ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՀՀ նախագահը պետական այցով ՈՒրուգվայում է

ՀՀ նախագահը պետական այցով ՈՒրուգվայում է
10.07.2014 | 13:19

Հուլիսի 9-ից սկսվել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետություն: Մինչ նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
Հայաստանի և ՈՒրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկու երկրների նախագահները ուրախությամբ են նշել, որ Հայաստանի և ՈՒրուգվայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ: Այդ հարաբերությունները, ըստ Հայաստանի և ՈՒրուգվայի նախագահների, դրսևորվում են տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ ու միմյանց խնդիրների հանդեպ առանձնակի վերաբերմունքով: Հանդիպմանը ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ՈՒրուգվայի հետ համընդգրկուն օրակարգի զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստակամ՝ այդ նպատակին ուղղորդելու անհրաժեշտ ջանքեր:
Հայ-ուրուգվայական համագործակցության զարգացման գործում զրուցակիցները կարևորել են փոխադարձ այցելությունների, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական շփումների անհրաժեշտությունը:
Հայ-ուրուգվայական հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և ուրախությամբ փաստել, որ ՀՀ նախագահի այցի շրջանակներում երկու երկրների իրավապայմանագրային բազան կհամալրվի նոր ու կարևոր համաձայնագրերով:
Անդրադառնալով բազմակողմ համագործակցությանը՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Խոսե Մուխիկան կարևորել են արդյունավետ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Երկու նախագահները համակարծիք են, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացմանը մեծապես նպաստում է ՈՒրուգվայի հայ համայնքը, որի անդամները պատմության տարբեր ժամանակահատվածներում բնակություն են հաստատել ՈՒրուգվայում և ակտիվ մասնակցություն ունեն երկրի հասարակական, քաղաքական կյանքում:
Հայաստանի և ՈՒրուգվայի նախագահները կարևորել են, որ երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ նախագահ Սերժ Սարգսյանի, այն է, որ դեռևս 1965 թ. աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` ՈՒրուգվայը կանգնել է արդարության պաշտպանի հարթակին` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ գործած այս ծանրագույն ոճրի ճանաչման և դատապարտման գործում ՈՒրուգվայը կատարել է, թերևս, ամենածանրակշիռ ներդրումը:

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ