Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և եթե ժողովուրդները դասեր չեն քաղում դրանից, նրանք ապրելու համար շատ ավելի մեծ գին են վճարում։ Այսօրվա իրողությունները շատերը նմանեցնում են 1920-ականների իրադարձություններին, Սարդարապատի հերոսամարտին, երբ հայն ու Հայաստանը կանգնած էին կրկին ոչնչանալու, ցեղասպանվելու խնդրի առջև։ Սակայն թուրքի հետ պատերազմի մեջ լինելով էլ, թշնամու քաղաքականությունից էլի դաս չենք քաղում։ Դեռ կան մեզանում մարդիկ, որոնք կարծում են, թե պիտի բանակցել հենց Թուրքիայի հետ։ Այն Թուրքիայի, որի նպատակը երկրորդ անգամ քեզ աշխարհի քարտեզից վերացնելն է։ Այս օրերին շատերն են հիշում Նժդեհին, նրանից մեջբերումներ անում, սակայն դրանք, թևավոր խոսքից բացի, այդպես էլ տարիներ շարունակ մեզ համար ուղենիշ չեն դարձել։ ԵՊՀ դասախոս, նժդեհագետ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցել ենք պատմաքաղաքական ընդհանրություններից՝ փորձելով այդ ամենում տեսնել նաև Նժդեհի գաղափարախոսությունը։
-Որպես նժդեհագետ, եթե այսօրվա պատմաքաղաքական իրադրությունը համեմատեք 1920-ականների հետ, ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել։
-Պատմական տեսանկյունից շատ չէի խորանա՝ թողնելով դա պատմաբաններին, բայց որոշ նկատառումներ, այդուհանդերձ, կանեմ։ Եվ 1920-ականներին, և այսօր կանգնած ենք էքզիստենցիալ (գոյության պահպանության) խնդրի առաջ։ Եթե Նժդեհի տեսանկյունից հարցին մոտենանք, Նժդեհը շատ լավ էր գիտակցում Թուրքիայի գործոնը, որով էլ պայմանավորված աննահանջ կամք դրսևորեց, որ Սյունիքը չարժանանա Արցախի և Նախիջևանի բախտին։ Այս առումով Նժդեհը որդեգրեց «վճռական մենակի» հոգեբանությունը, կարողացավ վերահաս վտանգները չեզոքացնել և Լեռնահայաստանի փրկությամբ, ինչպես ինքն էր ասում, մեր երկրի ողնաշարը պահել, քանի որ Արցախը և Սյունիքը կորցնելով, գործ էինք ունենալու ողջ Հայաստանի կորստի հետ։ Այսօր ևս կանգնած ենք նույն վտանգի առջև։ Ոչ միայն Արցախի, արցախահայության գոյության պահպանման, նրանց իրավունքների, այլև Հայաստանի և ողջ հայության խնդիրն է սեղանին դրված։
-Դուք հիշեցիք Նժդեհի՝ «վճռական մենակի» սկզբունքը, ստացվում է, որ այսօր էլ Հայաստանն է նույն կարգավիճակում՝ միայնակ պայքար տանելով ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի, այլև ահաբեկչության դեմ։ Այսքան տարի անց աշխարհի քաղաքական դասավորությունն ու շահերը նու՞յնն են մնացել։ Կհաջողվի՞ հայ ժողովրդին, այդ սկզբունքը կիրառելով, պահպանել իր գոյության իրավունքը։
-Մի փոքր հստակեցում Նժդեհի պատկերացրած «վճռական մենակի» վերաբերյալ. հայ իրականությունում հաճախ դա հասկացվում է որպես տոտալի ինքնամեկուսացում կամ ցանկացած համագործակցության մերժում։ Պետք է հաշվի առնել նախ, որ այսօրվա համեմատ Նժդեհի ժամանակաշրջանի գործողությունները նաև շատ տարբերություններ ունեն։ Այնպես չէ, որ այսօր մենք բացարձակ մենակ ենք մնացել, ունենք դաշնակիցներ, քիչ, թե շատ բարեկամաբար տրամադրված պետություններ։ Իհարկե, այն աջակցությունը, որ նրանցից ակնկալվում էր, գուցե չեղավ։ Այսուամենայնիվ, «վճռական մենակը» կողմնորոշումներ չունեցողը չէ, այլ սեփական խնդիրների լուծման սուբյեկտն իրեն համարողն է։ Բայց այդ սուբյեկտը բնավ չի հրաժարվում որոշակի կողմնորոշումներից, ավելին, «վճռական մենակը» նախ և առաջ ինքնուրույն է որոշում իր կողմնորոշումների շրջանակը, ոչ թե ուրիշների պարտադրած սցենարների կրավորական համահեղինակն է դառնում։ Նժդեհյան «վճռական մենակը» նախ ապավինում է սեփական ուժերին, բայց դա չի նշանակում, որ դեռահասի ինքնահաստատման դիրքերից ցանկացած համագործակցություն, աջակցություն մերժում է, հակառակը՝ ինքն է ձգտում դրան, նախաձեռնողականություն ցուցաբերում։ Այս օրերին Կարսի պայմանագրի հետ ևս զուգահեռներ են անցկացնում։ Նժդեհն ասում էր, որ լինելով ավելի շահեկան վիճակում, զինամթերքի, պարենի առավելություն ունենալով, մենք Կարսում պարտվեցինք, որովհետև հույսներս դրել էինք ուրիշի վրա։
Այսօր ինքնուրույն գործելու հավատ ունենք՝ չնայած թշնամին զինամթերքի, մասնավորապես օդային զինտեխնիկայի, առավելություն ունի։ Մեր խնդիրը հետևյալն է՝ չշեղվել իրական նպատակից, միևնույն ժամանակ հասկանալով, որ այդ ճանապարհին մենք պետք է կողմնակի ձեռքեր մեզ մոտ բերենք։
-Ցավոք, մեր իրականությունում հաճախ ենք բախվում երևույթների, երբ հասկանում ենք, որ մենք մեր պատմությունից ոչ մի դաս չենք քաղել։ Ըստ Ձեզ, ո՞րն է այսօր մեր չսերտած ամենամեծ դասը։
-Նժդեհն ասում էր, որ «հայոց պատմությունը մեզ մի հատիկ բան է սովորեցնում. այն, որ հայն իր պատմությունից բնավ չի սովորում»։ Այսօր դեռ վաղ է պատասխանել, թե ինչ դաս չենք քաղել, բայց իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ դաս չքաղելու հիմքեր իսկապես կան։ Տարիներ շարունակ նպաստել ենք ինքնապաշտպանման բնազդի թուլացմանը, մինչդեռ այդ հարցում լրիվ հակառակ պահվածք պիտի դրսևորեինք։ Այն փաստը, որ տարբեր երկրներ այսօր աջակցում են թուրք-ադրբեջանական տանդեմին, ահաբեկչությանը կամ սահմանափակվում են հերթապահ կոչեր անելով, վկայում է, որ արտաքին քաղաքականության տիրույթում ունեցել ենք բացթողումներ, որոնք պետք է պարտադիր շտկել։ Պիտի հասկանանք, որ աշխարհն իր քաղաքականությունը կառուցում է ոչ թե հայության փրկման կամ հայերի համար լավ պայմաններ ստեղծելու նպատակադրումով, այլ իր անձնական շահերի սպասարկման սկզբունքով։ Մեր խնդիրը պետք է լինի այդ շահերի մեկտեղումը և սեփական շահերի կիրարկումը։
-Այս օրերին ականատես ենք լինում մի երևույթի, երբ հասարակական որոշ շրջանակներ, շատ «հեռատես» լինելով, հայտարարում են, թե պետք է բանակցել Թուրքիայի հետ, քանի որ Ադրբեջանն ամբողջովին այդ երկրի վերահսկողության տակ է։ Հակառուսական տրամադրությունները ևս քիչ չեն։ Ինչու՞ ենք մենք մշտապես այս քննարկումների ծիրում, խաղաղ օրերին փչացնում հարաբերությունները, պատերազմի ժամանակ «մունաթ» գալիս, թե մեզ չեն աջակցում, կամ էլ ուզում ենք բանակցել մեզ ցեղասպանած պետության հետ։
-Այսպիսի տրամադրությունների պատճառները բազմաթիվ են, կան տարբեր շահեր սպասարկող խմբեր։ Մեր փրկությունը ոչ Թուրքիայի հետ բանակցելու, ոչ Ռուսաստանի հետ շաղկապվելու, այլ մեր մեջ է, մենք ենք մեզ փրկողը։ Բայց մեր փրկությունը չպետք է տեսնենք, օրինակ, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացման համատեքստից դուրս։ Այս առումով մի ուշագրավ դրվագ ներկայացնեմ Նժդեհից։ Նժդեհը ողջ կյանքում պայքարել է թրքաբոլշևիզմի դեմ, բոլշևիզմի ամենամեծ քննադատներից է եղել։ Շատերը, փորձելով Նժդեհին «հարմարեցնել» իրենց, նրա գործունեությունը դիտարկում էին հակառուսական, հակառուսաստանյան։ Իրականում մեթոդաբանական սխալ կա այդ ամենում։ Բոլշևիզմը նրա համար գաղափարաքաղաքական անթույլատրելի երևույթ էր, չի կարելի ռուսը և բոլշևիզմը նույնացնել։ Բայց նույն Նժդեհը մեկ այլ առիթով նկատել է, որ հայ ժողովրդի միակ բնական դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է։ Ասածս ամենևին չի նշանակում, որ մեր փրկությունը պայմանավորենք Ռուսաստանով, այլ հասկանանք, որ մեր խնդիրների լուծումը պիտի ապավինենք մեզ, սակայն դա չի բացառում դաշնակցային հարաբերությունների խորացումը, սերտացումը։
-Այսօր աշխարհաքաղաքական մեծ վերադասավորումներ են սկսվել մեր տարածաշրջանում։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դերակատարումը, հավերժական դարձած հարցն էլի օդում կախված է՝ դեպի Արևմու՞տք, թե՞ դեպի Ռուսաստան։
-Հայաստանն ինքն իր ներսում դեռ հստակ կողմնորոշվելու խնդիր ունի, մենք պիտի նախ ինքներս մեզ համար պարզենք, թե ինչ ենք ուզում։ Չունենք ապագայի ընդգծված տեսլական, ռազմավարական կոնցեպտ։ Եթե այս ամենը չկա, մնացած ամեն ինչ դառնում է երկրորդական։ Նախ ինքներս մեր մեջ պիտի կողմնորոշվենք, հասկանանք, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում, ինչ ապագա ենք ուզում, հետո մնացած հարցերը կարգավորենք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որտեղ մեր գոյությունը մշտական վտանգների տակ է, մեր անվտանգությունը պիտի դառնա մեր առանցքային, կարևորագույն խնդիրներից մեկը։ Սա նկատի ունենալով, պետք է մեր կողմնորոշումն այն ուղղությամբ լինի, որն առավելագույնս կնպաստի անվտանգության պահպանմանը։ Այս առումով կան շահերի համընկնում և ՌԴ-ի, և Իրանի հետ։ Ներկայիս իրադարձությունները մեզ գոնե պիտի հուշեն, որ ինքնապահպանման բնազդի մակարդակում հարկավոր է ավելի ակտիվանալ։ Հայաստանն այսուհետ պետք է առավել ուշադիր լինի սեփական անվտանգության հզորացման գործոններին, որը ենթադրում է գիտության համապատասխան ճյուղերի նկատմամբ վերաբերմունք, այսինքն՝ պետք է հանդես գանք որպես ռազմարդյունաբերությունը հզորացնող, գիտության համապատասխան ճյուղեր զարգացնող պետություն։ Կանցնե՞նք այս ճանապարհը, շատ ավելի շահեկան վիճակում կհայտնվենք, չե՞նք անցնի, ևս մեկ անգամ կփաստենք, որ պատմությունից այդպես էլ դաս չենք քաղում։ Նժդեհը դեռ 1930-ականներին էր բարձրացնում գիտության զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի վերաբերյալ հարցերը, և դրանք անհրաժեշտություն համարում։ Մի բան, որն այս տարիներին մշտապես անտեսել ենք՝ ունենալով գիտական այդ ներուժը։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ