Աշխարհում այսօր մեծ փոփոխություններ են տեղի ունենում, գերտերությունները միմյանց հետ հարաբերություններն են ճշգրտում, իսկ փոքր Հայաստանի վարչապետը, որ մեկ ամսվա գործողությունների ծրագիր էլ չունի, 2050-ի ռազմավարություն է ներկայացնում։ Բնականաբար այդ ժամանակ ոչ ինքը կլինի իշխանության, ոչ էլ որևէ պատասխանատվություն կկրի ասածների համար։ Դրա համար նույնիսկ կարիք էլ չկա այդ փաստաթուղթը քննության հարց դարձնելու։ Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ չի կարդացել այն և դրա անհրաժեշտությունն էլ չի տեսնում։
-Ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի՝ 30 տարի անց կազմած ծրագրերի, այն է 2050-ի ռազմավարության մասին։
-Անկեղծ ասած, ռազմավարությանը ծանոթ չեմ, դրա ներկայացումը չեմ դիտել, չեմ էլ պատրաստվում դիտելու, որովհետև ինձ հետաքրքիր չէ, թե 2050-ին, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանն ինչպիսին պետք է լինի։ Ինձ առավել հետաքրքիր է մոտակա ամիսների, առաջիկա տարիների ռազմավարությունը, որն ավելի կոնկրետ կլինի ու հասկանալի, թե ինչպես պիտի լուծվեն շատ խնդիրներ։ Այդ դեպքում կծանոթանայի փաստաթղթին, իսկ հենց այնպես տեսակետներ լսել, թե 2050-ին ինչ կարող է լինել, անլուրջ է։ Առավել ևս, որ այդ փաստաթղթի վրա տարբեր մասնագետներ չեն աշխատել, թափանցիկ ձևով չի կազմվել, չեն ներգրավվել հասարակական շրջանակներ, տարբեր հարցերով մասնագետներ, գուցե նաև դրսից, որոնք երկարատև կաշխատեին փաստաթղթի վրա՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ՝ սկսած աշխարհաքաղաքական, մեր տարածաշրջանի հնարավոր զարգացումներից մինչև ինչպիսի լոգիստիկ ճանապարհներ, գլոբալ նախագծեր պիտի լինեն։ Քանի որ դա չկա, ապա 2050-ի կտրվածքով երազանքներն անլուրջ են։
-Նորմալ չէ՞, որ կառավարությունն իր թիմով է այդ ռազմավարությունը ներկայացնում՝ առանց այլ մասնագետների ներգրավման։
-Նախ այնտեղ ես առնանձնապես լուրջ թիմ չեմ տեսնում։ Ես հերթականությունը կփոխեի, առաջին հերթին դրա վրա մասնագետներ պիտի աշխատեին, գուցե դրսից էլ մասնագետներ հրավիրեին՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները, տարածաշրջանի լուրջ գործընթացները։ Դա պետք է լիներ շատ ծավալուն, համակողմանի, ծանրակշիռ փաստաթուղթ։
-Դուք կարևորեցիք տարածաշրջանային զարգացումները, և այդ համատեքստում այսօր մեզ համար բավական վտանգավոր է դարձել թուրք-ադրբեջանական տանդեմը։ Պատերազմի սպառնալիքն օդում թևածում է։ Այս իրավիճակին համարժե՞ք է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը։
-Նախ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները Հայաստանի խնդրին անդրադարձել են ՄԱԿ-ում, դա արվել է շատ բաց, թափանցիկ, միջազգային հանրության աչքի առջև։ Նրանց ելույթներում Հայաստանը հայտարարվել է ագրեսոր, ավելին, հայտարարվել է, որ նրանք միասնականորեն այդ ագրեսիային պիտի դիմագրավեն։ Հաշվի առնելով Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի քաշային կատեգորիաները, դա ողջ աշխարհի առաջ բաց մարտահրավեր էր, որին Փաշինյանը որևէ կոնցեպտուալ պատասխան չի տվել։ Պետք է նկատի ունենանք նաև, որ աշխարհում չափազանց լուրջ փոփոխություններ են գնում, ու դրանք ուր են տանում, դեռևս անհասկանալի է։ Այսինքն՝ պարզ չէ, թե ինչ է լինելու ԱՄՆ-ում, որը համաշխարհային միակ գերտերությունն է։ Աշխարհը մտնում է տուրբուլենտության գոտի, գլխավոր դերակատարի ապագան անորոշ է։ ԱՄՆ-ում ոչ թե սովորական ընտրություններ են, այլ քաղաքակրթական պայքար է սկսվել, որն իր ազդեցությունն է թողնելու ողջ աշխարհում։ Դրա պատճառով հնարավոր է բավական ինքնուրույն խաղացող դառնա Թուրքիան ու շատ կարճ ժամանակում լուծի իր գլխավոր խնդիրներից մեկը, որը մեզ է վերաբերում։ Մեր գոյությունը նրանց խնդրի լուծմանը, այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային սահման ունենալուն, խանգարում է։ Թուրքիան նպատակ ունի տարածվելու դեպի թուրքական աշխարհ և փորձում է իր վրա վերցնել իսլամական աշխարհի լիդերի գործառույթը։ Այս պայմաններում խոսել 2050-ի Հայաստանի մասին, երբ պարզ չէ, թե 2025-ին Հայաստան լինելու է, թե ոչ, ուղղակի անհեթեթություն է։
-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ հոռետեսական կանխատեսումը։
-Պայմանավորված է Ալիևի և Թուրքիայի պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններովգ ասել է՝ Երևանն ադրբեջանական քաղաք է, Հայաստանն արևմտյան Ադրբեջան է, իրենց նպատակը Թուրքիայի հետ սահման ունենալն է, իսկ Հայաստանը սեպ է թուրքական աշխարհի մեջտեղում։
-Տարիներ շարունակ մենք այդ հայտարարությունները լսում ենք, ի՞նչ է փոխվել այսօր, որ վտանգն ավելի իրական է դարձել։
-Այդ հայտարարությունները մենք ոչ միայն տարիներ շարունակ, այլ 100 տարի լսում ենք։ Եթե ուշադիր ընթերցենք Մոսկովյան պայմանագիրը, Թուրքիայի պահանջներից մեկն էր, որ Նախիջևանը, Արցախը և Սյունիքը լինեն Ադրբեջանի կազմում։ Նույնիսկ Խորհրդային Ադրբեջանը պիտի ցամաքային ճանապարհ ունենար Թուրքիայի հետ։ Սահմաններն այնպես էին գծվել, որ Նախիջևանը Թուրքիայի հետ սահման չունենա, բայց 30-ականներին Իրանի հետ տարածքների փոխանակում է եղել, որից հետո 11 կմ սահմանը Նախւջևանի հետ Թուրքիան ձեռք է բերել։ Առնվազն 100 տարի այս ծրագիրը նախատեսված է եղել, որը նրանց համար ազգային ծրագիր է։ Երբ տարիներ շարունակ Ադրբեջանը նման հայտարարություններ էր անում, շատերը դրանց լուրջ չէին վերաբերվում։ Հիմա նրանց հայտարարություններում կոնկրետ գործողություններ կան։ Ըստ էության, Նախիջևանում ռազմաբազա է տեղակայվել, Ալիևը հայտնվել է Թուրքիայի ազդեցության գոտում։ Տավուշյան դեպքերից հետո Բաքվում գործողություններ տեղի ունեցան, որոնք վերածվում էին հակակառավարական ցույցերի, այսինքն՝ դրանք Ալիևի իշխանությանն էին սպառնում։ Միայն Թուրքիայի հայտարարությունների շնորհիվ այդ ցուցերը հանդարտվեցին, այսօր Ալիևն իր իշխանության երաշխիքն արդեն ստանում է Թուրքիայից։ Իշխանությունը պահելու համար նա Թուրքիայից կախվածության մեջ է։ Նախկինում այդ կախվածությունը հիմնականում Ռուսաստանից էր։ Սա արմատական փոփոխություն է, որը մենք այդքան էլ սթափ չենք գնահատում։ Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող գործընթացները, որոնք քաոսային զարգացումների են տանում, նույնիսկ անհնար էր մի քանի տարի առաջ պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի երկրների միջև ռազմական բախումն արդեն իրական դառնա։ Խոսքը վերաբերում է Հունաստանին, Կիպրոսին և Թուրքիային։ Սիրիայի դեպքերին ենք նաև ականատես։ Այս ամենը կարող է նաև Հարավային Կովկասին սպառնալ։ Վրաստանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը շատ է մեծացել։ Քայլ առ քայլ մոտենում ենք վտանգավոր սահմանագծին։
-Այս ամենի համատեքստում բավական ուշագրավ է, որ Հայաստանի վերնախավը Ալիևի հայատարարություններին կամ չի արձագանքում, կամ կցկտուր, լղոզված պատասխաններ է հնչեցնում։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չարձագանքեց Ալիևի՝ պայմանավորվածության մասին հայտարարությանը։ Սա նորմա՞լ է։
-Բացի այդ հայտարարությունից, հիշենք նաև մյուսը, եթե նա իրենց խոսակցության բովանդակությունը հրապարակի, Փաշինյանին պաշտոնավարելու շատ կարճ ժամանակ կմնա։ Սա, ըստ էության, շանտաժ է, որ եթե նա խոսի այդ մասին, Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի դեմ դուրս կգա։ Սրան պետք է հստակ պատասխան տա Փաշինյանը, ինչը չի անում, որից կարելի է արդեն եզրակացություններ անել։
-Թուրք-ադրբեջանական տանդեմին Հայաստանը հակադրել է նաև Ռուսաստանի հետ դաշնակցությունը, սակայն այս առումով այլ իրավիճակ է մեր երկրում։ Այսօր իշխանությունը ռուսական գործակալական ցանցի հայտնաբերման փնտրտուքի մեջ է, ինչին լծված են նաև իշխանության ներկայացուցիչները։ Այս ամենը մեզ ի՞նչ հագրվանի կտանի։
-Առաջին. տեխնիկայի խնդիր կա, որը ժամանակին վարում էր նաև Սերժ Սարգսյանը։ Նույնը փորձում է իրականացնել Փաշինյանը։ Այսինքն, ցույց տալ, որ Հայաստանի հանրությունը հակառուսական է, քաղաքական ուժերն արևմտամետ են և դրանով Ռուսաստանին ստիպել, որ Հայաստանում համագործակցի միայն իշխանության հետ, որպեսզի ընդդիմության հետ քաղաքական համագործակցություն չլինի։ Սա պրագմատիկ տեխնոլոգիա է, որը կարելի է ինչ-որ տեղ հասկանալ։ Սակայն երբ արդեն նման կարծիք են հայտնում պետական պաշտոնյաները, պատգամավորները, ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը ցանկանում է անձի վրա կառուցել համագործակցությունը։ Ոչ թե իր քաղաքական ուժի հետ համագործակցել, այլ Ռուսաստանին թողնել մեկ տարբերակ՝ համագործակցել միայն իր հետ։ Սակայն այս տեխնոլոգիան չի աշխատում։
-Ըստ էության, իր հետ բացարձակ համագործակցություն չկա, ՌԴ նախագահը Փաշինյանի հետ անգամ հեռախոսազրույցներից է խուսափում, միջնորդավորված են ուղերձները տեղ հասցնում։ Հարաբերություններում սառնությունը չափազանց մեծ է։
-Այդ մակարդակով հարաբերությունները սառեցված են, բայց բաց տեղեկատվությամբ համագործակցությունն ակտիվ է պաշտպանության նախարարության հետ։ Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ՊՆ-ի հետ այդ համագործակցությունը շատ կարևոր է։ Ռուսաստանը տարանջատում է մտցրել Հայաստանի իշխանությունների կամ գերատեսչությունների միջև, ինչը բավական աննորմալ երևույթ է։
-Հասկանալի է, որ այսօր բավական մեծ են արտաքին մարտահրավերները, սակայն ներսում ևս մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, բողոքող, դժգոհող քաղաքացիները կտրուկ ավելացել են։ Ընդդիմադիր երեք ուժերը որոշել են համապետական հանրահավաք անել, նրանց քայլերը Ձեզ վստահություն ներշնչու՞մ են։
-Այդ ուժերը, որոնց մենք ընդդիմություն ենք համարում, իրենց քաղաքականությունը փորձում են կառուցել դժգոհությունների և քննադատությունների վրա։ Անում են այն, ինչ Հայաստանում վերջին 30 տարիներին պարբերաբար տեղի է ունեցել։ Մինչդեռ քաղաքական լուրջ պլատֆորմ նրանք հանրությանը չեն ներկայացնում։ Ասում են, թե այսինչ մարդը վատն է, մենք լավն ենք։ Այդ բացասական էմոցիաների վրա է կառուցվում քաղաքական պայքարը։ Իմ խոսքի սկզբում նշեցի Փաշինյանի 2050-ի ռազմավարության մասին, որ իրականում առաջիկա մի քանի տարվա համար անգամ ոչինչ չունի առաջարկելու հանրությանը, նույնը վերաբերում է նաև ընդդիմությանը։ Անկախ այն հանգամանքից, թե ով է ընդդիմություն, եթե հավակնում է գալու իշխանության և հասնելու կառավարության հրաժարականի, բացի կարգախոսներից պետք է կոնկրետ քաղաքական նախագիծ ներկայացնի առնվազն մոտակա 10 տարվա համար և առաջիկա 2 տարվա համար շատ կոնկրետ գործողություններով։
-Երկիրը բարեփոխելու ծրագի՞ր չունի ընդդիմությունը, թե՞ իշխանափոխության քայլերի հերթականությունն է սխալ ընտրված։
-Ընդդիմությունը պետք է օրակարգ ներկայացնի, որում արտացոլված կլինեն ոչ միայն տնտեսության վիճակը, այլև այս քաղաքական իրավիճակից դուրս գալու ելքերը։ Մենք առհասարակ չունենք հանրային վստահությունը վայելող կուսակցություններ, այնինչ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ Կուսակցությունները ժողովրդավարական կառույցներ չեն, հիմնականում լիդերի շուրջ համախմբված միավորումներ են, այսինքն՝ նախ իրենց կուսակցական կանոնադրությունները պետք է լուրջ փոփոխությունների ենթարկեն։ Պետք է ունենան նաև քաղաքական համակարգի ձևավորման ժամանակավոր ծրագիր, իսկ դրանից հետո միայն արտահերթ ընտրություններ հայտարարեն։ Եթե նույնիսկ հիմա ընտրություններ լինեն, կրկին ժամանակավոր խորհրդարան ենք ունենալու։ Կառավարման և քաղաքական լուրջ փոփոխություններ պիտի անել, հետո նորից արտահերթ ընտրությունների գնալ։ Ցավոք, նման շրջան ենք մտնում։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ