«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Պարծենկոտը լցված է ինքնախաբեությամբ

Պարծենկոտը լցված է ինքնախաբեությամբ
04.02.2022 | 14:54

«Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18:14):
Ի՞նչ հոգով ենք մենք աղոթքի կանգնում Աստծո առջև, ի՞նչ կեցվածք ունենք այդ պահին, ի՞նչ ենք վկայում մեր անձի և ուրիշների մասին, ինչպե՞ս կարող է այնպես պատահել, որ մեկ ակնթարթում ի չիք դառնան մեր թվացյալ արժանիքները, որոնց վրա հույս էինք դրել. ահա այն հարցադրումները, որոնց պատասխանում է Հիսուսի կողմից պատմված «Փարիսեցին և մաքսավորը» առակը: Այն ուղղված է նրանց, ովքեր «...իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին» (Ղուկ. 18; 9): Ներկայացվում են երկու աղոթողներ, որոնց տարբերությունն աղոթքում հայտնված հոգու դրսևորման մեջ է: Փարիսեցին ինքն իր հետ աղոթողն է: Նա իսկապես երախտագետ չէ Աստծուն, այլ մի ինքնագոհ, որ իր անձը համեմատում է ուրիշների հետ` նշելով նրանց բացթողումներն ու ցուցադրելով իր առավելությունները: Մաքսավորը, սակայն, ասում է մեղավորի աղոթքն ու Աստծուն ցույց է տալիս իր մեղքերը` առանց նկատի ունենալու ուրիշներին: Ինքն իրեն հավանող պարծենկոտը զղջում չունի, արժանավորություն էլ չունի, մարդկանց խաբելով` կարծում է, թե Աստծուն էլ է խաբում: Միայն ուրիշներին երևալու համար կատարված օրինապահությունը ճշմարիտ առաքինություն չէ, բուն առաքինության հոգին չկա դրա մեջ, միայն կեղևն է փայլուն, իսկ միջուկը` փտած: Աստված արտաքինը չի ընդունում, այլ սիրտ ու հոգի է փնտրում: Իսկ մեղավորը կընդունվի Աստծու կողմից կատարյալ զղջումով, որ պարունակում է անկեղծ ցավ, հատուցման պատրաստակամություն և չմեղանչելու վճռականություն: Քրիստոնեական բարեպաշտության ճշմարիտ սխրանքի համար հարկավոր է փարիսեցու արտաքին բարի գործերին միաձուլել մաքսավորի ներքին խոնարհությունը:
Այս սկզբունքները ոչ միայն աղոթքին են վերաբերում, այլ ընդհանուր առմամբ` ամեն գործի:

Քրիստոնյան պարտավոր է հետևել իր յուրաքանչյուր արարքին, նույնիսկ խոսքին ու հայացքին: Նրա կյանքն ազդում է իր ողջ շրջապատի վրա: Բայց այստեղ պետք է զգուշանալ կեղծավորությունից. պետք չէ արտաքնապես զարդարվել բարեգործությամբ ու առաքինությամբ, իսկ ներսից լցված լինել չարությամբ ու ինքնահավանությամբ: Քրիստոնյան պետք է անդադար աշխատի իր հոգու փրկության համար. մաքրի այն առատ արցունքներով մեղքից ու չարիքից, հետևի իր գործերին ու մտքերին` միշտ զորանալով Աստծո շնորհով: Պետք չէ պարծենալ սեփական լավ ու բարի գործերով, հակառակ դեպքում այդ գործերը կկորցնեն իրենց արժեքն ու նշանակությունը: Խոնարհ, ապաշխարող մեղավորն ավելի արժեքավոր է Աստծո աչքին, քան նա, ով արդար է երևում ու պարծենում է դրանով: Բարի գործերի մասին պետք չէ շատ խոսել, որովհետև դրանք գործվում են ոչ թե մեր կողմից, այլ Աստծո Շնորհի կողմից` մեր միջոցով: Ամեն բան մեր մեջ Աստծուց է` բացի մեղքից: Նա մեր միջից շարունակաբար ուզում է արմատախիլ անել պարծենկոտության մոլախոտը` դրա տեղը ճշմարիտ բարեգործություն և առաքինություն սերմանելու համար: Իսկ պարծենկոտությունը բթացնում է մարդկային միտքն ու այն դարձնում անհաղորդ Աստծո կամքի հանդեպ:

Պարծենկոտը լցված է ինքնախաբեությամբ. նա այդպես է երևում, այդպես քայլում և այդպես աղոթում: ՈՒրիշներից մի կողմ քաշվելով, կարծես ասելով. «Ինձ մի՛ դիպչեք, որովհետև ես սուրբ եմ». նա «առանձին կանգնած» է աղոթում: Միանգամայն գոհ իրենից, նա կարծում է, թե Աստված և մարդիկ նույն գոհունակությունն են արտահայտում իր մասին: Ոչինչ այնքան վիրավորական չէ Աստծո համար կամ այնքան վտանգավոր մարդկային հոգու համար, որքան պարծենկոտությունն ու ինքնագոհությունը: Սա ամենաանհուսալին, ամենաանբուժելին է բոլոր մեղքերից: Սրանից են ծնվում եսասիրությունը, գլուխգովանությունը, փառասիրությունն ու ամենից կործանարար հպարտությունը: Իսկ հպարտությունը դա հենց Աստծուն մերժելն է. եթե ինչ-որ մեկն իր բարի գործը վերագրում է իրեն, այլ ոչ թե Աստծո Շնորհին, ապա նա ի՞նչ է անում, եթե ոչ ապստամբում Աստծո դեմ և մերժում Նրա գոյությունն ու ներկայությունն իր կյանքից ներս: Ով բարձրամտելով իրեն բոլոր մարդկանցից վեր է դասում և իր համար բոլորից ավելի մասնավոր փառք ու պատիվ փնտրում, դուրս է գալիս մարդկային կարգից, և հույժ իրավացիորեն է ամենքից արհամարհվում նա, ով բոլորին արհամարհեց: Իսկ այն գովեստը, որ այդպիսին լսում է, մարդահաճոներն իրեն տալիս են իրենց շահասիրության պատճառով: Առերես ասված գովեստը, թեկուզև ճշմարիտ լինի, սին է և սնապարծության գրգռիչ:

Առաքինությունը, թեև արժանի է զարմանքի ու գովասանքի ուրիշների աչքում և Աստծո առջև, բայց եթե մարդը թույլ է տալիս իրեն հպարտանալ դրանով, ապա նա ընկնում է ամենացածր աստիճանին և նման է դառնում դևին, որ երբեմն առնում է նաև Լույսի Հրեշտակի կերպարանք:
Այստեղից է առաջանում նաև ուրիշներին դատելու մեծ մեղքը: Դատելով ուրիշներին՝ ինքնահավան մարդը չի նկատում սեփական բարոյական մերկությունը, որ ծածկվում է միայն Աստծո Շնորհով: Այդ ներքին ամբարտավանությունն արտահայտվում է նաև մարդու արտաքին կեցվածքի ու շարժուձեւի մեջ` սեփական բարձրահոնությամբ և մյուսներին վերևից նայելով: Իսկ խոնարհն ու ապաշխարողը «չի էլ համարձակվում աչքերը երկինք բարձրացնել» (Ղուկ. 18; 13): Նրա կեցվածքն արտահայտում է ոչ թե անարգ ստրկամտություն, այլ համբերություն, խոնարհություն և ինքնաքննադատություն: Այդպիսի հոգին կմոտենա Աստծուն, որովհետև անկեղծորեն թողել է իր մեղավոր ընթացքն ու երախտապարտ է այն Շնորհի համար, որ տրվել է իրեն: Նա մտածում է միայն իր վարքի մասին, ոչ ոքի չի դատում, ոչ ոքից բարձր իրեն չի համարում, այլ ընթանում է ինքնաքննության ճանապարհով և այդպես է արդարանում: Նրան բազում խոսքեր պետք չեն. մաքսավորը մեկ խոսք ասաց, և նրա աղոթքն ընդունելի եղավ: Ի տարբերություն մաքսավորի, փարիսեցին շատ բան խոսեց, բայց չարդարացավ ու մերժվեց:
«Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր», - ասում է Իմաստունը (Սիր. 10; 9): Մարդն անկյալ ու մեղավոր էակ է և Աստծո առջև պարծենալու ոչինչ չունի: Ապաշխարության միջոցով նա պետք է վերադառնա իր Երկնավոր Հոր մոտ և իր կյանքը հանձնի Աստծո Շնորհի առաջնորդությանը, որպեսզի Աստված բարձրացնի նրան, ով խոնարհվում է:


Տեր Պարգև քհն. Զեյնալյան
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 5898

Մեկնաբանություններ