ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մի ձիգ թափոր

Մի ձիգ թափոր
18.01.2026 | 13:20

Անցնում եմ հնչեղ մայրուղիներով,

և ի՜նչ տեսադաշտ, ի՜նչ գրավչություն -

պատկերներ՝ զարդուն, գծագրական,

ձեռակերտ, սակայն Արարչին վայել,-

մի գերիրական տեսիլաշար է

խաղարկվում ասես գալիքին ի սեր,-

բայց աչքիս առաջ բացվում է դարձյալ

նույն տեսարանը համր ու մելամաղձ -

մի ձիգ թափոր է շարժվում թևաթափ

խամրած լեռների ոլորաններով…

Այսու՝ ճախրանքի մարմին եմ ազատ,

հեշտ աղերսվում եմ չորս ծագերի հետ,

բայց հոգիս անվերջ ինքնավառվում է

մի փոքրիկ, դողդոջ, պարապ երկրի մեջ,

և շարանները մտապատկերաց,

որ ձևեր ունեն գեղագրական,

կերպախեղվելով փռվում են տարտամ

նույն տեսարանի տիրության առաջ –

մի ձիգ թափոր է շարժվում թևաթափ

խամրած լեռների ոլորաններով…

Բազմապատկվում են լույսերը ցնծուն

բյուր անկյուններում երկրատարածքի -

և քառակի է արյունը հեղվում

խրախճանային թնդուն գինու պես,-

կարմիրն է հոսում վտակ առ վտակ

ոստաններով ու խաչված սրտերով,

որ ծովանում է ժամանակների

ու խղճի խավար անդունդների մեջ,-

քանզի դեռ ոգու քաղցն է մոլեգնում,

դավադիրներն են ժամապահ կարգված,

և օրն ինչքան էլ վետվետա խայտուն,

նույն տեսարանն է կրկնահառնելու –

մի ձիգ թափոր է շարժվում թևաթափ

խամրած լեռների ոլորաններով…

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5334

Մեկնաբանություններ