Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից

Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից
13.11.2019 | 22:37

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս խորհրդից՝ անիմաստ համարելով իր հետագա գործունեությունը՝ նա տեղեկացրել է Հանրային խորհրդի անդամներին նամակում, որի տեքստը հրապարակել է խորհրդի մամուլի պատասխանատուն:

«Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում», - գրել է Մանուկյանը: Նա գտնում է, որ այս պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ «հասարակության մեջ ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը»: «Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, - նշում է Վազգեն Մանուկյանը: - Փոխարենը իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը. դա անցումային արդարադատությունն է, առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման օրինագիծը, կրթական ոլորտի փոփոխությունները, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով դատաիրավական համակարգն օգտագործելը և այլն»:


«Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել: Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը», - գրել է Վազգեն Մանուկյանը։ Նա վստահեցնում է, որ կշարունակի պայքարը հանուն պետության և ժողովրդի շահերի, և հույս է հայտնում, որ Հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակն ու կշարունակի ծառայել իր նպատակներին:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ