Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

ՈՒղերձ բանտից. Ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին

ՈՒղերձ բանտից. Ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին
24.04.2026 | 13:03

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ուղղված իմ այս ուղերձն այս անգամ այլ է լինելու։ Երբևէ չէի պատկերացնի, որ բանտ կընկնեմ հայ լինելու և թուրքական նկրտումների դեմ պայքարելու համար։ Երբեք մտքովս չէր անցնի, որ կգա մի օր, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Արարատը, Արցախն ու Հայոց ցեղասպանությունը չուրանալը հիմք կդառնան, որ ինձ բանտարկեն հենց Հայաստանում։

Մի՞թե պատմության անիվը նորից հետ է պտտվում։ ՈՒղիղ 111 տարի առաջ Արևմտյան Հայաստանում նույնպես երիտթուրքերի ստին հավատացող հայերի պակաս չկար։ Պատմությունը վկայում է. այն բնակավայրերում, որտեղ ձևավորվեց ինքնապաշտպանություն, և հայը զենք վերցրեց՝ փրկվեցին։ Իսկ այնտեղ, որտեղ գերիշխեց թուրքի խամաճիկների «խաղաղության քարոզը», և ժողովուրդը հրաժարվեց պայքարից՝ բոլորը ցեղասպանվեցին։

Անցել է 111 տարի, բայց ձեռագիրն ու ծրագիրը նույնն են։ Ով գեթ մեկ անգամ կարդացել է Հայոց ցեղասպանության պատմությունը կամ մազապուրծ եղածների վկայությունները, կհաստատի խոսքերս.

Նույն յաթաղանի սպառնալիքը մեկ դար անց։

Նույն կեղծ խաղաղության խոստումները։

Նույն թուրքական անզիջում պահանջները։

Այն, ինչ արեց Թուրքիան 111 տարի առաջ, այսօր անում է Ադրբեջանը։ Տարիների ընթացքում փոխվում են վարչակարգերը, բայց չեն փոխվում պանթուրքիստական ծրագրերը։

Իմ նախնիները մշեցի են։ Ցեղասպանության օրերին նրանք զենքը ձեռքին կռվել են թշնամու դեմ։ Ինչպես լուսահոգի տատս էր պատմում արցունքն աչքերին՝ շատերը զոհվեցին՝ ծնկի չգալով թշնամու առաջ, բայց իրենց պայքարով ու կյանքի գնով փրկեցին հազարավորների։

Այս ապրիլի 24-ը փորձություն է լինելու հայ ժողովրդի համար։ Այդ օրը մենք միասնական պետք է հարգանքի տուրք մատուցենք մեր նահատակների հիշատակին՝ ապացուցելով աշխարհին, որ հայը երբեք չի մոռանա և չի ուրանա իր պատմությունը։ Մենք ազգովի պետք է ցույց տանք, որ Արարատը եղել է ու կմնա հայկական, և որքան էլ փորձեն ոչնչացնել մեր ինքնությունը, մշակույթը, եկեղեցին ու պատմությունը, միևնույն է՝ մենք եղել ենք, կանք ու հավերժ կլինենք։

Վստահ եմ՝ մի օր մենք միասնաբար կհասնենք պատմական արդարության։

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին։

Արթուր Վալերիկի ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՊ կուսակցության նախագահ

Արմավիրի ՔԿՀ (բանտ)

24.04.2026թ.

Հ․Գ․

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը անազատության մեջ լինելուց զատ ենթարկվում է խոշտանգման, քանի որ զրկված է համապատասխան բուժօգնությունից` նրա առողջական վիճակը օր օրի վաթարանում է.

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ