Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ակադեմիկոս Վ. Մ. Բեխտերև. Անմահ մարդն ու այդ անմահությունը հաստատող գիտությունը

Ակադեմիկոս Վ. Մ. Բեխտերև. Անմահ մարդն ու այդ անմահությունը հաստատող գիտությունը
04.05.2022 | 20:52

Օբյեկտիվ հոգեբանությունը ավելի ստույգ կոչվում է բնազդաբանություն:

Այն նյարդային հոգեկան գործունեությունը դիտարկում է զուտ օբյեկտիվ տեսանկյունից` որպես բնազդային երևույթ, որն առաջանում է արտաքին ազդակներից:


Օբյեկտիվ տեսանկյունից մարդու գործողությունները, բնազդները և դրանց հետ կապված հոգեկան ապրումները պետք է որ կապված լինեն մի յուրահատուկ էներգիայի հետ, որի տարբեր դրսևորումները մենք նկատում ենք բնության մեջ: Բարձրակազմ օրգանիզմների գործունեության հիմքում դրված է նյարդային հոսանքը, որն ապահովում է գլխուղեղի աշխատանքը, որտեղ տեղի են ունենում բոլոր հոգեկան-նյարդային պրոցեսները: ՈՒղեղի նորմալ աշխատանքի պայմաններում գիտակցական սուբյեկտիվ պրոցեսների ուժեղացման դեպքում նկատվում է շարժումների դանդաղեցում, այսինքն, մեխանիկական գործունեության թուլացում, իսկ ֆիզիկական աշխատանքի ինտենսիվությունը դանդաղեցնում և թուլացնում է մարդու մտավոր աշխատանքը:

Հոգեկան ակտիվ գործունեության ժամանակ տեղի է ունենում էներգիայի կուտակում նյարդային բջիջներում: Ցանկացած արտաքին տպավորություն, որը գրավում է նորածնի ուշադրությունը, հանգստացնող ազդեցություն է ունենում նրա շարժումների վրա, հատկապես` շնչառության, որը նման դեպքերում միշտ հանդարտվում է: Գիտակցականը կամ հոգեկանը կապված է նյարդային հոսանքի կենտրոնացման հետ, իսկ նյարդային հոսանքն առաջանում է փոխակերպված ֆիզիկական էներգիայից: Նյարդային-հոգեկան և ֆիզիկական էներգիաների միջև ոչ մի հակադարձություն չկա, այլ կա փոխհարաբերություն` հիմնված մեկ էներգիայի մյուս տեսակին փոխակերպման երևույթի վրա: Աշխարհի բոլոր երևույթները, նաև ներքին պրոցեսները կենդանիների մեջ, կամ հոգու դրսևորումները կարող են և պետք է որ դիտարկվեն որպես մեկ տիեզերական Էներգիայի ածանցյալներ, որի մեջ բովանդակվում են մեզ հայտնի և՛ ֆիզիկական էներգիաներ, և՛ դրանց կապված նյութեղեն ձևերը, և, վերջապես, մարդկային հոգու դրսևորումները:


Վերջնական եզրակացությամբ՝ էներգիան պետք է ճանաչվի որպես հանընդհանուր Էություն Տիեզերքում, ընդ որում, նյութի բոլոր տեսակի փոխակերպումները և ընդհանրապես շարժումների բոլոր ձևերը, չբացառելով նաև նյարդային հոսանքը, հանդիսանում են ոչ այլ ինչ, եթե ոչ այդ Տիեզերական Էներգիայի դրսևորում, որն իր էության մեջ անճանաչելի է և անբացատրելի, բայց առաջնահիմն է բոլոր մեզ հայտնի ֆիզիկական էներգիաների, որոնք հանդիսանում են նույնպես ընդամենը Տիեզերական Էներգիայի դրսևորման որոշակի ձեւ, որը կախված է շրջակա միջավայրի պայմաններից:

Տիեզերական էներգիայի Էությունը մեր` միայն տեսանելի և նյութեղեն աշխարհը զննող սահմանափակ մտածողության պատճառով, մնում է մեր գիտակցության համար անհասանելի: Տիեզերական Էներգիան ներկայանում է որպես սկիզբ թե՛ նյութական, թե՛ հոգևոր աշխարհների և կրում է իր մեջ և՛ նյութականը, և՛ հոգևորը: Համոզվա՞ծ ենք մենք ստույգ, որ այն, ինչը մենք կոչում ենք ֆիզիկական աշխարհ, հանդիսանում է իրապես ֆիզիկական աշխարհ: Գիտության մեջ գերազանցող կարծիքն այսօր ասում է. «Նյութեղեն աշխարհ» արտահայտությունը սխալ է. աշխարհը հոգևոր աշխարհ է, սակայն օգտագործում է «նյութը»՝ իր գոյությունը բացահայտելու համար: Տիեզերքում կատարվող ամեն մի շարժում պայմանավորում է այդ Տիեզերական Էներգիան. քանի որ զննմանը ենթակա ամբողջ տարածքում չկա անշարժ որևէ բան, և մենք չենք ճանաչում բնության մեջ որևէ երեւույթ, որը չուղեկցվեր շարժումով:

Ամեն ինչ շարժվում է կարծես թե մեկ չընդհատվող շղթայի մեջ, շնորհիվ մեկ էներգիայի` մյուսի մեջ մշտական փոխակերպման: Ամբողջ աշխարհը իրենից ներկայացնում է անսահման մի համակարգ, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, և այստեղ հաստատվում է հարաբերականության օրենքը: Ի վերջո, բնության բոլոր ուժերը իրար հետ կապված են և մասնակից են մարդու արարման գործում և դրանով միաձուլում են նրան Անսահման Սկզբի հետ:
Երբ մարդը մահանում է, տարրալուծման արդյունքում մարմինը դառնում է բուսական աշխարհի համար որպես սննդանյութ` հող, հետևաբար վերածվում է նոր օրգանիզմների մեջ էներգիայի զարգացման պայմանի: Էներգիայի շրջապտույտը անընդհատ է: Սակայն ի՞նչ է տեղի ունենում մարդու անհատական գիտակցության հետ` իր հոգեկան ողջ գործունեության հետ: Արդյո՞ք ամեն ինչ ասված է մարդկային անձի հետագա գոյության կամ չգոյության հարցի վերաբերյալ:


Եթե նյարդային-հոգեկան գործունեությունը վերագրենք էներգիայի, ապա անհրաժեշտ է ընդունել, որ Մայերի կողմից հռչակված, Հելմհոլցի կողմից շարունակված և այսօր հանրաճանաչ համարվող էներգիայի պահպանման օրենքը նյարդային-հոգեկան գործունեության ոլորտի համար կարելի է ձևակերպել այսպես. մարդկային որևէ գործողություն, որևէ քայլ, որևէ միտք, նույնիսկ խոսքով, շարժումով կամ հայացքով արտահայտված, անհետք երբեք չեն կորչում:
«Մեր հոգին` ինչպես ամենուրեք ներթափանցող, արագահոս մի հեղուկ, անարգել կերպով իր ազդեցությունն է թողնում արտաքին աշխարհի վրա իր կենդանական դրսևորումներում և դրանց համապատասխան փոխում է այն նյութեղեն միջավայրը, որտեղ դրանք տեղի են ունենում: Այսինքն` առաքինի և բարեպաշտ մարդու ներկայությունը առողջացնում է շրջակա օդը, ջուրն ու հողը, իսկ չարությունն ու անօրենությունը ճիշտ հակառակը` տարածում են շուրջը ֆիզիկական և հոգեկան վարակ»:

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ
Տեր Ընծա քահանա Միրզոյանը

Դիտվել է՝ 7813

Մեկնաբանություններ