ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՀՀ նախագահի խոսքը Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո

ՀՀ նախագահի խոսքը Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո
20.06.2014 | 12:46

Պաշտոնական այցով Վրաստան մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Երկու նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին բանակցությունների արդյունքներով հայտարարել է.


«Ես շնորհակալ եմ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն հրավերի ու ջերմ ընդունելության համար, անչափ ուրախ եմ հյուրընկալվելու եղբայրական Վրաստանում:
Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս վերահաստատել բարեկամության և փոխըմբռնման ոգով Ձեզ հետ աշխատելու մեր ջերմ ցանկությունն ու պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք այս այցը Վրաստան, որի շրջանակներում Ձեզ հետ ունեցանք և, վստահ ենք, ունենալու ենք գործնական և արդյունավետ բանակցություններ և քննարկումներ հայ-վրացական հարաբերությունների հագեցած օրակարգի շուրջ, մենք ունենք հարցերի լայն շրջանակ և, անպայման, կարողանալու ենք ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարները:
Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է: Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ: Մենք մշտապես հարգել ենք միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրիս առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը, և ուրախացել ենք դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով և միմյանց հետ:
Ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթանն է տնտեսական համագործակցության աշխուժացման համար: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում արդեն ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը և բազմաթիվ այլ ոլորտներ: Եվ անցյալ տարի, և ընթացիկ տարում մենք գրանցել ենք առևտրաշրջանառության աճ, և ես վստահ եմ, որ մենք ունենք դեռևս չօգտագործված շատ մեծ ռեզերվներ:
Մենք կարևորեցինք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի և տարբեր խմբերի աշխատանքը, պայմանավորվեցինք, որ պետք է ակտիվացնել այդ շփումներն ու փոխանակումները: Սա հնարավորություն կտա այդ խմբերին քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները և, իհարկե, ձեռք բերել նոր պայմանավորվածություններ: Անդրադարձանք, անշուշտ, նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրացի գործընկերներին ներկայացրինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարները: Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում, և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա ՌԴ-ում կամ Մաքսային միության այլ երկրներում:
Իհարկե, տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կարևորեցինք միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման պահպանումը: Սա ևս չափազանց կարևոր հանգամանք է: Վրաստանի նախագահի հետ մենք միակարծիք ենք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Անշուշտ, մենք անդրադարձանք նաև մեր հումանիտար համագործակցությանը, քանի որ գուցե մի քիչ պատկերավոր եմ ասում, իմ կարծիքով, մեր համագործակցությունը հումանիտար ոլորտում կարևոր է նույնիսկ, քան համագործակցությունը տնտեսության ոլորտում, որովհետև մենք շատ-շատ երկար ենք ապրել այս տարածաշրջանում և բազմաթիվ են դեպքերը, երբ մենք ունեցել ենք մշակութային ներթափանցումներ, այսինքն՝ հարստացել է և վրացական մշակույթը, և հայկական: Եվ, իհարկե, շատ շնորհակալ եմ Վրաստանի նախագահին, որ ընդունեց մեր առաջարկը՝ այսօր Թբիլիսիում անցկացնել համերգ՝ նվիրված մեծ արվեստագետ Սայաթ-Նովայի հոբելյանին, որի արվեստը, որի ստեղծագործությունն ամենավառ օրինակն են մշակութային փոխլրացման, մշակութային ներթափանցման:
Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և կրկնեմ՝ ուրախ եմ, որ գտնվում եմ եղբայրական Վրաստանում»:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ