Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հերոսի ծնողի վրա ձեռք բարձրացրած ոստիկանը թող գնա Եռաբլուր` անպայման իր զավակի հետ»

«Հերոսի ծնողի վրա ձեռք բարձրացրած ոստիկանը թող գնա Եռաբլուր` անպայման իր զավակի հետ»
06.06.2022 | 07:29

ՈՒշադիր նայեք այս լուսավոր տղային։ Արցախյան երրորդ պատերազմում անմահացած Հայկազ Մկրտչյանն է։ Նրա կյանքն ու սխրանքը բոլորովին այլ` առանձին օր պիտի ներկայացնեի, եթե չլիներ երեկվա այս սահմռկեցուցիչ տեսարանը. ոստիկանի համազգեստ կրող որոշ մարդիկ (եթե նրանց առհասարակ կարելի է հայ համարել) հարձակվել են ևս մի հերոսի ծնողի վրա և, առանց շապիկին պատկերված հերոսի նկարից սարսռալու, պատառոտել են, առողջությանը սպառնացող բռնի ուժ կիրառել։ Հերոսի հայրը, անբուժելի վշտի մեջ ուժերը հավաքելով, պայքարում է, որ չկորցնենք մեր երկրի վերջին բեկորը, իսկ երկրի ներսում, համարժեք պետական արձագանքի փոխարեն, բռնություն են կիրառում անմահացած հերոսի ծնողի նկատմամբ: Հերոսի լուսապատկերով շապիկը պատռում ու նետում են փողոցի մի անկյուն... Գոնե հասկանու՞մ եք, որ դրանով դուք մեր մեր հոգևոր աշխարհն եք փլուզում։ Դուք, ձեր երեխաները, որ այսօր կաք, ապրում եք, մեր եղբայրների կյանքերով փրկված կյանքն եք ապրում։


Երբ պատմության տարբեր փուլերում պետականությունը կորցրած ենք եղել (Աստված չանի, որ հանկարծ նորից կրկնվի, վերականգնելու շանս երբևէ հազիվ թե ունենանք ) Հայը գոյատևել է, որովհետև մեր մեջ արթուն է եղել Ազգը, սրբորեն պահպանել ենք մեր հոգևոր արժեքները։ Իսկ այսօր նման ստոր քայլերով մեր ներսն են քանդում։ Մենք սրա շարունակությունն այլևս չպիտի թույլ տանք։ Հերոսի նկարը պատռող, ծնողին բռնությամբ առողջական վնաս հասցնողներն արդեն ընտրել են Մելիք-Ֆրանգյուլի ճանապարհը, որին իր իսկ սերունդները հիշել չցանկացան... Իսկ Հայկազների, Մխիթարների շիրիմներին հայ զինվորների հաջորդ սերունդներն ուխտի են գալու` ծառայության մեկնելիս Հերոսներից ուժ ու ավյուն առնելու։ Նրանք իրենց արյամբ նորից սրբագործել են այս Հողը, որտեղ ազգային պետություն կառուցելուց հետո նման վարքագծով, Հայի ճանապարհից շեղված մարդիկ կամ պիտի տեղ չունենան, կամ էլ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։


...Հիմա ուշադիր կարդացեք, թե ինչ հզոր հերոս է եղել Հայկազը։ Նա իր ապրած 19 տարիների ընթացքում հասկացել էր , որ առանց Արցախի վտանգված է Հայաստանը և այս գաղափարով է կռվել թշնամու դեմ։ Կռվել է` ժպիտը դեմքին, ընկերների հետ կատակներ անելով ու չերկնչելով։
Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թ․ հոկտեմբերի 31-ին` Երևանում: Ավարտել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը։ Զբաղվել է շախմատով, մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի՝ գրանցելով հաջողություններ։ Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Սլավոնական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2018 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Նույն թվականից անդամակցել է Առաջին հայկական ճակատին (FAF):


2019 թ. հունվարի 23-ին զորակոչվել է հայոց բանակ։ Եղել է սերժանտ, ականանետային Ֆ-120 մմ հաշվարկի հրամանատար։ Ծառայել է Լուսակերտում, ապա Տավուշի Մեհրաբ զորամասում: Մասնակցել է 2020-ի տավուշյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Արժանացել է «Մարտական հերթապահություն», «Մարտական ծառայության» մեդալների:
Մաթեմատիկական փայլուն ունակություններով օժտված զինվորը, արագաշարժության և հաշվարկներ կատարելու կարողության շնորհիվ, իրենց մարտկոցին հաջողություններ է գրանցել:


Հայկազը նաև նորամուծություններ էր մտցնում ռազմական տեխնիկայի կիրառման մեջ:
Հերոսի մոր` Աննա Մկրտչյան-Մայիլյանն իր ֆեսբուքյան գրառումներից մեկում պատմում է.
«Ծառայության գնալուց մի օր առաջ գրել է այս տողերը.
«Գիշերը գալիս է, և սկսվում է իմ դետքը: Այն չի ավարտվի մինչև իմ մահը: Ես թագ չեմ կրելու և չեմ հասնելու փառքի: Ես կապրեմ ու կմեռնեմ իմ դիրքում: Ես թուրն եմ մթության մեջ: Ես հսկողն եմ: Ես վահանն եմ, որը պահպանում է մարդկային թագավորությունը: Ես իմ Կյանքն ու Պատիվն եմ տալիս Գիշերային դետքին: Այս գիշեր և գալիք օրերին»:


Հայկազը կրտսեր սերժանտ էր: Համակարգչային խաղերից ստացած պատկերացումներն ու գիտելիքներն էլ օգտագործում էր մարտական խնդիրները լուծելիս. նշանակետի հեռավորության կողմնորոշիչներ էր ստանում:
2020 թվականի հուլիսյան մարտերին եղել է կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողության շնորհիվ կարողացել է թշնամուն կենդանի ուժի մեծ կորուստ պատճառել: Մարտերի ժամանակ ասում էր. «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞, իրենց համար ո՞նց չկռվենք»:
Հուլիսյան մարտերի ժամանակ մի օր իրավիճակն այնքան լուրջ է եղել, որ զանգել է հորը՝ հրաժեշտ տալու։ Հաջորդ օրն արդեն իրադրությունը փոխվել է հօգուտ մեզ: «Էնպես ենք մրմռացրել, որ էլ քթները էստեղ չեն խոթի»,- ասել էր Հայկազը՝ ընտանիքի հետ խոսելիս:
«Հայաստանի մասին ոչ մեկդ ոչ մի բան չգիտեք: Դուք ուղղակի ապրում եք: Քնում ու զարթնում եք: Դրա արանքում ինչ-որ բաներ եք անում, բայց ոչ մի բան չեք հասկանում: Ես հիմա ուզում եմ ամեն ինչ անեմ, որ լավ լինի բանակի համար, ջոկիս, դասակիս, մարտկոցիս, դիվիզիոնիս, գնդիս, կորպուսիս, ՊՆ-ի համար, ամեն ինչի համար: Կարանք կեղտոտ տեղ քնենք, սոված էլ մնանք, ծարավ էլ մնանք, կեղտոտ էլ մնանք, էդ ընդհանրապես կարևոր չի․․․»,-գրել էր Հայկազը քրոջը։


Սեպտեմբերին, երբ սկսվեց պատերազմը, Հայկազը անհանգստանում էր, որ իրենք Տավուշում են, իսկ մյուս տղաները՝ Արցախում: Հոկտեմբերի 4-ին Հայկը զանգում է տուն և դանակ ուզում՝ իբրև թե կենցաղային նպատակներով օգտագործելու համար: Հետո ընտանիքի անդամներին հայտնի դարձավ, որ Հայկազի նպատակը որևէ պարագայում գերի չընկնելն է. «Զինվորականը զենքը ձեռքին իրավունք չունի գերի ընկնի: Կամ թուրքին պիտի սպանի կամ` ինքն իրեն»:
Հոկտեմբերի 14-ից Հայկազին իր մարտկոցով շտապ տեղափոխեցին Արցախ՝ Ծակուռի գյուղ: Նա 1-ին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց երազանքը մնաց անկատար… Հադրութի գյուղերը, որտեղ տղաները կռվում էին, հերթով հանձնվում էին: Նահանջի հրաման ստանալիս Հայկազը ամեն անգամ ասում էր.
«Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Ես էսքան ամոթ իմ կյանքում երբեք չեմ զգացել: Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք: Ախր, էս խայտառակություն ա»:
Ամենից շատ կիսվում էր իր քրոջ՝ Արևիկի հետ: Նրան ասել էր. «Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու կամ մեր տունը: Մեր մանկությունը, որտեղ որ անցել ա, էդ տեղը չի լինի... Եթե չլինի Ղարաբաղը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու... Ու՞մ ա պետք տենց կյանքը: Դե, եթե Ղարաբաղը կորցնելուց հետո բոլորը պտի կռվեն, թող հիմա կռվեն...»։


Անասելի ոգևորված էր, որ մարտի դաշտում է գտնվում, աչքերը փայլում էին մինչև վերջին օրը։ Ասում էր. «Գիտե՞ք, քանի թուրքի (մոտ 800 հոգու մասին էր խոսքը) անուն է գրվել քարին իմ ձեռքով: Ես անմահ եմ, ուժեղ եմ, մի աչքո՞վ եք ինձ նայում»:
Հայկազ Մկրտչյանը հերթական մարտական առաջադրանքը կատարելիս ծանր վիրավորվեց 2020 թ. հոկտեմբերի 29-ին՝ իր 20-ամյակից 2 օր առաջ, Կարմիր Շուկայի մոտակայքում: Վիրավորումը շատ ծանր էր... Թշնամուն դեմ խիզախաբար մարտնչած հերոսը 12 օր պայքարեց կյանքի համար: Ցավոք, ապարդյուն…
Նրա անմահության ուղին սկսվեց նոյեմբերի 9-ին` պատերազմի դադարից մեկ ժամ առաջ...
Այսօր այս հերոսին ծնած ու դաստիարակած ծնողն է պայքարում, որ մեր դեռ չծնված սերունդները Հայրենիք ունենան։ Նա այդ Հայրենիքի ապրելու համար տվել է իր ամենաթանկը... Սա մեր պատմական բնօրրանից մեզ մնացած վերջին բեկորն է, որի վրա Հայի գոյությունը թշնամին չի հանդուրժում։ Այս սրբազան բեկորի համար մեր եղբայրներն են անմահացել` մեր կյանքով ու երազանքներով լի եղբայրները` իմ քեռու միակ զավակը` Կոլյան, անմահացել են Հայկազի, Մխիթարի, Զորիկի, Էդգարի, Ալբերտի, Աբգարի պես հզոր տղաները։
Հերոսի ծնողի վրա ձեռք բարձրացրած ոստիկանը թող գնա Եռաբլուր` անպայման իր զավակի հետ։ Թող լուռ շրջի, լռության մեջ լսի մեր եղբայրների շիրիմների մոտ թեթև քամուց Եռագույն դրոշների խշշացող ձայնը, նայի նրանց պատկերներին ու իր ներսը: Հիշի ոստիկանության զորքերից անմահացած իր ընկերներին նույնպես, ովքեր մեր լուսավոր հերոսների շարքում են: Եթե այսքանից հետո էլ նրա մեջ որևէ բան չփոխվի, իր զավակը հաստատ ճիշտ արժեքներ կորդեգրի ու չի գնա նույն ճանապարհով։


Հասմիկ Պողոսյան

Դիտվել է՝ 16137

Մեկնաբանություններ