Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արթուր Դավթյան. Հայոց բանակը ժողովրդի դարերով սպասված արարումն է, որ թրծվել ու ամրացել է հերոսական ազատամարտի բովում

Արթուր Դավթյան. Հայոց բանակը ժողովրդի դարերով սպասված արարումն է, որ թրծվել ու ամրացել է հերոսական ազատամարտի բովում
28.01.2020 | 16:08

Սիրելի՛ հայրենակիցներ,
Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում եմ մեր պետականության ամենամեծ նվաճման՝ Հայոց բանակի կազմավորման նվիրական օրվա կապակցությամբ: Աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի ազգային հպարտության աղբյուրն է Ազգային բանակը, մեր նոր սերնդի ազգային ինքնագիտակցության և ինքնաճանաչողության վրա ազդող ամենակարևոր արժեքներից մեկը, որը, ցանկացած գիտակից հայի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հոգում բորբոքում է պետականատիրության պատիվը, ջերմ զգացումն ու պատասխանատվությունը:
Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է, որը թրծվել ու ամրացել է հերոսական ազատամարտի բովերում, որը դարձել է մեր նորագույն պատմության ամենանվիրական հաղթանակների կերտողը, որը կայացել է իր հազարավոր նվիրյալ զավակների՝ մեր ժողովրդի երազանքների զոհասեղանին դրված կյանքերի, արյան, բանակաշինության նվիրյալների թափած ջանք ու եռանդի շնորհիվ՝ հայ ժողովրդի անվերապահ սիրո ու գուրգուրանքի պայմաններում:


Ազգային բանակը կայացել է որպես իր պատմական բնօրրանի այս մի հատվածի վրա մեր հավաքական լինելիության հզոր պատվար, տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային և հուսալի երախտավոր, որպես խաղաղություն պարտադրող մարտունակ, կուռ ու կազմակերպված համակարգ՝ Հայաստանի Հանրապետությանը տալով մեր ազգային ու պետական շահերն արտաքին բոլոր հարթակներում արժանապատվորեն պաշտպանելու կարևոր հաղթաթուղթ:
Այսօրվա զինվորը հաստատակամ ու իր առաքելության խորքային գիտակցությամբ է պաշտպանում մեր հայրենիքի սահմանները՝ մեր սպաների ամենօրյա աչալուրջ, հայրական սրտացավության և խստապահանջության պայմաններում՝ իր կենցաղում, մարտական հերթապահության ժամին, թե դրանից դուրս, ամեն նոր օրվա հետ զգալով այն բարեփոխումների ազդեցությունը, որոնց ձեռնամուխ է եղել մեր պետությունը:
Մեր պարտքն է ամեն նոր օրվա հետ մեր զինվորի միջավայրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի անվտանգ՝ զերծ հանցածին երևույթներից ու գայթակղություններից: Վստահ եմ՝ զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում համատեղ ուժերով հասնելու ենք մեր ցանկալի արդյունքներին:


Կրկին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ զինված ուժերի հզորացման, մարտունակության բարձրացման, մեր սպաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բոլոր ձեռնարկումներում, մաղթում եմ խաղաղ երկինք մեր զինվորների գլխավերևում:
Փա՜ռք մեր հերոսական բանակին, փա՜ռք մեր զինվորին և սպային, հավերժ հիշատակ հանուն մեր հայրենիքի և մեր բանակի ընկած բոլոր հայորդիներին:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ