ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քեսաբի դեպքերի վերաբերյալ հայտարարություն ԵԽԽՎ-ում

Քեսաբի դեպքերի վերաբերյալ հայտարարություն ԵԽԽՎ-ում
07.04.2014 | 23:13

ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում Քեսաբի վերաբերյալ հայտարարություն է արել.

«Մարտի 21-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հինավուրց Քեսաբ քաղաքը և շրջապատող 12 գյուղերը, որ մեծամասնորեն բնակեցված են հայերով, ենթարկվեցին վայրագ հարձակման Ալ-Քաիդայի հետ փոխկապակցված ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ներթափանցել էին Թուրքիայի տարածքից:
Քեսաբի բնակչությունը գրեթե ամբողջությամբ` ավելի քան 700 հայ ընտանիքներ, տարհանվել և տեղի քրիստոնյա համայնքի օգնությամբ տեղափոխվել են համեմատաբար անվտանգ համարվող հարևան Լաթաքիա: Ցավոք, շատ տարեց մարդիկ ստիպված են եղել մնալ Քեսաբում` զրկված լինելով տեղաշարժվելու հնարավորությունից:
Այս դեպքերից 3 օր անց Հայաստանից մեկնած մի խումբ պատգամավորների հետ ես նույնպես անձամբ այցելել եմ Լաթաքիա, հանդիպել հայկական եկեղեցում ապաստան գտած ընտանիքներին: Նրանք վկայությամբ` ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցիները, ահռելի վնաս հասցրել խաղաղ բնակչության ունեցվածքին:
Հայերը Քեսաբում բնակվել են դարեր ի վեր, սակայն կան նաև ընտանիքներ, ովքեր գրեթե հարյուր տարի է, ինչ այստեղ են հաստատվել` փորձելով փրկվել Հայոց ցեղասպանությունից: Եվ հիմա կրկին, 1915 թվականի այն սարսափելի օրերից գրեթե մեկ դար անց, մեկ այլ մղձավանջ, կյանքից զրկվելու մեկ այլ վտանգ է հետապնդում նրանց, ստիպում նորից տարհանվել: Մարդիկ կրկին լքել են իրենց տները` չհասցնելով անգամ վերցնել փաստաթղթեր, միայն այն հագուստով, որով եղել են փախուստի պահին: Եկեղեցու օգնությունը հնարավոր է շուտով ավարտվի, քանի որ այն անսպառ չէ: Հավատացեք, շատ ծանր է եկեղեցու բակում տիրող այդ տեսարանը. երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ` ժամանակավոր կացարան գտած, զրկված տարրական հիգիենայի պայմաններից, հիվանդությունների և վարակների տարածման վտանգի տակ, և չունեն անգամ հույս` շուտափույթ վերադառնալու իրենց բնակավայրերը:
Նկարագրված իրավիճակը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ահռելի խախտում, մարդու իրավունքների միջազգային բոլոր պայմանագրերի խախտում, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը: Հարկ է նշել, որ Քեսաբի խնդիրը բարձրաձայնվել է աշխարհասփյուռ հայության կողմից, սակայն, ցավոք, ոչ միայն հայերին է վերաբերում խնդիրը` մի շարք այլ գյուղեր, բնակեցված քրիստոնյաների կամ այլ էթնիկ փոքրամասնությունների կողմից, նույն ուժերի կողմից նույնպես ենթարկվել են բռնությունների և տարհանման` մինչև ահաբեկիչների Քեսաբ հասնելը:
Օգտագործելով այս բարձր ամբիոնը և այս հնարավորությունը` կոչ ենք անում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին՝ սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետևանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ:
Եվ քանի որ մարդասիրական ճգնաժամը դեռ շարունակվում է, շատ կարևոր ենք համարում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա և կոչ անել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար: Բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ, անկախ կրոնական և էթնիկ պատկանելիությունից, պետք է խստորեն դատապարտել:

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ