«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Հայ կինոն... գրավոր»

«Հայ կինոն... գրավոր»
12.04.2013 | 12:48

Վերջերս լույս տեսավ Մարտին, Հարություն և Տաթևիկ Հուրիխանյանների «Հայ կինոն… գրավոր» գիրքը («Լուսաբաց» հրատարակչատուն, 2012 թ.), որում ժողովված են հայ կինոյում հնչած աֆորիզմներ, թևավոր խոսքեր, ուշագրավ երկխոսություններ, մենախոսություններ, մեր լեզվում լայն շրջանառության մեջ գտնվող արտահայտություններ։ Ժողովածուն կազմողների վկայությամբ՝ աշխատանքի ընթացքում է միայն կարևորվել ժողովրդական բառ ու բանը։

Մեր կարծիքով, թվարկված բոլոր արտահայտություններն են դարձել ժողովրդական բառ ու բան, քանզի ժողովածուում ներառված են բանահյուսական բոլոր տարրերը՝ թևավոր խոսքեր, առակներ, ասացվածքներ, օրհնանքներ, անեծքներ, նույնիսկ խոհափիլիսոփայական, իմաստասիրական զրույցներ, և այդ ամենը՝ կինոյի շնորհիվ։ Հետևաբար, սույն ժողովածուն կարելի է բնորոշել մեկ բառով՝ կինոբանահյուսություն։ Գրքի հեղինակներից մեկը՝ ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ, լինելով բանասեր, ի մի է բերել ոչ միայն ազգային բանահյուսության ավանդական տարրերը, այլև կինոնկարներում ստեղծված նոր բառ ու բանը, ճոխ ու ճարտար խոսքը, որն իր ժողովրդայնությամբ չի զիջում ավանդականին։ Ժողովածուն, ըստ էության, գիտական փորձ է՝ մեկտեղելու ժողովրդի մեջ արդեն դրոշմված, կինոնկարներում թրծված առավել տպավորիչ ու պատկերավոր խոսքը, որ արտաբերել են ոչ պակաս տպավորիչ կերպարներ մարմնավորած մեր անվանի դերասանները։
Կարևորելով կինոարվեստը, մենք չենք դրժում գրականության մեջ կամ թատերարվեստում իր ուրույն տեղն ունեցող ժողովրդական բառ ու բանը՝ խոսքի ոճավորմամբ, սովորական, անարտահայտիչ եղանակի մերժմամբ, միտքը համեմված համեմատություններով արտահայտելու, խոսքին համ ու հոտ հաղորդելու ջանքով։ Սակայն անհամեմատելի են գրքի և էկրանի զանգվածայնության ու մատչելիության աստիճանները, հատկապես, եթե խնդրին առնչենք այսօրվա «ընթերցասերներին» ու «գրասերներին»։ Մինչդեռ կինոարվեստը դեռևս պահպանում է կինոդիտողի բանակը (խոսքը սերիալների մասին չէ), և տպավորիչ ու ազդեցիկ տեքստը, առավել ևս, ենթատեքստը մտնում են խոսակցական առօրյա, դառնում այս կամ այն առիթով գործածվող զրույց։ Հատկանշական է, որ էկրանավորված գրական երկը երկրորդ կյանքն է ապրում՝ ընդլայնելով ընկալման մատչելիության սահմանները։ Շատերը բավարարվում են կինոնկարը դիտելով և հարկ չեն համարում գրական երկն ընթերցել։ Չեմ կարող չմեջբերել իմ գլխով անցածը։ Դպրոցական ծրագրով շատ ու շատ գրողների հետ անցնում էինք նաև Գ. Սունդուկյան։ Հանձնարարված էր «Պեպոն» կարդալ։ Գրականության դասին դասատուն նախ ուզեց ճշտել, թե ով է կարդացել։ Բոլորս միաբերան պատասխանեցինք, որ կարդացել ենք։ Եվ ահա առաջին պատասխանողն սկսեց գրքային բնորոշումներով գոհ-գոհ պատմել «Պեպոն»։ Երբ վերջում դասատուն հարցրեց, թե ո՞վ էր Դարչոն, մեր դասընկերը նույն գոհունակությամբ ու վստահությամբ պատասխանեց. «Կեկելի փեսացուն»… և պարզ է, «2»-ը ստանալուց հետո շատերս («Պեպոն» չկարդացածներս) անակնկալի եկանք, ու սկսվեց «2»-ների շարանը… Դե, ֆիլմը տեսել էինք, թիֆլիսյան խրթին բարբառով գրված «Պեպոն» ո՞վ էր կարդալու։
Ժողովրդական բառ ու բանի առումով կարող ենք կինոարվեստի հետ համեմատության եզրեր գտնել նաև թատերարվեստում։ Սակայն ներկայացման և կինոժապավենի կենսունակություններն են անհամեմատելի։ Ներկայիս սերունդը, օրինակ, տեղյակ չէ անվանի թատերական բեմադրիչ Վարդան Աճեմյանի «Ժայռը» ներկայացումից, բայց փոխարենը կարող է ըմբոշխնել նույնանուն բեմադրության կինոտարբերակը։ Մեկ ուրիշ օրինակ. երբեմն-երբեմն հեռուստատեսությամբ ցուցադրվում է «Պաղտասար աղբար» ներկայացման էկրանավորված մի պատառիկ՝ Հրաչյա Ներսիսյանի դերակատարմամբ, երբ ցասումով պոռթկում է. «Աման, կնիկներ, կվախնամ ձեզմե. կին մը տեսնելուս պես, սանկ դող կուգա վրաս»… Եթե ներկայացումն արդեն վաղուց պատմություն է դարձել, ապա կինոժապավենին հանձնված այս պատառիկը դեռևս ապրում է և մերթընդմերթ օգտագործվում զրույցների մեջ։
Ժողովուրդն առհասարակ փիլիսոփա է, խորհող ու դատող։ Նա սիրում է դարերի գործն ու փորձն ամփոփել խիստ դիպուկ, իմաստավոր զրույցի մեջ, հիմնական միտքը տեղ հասցնելու համար հաճախ է դիմում ճոխ ու ճարտար բառ ու բանին։
Մեծ եղավ զարմանքս, երբ իմացա, որ ողջ աշխատանքն արվել է 6 ամսվա ընթացքում, այսինքն, ինչ է ստացվում, օրական 14-15 ժամվա ընթացքում դիտվել և ուսումնասիրվել է առնվազն 3 կինոնկար։ «Հայ կինոն… գրավոր» շատ արժեքավոր ժողովածուն կազմողները ամենայն պատասխանատվությամբ ու խստությամբ պահպանել են բառային հնչական ճշգրտությունը, բանիմաց բանահավաքի աչքերով մանրազնին ուսումնասիրել են հայ կինոյի 85-ամյա պատմության ընթացքում թողարկված մոտ 350 կինոնկար և մեզ մատուցել կինոբանահյուսությունը, միաժամանակ ներկայացնելով կինոնկարների արտադրության տարեթվերը, ստեղծագործական կազմերը և այլ մանրամասներ։
Հարկ է նշել մի ուրիշ կարևոր հանգամանք. թվում է, թե ժողովածուում մեջբերված երկխոսությունները տեղ-տեղ երկարահունչ են, սակայն՝ առաջին հայացքից, քանզի դրանք, որպես սցենարների կառուցման դասական օրինակներ, որպես ուսումնական ձեռնարկ, կարող են ծառայել այսօրվա երիտասարդ սցենարիստների, կինոբեմադրիչների, և, ինչու չէ, նաև կինոբուհերում դասավանդող մասնագետների համար։
Կինոբանահյուսության սույն ընտրանին բավականաչափ պատկերացում է տալիս հայի ընտանեկան, կենցաղային, ծիսական, սոցիալական հարաբերությունների, քաղաքային ու գավառական խոսք ու զրույցի մասին, որով իսկ գիտական արժեք ու հետաքրքրություն է ներկայացնում։


Ռազմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ավագ խմբագիր

Դիտվել է՝ 4767

Մեկնաբանություններ