-1-
Քսան աղբաման քանդեց:
Ուտելիք չգտավ:
Սով է հայրենիքում:
-2-
Քսան աղբաման քանդեց:
Մինչև հասավ իր նստարան-քնատեղին:
Զբաղված էր:
Նեղ է հայրենիքը:
-3-
Քսան աղբաման քանդեց:
Վերջին աղբամանում
ցորեն կար ծիլ տված:
Դաշտերն ամայի էին:
-4-
Քսան աղբաման քանդեց:
19-ում կուչ եկած մի արծիվ կար:
Երկինքն իրերի սլացքներից զարմացել էր:
-5-
Քսան աղբաման քանդեց:
18-ում խոսող տիկնիկ գտավ:
Ասում էր՝ ճամփաները դրախտ են տանում:
-6-
Քսան աղբաման քանդեց:
17-ը դատարկ էր,
16-ը՝ Նեռի թիվ,
15-ը՝ հարցական:
Հարցական հայրենիք:
-7-
Քսան աղբաման քանդեց:
14-ը իր ծննդյան օրն էր:
Դատարկ:
Անխիղճ հայրենիք:
-8-
Քսան աղբաման քանդեց:
Ամեն օր օղու կիսատ
շիշ կար 13-ում:
Խմում ու երգում էր՝
անո՜ւշ հայրենիք:
-9-
Քսան աղբաման քանդեց:
12-ը դատարկ էր, բայց ժպտում էր:
Ասաց՝ քնի՛ր իմ մեջ,
երեկվա պես տեղդ զավթել են:
-Իմ տունն իմ հայրենիքն է:
-10-
Քսան աղբաման քանդեց:
11-ի տակը չկար:
Անտակ, անիմաստ օրերը անցան:
-11-
Քսան աղբաման քանդեց:
10-ը սոված էր, 9-ը՝մրսած:
Կրակ վառեց 9-ի մեջ,
ստվարաթղթով լցրեց 10-ը:
Երջանկության շուրջպար բռնեց
աղբամանների հետ:
-12-
Քսան աղբաման քանդեց:
8-ը... 8-ը լաց բերեց,
8-ը... 8-ը ժպիտ բերեց:
8-ը հայրենիք բերեց:
-Հայրենի՜ք:
Հիշեց ու լռեց:
-13-
Քսան աղբաման քանդեց:
Քսան կռունկ անցան գլխավերևով:
7-ը թառեց 7-րդ աղբամանի պռնկին:
Հարցական նայեց աչքերի մեջ:
Հարցը հասկացավ,
պատասխանեց՝ չգիտեմ:
-14-
-Ի՞նչ էր հարցնում կռունկը,-
հարցրեց 6-րդ աղբամանը:
-Ո՞րն է, բաբո՛,մեր հայրենիք:
-Ի՞նչ պատասխանեցիր:
-Ասի՝ չգիտեմ:
-15-
Քսան աղբաման քանդեց:
5-ի թափոնը զարմանալի էր.
փշրված ապակի, մանրահատակ,
դռան դատարկ փեղկ,
գաջի կտորներ
և տանտիրոջ անվան ցուցանակը:
-16-
Քսան աղբաման քանդեց:
4-ը ծիծաղում էր:
Մարդը շվարել էր,
երբ աղբամանը խոսեց.
-Գնա ուրիշ փողոց, գնա ուրիշ քաղաք,
մեկ է, մեր մեջ ավելցուկ չես գտնի:
-17-
Քսան աղբաման քանդեց:
3-րդում ձեռնոցը ձեռքից ընկավ,
գործիք էր՝աղբամաններում
կյանք տեսած:
-18-
Քսան աղբաման քանդեց:
2-րդը ասաց՝
առաջինը քեզ է սպաում,
առաջինը մեր հրամանատարն է:
-19-
Քսան աղբաման քանդեց:
1-ը հրամայեց՝ լցվե՛ք:
-20-
Քսան աղբաման քանդեց՝
բերնեբերան լցված,
թարմ ուտեստներ էին ամանորյա.
խոզի բուդ, հնդկահավ,
օղի՝ ինչքան ուզես:
Հերրթով վայելեց 1-ից 19-ը:
20-ում քարտեզն էր իր աննման երկրի:
Կուշտ կերած-խմած փորին
փաթաթեց քարտեզը,
որ չմրսի երկար-երկար
ճամփա գնալուց,
որ հայտնվի նոր դարաշրջանում,
նոր տեղանքում,
նոր օրերում:
Նորայր Գրիգորյան