«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ռոբերտ Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին

Ռոբերտ Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին
08.11.2019 | 13:07

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը քննչական մեկուսարանից պատասխանել է Sputnik Արմենիա գործակալության ուղարկած հարցերին։


Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին
Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:
Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում: Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։


Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:
Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:


Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին
Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն: Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:


Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաև այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաև հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի և զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի և պատասխանատվություն կավելացնի իշխանության և նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:


Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են հանդիսանում:
Ներկայիս՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ