«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ձուկ, որ թվում է, թե տեղացի է

Ձուկ, որ թվում է, թե տեղացի է
10.11.2026 | 13:06

Այսօր սիգը սերտորեն ասոցացվում է Սևանի հետ։ Այն վաճառում են լճի ափերին, պատրաստում են ռեստորաններում և ընկալում որպես սովորական տեղական սննդամթերք։ Սակայն դեռևս հարյուր տարի առաջ այս ձուկը Սևանում գոյություն չուներ։
Սիգն այստեղ բերել են 1920-ական թվականներին` ձկնային տնտեսության փորձնական զարգացման շրջանակներում։

Ինչպիսի՞ն էր Սևանը մինչև սիգի հայտնվելը

Մինչ փորձարկումը Սևանում բնակվում էին տեղական ձկների ընդամենը մի քանի տեսակներ։ Ավելի շատ այստեղ որսում էին իշխան (Սևանի կարմրախայտ), որը բնության մեջ հանդիպում է միայն այս լճում և դրա ավազանում։ Իշխանի հետ միասին` լճում ապրում էին նաև Սևանի կողակն ու Սևանի բեղլուն։
Գիտնականները նկատել էին, որ լճում շատ է զոոպլանկտոնը` մանր կենդանի օրգանիզմներ, որոնք ապրում են լճի ջրային տարածքում և որոնցով տեղական ձկները գրեթե չէին սնվում։ Իշխանը գերադասում էր բազմոտանի կողալողներին, որոնք ոչ մեծ չափերի խեցգետնակերպեր էին, իսկ կողակը սնվում էր բուսական կերով։ Այդ իսկ պատճառով գիտնականները որոշեցին, որ սնունդը կբավականացնի նաև ձկան մեկ այլ տեսակի։

Ինչո՞ւ որոշեցին լճում բնակեցնել նոր ձկնատեսակ

Խորհրդային մասնագետները ցանկանում էին մեծացնել ձկնարդյունաբերության ծավալները՝ չնվազեցնելով արդեն գոյություն ունեցող ձկնատեսակների պաշարները։ Դրա համար Սևանին անհրաժեշտ էր մի ձկնատեսակ, որը կարող էր սնվել զոոպլանկտոնով և զբաղեցնել (ինչպես այն ժամանակ ենթադրում էին) սննդի ազատ խորշը։
Ընտրությունն ընկավ սիգի վրա, որը սաղմոնազգիների ընտանիքին պատկանող, սառը ջուր սիրող ձուկ էր։ Այս նոր բնակչից սպասում էին, որ նա կլրացնի լճի ձկնային տնտեսությունը՝ իշխանի հետ չմտնելով լուրջ մրցակցության մեջ։

Միլիոնավոր ձկնկիթներ՝ հյուսիսից

1924-1927 թվականներին Սևան են հասցրել սիգի երկու ձևերի ձկնկիթ ու ձկնաթրթուրներ` Լադոգա և Չուդ լճերից։ Ընդհանուր առմամբ լիճ են բաց թողել մոտ 12,5 միլիոն ձկնկիթ ու ձկնաթրթուր՝ երկու ձևերից էլ գրեթե հավասարաչափ։ Դրանք բաշխել են լճի հինգ հատվածներում։
Արդեն 1926 թվականին սիգն սկսեց հայտնվել ուռկաններում, իսկ 1927 թվականին գիտնականները նկատեցին բնական բազմացման նշաններ։ Դրանից հետո հետագա տեղափոխումները դադարեցրին։

Սիգն սկսեց ձևափոխվել

Սևան բերված ձուկն աճում էր ավելի արագ և հասունանում էր ավելի շուտ, քան հյուսիսային լճերում։ Բազմացման համար հատկապես հարմարավետ էին հարավ-արևելյան ափերի ավազաքարային հատվածները։
Ժամանակի ընթացքում Լադոգա և Չուդ լճերի ձևերը միախառնվեցին։ Գիտական գրականության մեջ նրանց սերունդներին սկսեցին անվանել «Սևանի սիգ», սակայն այս պոպուլյացիայի ժամանակակից դասակարգումը դեռևս մնում է բանավեճերի առարկա։ Ստացվում է, որ Սևանա լճում ի հայտ է եկել ոչ թե պարզապես տեղափոխված ձուկ, այլ նոր պայմաններին հարմարված ինքնատիպ պոպուլյացիա։

Հաջողությունը միանգամից չեկավ

Առաջին տասնամյակներում սիգի քանակը դեռևս մեծ չէր։ Իրավիճակը փոխվեց 1950-ական թվականներից հետո, երբ Սևանի մակարդակն ակնհայտորեն նվազեց, իսկ ջուրը զգալիորեն տաքացավ ու հարստացավ սննդարար նյութերով։ Բազմաթիվ տեղական ձկնատեսակների համար այդ փոփոխությունը կործանարար էր, բայց սիգի համար այդ նոր պայմանները շատ հարմար էին։ Նրա պոպուլյացիան սկսեց արագ աճել, և դրան զուգահեռ մեծացավ նաև արդյունաբերական որսը։

Սևանի նոր գլխավոր ձուկը

1960-ական թվականների վերջերին սիգը դարձավ Սևանի արդյունաբերական ձկնորսության գլխավոր օբյեկտը։ Նրա պաշտոնական տարեկան որսն ավելացավ մոտավորապես 166 տոննայից (1960 թվական) մինչև 846 տոննա (1973 թվական)։ Այդպիսով՝ ձուկը, որը դեռ տարիներ առաջ գոյություն չուներ լճում, մի քանի տասնամյակում կենտրոնական տեղ գրավեց տեղական ձկնորսական արդյունաբերության մեջ։ Իշխանը, որը նախկինում կանխորոշում էր Սևանի ձկնային տնտեսությունը, աստիճանաբար այդ դերը զիջեց սիգին։

Նախագիծն աշխատեց ոչ այնպես, ինչպես սպասվում էր

Սևանում սիգին բնակեցրին այն հաշվարկով, որ այն գլխավորապես պետք է սնվի զոոպլանկտոնով։ Սակայն մեծահասակ ձկներն սկսեցին ակտիվորեն սնվել նաև կողալողերով՝ այն կերով, որից հիմնականում կախված էր իշխանը։
Այդպիսով՝ սիգն սկսեց սննդի համար մրցակցել իշխանի հետ։ Ավելի ուշ կողալողերի քանակն սկսեց նվազել` ոչ միայն ձկների սնվելու պատճառով, այլ նաև ստորջրյա բույսերի անհետացման և լճի հատակի պայմանների փոփոխության հետևանքով։

Մեղավո՞ր է արդյոք սիգը իշխանի քանակի նվազման համար

1936-1940 թվականներին Սևանում տարեկան որսում էին միջինը մոտ 578 տոննա իշխան, իսկ 1971-1975 թվականներին` արդեն 73 տոննա՝ գրեթե ութ անգամ պակաս։ Հաճախ այդպիսի կրճատումը բացատրում են սիգի հայտնվելով։ Սակայն սննդի համար մրցակցությունը պատճառներից լոկ մեկն էր։
Երբ Սևանի մակարդակը նվազեց, լճի շատ հատվածներ, որտեղ իշխանը ձվադրում էր, հայտնվեցին ցամաքում։ Նրա քանակի վրա ազդեցին նաև աղտոտվածությունը, լիճ թափվող գետերի հունի փոփոխությունները, ինտենսիվ որսն ու որսագողությունը։ Էկոհամակարգը միանգամից փոխվեց միմյանց հետ փոխկապակցված մի քանի գործընթացների ազդեցությամբ։

Ի՞նչ է տեղի ունենում այսօր

Ըստ 2025 թվականի գնահատականների՝ Սևանում կար մոտ 3600 տոննա սիգ և ընդամենը 138 տոննա իշխան։ Իշխանը դեռևս մնում է անհետացման վտանգի տակ։ Նրա արդյունաբերական որսն արգելված է, իսկ քանակը փորձում են վերականգնել լճի մեջ մանրաձկներ բաց թողնելով։
Սիգի որսը թույլատրվում է, բայց միայն պայմանագրով և քվոտայի սահմաններում։ Ազատ որսը, անօրինական ուռկանները և ձվադրման շրջանում արգելված ձկնորսությունը համարվում են որսագողություն։ Այդպիսի անհաշվենկատ որսը շարունակում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնել լճի ձկնային պաշարների համար։

Ճգնաժամային կերակրից մինչև ռեստորանային ճաշացանկ

1990-ականների ծանր շրջանում ոչ թանկ գնով վաճառվող սիգը բազմաթիվ ընտանիքների օգնեց հաղթահարելու սննդամթերքի սղությունը։ Այն տապակում էին, եփում, ապխտում, պատրաստում կոտլետներ, ձկնակարկանդակ և նույնիսկ տոլմա։ Սևանի սիգը դարձել է առօրյա սննդի մի մասնիկը և այդ տարիների մասին հիշողությունը։
Այսօր սիգն իր տեղն է զբաղեցնում նաև ժամանակակից հայկական խոհանոցում։ Սովորական դարձած տապակած ձկներին զուգընթաց՝ ռեստորաններում կարելի է փորձել նաև պաշտետ, սևիչե, բուրգերներ և մածուկ` ապխտած սիգով։
Մի ժամանակ հյուսիսից բերված ձուկը դարձել է այն սննդամթերքը, որի միջոցով խոհարարները նոր տարբերակով են ներկայացնում Սևանի համը։

Հաջողված փորձարկո՞ւմ

Տնտեսական իմաստով փորձարկումը հաջողված էր։ Սիգը բազմացավ, դարձավ Սևանի գլխավոր արդյունագործական ձուկը և մտավ առօրյա խոհանոց։ Հարյուր տարվա ընթացքում նրա օտար ծագումը ջնջվեց հասարակության հիշողությունից։ Այսօր քչերն են լճի ափին ձուկ պատվիրելիս հիշում, որ իրենց առջև 1920-ական թվականներին կայացված որոշման արդյունքն է։ Սիգի պատմությունը հիշեցնում է, որ մեզ համար սովորական դարձած բնությունը ոչ միշտ է ինքնուրույն դասավորվում, իսկ էկոհամակարգին միջամտելու արդյունքը կարող է ի հայտ գալ տասնամյակներ անց։

Թարգմանությունը՝ Խորեն ԿԱՍՅԱՆԻ
Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ