Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որքան ծանր է քաղաքական իրավիճակը, այնքան կարևորվում է ապաշխարանքը

Որքան ծանր է քաղաքական իրավիճակը, այնքան կարևորվում է ապաշխարանքը
13.03.2009 | 00:00

ՊԱՀՔԱԿԱՆ ԲԼԻՑՆԵՐ
«ՕՐԻՆԱԿ` ՀԻՄԱ, ՈՐ ՁԵԶ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՄ ՏԱԼԻՍ, ՄԵՂՔ ԵՄ ԳՈՐԾՈՒՄ, ԵՐԵԿՈՅԱՆ ԿՈՂՄ ԿԽՈՍՏՈՎԱՆԵՄ»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար)

-Գրիգորիչ, պաս պահո՞ւմ եք:
-Որպես հոգևոր արժեք` ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան:
-Պասի մեջ եք:
-Չէ, մաքրման գործընթացների:
-Կերակուրների, աղոթքի, խոկումի, հսկումի բոլոր բաղկացուցիչները և՞ս պահում եք:
-Մաքրման պրոցեսը նորմալ մարդկանց մոտ ամեն օր է լինում, իսկ որպես հավատացյալ, հավատավոր` էդ օրերի կիրառումը դրական եմ համարում, բայց ես էդ շրջանակների մեջ չկամ:
-Իսկ գործած մեղքերը խոստովանո՞ւմ եք:
-Ամեն օր, ամեն ժամ:
-Ի՞նչ մեղքեր եք խոստովանում, Գրիգորիչ, եթե գաղտնիք չէ:
-Օրինակ` հիմա, որ Ձեզ հարցազրույց եմ տալիս, մեղք եմ գործում, երեկոյան կողմ կխոստովանեմ:

«ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ԵՍ ՀԻՎԱՆԴ ՏՂԱ ԵՄ, ՉԵՄ ԿԱՐԱ ՊԱՀԵՄ»
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ԱԺ պատգամավոր)

-Պարոն Ալեքսանյան, պաս պահո՞ւմ եք:
-Չէ, չեմ պահում:
-Իսկ տեղյա՞կ եք, որ հիմա մեզանում Մեծ պահքի շրջան է:
-Մեծ ինչի՞:
-Պասի:
-Ցավդ տանեմ, ես հիվանդ տղա եմ, չեմ կարա պահեմ:
-Հազար ներողություն, Ձեր ի՞նչն է հիվանդ:
-Որ սոված եմ մնում, խոսալ չեմ կարում:
-Շաքարաջուր խմեք:
-Համ էլ պասը մենակ ուտել-խմելով չի:
-Ինչպիսի՞ տեղեկացվածություն, հետո էլ ասում են` հայրենյայց օլիգարխիան «գրագետ» չէ. որտեղի՞ց գիտեք «այդ ամենը»:
-Էս վերջերս ծանոթներիցս մեկն է ասել:
-Թե՞ ծանոթուհիներից...
-Բա էղա՞վ:

«ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՂՔԵՐ ՉՈՒՆԵՄ»
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (սպորտի և երիտասարդության հարցերի նախարար)
-Պարոն Գրիգորյան, պահք պահո՞ւմ եք:
-Ի՜նչ ենք անո՞ւմ:
-Պասի մե՞ջ եք:
-Չէ՛:
-Ինչո՞ւ, սպորտսմեն եք, կարող էիք օրինակ ծառայել ողջ սպորտային համքարությանը:
-Գիտե՞ս, մի անգամ փորձել եմ, բայց չի ստացվել:
-Հետաքրքիր է, ի՞նչ է լինում, որ չի ստացվում, օրինակ, ես արդեն 17 տարի պահում եմ:
-Ես Ձեզ շնորհավորում եմ:
-Շնորհավորելու բան չկա` էնքա՜ն մեղք ունեմ, հազար տարին էլ չի բավարարի:
-Ես երևի... չեմ իմանում. երևի մեղքեր չունեմ, որ չեմ կարում պահեմ:
-Կա՞ մարդ, որ մեղքեր չունի:
-Չգիտեմ, համենայն դեպս, ես կարծում եմ, որ չունեմ:
-Իսկ ո՞վ ունի:
-Չեմ կարող ասել, չէ, չեմ կարող ասել:
-Իսկ գուցե գա ժամանակ, որ, մեկ էլ տեսնեք` մեղքեր ունեք և ուղինե՞ր որոնեք:
-Միգուցե, բայց կարծում եմ` միայն դա չէ մաքրվելու ճանապարհը:
-Բա ո՞րն է:
-Ես, օրինակ, զբաղվում եմ սպորտով:
-Եվ լրիվ անաղարտացել եք:
-Դե` հիմա:
-Բայց գիտե՞ք, մի այսպիսի բան էլ կա, երբ գործի գլխին կանգնած մարդն ապաշխարում է, օրհնություններ են գալիս. ասենք` եթե Դուք մտնեք այդպիսի փուլի մեջ, չի բացառվում, որ բրոնզե մեդալների փոխարեն մեր տղաները ոսկե մեդալներ բերեն օլիմպիադաներից:
-Որ իմանամ էդպես է, ամբո՜ղջ կյանքս պաս կպահեմ:

«ՊԱՍ ՊԱՀԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (բնապահպանության նախարար)
-Պարոն Հարությունյան, պաս պահո՞ւմ եք:
-Չէ՛։ Նախորդ տարիներին պահել եմ, այս տարի չպահեցի: Մի երեք տարի պահել եմ:
-Ինչ-որ պատճա՞ռ կար, որ չպահեցիք:
-Չէ, պարզապես չստացվեց:
-Գիտե՞ք, բայց երբ մարդը ձեռքբերում է ունենում, հետո դա թողնում է, դատարկ մնացած տեղը փորձությամբ է լցվում:
-Գիտե՞ք, պաս պահելն ինձ համար ինքնանպատակ չէ, դա հոգևորական միջոցառում է, որին պետք է պատրաստ լինել:
-Իսկ աղոթո՞ւմ եք:
-Չէ, աղոթքներ չեմ կատարում, բայց հնարավորության սահմաններում ամեն շաբաթ աշխատում եմ այցելել եկեղեցի և մոմ վառել:
-Իսկ հաղորդություն առնո՞ւմ եք:
-Հաղորդությունն ի՞նչ է:
-Փրկչական խորհրդի` գինու և հացի ճաշակումն է:
-Անկեղծ ասած, շատ չեմ խորացել եկեղեցական տերմինների մեջ, պարզապես ինձ բավարարել է իմ հոգեկան բավարարվածությունը` եկեղեցի գնալու:
-Ոչ հոգևոր հարց. այս տարի Զատկին ժողովուրդն իր սեղանին սիգ կունենա՞:
-Այս առումով իրավիճակը բավականին խստացրել ենք, եթե թույլտվություն լինի, կլինի, բայց կարծում եմ` լավ կլինի, մի քանի տարի թույլտվություն չլինի, որպեսզի ունենանք Սևանի բարվոք վիճակ:

«ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՊՐՈՒՄ ԱՅԴ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»
ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ (գյուղնախարար)

-Իսկ Դուք, պարոն Գրիգորյան, պաս պահո՞ւմ եք:
-Հետաքրքիր հարց եք տալիս, չեմ կողմնորոշվում։ Ճիշտն ասած, կիսով պահել եմ, իսկ ընդհանրապես սննդի հետ կապված հակումներ չունեմ:
-Բայց ի՜նչ ոլորտ եք ղեկավարում: Չհաշված ոգելից խմիչքների «ոլորտը»: Քրիստոնեաբար անցնենք առաջ. պահքը Ձեզ համար լոկ սննդայի՞ն գործոն է:
-Հաստատապես` ոչ. իմ մոտեցումն առավել հոգևոր է:
-Դուք աղոթո՞ղ մարդ եք:
-Ես ընդունում եմ մեր եկեղեցու իրականությունը և ապրում այդ իրականությամբ:

«ԱՆՁՆԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՆՈՒՄ. ԱՐԴՅՈ՞Ք ԱՄԵՆ ՏԱՐԻ ԻՆՉ ԱՍԱՑԻ, ԿԱՏԱՐԵՑԻ»
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ (պաշտպանության նախարար)

-Պարոն Օհանյան, կարո՞ղ է պահք եք պահում:
-Պահում եմ:
-Փառք Աստծո, հազիվ մեկը գտնվեց: Զուտ լրագրողական հետաքրքրությունից ելնելով` քանի՞ տարի է:
-Չորրորդ տարին է:
-Խոկում-հսկում, ընթերցում, ողորմություն և, վերջապես` աղոթք. դրա՞նք էլ եք պահում:
-Անձնաքննություն եմ անում. արդյո՞ք ամեն տարի ինչ ասացի, կատարեցի:
-Պահքի այս լուսավոր շրջանն անվանվում է նաև զատկական. իմա` պետք է զատվել աշխարհից, առանձնանալ, լինել ինքն իր և Աստծո հետ. ունե՞ք նման հնարավորություն:
-Ո՛չ, ցավոք, ոչ:
-Իսկ հետաքրքրվե՞լ եք` բանակում, զինվորների մեջ կա՞ն պահքին հետևողներ, նրանց համար, ասենք, որոշակի սննդային առանձնացումներ կկատարե՞ք:
-Դա հնարավոր չէ. մի մոռացեք` բանակն այլ կարգ ու կանոններով է առաջնորդվում:

«ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՀՈԳՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ (ԱԺ պատգամավոր, արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Ռուստամյանը հաստատ պահք է պահում:
-Հաստատ:
-Որտե՞ղ եք հաղորդություն առնելու:
-Ես միշտ սուրբ Հակոբ եկեղեցի եմ գնում. դա, այսպես ասած, մեր` Քանաքեռի հոտի եկեղեցին է:
-Գիշերային հսկումի կարգն էլ եք կատարում:
-Կատարում եմ: Մեծ պահքի այս շրջանը ես համարում եմ ժուժկալության լավագույն ժամանակահատվածներից մեկը, երբ պետք է վերականգնենք հոգու իշխանությունը մարմնի նկատմամբ:
-Ստացվո՞ւմ է:
-Այո, այո, որ ձգտում ես, ստացվում է:
-Պահքի յուրաքանչյուր շրջան հոգու հասունացման նոր փուլ է բերում. եթե անկեղծ` ինչի՞ համար եք հատկապես ապաշխարում:
-Ես ապաշխարելու շատ բաներ ունեմ: Որքան քաղաքական իրավիճակը ծանր է, լարված, այնքան ապաշխարելու բաներ շատ են առաջանում:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ