Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հեքիաթի պատրանք՝ գունային ներդաշնակ լուծումներով»

«Հեքիաթի պատրանք՝ գունային ներդաշնակ լուծումներով»
11.07.2022 | 07:35

Սուրեն Շահվերդյանի (1947-1986 թթ.) ստեղծագործական հիմնական ուղղությունը մանրանկարչությունն է: Կտավի, գործվածքի վրա տեմպերայով, գուաշով, «բատիկա» տեխնիկայով արված մանրանկարները Ս. Շահվերդյանի այցեքարտն են:


Հայ կիրառական արվեստի կարկառուն ներկայացուցիչներց մեկը հետաքրքրված էր հայկական և անդրկովկասյան ժողովուրդների բանահյուսությամբ: Հեքիաթային կերպարները միախառնելով հայկական ազգային տիկնիկային թատրոնի ավանդույթներին՝ Շահվերդյանը հեքիաթների հերոսներին տվել է ուրույն դիմագիծ: Նրանք տիկնիկային թատրոնում ճանաչված ու սիրված էին՝ Քաջ Նազարը, Մհերն ու Արմաղանը, Մսրա Մելիքը, Կախարդական որսորդը և մյուսները:
Նկարչի առավել հայտնի ստեղծագործություններից են «Քաջ Նազար» (1974 թ., կտավ, բատիկա, տեմպերա, 44x24 սմ), «Լարախաղացներ» (1974 թ., կտավ, բատիկա, 57x41սմ), «Երաժիշտները», (1974 թ., կտավ, բատիկա, տեմպերա, 44,5x33սմ), «Հայկական հեքիաթների գործող անձինք. Կախարդական որսորդ» (1972 թ., կտավ, գործվածք, տեմպերա, գուաշ, 85x49 սմ) և այլ գործեր:


Անհավատալի իրավիճակներում հայտնվող Քաջ Նազարը պատկերված է պարզ, միևնույն ժամանակ վառ գույներով: Նա նստած է ավանակի վրա և փորձում է երիվարի պոչն օգտագործել սանձի փոխարեն: Կերպարը բավականին զվարճալի տեսք ունի, պատկերված է սնամեջ ոտքերով և տիկնիկի նման թափթփված հագուստով։
Ստեղծման հետաքրքիր պատմություն ունի «Երաժիշտները» ստեղծագործությունը: Մեկ անգամ հեղինակը կատակով աչք է գցում ընկերոջ բաժակին և ներսում պատկերներ տեսնում: Արագ վերցնում է թուղթն ու ֆիգուրների ուրվապատկերներ նկարում՝ ձեռքներին երաժշտական գործիքներ: Հետագայում երաժշտական գործիքները նույնպես ստանում են մարդկային դիմագծեր, ինչն ավելի խորհրդավոր է դարձնում ստեղծագործությունը: Շագանակագույնի և կապույտի համադրությունը հետաքրքիր դինամիկա է հաղորդում աշխատանքին, իսկ հերոսների նշաձև աչքերը հեքիաթի պատրանք են ստեղծում։
Սուրեն Շահվերդյանի ստեղծագործական կերպարի ձևավորման գործում մեծ ազդեցություն են ունեցել հոր՝ Ռուբեն Շահվերդյանի աշխատանքերը: Դրա վառ ապացույցն են որդու ստեղծագործություններում պատկերված հերոսների նշաձև, խոշոր աչքերը, ընտրված հագուստի ձևի նմանությունը, գույները դիպուկ ու ներդաշնակ համադրելու ունակությունը:

Սուրեն Շահվերդյանը ոչ միայն բատիկ տեխնիկայով արված աշխատանքների հեղինակ է, այլև կերամիկական, կավե սափորների և տարբեր ֆիգուրների («Զուռնաչի», «Ընտանիք»):
1968 թվականից սկսած հեղինակը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Եվրոպայում (Լեհաստան, Չեխոսլովակիա, Հունգարիա, ԳԴՀ): 1972 թվականի վերջին Մոսկվայում կայացել է Համամիութենական երիտասարդական ցուցահանդես, որտեղ Շահվերդյանը ներկայացրել է «Ծաղիկների տոն» դեկորատիվ պաննոն: Նրա կատարած էսքիզների հիման վրա Ռիգայի երկու նկարիչ-վարպետ պատկերազարդ գորգեր են գործել՝ «Աշնանային ծաղկեփունջ» և «Փարվանա»: «Աշնանային ծաղկեփունջը» միակ աշխատանքն է, որտեղ հեղինակը փոքր-ինչ շեղվել է իրական աշխարհի արտացոլումից և նախապատվությունը տվել է գունային լուծումներին: Սևի, կանաչի և վարդագույնի հարաբերակցությամբ արված վերացարկված ֆիգուրները դիտողին հնարավորություն են տալիս աշխատանքն ընկալել սեփական երևակայության սահմաններում:


Ս. Շահվերդյանը 39 տարեկանում լքեց այս աշխարհը՝ թողնելով մեծարժեք ստեղծագործական ժառանգություն: Ոչ մի ուշագրավ մանրուք չի վրիպել նկարչի որոնող աչքից: Նրա համար ոգեշնչման աղբյուր էին քաղաքների շուկաները, փողոցները, գեղատեսիլ վայրերը («Տիկնիկ խաղացնողը», «Լարախաղացներ»): Անտարբեր չէր մնացել նաև համաշխարհային և հայ գրականության նկատմամբ (հնդկական «Մահաբհարաթա» էպոսի թեմայով նկարազարդումներ, Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտի» թեմայով գծանկարներ, «Սասունցի Դավիթ» դյուցազներգության մոտիվներով նկարազարդումներ): Նկարիչը նաև կենդանակերպի նշանների շատ հետքրքիր շարք ունի: Դրանցից մեկը՝ «Կենդանակերպի նշաններ. Ջրհոս», 1985 թ. (Ի. Կրասնովայի անհատական հավաքածու) գուաշով նկարազարդում է կտավի վրա: Ջրի կերպարով ալեհեր տղամարդու ձեռքերում երկու կուժ է պատկերված, որոնց միջից հոսող ջուրը կարծես ծերունու մորուքի շարունակությունը լինի: Կժերի և հագուստի վրա առկա հայկական նախշերը և կապույտի գերակայությունը ստեղծագործությանը յուրահատուկ խորհրդավորություն են հաղորդում:


Նկարիչն իր առջև խնդիր էր դրել իր ստեղծագործություններով այնպես ազդել մարդկաց ներաշխարհի վրա, որ ոչ մի մանրուք դուրս չմնար ուշադրությունից, և հիմա այդ աշխատանքներին նայելիս կարելի է վստահ ասել, որ նա գերազանց կատարել է իր առջև դրված ստեղծագործական խնդիրները:


Քրիստինե Նազարյան
Հայաստանի ազգային պատկերասրահի
աշխատակից

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 19048

Մեկնաբանություններ