Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Կոմերսանտին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Կոմերսանտին»
29.10.2019 | 14:24

-Եկեք սկսենք անհանգիստ տարածաշրջանից` Սիրիայից: Ըստ Ձեզ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սոչիում ձեռք բերված համաձայնագրերը վերաբերում են նաև սիրիահայերին: Կարո՞ղ եք բացել փակագծերը։ Ո՞վ պետք է ապահովի իրենց անվտանգությունը:

-Սիրիայի հյուսիսում կա Ղամիշլի քաղաք: Այնտեղ բնակվում է մոտ երեք հազար հայ: Ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ: Մենք մտահոգություններ ունեինք, և ես խնդրեցի Ռուսաստանի նախագահին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաշվի առնվի կոնկրետ Ղամիշլիի հայերի ճակատագիրը: Այն ժամանակ Թուրքիայի ներխուժման պատճառով այնտեղ լարվածությունը շատ մեծ էր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին նրա համար, որ արդյունքում հաշվի են առնվել այս տարածքում բնակվող հայերի անվտանգության հարցերը: Հուսով ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն, և հայերի անվտանգության շահերը կշարունակվեն պահպանվել:

-Նրանց անվտանգությունն ապահովում են միայն ՌԴ զինծառայողները, թե՞ ՌԴ զինծառայողները թուրքերի հետ միասին: Ինչպե՞ս է այն գործում:

-Սիրիայում Ռուսաստանը շոշափելի ներկայություն ունի: Նրա դերն անվտանգության ոլորտում բավականին մեծ է: Ռուսաստանը շատ լծակներ ունի, որպեսզի նպաստի հայերի անվտանգությանը: Հայաստանը նույնպես առաքելություն ունի Սիրիայում: Սակայն մեր առաքելությունը մարդասիրական է և ոչ մի կապ չունի անվտանգության խնդիրների հետ: Մենք շատ ուրախ ենք, որ այնտեղ իրականացնում ենք այդպիսի մարդասիրական առաքելություն:

-Բացի Ռուսաստանից, դուք ՀԱՊԿ անդամ միակ երկիրն եք, որն իր ներկայացուցիչներին ուղարկել է Սիրիա:

-Այո, և դա մեզ համար շատ կարևոր առաքելություն է: Ես այն համարում եմ պատմական: Այն հաջողությամբ իրականացվում և շարունակվում է:

-Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ հասկանալ: Վլադիմիր Պուտինը Ձեզ խոստացավ, որ Ռուսաստանը երաշխավորո՞ւմ է սիրիահայերի անվտանգությունը: Ինչպե՞ս դա ձևակերպվեց:

-Ռուսաստանի նախագահը խոստացավ և պահեց իր խոսքը: Նա ասաց, որ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն Ղամիշլիի հայության շահերը: Ես նրան տեղեկացրի, որ այնտեղ կա մեծ հայկական համայնք: Մենք տեսնում ենք, որ այս խոսակցությունը կոնկրետ դրական հետևանքներ ունի:

-Մեկ տարի առաջ մենք Ձեզ հետ խոսում էինք այն մասին, որ Ռուսաստանը կցանկանար իր համար երաշխավորել Պենտագոնի միջոցներով ստեղծված Հայաստանում գործող կենսաբժշկական լաբորատորիաների հասանելիությունը: Հարցի լուծումը գտնվում է վերջնական փուլում: Նոյեմբերին, Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի ընթացքում պետք է ստորագրվի երկու երկրների միջև համապատասխան հուշագիր:

-Այո, մենք աշխատում ենք հուշագրի վրա: Բայց անցյալ տարի Ձեզ հետ մեր զրույցից հետո, իմ անձնական հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ տրվեց այցելել այդ օբյեկտներ՝ համոզվելու, որ դրանք որևէ սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար: Դրանք ընդհանրապես չունեն ռազմական նշանակություն։ Սրանք կենսաբանական լաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով: Կարծում եմ, մեր ռուս գործընկերները համոզվեցին դրանում:

-Հուշագրում, ինչպես հասկանում եմ, նշվա՞ծ է, որ ռուս մասնագետների համար այդ լաբորատորիաները միշտ հասանելի կլինեն:

-Այս լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, դա շատ կարևոր է: Ի դեպ, այս լաբորատորիաներն արժեքավոր և կարևոր են Հայաստանի համար: Մենք շնորհակալ ենք նաև մեր ամերիկացի գործընկերներին, որ նրանք օգնեցին Հայաստանին, ֆինանսավորեցին այդ ժամանակակից լաբորատորիաները, որոնց աշխատանքն ուղղված է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը: Փաստացի, սա նվեր է Հայաստանին, և շատ արժեքավոր նվեր: Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա: Այս փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որևէ մեկի մոտ չլինի որևէ անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ:

-Կցանկանայի հարցնել «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ կապված իրավիճակի մասին: Վերջերս հաղորդվեց, որ ռուսական կողմը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ համաձայնագիրը: Այնուհետև այդ լուրերը հերքվեցին: Ի՞նչ է կատարվում այնտեղ:

-Խնդիրը քաղաքականացվում է լրատվամիջոցների կողմից: Սա զուտ տնտեսական խնդիր է, ներդրումների արդյունավետության հարց: Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ և ունենք նախնական պայմանավորվածություններ, որ կաշխատենք, որպեսզի ՀԿԵ-ի ներդրումային ծրագիրը Հայաստանում լինի ավելի արդյունավետ: Մենք քննարկում ենք այս հարցը մեր ռուս գործընկերների հետ՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի, ՀԿԵ–ի հետ: Ես չեմ ուզում ասել, որ վստահ եմ, բայց գրեթե վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք:

-Այսինքն, պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու սպառնալիք չկա՞:

-Ես դրա համար որևէ նախադրյալ չեմ տեսնում: Հայաստանը դա չի ցանկանում, Ռուսաստանը դա չի ցանկանում: Ինչո՞ւ դա պետք է տեղի ունենա:

-Գազի գինը ևս մեկ խնդրահարույց հարց է: Ի՞նչն է խանգարում գալ համաձայնության: Բոլորն ակնկալում են, որ գները կբարձրանան, հարցը միայն նրանում է, թե երբ` ձմռանը, թե՞ գարնանը:

-Այս հարցի շուրջ ընթանում է նորմալ խոսակցություն: Սա խոսակցություն է ռազմավարական դաշնակիցների միջև և կբերի կոնկրետ արդյունքների: Ես դրանում վստահ եմ: Մենք այժմ Հայաստանում տնտեսության շատ լավ դինամիկա ունենք: Այս հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, սա նաև տնտեսական զարգացման հարց է: Կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինը լինի այնպիսին, որ չխաթարի ՀՀ տնտեսական զարգացման դինամիկան:

-Ինչպիսի գինը չի՞ խաթարի այս դինամիկան:

-Սա արդեն հաշվարկների խնդիր է, և մենք այժմ զբաղվում ենք այդ հաշվարկներով: Որոշումը կլինի դաշնակցային: Այլ կերպ չի կարող լինել և չպետք է լինի:

-Ե՞րբ կարող է ամեն ինչ համաձայնեցվել:

-Վերջին մեկ տարվա ընթացքում մեր ներքին գազի գինը չի փոխվել:

-Բայց գնումների գինը փոխվել է, այն աճել է:

-Սա ուրիշ հարց է: Այն չունի շատ մեծ նշանակություն Հայաստանի ներսում սպառողների տեսակետից: Մեզ համար կարևոր է, որպեսզի «Գազպրոմ-Արմենիա»-ի գործերը կարգին լինեն: Եվ սա, կարծում եմ, նույնպես տնտեսական հարց է: Մենք պետք է մշակենք այնպիսի բանաձևեր, որպեսզի «Գազպրոմ-Արմենիա»-ի գործունեությունը լինի արդյունավետ, և գազի գինը լինի արդյունավետ:

-Դուք բանակցում եք գինն ընդհանրապես չբարձրացնելո՞ւ շուրջ, թե՞ բարձրացնելու, բայց ոչ էականորեն:

-Ո՞ւմ համար։

-Գնման գինը Հայաստանի համար:

-Խոսքը նրա մասին է, որ գինը լինի շահեկան Հայաստանի տնտեսության համար, որպեսզի չխաթարի տնտեսական աճն ու տեմպը, որն արտահայտվում է տնտեսական դինամիկայով:

-Ներկայիս գինը՝ $165 հազար խորանարդ մետր գազի դիմաց, շահեկա՞ն է: Այն չի՞ խաթարում դինամիկան:

-Եկեք ես չխոսեմ կոնկրետ թվերի մասին: Կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը: Ըստ բովանդակության, ես ասացի, թե որն է նպատակը: Կարծում եմ, որ սա միայն Հայաստանի նպատակը չէ, այն պետք է լինի նաև Ռուսաստանի նպատակը, քանի որ մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, մենք ունենք ընդհանուր տնտեսական տարածք: Երբ Ռուսաստանում տնտեսական խնդիրներ են ծագում, սա մեզ շատ է անհանգստացնում: Կարծում եմ, որ մեր ռուս գործընկերները` նախագահը, վարչապետը, նույն ընկալումն ունեն: Մենք կլուծենք այս հարցը:

-Մեկնաբանեք ռուսաստանյան ORSIS ընկերության հայտը մերժելու պատմությունը։ Ընկերությունը ցանկանում էր մասնակցել Հայաստանում զենքի գնման մրցույթին: Ի՞նչ է այնտեղ տեղի ունեցել իրականում:

-Սա աննախադեպ բան չէ: Սա մրցույթ է, սա առաջարկի և պահանջարկի խնդիր է: Մեկնաբանելու ոչինչ չկա: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի համար թիվ մեկ գործընկերն է: Այդպես է և այդպես էլ կլինի: Այս ծավալներում մեկ ընկերության և մեկ գործարքի հետ կապված իրավիճակը, չեմ կարծում, որ այնքան շոշափելի է, որ հիմա պետք է քննարկենք այն:

-Այս թեման վերջին օրերին շատ է քննարկվել Հայաստանի և Ռուսաստանի մամուլում:

-Եկեք նայենք, թե ինչ է տեղի ունեցել տեղեկատվական տարածքում անցած մեկուկես տարվա ընթացքում՝ կապված մեր երկրների հարաբերությունների հետ: Բոլորն աշխարհի վերջն էին կանխատեսոում: Բայց հարաբերությունները շատ լավ են զարգանում, և շատ լավ են զարգանում իմ անձնական հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ, Ռուսաստանի վարչապետի հետ: Հայաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները շատ լավ հարաբերություններ ունեն իրենց ռուս գործընկերների հետ:

-Բայց ոչ այնքան հարթ: Դուք պարբերաբար ուշադրություն եք դարձնում այն փաստին, որ Ադրբեջանին զենք են վաճառում այն երկրները, որոնք ձեզ հետ միասին հանդիսանում են ՀԱՊԿ անդամ: Խոսքը և Ռուսաստանի, և մյուս պետությունների մասին է:

-Սա ՀԱՊԿ-ի արդյունավետության հարց է: Ո՞րն է Հայաստանի թիվ մեկ նպատակը ԵԱՏՄ-ում:

-Ասացեք:

-Դարձնել կազմակերպությունն ավելի արդյունավետ: Եվ ես ուրախ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը ստացվեց շատ արդյունավետ: Անձամբ ես և մեր կառավարությունը կարողացանք կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ամբողջ աշխարհում: Եվ մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին: Ո՞րն է այստեղ նպատակը: Ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք դարձնել ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և անդամ այլ երկրների համար, առավել արդյունավետ: Կարծում եմ, Ռուսաստանը նույն նպատակն ունի: ՀԱՊԿ-ի հարցում մենք Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակ ունենք: Եվ մենք միասին աշխատում ենք այդ ուղղությամբ: Սա հեշտ գործ չէ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես ավելի արդյունավետ կդառնա և Հայաստանի, և Ռուսաստանի, և մյուսների համար:
-Լրջորեն քննարկվում է Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալը:

-Սա շատ լավ գործընթաց է: Մենք շատ հետաքրքրված ենք: Այժմ Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են: Հետաքրքիր փաստ. անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ուզբեկստանի առաջնորդների, ղեկավարների միջև պաշտոնական հանդիպում տեղի չի ունեցել: Առաջին հանդիումը տեղի ունեցավ հոկտեմբերին՝ Աշխաբադում, որտեղ մենք հանդիպեցինք Ուզբեկստանի նախագահի հետ և պայմանավորվեցինք փոխադարձ պաշտոնական այցերի շուրջ: Եվ, իհարկե, մենք, որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, շահագրգռված ենք խորացնել համագործակցությունն Ուզբեկստանի հետ: Եթե Տաշքենդը որոշի ԵԱՏՄ անդամ դառնալ, շատ լավ կլինի:

-ԵԱՏՄ-ում կա դիտորդի ինստիտուտ: Առաջին դիտորդ երկիրը Մոլդովան էր: Իսկ եթե Ադրբեջանն ասի. ես կցանկանայի դիտորդ դառնալ։ Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը:

-Թող ասի, հետո կտեսնենք։

-Այսինքն, հենց շեմից «ոչ» չե՞ք ասելու:

-Երբ կասի, այն ժամանակ էլ կքննարկենք։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները գաղտնիք չեն: Այնպես որ, այս պահի դրությամբ ես ընդհանրապես չեմ ուզում դա քննարկել:

-Ես դիտեցի BBC հեռուստաընկերության Hard talk հաղորդաշարի թողարկումը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ: Վերջին հատվածում խոսակցությունն այն մասին էր, թե որ ճանապարհն է ընտրում Հայաստանը՝ Եվրոպան՝ իր արժեքներով և սկզբունքներով, թե Վլադիմիր Պուտինի ԵԱՏՄ-ն, ով, ըստ հաղորդավարի, վերականգնում է Խորհրդային Միությունը: Ես հետևյալն եմ ցանկանում հարցնել Ձեզ՝ կարո՞ղ են ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը ինչ-որ կերպ զուգակցվել, թե նրանք դատապարտված են միմյանց հետ հակամարտելու:

-Հոկտեմբերի 25-ին մենք պայմանագիր ստորագրեցինք Սերբիայի հետ՝ Սերբիայի և ԵԱՏՄ միջև:

-Սերբիան ԵՄ անդամ չէ:

-Այո, այո: Համաձայնագիրը ստորագրվել է ազատ առևտրի վերաբերյալ: Շատ մեծ հավանականություն կա, որ Սերբիան կդառնա ԵՄ անդամ: Եվ հետո ի՞նչ կլինի: Սա շատ լավ է, քանի որ մեզ համար համագործակցությունն այն մոտեցումն է, որը մենք բոլորս պետք է ցուցաբերենք: Հայաստանն այնպես չի ընկալում իրավիճակը, որ մենք պետք է ընտրություն կատարենք Եվրոպայի և Ռուսաստանի միջև: 18-րդ դարում հայկական էլիտայի ներկայացուցիչները փորձում էին այնպես անել, որպեսզի Ռուսաստանը գա մեր տարածաշրջան: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում: Քանի որ այն ժամանակ հայկական վերնախավի ներկայացուցիչներն ընկալում էին իրավիճակն այնպես, որ Ռուսաստանը կգա մեր տարածաշրջան և իր հետ կբերի եվրոպական արժեքներ: Մեզ համար Ռուսաստանը եվրոպական երկիր է: Հայաստանը նույնպես եվրոպական երկիր է, Բելառուսը նույնպես եվրոպական երկիր է: Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է: Սա ոչ միայն մեր ժամանակակից ընկալումն է, այլև մեր պատմական ընկալումը: Իսրայել Օրին, որը հայտնի է որպես Հարավային Կովկաս Ռուսաստանի մուտքի նախաձեռնող, իր առաքելությունն սկսեց Եվրոպայից: Փորձեց եվրոպական զորքեր բերել Հայաստան, որպեսզի նրանք ազատագրեն մեր շրջանը թուրքերից և պարսիկներից: Նա նախ գնաց Գերմանիա (Պֆալց), ապա Ավստրո-Հունգարիա: Ու Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ Առաջինը (ում գահը Վիեննայում էր, քանզի այն ժամանակ կայսրության կազմում էին և Ավստրիան, և Հունգարիան) խորհուրդ տվեց նրան դիմել ռուսական ցար Պետրոս Առաջինին։ Եվրոպական միապետները հայերին խորհուրդ տվեցին կապ հաստատել Եվրոպայի հետ Ռուսաստանի միջոցով: Այսինքն, Ռուսաստանը եկավ մեր տարածաշրջան որպես եվրոպական ուժ: Ռուսական մշակույթն ու քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են: Ճիշտ է, Ռուսաստանը նաև եվրասիական քաղաքակրթության մաս է: Ռուսաստանն ինքնին օրինակ է, թե ինչպես Արևելքն ու Արևմուտքը կարող են ներդաշնակորեն գոյակցել:

Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են հակամարտում այս երկու բևեռները՝ Ռուսաստանը և Արևմուտքը, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ-ի տարածաշրջանում:

Եվրոպական շատ առաջնորդներ ասում են, որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը նրանց համար առաջնային է:

-Նրանք այդ մասին Ձեզ ասում են մասնավո՞ր զրույցներում:

-Նրանք դա ասում են ինձ պաշտոնական զրույցների ընթացքում: Բայց մեզ համար չկա ընտրություն՝ Արևելք կամ Արևմուտք: Մենք ԵԱՏՄ անդամ ենք և ունենք համաձայնագիր ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության վերաբերյալ: Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, և ԵՄ-ն դեմ չէ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը:

-Դուք համարո՞ւմ եք Վրաստանի հետ 2008 թ-ի հակամարտությունը, Ուկրաինայի արևելքում 2014 թ-ի հակամարտությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության արդյունք:

-Ես չէի ցանկանա մեկնաբանել Վրաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել և շատ կցանկանայի, որ մեր թանկագին բոլոր ռուսաստանցիներն արձանագրեն այս փաստը. 2018 թ-ին Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ: Տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Ինչո՞ւ այն ոչ բռնի եղավ: Կա հիմնական պատճառ: Որովհետև չկար որևէ օտար ուժ, որը ներգրավված լիներ այս գործընթացում: Չկար ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ: Անձամբ ես և իմ թիմը թույլ չենք տվել, որպեսզի որևէ արտաքին գործոն խառնվի մեր ներքին գործընթացին: Այդ իսկ պատճառով մենք հաջողության ենք հասել: Եվ մենք ասացինք, որ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Դրանք մեզ մոտ չկան և չեն լինի: Ես ասել եմ, որ մեր հեղափոխության մեջ չկա աշխարհաքաղաքական ենթատեքստ: Սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, որովհետև հակառակը պարզապես գոյություն չունի:

-Լսել եմ, որ հաջորդ տարվա սկզբին դուք առաջին պաշտոնական այցով կայցելեք Ռուսաստան: Ճի՞շտ է:

-Այո։ Երեւանում ես ու Վլադիմիր Վլադիմիրին փոխանակվեցինք հրավերներով: Մենք պայմանավորվեցինք, որ նախ ես պաշտոնական այցով կգամ, հետո նա կգա:

-Բայց ճշգրիտ ամսաթիվ դեռ չկա՞:

-Գուցե տարվա առաջին կեսին ես գամ, երկրորդ կեսին` Վլադիմիր Վլադիմիրին:

Դիտվել է՝ 2831

Մեկնաբանություններ