Վայրը` Բեթղեհեմ

Վայրը` Բեթղեհեմ
26.12.2008 | 00:00

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Այս անգամ ընթերցողը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան արարողության մասին թող կարդա մասնակցի տեսածով, ինչը շատերս ենք փափագում, բայց քչերիս է հաջողվում։
Մարդկությունը տարբեր ծնունդներ է նշում, բայց այս Մեկինը՝ որ կոչվում է Բեթղեհեմի Մանուկ, աշխարհի մեծամասնությունն է տոնում, որովհետև Բարձրյալ Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի ծնունդն է՝ միակը բոլորից, որ Կույսից ծնվեց, ինչի մասին մարգարեացվել էր Իր ծնունդից դեռ 700 տարի առաջ, Եսայու միջոցով. «Ահա կույսը պիտի հղիանա և մի Որդի պիտի ծնի, ու Նրան պիտի Էմանուել կոչեն, որ նշանակում է Աստված մեր մեջ» (Եսայի 7.14):
Այս մասին շատերս ենք կարդացել Աստվածաշնչից, բայց հայորդիներից քչերն են տեղյակ, որ հայ ազգն ամենասերտ կապ ունի Հիսուսի ծննդյան ժամանակների հետ:
Ինչպես գիտենք, պատմական Հայաստանը նախկինում մերձ էր Հրեաստանին, մանավանդ Աբգար թագավորի ժամանակ: Նույնիսկ ավանդությունն ասում է, որ ավետարանական երեք մոգերը Հայոց Եդեսիա քաղաքով են Բեթղեհեմ ուղղվել` այնտեղ թողնելով իրենց ուղեկցող զինվորներից շատերին:
Տողերիս հեղինակը 2000 թվականի Սուրբ ծննդյան արարողությունների ժամանակ գտնվում էր այնտեղ՝ Բեթղեհեմում, որ թարգմանվում է՝ Հացի տուն, մեր խոսքով ասած` Հացատուն, քանի որ երկնքից այստեղ իջավ և ծնվեց մեր հոգիներին կենդանություն տվող ՀԱՑԸ, ինչպես որ Ինքը՝ Տերն ասաց. «Ես եմ կենդանի Հացը, որ երկնքից է իջած. թե մեկը այս հացից ուտի, հավիտյան կապրի» (Ավետարան ըստ Հովհաննեսի 6.50) »:
Նա էր այն անարատ Գառը, որ Հայր Աստված պիտի «մատաղ» աներ աշխարհի մարդկության մեղքերի համար:
Ու կարծում եմ, որ հիմա շատերը կուզեն ականատեսի աչքերով իմանալ, թե ինչպես են ընթանում այնտեղի տոնական արարողությունները:
Բնական է, որ Հիսուսի ծննդյան այդ հոբելյանական տարում առավել ճոխ կատարվեր այն, բայց մնացած տարիները նույնպես մեծ շքահանդեսներով են ուղեկցվում, քանի որ միլիոնավոր քրիստոնյաներ էին այցելում այս սրբավայրը: Նախ` սա էլ իմանանք, որ Հիսուսի ծնունդը տարբեր ազգեր տարբեր օրեր են նշում, քանի որ դեռևս միասնականություն չկա այս հարցում: Աշխարհի քրիստոնեական մեծամասնությունն այն տոնում է դեկտեմբերի 25-ին, իսկ մենք՝ հայերս, նախնի եկեղեցու սովորության համաձայն, հունվարի 6-ին, բայց քանի որ կա հին և նոր տոմարների հարցը, այդ պատճառով Երուսաղեմի մեր միաբանությունն այն տոնում է 13 օր հետո, այսինքն` հունվարի 19-ին: Ահա այդ օրը մեր սուրբ Հակոբյանց մայրավանքից ուխտավորների մի հոծ բազմություն, թմբուկների ու ծնծղաների հնչեղաձայն ուղեկցությամբ, որը տեղի հայ սկաուտական խմբերն են ապահովում, ուղևորվում է Բեթղեհեմ: ՈՒ դեռ քաղաքի կենտրոնական հրապարակ չհասած` այդ տոնական բազմությունը շքահանդեսով ու քայլերգերով ուղղվում է դեպի Սուրբ ծննդավայրը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, մի հրապարակում, որի չորս կողմերում վեր են խոյանում բազմաթիվ խաչերի ու կիսալուսինների աշտարակներ: Մի զարմացեք, կիսալուսինների ևս, որովհետև Բեթղեհեմը գտնվում է պաղեստինյան իշխանության ներքո: Եվ այդ բոլորի մեջ առանձնապես տեսանելի է հայկական ոճի գմբեթը` իր մեծ ու սքանչելի խաչով, քանզի անմիջապես հրապարակին կից գտնվում է հայոց ընդարձակ վանքը:
Այդ օրն ամբողջ քաղաքի փողոցները զարդարված էին հայկական եռագույն դրոշներով, որովհետև պետք է այցելեին բարձրաստիճան հյուրեր. նախ` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ ներկայիս կաթողիկոսը, ապա Ռ. Քոչարյանը՝ մեր նախկին նախագահը, Յասեր Արաֆաթի հետ: Պաշտոնական տուրքը մատուցելուց հետո նրանք գնացին իրենց քաղաքական գործերով, իսկ հայ ժողովուրդը եկեղեցու ծառաների հետ մնաց ծննդյան արարողությունները կատարելու: Այդ օրհնյալ գիշերն այնտեղ կատարվեց երկու պատարագ. առաջինը` Հիսուսի ծննդյան, երկրորդը` Հայտնության, երբ խաչը ջուրն են իջեցնում, այսինքն` Հիսուսի մկրտության առթիվ, այդ պատճառով, եթե ուշադրություն եք դարձրել, այս տոնը եկեղեցական օրացույցում այդպես էլ գրվում է. «Սբ. Ծնունդ և Աստվածհայտնություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի»:
Սուրբ ծննդավայրում միայն երեք ազգ իրավունք ունի տոնական արարողություններ կատարելու՝ հույները, լատինները և հայերը, այն էլ` ամեն օր: Մնացած զորավոր կարծվածները միայն ունկնդիրների դերում են: Բայց, ինչպես Երուսաղեմի սուրբ Հարության տաճարում է հայ և հույն հոգևորականությունը լարված փոխհարաբերությունների մեջ, նույնն էլ այստեղ է շարունակվում, որովհետև իրար չսիրող «քրիստոնյա եղբայր»-ների համար սուրբ Ծննդյան այրում «նեղվածք» է։ Ինչպես տեսաք և՛ քրիստոնյա, և՛ եղբայր բառերը գրեցի չակերտների մեջ, որովհետև իսկապես չակերտավոր են երկուսն էլ, այսինքն` արտաքինից միայն, որովհետև այս Սուրբ տոնից առաջ, ըստ կանոնակարգի, սովորություն կա սրահներում մաքրություն կատարելու, բայց, ավա՜ղ, արտաքին մաքրությանը հետևելը հաճախ ներքին աղտոտվածության պատճառ է դառնում, ու սկսվում է «ավելակռիվը», ինչպես որ կոչվում է այն, երբ վարդապետները պատկառելի ու սպիտակ մորուքները տմբտմբացնելով, անհեթեթ բաների համար նախ` վիճում, ապա ձեռքի ավելները գործի դնելով` շարունակում են վիճաբանությունը։ Եվ եթե տեղի ոստիկանները չմիջամտեն, ապա կարող է և այն արյունահեղության վերածվել, ինչպես որ եղել է մի քանի անգամ։ (Հետագայում այդ մասին առավել մանրամասն կպատմվի ընթերցողին մի այլ հոդվածով, որպեսզի չխաթարվի Սուրբ ծննդյան տոների այս ուրախությունը)։
Այդ սուրբ վայրում՝ անմիջապես Հիսուսի ծննդյան տեղի խորանում, բազմաթիվ կանթեղներ են վառվում, ինչը լո՜ւռ և լուսավոր աղոթք է: Դրանց մեջ նաև հայոց պատկանելության պայծառ ջահերն են, որոնք օր ու գիշեր կարծես աղոթում են մեր ազգի համար, որովհետև հիմա մենք, ափսո՜ս, ավելի քիչ ենք աղոթում, քան մեր իմաստուն նախնիները, որոնք առաջին քրիստոնյա ազգն ապրեցրին իրենց կենդանի հավատքով:
Այդ Սուրբ գիշերը, երբ աշխարհի Փրկիչը ծնվեց, պատարագիչ Հայոց կաթողիկոսը Տիրոջ անունով և Սուրբ խաչով օրհնեց հեռավոր Հայաստանի ժողովրդին, որ խաղաղ ու բարի օրերի արժանանա, ասելով. ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՅԱՅՏՆԵՑԱՎ,
և լսվեց պատասխանը.
ՕՐՀՆԵԱԼ Է ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ՅԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:
Վերջում, օգտվելով այս պատեհ առիթից, հորդորում եմ բոլորիդ. ժամանակ ու ջանք տրամադրեք ձեր ամենօրյա աղոթքների համար, առանց որի մենք չենք կարող հարատևել այս ահագնացող, դժվարին ու խառը ժամանակներում, քանզի մեր Տիրոջ կամքն է. «Աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք» (Ավետարան ըստ Մատթեոսի 26.19):
Սուրբ ծննդյան տոնի օրհնություններով ցանկանում եմ մեր հայ ժողովրդին մարմնավոր բարիքների հետ նաև հոգևոր բարիքներ, անսասան հավատ, հոգու խաղաղություն, սրտի ուրախություն, համբերություն ամեն տեսակի փորձություններում, սեր և միաբանություն ընտանիքներում և ամենակարևորը՝ եղբայրասիրություն, այսինքն` ազգային ճշմարիտ միաբանություն եմ մաղթում բոլորիս, առանց որի հայոց ազգը չի կարող հարատևել:
Ձեզ համար աղոթող, Հայ առաքելական եկեղեցու զավակ, սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4401

Մեկնաբանություններ