Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Ինքնորոշման իրավունքի մերժումը խորապես կհակասեր ՄԱԿ-ի հիմնարար արժեքներին

Նիկոլ Փաշինյան. Ինքնորոշման իրավունքի մերժումը խորապես կհակասեր ՄԱԿ-ի հիմնարար արժեքներին
22.09.2020 | 22:08

ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձը նշվում է մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, որ իր ազդեցությունն է թողնում միջազգային հարաբերությունների և այն ընդհանուր ինստիտուտների գործունեության վրա, որոնք ուղղորդում են միջազգային համագործակցությունը՝ հիմքեր ստեղծելով ընդհանուր նպատակների իրականացման համար՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձին նվիրված ելույթում, որի տեսանյութը, ինչպես մյուս երկրների ղեկավարներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում:

«Պետությունների ինքնիշխանությունը, անկախ նրանց չափից և հզորությունից, ավելի լավ է պահպանվում, և ազգային շահերն ավելի լավ են սպասարկվում ներկայիս համակարգում, երբ կա հարգանք միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ», - շեշտել է Փաշինյանը:
«ՄԱԿ-ը կոչված է փարատելու միջազգային հարաբերություններում մշտապես առկա երկվությունը, որն արտահայտվում է պետությունների բնական եսասիրության և համագործակցության հավասարապես բնական անհրաժեշտության մեջ:
ՄԱԿ-ն ապացուցեց իր կենսունակությունը` այս երկու թվացյալ անհամատեղելի հասկացությունները փոխակերպելով ինքնիշխան պետությունների արդյունավետ գլոբալ համակարգի` միավորելով ընդհանուր արժեքներով և սկզբունքներով, կիսելով ապագայի ընդհանուր տեսլականը և ունենալով համագործակցության ընդհանուր ինստիտուտներ կառուցելու վճռականություն:


Արդյունավետորեն իրականացնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը՝ ՄԱԿ-ը ծննդյան վկայականներ է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Շատ ժողովուրդներ, ինչպես երբեք մարդկության պատմության մեջ, հնարավորություն ստացան իրենց մասնակցությունը բերել համաշխարհային գործերին և իրացնել իրենց զարգացման ներուժը՝ ընթանալով բարգավաճման ուղով», - հայտարարել է ՀՀ վարչապետը:
Ենթադրությունը, թե այդ գործընթացն ավարտվել է Սառը պատերազմի ավարտով, միայն պատրանք է՝ ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր ՄԱԿ-ի հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային: Վերջին երկու տասնամյակներում մի շարք պետությունների ի հայտ գալն այդ միտման լավագույն վկայությունն է»: «ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը», - շեշտել է Հայաստանի վարչապետը:

«Գլոբալ մարտահրավերները երբեմն սասանում են միջազգային համերաշխության և անհատական շահի միջև հավասարակշռությունը, երկմտություն և նույնիսկ հիասթափություն են առաջացնում միջազգային հաստատությունների նկատմամբ, ինչի մասին են նաև վկայում Covid-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը և դրա ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները», - նշել է Փաշինյանը:
«ՄԱԿ-ը սոսկ իր 193 անդամների հանրագումարը չէ: Ավելին է, քան ազգային շահերը ներկայացնելու ընդհանուր հարթակ: Այն նաև շրջանակ է ընդհանուր հետաքրքրություններ ձևավորելու, միմյանց լսելու և յուրաքանչյուրի ձայնին ականջալուր լինելու համար: ՄԱԿ-ը նաև մարդու իրավունքների պաշտպանության և դրանց կիրառման համընդհանուր գործիք է: Հնարավոր չէ անվտանգություն կառուցել առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի», - ասել է վարչապետը: «Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների: Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռևիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության և անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան և նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երևույթ:


Դա ևս մեկ ազդանշան է, որ մենք պետք է վերականգնենք արդյունավետ բազմակողմանիությունը` միջազգային հանրությանը տալով հզոր ինստիտուցիոնալ ողնաշար, որպեսզի այն առավել դիմացկուն դառնա համամոլորակային մարտահրավերների նկատմամբ»՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ «միանալու միջազգային հանրության ջանքերին, որոնք միտված են ավելի լավ աշխարհակարգի հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ազատության և արդարության համընդհանուր արժեքների վրա»:

Դիտվել է՝ 1353

Մեկնաբանություններ