Հիմա ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները փայլու՞ն են, թե՞ չէ։
-Փայլուն հարաբերությունների մասին ոչ թե Փաշինյանը պետք է ասի, այլ գործընթացները ցույց տան։ Հասարակության համար փայլուն կլինի, եթե լուծվեն մի շարք խնդիրներ։ Հիմա տեղեկություններ են տարածվում, որ ՌԴ-ում հայաստանցիների վարորդական իրավունքի վկայականները չեն ճանաչվելու, այսինքն մեր հայրենակիցները չեն կարող վարորդ լինել այնտեղ։ Խայտառակ վիճակ է Վերին Լարսում, տարբեր տվյալներով Հայաստան ուղղվող բեռնատարների շարասյունն այնքան է երկարել, որ հասել է Պյատիգորսկ։ Երբ այս ու այլ կարգի հրատապ խնդիրներ լուծվեն, այդ ժամանակ կարող ենք խոսել փայլուն հարաբերությունների մասին։ Քանի դեռ այս խնդիրները կան, որոնց գումարվում են նորեր, փայլուն հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է։ Ընդհանրապես Փաշինյանը բացարձակ զուրկ է պետական մտածելակերպից և ընդամենն իր անձնական վրեժխնդրությունն է առաջ տանում։ Սին արդարադատություն փնտրելով, Ռոբերտ Քոչարյանին հետ վերադարձրեց քաղաքական ասպարեզ ու դարձրեց հայ-ռուսական հարաբերությունների կարևոր գործոն։ Իսկ Ռուսաստանն այս ամենից շատ հմտորեն օգտվում է։ Փաշինյանն անընդհատ փորձում է պաշտոնական Մոսկվային համոզել, որ ինքն ավելի ռուսամետ է, քան Հայաստանի նախորդ իշխանությունները։ Փաշինյանը Հայաստանի եզակի ղեկավարներից է, որն այն աստիճան ռուսամետություն ցուցաբերեց, որ Սիրիա ուղարկեց զորախումբ, որի պատճառով մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կտրուկ վատացան։ Սրա հետևանքը եղավ այն, որ ԱՄՆ-ում ևս նա արհամարհվեց։
-Փաշինյանի ԱՄՆ կատարած այցը տապալվա՞ծ եք համարում։
-Անշուշտ, 35-հոգանոց պատվիրակությամբ Հայաստանի առաջնորդը մեկնել է ԱՄՆ (դեռ մի կողմ եմ թողնում չարթերային չվերթի գումարը՝ 348 հազար ԱՄՆ դոլար, բայց ամբողջությամբ շուրջ 1 մլն դոլար է նստել այդ այցը հարկատուներիս վրա) ու ի՞նչ է արել։ Հանրահավաք է արել Լոս Անջելեսում, ընդ որում, ասում էին` 35 հազար հայ է մասնակցելու, բայց, ըստ ԱՄՆ լրատվամիջոցների, 10 հազար մարդ էր հավաքվել։ Հանդիպել է ընդամենը Կալիֆոռնիայի նահանգապետի, Լոս Անջելեսի քաղաքապետի հետ և ՄԱԿ-ում ելույթ է ունեցել։ ՈՒ այս ամենի համար 35-հոգանոց պատվիրակությա՞մբ մեկնել ԱՄՆ։ Կամ գնացել էր Սան Խոսե Սիլիկոնյան հովիտ ու հանդիպել «Սինոփսիսի» նախագահին, որի հետ հանդիպումն այնքան էլ պարտադիր չէր, քանի որ այդ կազմակերպության ճյուղը 2004-ից գործում է Հայաստանում։ Եթե այդքան գումար ես ծախսում ու գնում ես ԱՄՆ, առնվազն պետքարտուղարությունում կամ Սպիտակ տանը ծանրակշիռ հանդիպումներ պետք է ունենաս։ Այս տապալված այցի պատճառներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը ցուցաբերեց գերռուսամետություն և խաղաղարարներ ուղարկեց Սիրիա։ Նույնիսկ Լոս Անջելեսի հանրահավաքին 53 սենատորներից ու կոնգրեսականներից ընդամենը մեկն էր ներկա՝ թունդ հակաթրամփական Ադամ Շիֆը։
-Ստացվում է՝ մեր արտաքին քաղաքականությունը և Արևմուտքում, և Ռուսաստանում, և ԵՄ-ում չի ընդունվում։ Ի վերջո, ու՞ր է մեզ տանում մեր արտաքին քաղաքականությունը։
-Հաշվի առնելով Փաշինյանի անհասկանալի վարվելագիծը, դժվար է ասել, թե ուր ենք գնում։ Եթե նախկինում Սերժ Սարգսյանի պատճառով մեր արտաքին քաղաքականությունը բացահայտ տապալվեց, քանի որ մենք սկսեցինք սիլիբիլի անել ԵՄ-ի հետ, հետո մեզ պարտադրեցին մտնել ԵԱՏՄ, ու մեր կոմպլեմենտար քաղաքականությունից ոչինչ չմնաց, այսօրվա արտաքին քաղաքականությունից ընդհանրապես ոչինչ չենք կարող հասկանալ։ Եթե ԵԱՏՄ մտնելով, քիչ թե շատ լավ հարաբերություններ ունեինք ՌԴ-ի հետ, հիմա վատ հարաբերություններ ունենք, չնայած Փաշինյանը ռուս-հայկական հարաբերությունները համարում է փայլուն, բայց դա ընդամենը լիրիկա է։ Վատ են հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որը երևաց նախօրեին տապալված այցով։ Որքան էլ իրենք ասեն, թե հանդիպումներ ծրագրված չեն եղել, հարց՝ 35-հոգանոց պատվիրակությունն ի՞նչ էր անում այնտեղ։ Եթե հանդիպում չկար, 2-3 հոգով գնալը լրիվ բավարար էր։ Եվ «անօդ» հարաբերություններ ունենք ԵՄ-ի հետ։
-Գուցե օրակարգի բացակայությու՞նն է պատճառը, որ մեր հարաբերությունները ոչ մի ուղղությամբ չեն զարգանում։
-Փաշինյանի համար պետական շահեր գոյություն չունեն, նա այդ մտածելակերպից զուրկ է։ Նրա մոտ զուտ անձնական շահն է, վրեժխնդրությունը, սեփական թիմի բարեկեցությունն ապահովելը։ Պետական շահի մասին այս պահին ոչ մի խոսք չկա։ Փաշինյանը մտածում է, որ ինքը շատ ճարպիկ է, բայց չի մտածում, որ գործ ունի կայսրությունների հետ, որոնք իր այսօրվա արածը «ցածր դասարաններում» են անցել։
-Անդրադառնալով ներքին քաղաքականությանը, այստեղ ի՞նչ է կատարվում, 1,5 տարի առաջ 70 տոկոս վստահության քվե ունեցող ուժն այսօր հակասությունների, պաշտոնանկությունների մեջ է, ի՞նչ է կատարվում թիմում։
-Պետական մտածելակերպի բացակայություն ոչ միայն Փաշինյանը, այլև նրա թիմակիցները ունեն։ Փաշինյանի ձևավորած թիմը բազմաբևեռ է։ Այն աջաբսանդալը, խայտառակ անհամաձայնությունները, որ կան նրա թիմում, Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես ներկուսակցական ժողովրդավարություն։ Իրականում այդպես չէ։ Սա է պատճառը, որ նրա թիմում մեկը մյուսի դեմ բացահայտ պայքար է տանում, ամենավերջին վիրավորանքներն են հասցնում և դրանով խախտվում է ներքին հավասարակշռությունը, իսկ Փաշինյանն այս ամենին իբր նորմալ է վերաբերվում։ Իսկ ընդհանրապես ներքաղաքական իրավիճակն ամբողջովին արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում Փաշինյանի կառավարությունում։
-Խորհրդարան եկան երիտասարդ պատգամավորներ, որոնք վստահեցրին, թե հասարակության հույսերն արդարացնելու են։ Այնինչ այսօր նրանք ուրիշ գործերով են զբաղված. նրանցից մեկը, օրինակ, շատ է սիրում լրատվամիջոցներին անընդհատ «դատել»։ Ինչպե՞ս եք գնահատում այս խորհրդարանի աշխատանքը։
-Նախ հեղափոխական շրջանում արագ արտահերթ ընտրություններ անցկացնելը շատ սխալ էր, որովհետև հետհեղափոխական էյֆորիան շատ մեծ էր այդ ժամանակահատվածում։ Խորհրդարանը, որ ձևավորվեց, չէր կարող արտացոլել այն քաղաքական պատկերը, որը կլիներ մեկ տարի հետո։ Սրանով է պայմանավորված, որ խորհրդարանի մեծամասնությունը «Իմ քայլը» խմբակցությունից է, բայց այդ քաղաքական ուժի վարկանիշը բավական նվազել է։ Դրա պատճառով էլ այսօր խորհրդարանում ձևավորված պատկերը չի արտացոլում հասարակական տրամադրությունները։ Պատահական չէր, որ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունները շուտ կազմակերպեց։ Մինչդեռ նախկին իշխանությունների հետ այլ պայմանավորվածություն ուներ, որ արտահերթ ընտրություններ կլինեն 2019-ի մայիսին։ Դրա համար անցյալ տարի այս օրերին ֆորսմաժորային իրավիճակ ստեղծեց և ազգային համաձայնության կառավարությունը ցրեց, խորհրդարանին էլ արտահերթ ընտրություններ պարտադրեց։ Ինչ վերաբերում է Փաշինյանի թիմին, 80-90 տոկոսը դիլետանտներ են, փաստ, ինչն ամենևին էլ կապ չունի նրանց երիտասարդ լինելու կամ երբևէ պաշտոն չունենալու հետ։ Մեծ մասը տարրական անգրագետներ են, մեկուկես տարի զբաղեցնելով պաշտոններ, մինչև հիմա փորձում են ապացուցել, որ դեռ սովորում են։ Հայաստանը շարունակում է մնալ լաբորատոր ճագարի դերում, որի վրա նրանք կառավարել են սովորում։ Փաշինյանը պետք է պատասխանի, թե ընդհանրապես ինչ գործ ունեն նման պատգամավորները խորհրդարանում, երբ երկու հոդաբաշխ նախադասություն չեն կարող կազմել, կարող են կոկետություն անել ԱԺ-ի մոտ՝ շողոքորթելով Փաշինյանին։
-Ի դեպ, այս խորհրդարանը, այս որակով երեկ քննարկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում։
-ԱԺ-ն որևէ իրավասություն չունի ազդելու ՍԴ-ի վրա։ Ինձ համար շատ զարմանալի է, թե ինչ իրավունքով է խորհրդարանն իր քիթը մտցնում դատական իշխանության գործերի մեջ։ Թող Փաշինյանն ու իր թիմակիցները երբեք չմոռանան, որ ժամանակին իրենց կողմից հովանավորվող Վահե Գրիգորյանը տարբեր ամբիոններ օգտագործում էր, ապացուցելու, որ Արմեն Սարգսյանն ապօրինի է զբաղեցնում ՀՀ նախագահի պաշտոնը։ Լավ կլինի, հիմա էլ նա դրա հետ կապված իր բացատրությունները տա, թե ինչու է փոխել իր դիրքորոշումը։ ԱԺ-ի այս նախագծով արձանագրվում է իշխանության ճյուղերի հավասարակշռության կոպտագույն խախտում։
-Ո՞րն է ստեղծված իրավիճակում ելքը։
-Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Փաշինյանը իրեն համարում է ժողովրդի վարչապետ, բայց չի տեսնում, որ այդ ժողովրդի մի ստվար հատված բացահայտ դժգոհ է նրա վարած քաղաքականությունից։ Այս իրավիճակը վտանգավոր է մեզ համար, մենք չենք կարող մեզ թույլ տալ այսպիսի անհասկանալի ու տապալված արտաքին ու ներքին քաղաքական «ճոխություններ»։ Իսկ Ադրբեջանը իր ռազմավարական գործընկերոջ հետ սպասում է, թե երբ է Հայաստանում ներքաղաքական իրավիճակն առավել սրվելու, որ անցնի կոնկրետ գործի։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ