«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պետություն պետության մեջ չենք ունենալու

Պետություն պետության մեջ չենք ունենալու
20.11.2019 | 18:33

Պայքարը հենց պատճառի դեմ է, ոչ թե հետևանքի, որովհետև քրեական ենթամշակույթը այն պարարտ հողն է, որի վրա ծնվում են տարբեր հանցագործություններ, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի օրենքին:


Ըստ նրա՝ միայն այս օրենքով չեն լուծելու խնդիրը, կրթական էլեմենտի ներդրումը այս հարցում կարող է շատ ավելի օգտակար լինել, քան երևույթը քրեականացնելը: «Ոչ մեկ հավակնություն չի էլ ունեցել, որ մենք հիմա կընդունենք մի օրենք, և այդ երևույթն իսպառ կվերանա: Պետության պատասխանատվության հարցը չպետք է մոռանանք այստեղ, որովհետև, եթե պետությունը չլինի թույլ, չլինի այս երևույթի հանդեպ հանդուրժող, չխրախուսի այդ երևույթները… Իսկ մենք բոլորս գիտենք, որ նախկինում իշխանության մեջ գտնվող անձինք հաճախ ընդհանուր խնջույքների ժամանակ հանդիպում էին քրեական աշխարհում հեղինակությունների հետ: Եվ երբ պետությունը թույլ է այս հարցում, պետք չէ զարմանալ, որ նման երևույթներ կարող են առաջ գալ: Իսկ եթե ավելի խոր գնանք, եկեք հասկանանք, թե սա որտեղից առհասարակ եկավ: Երբ մարդն իր խնդիրների լուծումը, արդարություն ու արդարադատություն չի տեսնում պետական ինստիտուտների մեջ, ինքը փնտրելու է, և խնդիր լուծող ալտերնատիվ ինստիտուտները ծնվելու են: Բայց եթե ինչ-որ ժամանակ դա եղել է ակտուալ, մենք ասում ենք՝ այլևս ակտուալ չէ, պետություն պետության մեջ մենք չենք ունենալու, և մարդու խնդիրները լուծելու է պետությունը՝ ի դեմս իր ինստիտուտների»,- ասաց նա:


Ըստ «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ համալիր գործողություններ պետք է արվեն: Երեկ խորհրդարանը քննարկել է միայն նախագիծը, բայց նաև երկրում ընդհանուր մթնոլորտը պետք է փոխվի: «Դրա փոփոխության լավագույն միջոցը այն քաղաքական խոսքն է, որն այսօր հնչում է կառավարող ուժից: Մեր նախընտրական ծրագրում գրված է, որ օրենքները պետք է դառնան ներհասարակական հարաբերությունները կարգավորող նոր ավանդույթները: Այսինքն՝ նաև հանրային պախարակում ու մերժում պետք է լինի ալտերնատիվ եղանակով խնդիրների լուծման: Նաև Մարդու իրավունքների ռազմավարության մեջ, որը շրջանառության մեջ է դրվել, ֆիքսված է, որ կմշակվեն չափորոշիչներ, ըստ որի՝ հեռուստաեթերում բռնություն քարոզող նյութերի համար ժամեր կսահմանվեն»,- ասաց նա: Ըստ Մարիա Կարապետյանի՝ ինչ-որ ենթամշակույթի մասին ֆիլմ նկարելը դեռևս չի մտնում Քրեական օրենսգրքի այս հոդվածի մեջ: «Բնականաբար, սպանության մասին ֆիլմ կարող է լինել, դա չի նշանակում, որ այդ ֆիլմը քրեական հոդվածի տակ է ընկնում, պարզապես մենք կարող ենք կանոնակարգել, թե ինչ ժամերի դա կարող է եթեր գնալ»,- հավելեց Մարիա Կարապետյանը:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ հավելեց, որ հեռուստաընկերությունները պնդում են, որ այդ ֆիլմերն ու հաղորդումներն են իրենց գովազդ ու դիտում բերում: Դա, ըստ պատգամավորի, կամաց-կամաց պետք է վերանա, մշակույթի փոփոխություն պետք է լինի: Նա համեմատեց՝ հիմա ինչ երաժշխտություն է հնչում տոնական օրերին հանրային վայրերում, և մի քանի տարի առաջ ինչ երաժշտություն էր հնչում: «Թվում է, թե այս քայլերը փոքր քայլեր են, բայց ճաշակ ձևավորող են: Եվ կամաց-կամաց այդ ճաշակը պետք է ձևավորվի, այսինքն՝ մեզ պետք է մշակութային փոփոխություն: Իսկ այդ փոփոխությունը հնարավոր է կրթական համակարգի, մամուլի, մնացած բոլոր գործիքների միջոցով»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ