Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աղքատություն

Աղքատություն
16.05.2022 | 09:00

ԻՎԱՆ ԻԼՅԻՆ
«Անօրենության գանձերը օգուտ չունեն» (Առակ. 10, 2):
«Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա» (Մատթ. 6, 19):

Որտե՞ղ է սկսվում աղքատությունը։ Մարդն ի՞նչ չնչին բանի պիտի տեր լինի, որ համարվի «աղքատ»։ Ո՞վ գիտե։
Հաճախ եմ տեսել հարուստ ու մինչև իսկ չափազանց հարուստ մարդկանց, ովքեր իրենց «աղքատ» էին համարում, և այդ զգացողությունը հիրավի կրում էին իրենց մեջ։
Նրանք կրքոտությամբ փափագում էին ավելի շատ ունենալ, անհամեմատ շատ, նրանք «կարիք էին զգում» այն բաների, որոնց պահանջն ամենևին չէին զգում, նրանք լարված նայում էին դեպի «վեր» ու միայն դեպի «վեր» և շարունակ հաշվարկներ կատարում, թե էլ ինչ չի հերիքում իրենց։ Անկո՛ւշտ, ե՞րբ կկշտանա նա արդյոք։ Ինչպե՞ս օգնել նրան, ով մոռացել է «բավական է» հոյակապ բառը։


Տեսել եմ նույնպես մարդկանց` բավականին նեղ նյութական պայմաններում, ովքեր իրենց «բավականին հարուստ» էին համարում և այդ զգացումը հիրավի կրում էին իրենց մեջ։ Նրանց «ունեցվածքը» ավելի քան համեստ էր` նրանք ապրում էին աշխատավարձից աշխատավարձ։ ՈՒ նրանք կարիք չէին զգում այնպիսի բաների, որոնք իսկապես պետք էին, հանգիստ շարունակում էին նայել «ներքև» ու հաճախ հաշվարկում, թե էլ ինչից պետք է զրկվեն, ու ինչքան շատ մարդ կա, որոնց չի հերիքում ամենաանհրաժեշտը։ Այսպես կոչված «զրկանքները» նրանք հաղթահարում էին հեշտությամբ։ Նրանք մխիթարելու վարպետներ էին, բայց մխիթարանքի կարիք այնքան էլ չունեին։


Ինձ միշտ թվում էր, որ նրանք իրենց «ունեցվածքը» կամ ավելի շուտ` «գանձը», տեղավորել էին ինչ-որ ուրիշ տեղ։ Իսկ որտե՞ղ։
Բայց դա նշանակում է, որ հարստության օբյեկտիվ չափերը չեն կարող լուծել «աղքատության մեջ գոյության» խնդիրը։ Փոքրիկ տոպրակն արագ է լցվում, իսկ մեծը, բայց պատռված` երբեք։ Եվ հետո` յուրաքանչյուրը պետք է ինքը որոշի իր համար` «աղքա՞տ է», թե՞ ոչ. ուրիշները միշտ սխալ են դատում այդ մասին։ Եվ վերջինը. եթե ցանկանում ես հարստություն երեխաներիդ համար, սովորեցրու նրանց նայել «ներքև» և հեշտ տանել զրկանքներն ու հետո` հակում դեպի «բավական է»` հոգևոր ձիրք իր «գանձը» տեղավորելու որևէ այլ տեղում։ ՈՒրեմն, երկրի վրա չկա՞ աղքատություն առհասարակ։ Ավա՜ղ, կա՛ երկակի աղքատություն։ Նյութական, երբ մարդը կորցնում է աշխատանքը և ողբերգություն է ապրում, որն իրեն թվում է «ավելորդ» էակի ողբերգություն այս աշխարհում, երբ նա արդեն չի կարողանում նայել «ներքև», որովհետև իր համար էլ չկա որևէ «ներքնամաս», ու իրեն արդեն չի օգնի զրկանքներ կրելու արվեստը։ Այդ ժամանակ մարդն աղքատ է, իրոք աղքատ է. դա իսկական աղքատություն է։


Դրա հետ մեկտեղ գոյություն ունի և հոգևոր աղքատություն, երբ մարդը չի կարողանում հասկանալ, որ կա ապահով ու հոյակապ մի «այլ տեղ», որտեղ նա կարող է տեղավորել իր իսկական հարստությունը, իր իրական «գանձը», երբ նա ընդունում է խոսքն այդ «այլ տեղի» մասին որպես հիմարություն` ծաղրանքի ենթարկելով ու ժխտելով դա։ Այդ պատճառով ինքը` մարդը, դառնում է կարծես «ավելորդ». անիմաստ են դառնում և իր կյանքը, և նվաճումները, ու մինչև նա չհասկանա դա, ինքը ոչ մի բանի պիտանի չէ։ Նա անգամ չի էլ ենթադրում, թե ինչից է իրապես զրկվել և ուր է, ըստ էության, ուղևորվում։ Այդ դեպքում մարդն իսկապես աղքատ է, բայց կատարելապես այլ իմաստով։ Ահա հենց դա է իրական աղքատությունը։
Բայց ամենատխուրն այն է, որ երկրորդ տեսակի աղքատության մարդիկ այնքան հաճախ են անցնում իսկական աղքատների կողքով` սառն ու անտարբեր։


Հենց այստեղից էլ ծնվում է կյանքի անաստված, ոչ քրիստոնեական կարգը։ ՈՒ դրանում էլ հենց թաքնված են այսօրվա աշխարհի դժբախտությունը և վտանգը։

Դիտվել է՝ 6884

Մեկնաբանություններ