Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շառլ Ազնավուր՝ Պետություն պետության մեջ, հայրենիք հայրենիքի մեջ

Շառլ Ազնավուր՝ Պետություն պետության մեջ, հայրենիք հայրենիքի մեջ
22.05.2020 | 15:37

Մայիսի 22-ը ֆրանսահայ շանսոնյե, դերասան, դիվանագետ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 96 տարեկան: Նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գեղեցիկ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում հնչում է Ազնավուրի հիթերից մեկը, որի հնչյունների ներքո ներկայացվում են մի քանի տասնյակ արխիվային լուսանկարներ՝ մեծանուն հայի կյանքի և գործունեության տարբեր տարիներից: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:


Ազնավուրը հազարից ավելի երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։


Ցայսօր վաճառվել է Ազնավուրի հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարին» (1960), «Սատանան և 10 պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլ ֆիլմերում: 1988 -ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծել են «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է:


2009-ի մայիսի 4-ին Ազնավուրը Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009-ի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018-ի հոկտեմբերի 1-ին Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզվել է, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։ Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Ազնավուրի հիշատակին ազգային տուրք է մատուցվել Փարիզի «Հաշմանդամների տուն» համալիրում, Մակրոնը նրան անվանել է «Պետություն՝ պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»:

Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ