Նիկոլայ Բունիաթյանի նախագծած Թումանյան 8 հասցեի պատմական շենքը քանդման վտանգի տակ է
29.11.2026 | 14:18
Երևանի կենտրոնում՝ Թումանյան 8 հասցեում գտնվող պատմական շենքը քանդման վտանգի տակ է. դրա տարածքում նախատեսվում է բազմահարկ բնակելի համալիր կառուցել։
«Քաղաքավարի» նախաձեռնությունը բարձրաձայնել է շենքի պահպանման խնդիրը՝ քաղաքացիներին կոչ անելով տեր կանգնել Երևանի պատմաճարտարապետական ժառանգությանը։ Շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Առողջապահության նախարարությունը, նախագծել է Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանը, ով նշանակալի դեր է ունեցել մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի ձևավորման գործում։
Շենքի հնարավոր քանդման մասին դեռևս 2026 թվականի սեպտեմբերին ահազանգել էր Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ ընդգծելով, որ դրա փոխարեն բազմահարկ շենքի կառուցումը ևս մեկ հարված կլինի Երևանի պատմական կենտրոնի ճարտարապետական միջավայրին։
Երևանի քաղաքապետարանի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Պրեմիում Պլազա» ՓԲԸ-ն նախատեսում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել Թումանյան 8 հասցեում, ինչպես նաև Հանրապետության փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հարակից տարածքներում։ Նախագիծն ընդգրկում է շուրջ 5388 քառակուսի մետր տարածք։ Քաղաքապետարանի փաստաթղթերում նախկինում արձանագրվել էր, որ նախագիծը չի ապահովում կառուցապատողին պատկանող տարածքում կանաչապատման պարտադիր չափորոշիչները։
Նոյեմբերի 26-ին հրապարակված հարցազրույցում Մնացականյանը կրկին անդրադարձել է շենքի հնարավոր քանդմանը՝ քաղաքապետարանին կոչ անելով առևտրային կառուցապատման շահերից վեր դասել մայրաքաղաքի պատմաճարտարապետական ժառանգության պահպանումը։
Թումանյան 8 հասցեում գտնվող շենքի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին օրակարգ է բերում Երևանի պատմական կառուցապատման պահպանման խնդիրը։ Մայրաքաղաքն արդեն կորցրել է իր ճարտարապետական դիմագիծը ձևավորած մի շարք խորհրդանշական կառույցներ, այդ թվում՝ Երիտասարդական պալատը և «Սևան» հյուրանոցը։
«301 Հայերեն»-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ