ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արամ Սիմոնյան․ «Մեր նպատակն առաջին հերթին նոր անուններ գտնելն ու բացահայտելն է»

Արամ Սիմոնյան․ «Մեր նպատակն առաջին հերթին նոր անուններ գտնելն ու բացահայտելն է»
28.08.2022 | 11:49

2022 թ․ երևանյան ամռան կարևոր ու հետաքրքիր մշակութային իրադարձություններից էր «Art Space» ցուցասրահի բացումը։ Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնի տարածքում է «Art Space» նորաբաց ցուցասրահը՝ «Vernisage Gold-ի» հարևանությամբ։ Անդրանիկ ցուցադրությունը կայացավ օգոստոսի 14-ին։

Զրուցակիցս «Art Space»-ի համահիմնադիր, գեղանկարիչ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆՆ է։


-Պարոն Սիմոնյան, ձեր նախաձեռնությունն իր ձևաչափով, իր մոտեցմամբ, կարծես, նոր առաջարկ է մեր շուկայում։ Շուկա, որտեղ իրացման խնդիր միշտ էլ եղել է։ Ո՞րն էր ցուցահանդեսի բացման շարժառիթը։
-Հայաստանում կերպարվեստը թերագնահատված է։ Այստեղ կա այն թյուր կարծիքը, որ «արվեստը փող չի բերում»։ Դա սուտ է։ Այդ սխալ համոզմունքի պատճառով է, որ արվեստը մեր երկրում չի գնահատվում այնպես, ինչպես պետք է, չի գովաբանվում, գովազդվում և այլն։ Շատ երկրներում, մասնավորապես Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, նկարիչները, ավարտելով արվեստի բուհ, մշտական աշխատավարձ են ստանում։ Այդ քայլով պետությունը խրախուսում է արվեստագետին։ Օրինակ՝ նույն Բրիտանիայում շրջանավարտ-նկարչի դիպլոմային աշխատանքը մեկ ամիս ցուցադրվում է երկրի գլխավոր պատկերասրահում։ Դա առաջին հերթին արվում է նկարչին գովազդելու համար։ Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՆԱ-ի 30 %-ը բերում է արտբիզնեսը։
Մեր գլխավոր նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կարող են ցուցադրվել ինչպես հայտնի արվեստագետներ, այնպես էլ երիտասարդ շնորհալիներ, որոնց անունները դեռ հայտնի չեն։ Այդ երիտասարդներն ուրիշ հնարավություն չունեն ցուցադրվելու։ Մենք նրանց ընձեռելու ենք այդ հնարավորությունը։ Նրանց պետք է օգնել առաջ գնալու հարցում։ Դասականների մասին շատ է գրվել։ Այսօր իրոք կան ժամանակակից նկարիչներ, որոնց արվեստը լավ լուսաբանման կարիք ունի։ Բնական է, որ բոլորն էլ շահագրգռված են ինչպես ցուցադրվելու, այնպես էլ վաճառելու իրենց գործերը։ Նկարիչը, ստեղծագործող մարդը պետք է լավ ապրի, զերծ մնա կենցաղային խնդիրներից։
-Մեր զրույցի ընթացքում ցուցասրահ բերվեցին մանկական ստեղծագործություններ։ Ահա ցուցասրահը Ձեր նշած նպատակին ծառայեցնելու վառ ապացույցներից մեկը։
-Այո, սրանք մի փոքրիկ աղջնակի գործեր են, ով արդեն հայտնի է Իտալիայում, ու նույնիսկ նրա աշխատանքներից վաճառվել են։ Բայց հայկական իրականությունում նրան ոչ ոք չի ճանաչում։ Մեր նպատակն առաջին հերթին նոր անուններ գտնելն ու բացահայտելն է։
-Ինչո՞վ է տարբերվում «Art Space»-ը երկրի այլ գալերեաներից։
-Նախ ասեմ, որ Երևանում քիչ են գալերեաները։ Ես շատ կուզեի, որ այս առևտրի կենտրոնի ողջ տարածքում լինեին ցուցասրահներ։ Թվում է, թե դրանք մեր մրցակիցները կլինեին, բայց ո՛չ։ Մարդիկ այդ դեպքում ավելի շատ կայցելեին մեզ, ավելի լավ կաշխատեինք։ Իսկ «Art Space»-ի տարբերությունն այլ գալերեաներից այն է, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր 10-20 արվեստագետները և վերջ․ միայն նրանց հետ է աշխատում։ Իսկ մեզ մոտ ցուցադրությունը տասը օրը մեկ փոխվում է և փոխվելու է։ Ի դեպ, նախատեսում ենք նաև անհատական ցուցահանդեսներ կազմակերպել։
-Պարոն Սիմոնյան, իսկ արվեստագետների ընտրությունն ինչպե՞ս է կատարվում։ Կա՞ն չափանիշներ։
-Չափանիշներ, բնականաբար, կան։ Ես և Ռուբեն Դանիելյանը կայացած գեղանկարիչներ ենք և դա կարևորում ենք։ Ստեղծագործության գինն էլ որոշում է նկարիչը։ Մենք կարող ենք խորհուրդ տալ, ուղղորդել, բայց գին պարտադրել չենք կամենում։
-Իսկ շատե՞րն են արդեն դիմել նորաբաց այս ցուցասրահում ցուցադրվելու համար։
-Այո։ Անգամ կան հերթագրվածներ, և դա ուրախալի է։ Ցուցասրահում նկարիչը կարող է իր աշխատանքը ցուցադրել 10 օրից մինչև 1 ամիս ժամկետում։
-Ցուցասրահը գովազդելու խնդիրն ինչպե՞ս եք լուծում։
-Նախ նշեմ, որ մեր տեղը բավական աշխույժ ու լավն է։ Այցելուները, կարելի է ասել, շատ են, որոնց թվում են նաև զբոսաշրջիկները։ Ցուցասրահը Ֆեյսբուքով ենք գովազդում։ Շուտով Հյուսիսային պողոտայի էլեկտրոնային վահակների միջոցով է մեր գովազդը լինելու։ Նկարիչների միությունն է մեզ օժանդակում իր հնարավորության սահմաններում, նաև՝ «Տաշիր» կազմակերպությունը, որը, ի դեպ, առևտրի այս համալիրում վաղուց էր մտադիր ջերմ, արվեստային միջավայր ստեղծել։
-Պարոն Սիմոնյան, այս կարճ ժամանակահատվածում վաճառք եղե՞լ է։
-Այսպես ասեմ՝ եղել են ռեալ առաջարկներ։
-Նշեք այն արվեստագետների անունները, որոնք բացման օրվանից մինչ այժմ ցուցադրվել են «Art Space»-ում։
-«Art space» ցուցասրահի առաջին ցուցադրությանը մասնակցել են հետևյալ հեղինակները.
Հերմինե Հակոբյան
Արմեն Սիմոնյան
Անդրանիկ Սահակյան
Արամ Սիմոնյան
Ռուբեն Դանիելյան
Արա Սիմոնյան
Հարություն Հարությունյան
Աշոտ Ադամյան
Կարինե Գալստյան
Խաչատուր Աղամալյան
Սուսաննա Աբաջյան
Գայանե Խաչատրյան
Լիանա Մակարյան
Մարիա Արամի
Հայկ Ալեքսանյան


Հ․Գ․ «Art Space» ցուցասրահում իսկապես ջերմ մթնոլորտ է: Ներկայացված են ինչպես գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, այնպես էլ յուրօրինակ քանդակներ։ Այստեղ կարելի է տեսնել տարբեր «իզմերի», ոճերի, իրարից տարբեր մտածողությամբ արվեստագետների գործեր, խիստ տարբեր ձեռագրեր։
Ռուբեն Դանիելյանի տպավորիչ, խորիմաստ գործերի, Արամ Սիմոնյանի՝ գունային ճիշտ ու մտածված համադրությամբ, դինամիկ, համարձակ լուծումներով աբստրակտ հորինվածքների կողքին ցուցադրված են 5-ամյա Մարիայի վառ գույներով արված, լավատեսական տրամադրությամբ հագեցած «երջանկաբեր ծաղիկները», Lana Makeii սյուրռեալիստականին մոտ գործերի հետ ցուցադրված են Սուսաննա Աբաջյանի խառը տեխնիկայով արված աշխատանքները, Աշոտ Ադամյանի ու Խաչատուր Աղամալյանի քանդակների հետ՝ Անդրանիկ Սահակյանի բնանկարները... Մեկը մյուսից ինքնատիպ գործեր:
Մաղթենք նորաբաց ցուցասրահին և այնտեղ ներկայացված հեղինակներին կանաչ ճանապարհ։


Հարցազրույցը` Սիլվիա Մանուչարյանի

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 14846

Մեկնաբանություններ