Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հարի՞ֆ» եք, թե՞ «հարիֆ» եք խաղացնում

«Հարի՞ֆ» եք, թե՞ «հարիֆ» եք խաղացնում
10.05.2023 | 22:49

Գյումրիում ջրի գնով ու, ինչպես ասում է գյումրեցին, խուրդած կոպեկով, վաճառվեցին բոլոր արտադրական գործարանները: Դրանք այսօր մնայուն կապիտալ են համարվում ինչպես այդ գործարանների տնօրենների, այնպես էլ այն գնորդների համար, ովքեր լևոնա-վանոյական թալանի տարիներին, ձեռք գցեցին այդ հզորություններին:

Գործընթացի քաղաքակիրթ անվանումը՝ սեփականշնորհում էր: Արդյունքում՝ մեր պապերի, պապերի պապերի սարքած, «սովետմիության» տնտեսական հզորության, Լենինական-Գյումրու արտադրական հպարտության խորհրդանիշները հայտվեցին «ապջանների», ոսկե «լոբի ցեպերը» վզերին գցող, որպես կանոն, ոչնչից չհասկացող էակների ձեռքում: Շատ դեպքերում` հենց գործարանների ոչ բանիմաց տնօրեններն էին կամ գնում, կամ, ժամանակակից բառով ասած, «տասովշչիկ» դառնում՝ «մուշտարի» գտնելով մետաղի մեծ գերեզմանոցների վերածված գործարանների համար: Դա էր լևոնական բիզնես էլիտայի դեմքը:
90-ականների վայրի թալանի ճարտարապետները ոչինչ չէին անում, որպեսզի պատերազմող երկրի գործարանները ոչ թե պարապ մնային, այլ բարիք ստեղծեին, ինչպես Մեծ հայրենական պատերազմի տարիներին, երբ Խորհրդային միության բոլոր արտադրական հզորությունները զօր ու գիշեր «ֆրոնտի» համար էին աշխատում: Մեր դեպքում, բարձրագույն ղեկավարությունն ուղղակի խրախուսում էր ալան-թալանը՝ դրա անունը դնելով ճգնաժամ: Իրապես, ճգնաժամն առկա էր, որովհետև երկրի իշխանության ղեկին հայտնվել էին ոչ թե Դեմիրճյանի նման, ծնունդով, ուղն ու ծուծով պետականասեր, հայապաշտ մարդիկ, այլ գինետներում բաժակներ դատարկող կամ թալանը լավ տղություն համարող իբր մտավորականները:
Գյումրու հղկող հաստոցների նախկին գործարանը Խորհրդային միության արտադրական շղթայի գիգանտներից մեկն էր: Արխիվային հիշատակումներում գտանք խորհրդային այս պինդ կնիքը՝ Գյումրու ՝ Լենինականի հղկող հաստոցների գործարանի արտադրանքի վրա՝ թվագրված 1973 և 1974 թվականներով: Ընդ որում, ներքևում պատկերված լուսանկարներից երևում է, որ Գյումրու այդ գործարանի՝ 1973 թվականի արտադրած հղկող հաստոցը, որպես որակյալ ապրանք, վաճառվում է ռուսական կայքերից մեկում:

Լուսանկար 1

Լուսանկար 2

«ԶԱՎՈԴԸ» ԿԵՐԱՆ, ԲԵՐԱՆՆԵՐՆ ԷԼ ՍՐԲԵՑԻՆ
1988 թվականի երկրաշարժից հետո, Գյումրու հղկող հաստոցների գործարանը փոքր ծավալնելով, բայց մեծ հույսերով, շարունակում էր աշխատել: Սակայն դրա կառավարման ղեկին հայտնվեց մեկը, որը գործարանի գույքի թալանի փաստով դատվեց՝ ճիշտ է՝ կիսատ: Դա Վրույր Սուքիասյանն էր: Այդ անձի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ Հայաստանի խեղճ ու անճար իրավապահ համակարգն իբր տեղեկատվություն չունի: Շիրակի մարզի նախկին դատախազի նախկին տեղակալը, օրինակ, գրում է. «...Գյումրու հղկող հաստոցներ գործարանի նախկին տնօրեն Վրույր Սուքիասյան» տվյալներով անձի նկատմամբ որևէ ժամանակաընթացքում ՀՀ քրեական օրնեսգրքի որևէ հոդվածով քրեական գործ հարուցելու և դրա հետագա ընթացքի վերաբերյալ Շիրակի մարզի դատախազությունում տեղեկատվություն առկա չէ...»:

Լուսանկար 3


Նիկոլ փաշինյանի կողմնակիցները սիրում են կրկնել ՝ ինչ անի էդ խեղճ «հարիֆը», այստեղ տեղին է ասել՝ պետությունով եք հարիֆ, ոչ թե մեկ անձով, կամ՝ լավ էլ «գիժ» եք խաղում: Այն, որ Գյումրու հղկող հաստոցների նախկին գործարանը թալանելու համար Վ. Սուքիասյանը կիսատ է «սռոկը քաշել», գիտեն բոլորը: Նույնիսկ գիտեն, թե, ո՛ր դատավորն է ազատել նրան ՝ Էդիկ Մանուկյանն է: Այնպես որ, Շիրակի մարզի նախկին դատախազի նախկին տեղակալ Պողոսյանը, որին, ըստ տեղեկությունների, 2013 թվականին վռնդել են քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունից, իսկ հետո էլ նա «փայլել» է դատախազների ատեստավորման ժամանակ, բացահայտ սուտ է գրում:

https://hraparak.am/post/d42acc6ff6d6184b7e99aa82b0043415?fbclid=IwAR1YEzPnUlCE2vnb3vAWS2SXcQ3tQgJg0JgaHzq-oVgOSBkBItpsMUnLayc:


Երևի, Հ. Պողոսյանը, որ այսօր նորից ներբեռնվել է Շիրակի մարզային քննչական կոմիտե, դեռ չոչ է արել այն ժամանակ, երբ Վրույր Սուքիասյանը թալանում էր գործարանը :

ՀԱՐԻ՞Ֆ ԵՆ, Թ՞Ե ՄԵԶ ԵՆ ՀԱՐԻՖԱՑՆՈՒՄ

Բազմաթիվ հարցումներով փորձել եմ ճշտել, թե Գյումրիի երբեմնի հսկայի՝ հղկող հաստոցների գործարանի տարածքը, ե՞րբ և ինչպե՞ս է վաճառվել: Ո՞վ է հանդիսանում տարածքի սեփականատերը: Քանի՞ քառակուսի մետր է վաճառվել: Ի՞նչ գնով է վաճառվել այդ տարածքի մեկ քառակուսի մետրը: Ո՞ր կազմակերպությունն է գնահատել այդ տարածքը, եղե՞լ է արդյոք հրապարակային հայտարարություն տարածքի առքուվաճառքի վերաբերյալ: Զանգվածային լրատվության ո՞ր միջոցով է հայտարարվել տարածքի վաճառքի մասին: Խնդրել եմ տրամադրել տպագիր հայտարարության տեքստը, լրատվամիջոցի անվանումը և տպագրված հայտարարության պատճենը կամ հղումը: Հարց եմ տվել՝ նշված տարածքում, որը ձգվում է Գյումրու Շարա Տալյան փողոցից մինչև «Գյումրի բժշկական կենտրոն» և Չայկովսկի փողոց՝ դիահերձարան, առկա՞ են շինություններ, այդ թվում՝ անգար: Ի՞նչ արժեքով են դրանք ձեռք բերվել, ո՞վ է ձեռք բերել այդ շինությունները: Ո՞ր կազմակերպությունն է գնահատել այդ շինությունների արժեքը, առկա՞ են առքուվաճառքի գրավոր փաստաթուղթերը: Առկա՞ են արդյոք շինությունների ներսում սարքավորումներ: Ի՞նչ վիճակում են գտնվել և այժմ գտնվում դրանք:
Այս պարզ ու, լրագրողիս համար, խիստ անհրաժեշտ` ՀՀ իրազեկ և իրավասու մարմիններից պատասխանները համարյա նույն բովանդակության էին:
Այսպես.
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ասում է. ,... ՀՀ կառավարության N 726 որոշմամբ Գյումրիի հղկող հաստոց փակ բաժնետիրական ընկերությունն ընդգրկվել է լուծարման ենթակա ընկերությունների ցանկում... Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի` իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովի նշանակման պահից հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ էկոմոնիկայի նախարարությունում Ձեր հարցադրումների վերաբերյալ այլ տեղեկություններ առկա չեն»:

Լուսանկար 4

Թե ինչպե՞ս կարող են «այլ տեղեկություններ» առկա չլինել ՀՀ պետական մարմնում՝ ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության իրավաժառանգորդի մոտ, ուղղակի ծիծաղելի է:

Կարդում ենք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանը:

Լուսանկար 5

Կոմիտեի նախագահի տեղակալը կրկնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը ու վերջում չի մոռանում հավելել.
«...Գրությամբ բարձրացված խնդրի վերաբերյալ այլ տեղեկություն առկա չէ և Կոմիտեն 2022 թվականի սեպտեմբերի 29-ի գրությամբ Ձեր դիմումը վերահասցեագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ Ձեզ պատասխանելու նպատակով»:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պատասխանն առավել ուշագրավ է:
«Հարգելի տիկին Աղեկյան, ի պատասխան ՀՀ պետական վերահսկողական ծառայություն՝ (այսուհետ՝ Ծառայություն) 06.09.2022թ. մուտքագրված Ձեր Մ/1774-22 հարցմանը՝ ՀՀ Գյումրիի «Հղկող հաստոց» ՓԲ ընկերության նոր սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին, հայտնում ենք, որ Ծառայությունը չի տիրապետում Ձեր կողմից ակնկալվող տեղեկատվությանը, հետևաբար, որևէ տվյալ տրամադրել չենք կարող: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը, ապա հարկ եմ համարում նշել, որ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվության հավանական բոլոր տնօրինողներին Դուք արդեն իսկ դիմել եք»:
Այս խեղճ պաշտոնյան, կարծես, ասում է՝ բոլորին դիմել ես, չե՞ս տեսնում, որ չեն ուզում տրամադրել քեզ հետաքրքրող տեղեկատվությունը: Ինչու՞ ես նրանց անդորրը պղտորում:

Լուսանկար 6


Փաստորեն, ՀՀ պետական ոչ մի պատկան, իրավասու մարմին չի տիրապետում արխիվային փաստաթղթերի: Վաճառվել է պետական գործարան և գործարանի տարածք, գույք, ընդ որում, այդ գործարանի տարածքում են կառուցվել «Գյումրի բժշկական կենտրոնը», դիահերձարանը: Նշանակում է՝ պետությունը, համայնքը գնել է այդ տարածքները սեփականատիրոջից: Այսինքն, անհնար է, որ պետական մարմինները չտիրապետեն տարածքի սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկություններին:
Քանի որ 2022 թվականից փնտրվող տեղեկատվությանը այս երկրում որևէ կառույց, մարմին, նախարարություն չէր տիրապետում , ՀՀ վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատմամն վարչության պետ Համլետ Նազարյանի ստորագրությամբ ստացված զավեշտալի, կազուիստիկ պատասխանով էլ ամփոփենք պետական կառույցներից տեղեկատվության կուտակման մեր փորձերը:
Նախ, ուշագրավ է, որ պատասխանում է «դիմումների» բաժնի պետը, իսկ հետո, որ երկրի վարչապետի աշխատակազմը չի տիրապետում, փաստորեն, «պետական գաղտնիքի» աստիճանի հասցված տեղեկատվությանը:
Երկրորդն էլ՝ փոխանակ երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավարը վերահասցեավորի հարցումը տեղեկատվությանը տիրապետող «իր ձեռքի տակ»-ի կառույցներին, միանգամից «ցրում է»`չունենք, չգիտենք, ի՞նչ եք ուզում մեզնից, մի՛ խանգարեք մեր անդարդ կյանքը, ենթատեքստային ձևակերպումով: Իրոք, սրանք «հարի՞ֆ» են, թ՞ե մեզ են հարիֆի տեղ դրել:

Լուսանկար 7


ՊԱՐԶ ՄԵԹՈԴԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ
Պետք է փաստել, որ մինչ պետական մարմիններին հարցումներ ուղղելը, հետազոտեցինք Գյումրիում շրջանառվող լուրերn, առ այն, որ հղկող հաստոցների գործարանի տարածքը պատկանում է ՀՀ նախկին սուպեր նախարար որակված Գագիկ Խաչատրյանին, որն ինչ-որ բարեկամական հարաբերություններ ունի Վրույր Սուքիասյանի հետ: Իսկ այդ հսկա տարածքին տեր է լինում հենց Վրույր Սուքիասյանը: Ոմանք էլ ասում էին, որ հենց վրույր Սուքիասյանին է պատկանում տարածքը: Հետևելով պարզ ժողովրդական մեթոդին, ինչպես ասում են, մտանք գյուղ՝ ճշմարտությունն իմանալու և բոլոր պետական կառույցների գործն անելու միտումով:
«Գյումրի բժշկական կենտրոնի» մոտ նստած մարդիկ հենց սկզբից էլ ասացին, որ տարածքը Գագիկ Խաչատրյանինն է: Ասացին՝ հաստատակամ և միանշանակ:
Տարածք մտնել չհաջողվեց, որովհետև այն փակ էր, բայց շրջայցիս վերջում ի հատ եկավ պահակը, որն էլ հականե-հանվանե տեղեկացրեց ու պատմեց՝ իրականում տարածքը Սերժ Սարգսյանի սրտի նախարար Գագիկ Խաչատրյանինն է: Ձայնագրությունը, որն արված է 2022 թվականի օգոստոսի 31-ին՝ կից:
ՈՒ հիմա իմ հարցման մեկ գլխավոր հարցը ՀՀ պատկան բոլոր մարմիններին՝ ի՞նչ շահ ունեիք տարածքի սեփականատիրոջը քողարկելու հարցում: Պատասխանեք:
«Հարի՞ֆ» եք, թե՞ «հարիֆ» եք խաղացնում:

ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆ
Հատուկ irates.am-ի համար

Լուսանկարներում`
1 Չինական այս պատից այն կողմի հսկա տարածք կա, որի սեփականատերը, ըստ գյումրեցիների, Գագիկ Խաչատրյանն է:
2 Այս և պարիսպից այն կողմ տարածքի տերը, ըստ գյումրեցիների, Գագիկ Խաչատրյանն է:
3 Սա Գյումրու դիահերձարանն է: Դիահերձարանի, ինչպես նաև պատից այն կողմ գտնվող տարածքը ևս, Գագիկ Խաչատրյանին է, ըստ լուրերի: Իսկ պետական մարմինները չգիտեն՝ ումն է :

Դիտվել է՝ 6268

Մեկնաբանություններ