ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Սոլոն

Սոլոն
16.05.2025 | 22:00

Աթենական երկրի չնաշխարհիկ բույն էր Սալամիս կղզին,

ուր մուսաները հանգրվանում էին շքեղ հանդեսներով.-

դրա՜խտ եզերք էր, ու սատանան էր նաեւ հրապուրված

նրա թովչանքով:-

Անհաշտ մեգարցիք ախոյանաբար զավթեցին մի օր

սրտիկը երկրի

եւ մխեցին էնտեղ իրենց դրոշներն արնականաչ…

Պի՛ղծ էին Աթենքի օլիգարխները - վախկո՛տ, կաշառու՛ն,-

նրանք միաձայն օրենք թխեցին՝ հրաժարվելով կղզուց հայրենի,

հռչակագրեցին, որ աթենացիք չհիշատակեն անունն Սալամիս,

մահապատիժ էր սպառնում հանդուգն զանցառուներին:

Բայց սանձեր չկան աստվածաշնորհ պոետների համար,

ըմբոստներն արդար չեն խղճահարվում սպառնալիքից -

խենթորեն են նրանք մաքառում հանուն վսեմ երազանքի:-

Եվ Սոլոնի ձայնը ագորայում հնչեց հրաշագործ բասով,

ինչպես վայելուչ է Հայր-պոետին եւ Պոետ-մարտիկին,-

գեղափայլ խոսքով նա ամենեցուն գոչեց լիասիրտ.

«Գնա՛նք Սալամիս, եղբայրներ ու քույրեր,

եւ անձնուրաց կռվենք վասն մեր սուրբ կղզու,

վանե՛նք մեզնից հեռու էս խոր անարգանքն ու ամոթը խիստ»:

Եվ ազնվահոգի աթենացիք ելան ընդդեմ զավթիչների -

արհամարհելով օրենք ու պատիժ,

լեցուն՝ պատվական անվեհերությամբ:-

Շուտով Սալամիսում վերստին բնավորվեց

աթենական վեհ ու ազատածին ոգին,

եւ Օլիմպոսում ցնծացին բոլոր աստվածները:

(Սոլոն - հունաց խիղճ, նախապապ երգիչ,

քո ձայնն եմ լսում էս ներկահալած ժխորների մեջ,

թույլ տուր խոսքերդ կրկնեմ տարաբախտ Արցախիս սիրուն,

ուր ոսոխն է անտ ժրանում փութով,

ում անունը սեւ խարան է հիմա

ուրացողների ճակատներին քար):

Օ՜ Սոլոն, Սոլոն, քո սերն առավել զորեղ-գեղեցիկ էր

հայրենիքի հանդեպ, քան բուն Սալամիսը,

բայց դու գիտեի՜ր - առանց հայրենի մի կտորի՝ ինքդ

մատաղի գառ ես կամ՝ հավքի փետուր,

եւ մատաղ է ինքը՝ Աթենքն աստվածատուր:

12.04.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ.

Սոլոն (635-560 մ.թ.ա.) – հույն բանաստեղծ եւ քաղաքական գործիչ: Նրա հեղինակած օրենքները եղան այն հիմքը, որի վրա զարգացավ աթենական դեմոկրատիան:

Հայրենակիցների շրջանում ուներ մեծ հայրենասերի համբավ:

Սոլոնի սխրանքի մասին համառոտ կարող եք կարդալ այստեղ. «Անտիկ, միջնադարյան եւ Վերածննդի գրականություն», Երեւան, «Արեւիկ» հր., 1990, էջ՝ 762:

Դիտվել է՝ 4858

Մեկնաբանություններ