Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

108 կմ/ժ՝ մահվան արագություն և անպատժելիության «էսթետիկա»

108 կմ/ժ՝ մահվան արագություն և անպատժելիության «էսթետիկա»
25.04.2026 | 14:57

Հյուսիս–հարավ մայրուղու Աշտարակ–Գյումրի նորաբաց հատվածում առավելագույն թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է։ Համեմատության համար հիշեցնեմ. երբ 2022 թվականի ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի շարասյան ուղեկցող մեքենան հարվածեց և սպանեց հետիոտնային անցումով, կանաչ լույսի տակ անցնող 28-ամյա հղի կնոջը, ապա առանց կանգնելու հեռացավ դեպքի վայրից, այդ մեքենայի արագությունը 108 կմ/ժ էր։

Ու թեպետ Սոնա Մնացականյանը որևէ սխալ կամ անթույլատրելի քայլ չէր արել, նիկոլական քարոզչամեքենան ողջ թափով լծվեց զոհին մեղավոր կարգելու գործին: Միանգամից շրջանառվեցին թեզեր, թե «կարգավորող ոստիկանին չի լսել, կամակորություն է արել», կամ՝ «հատուկ է իրեն շարասյան տակ գցել, որովհետև ընդդիմադիր էր» և այլն։

Այդ ստերի մի մասը, ցավոք, հասավ իր նպատակին և դաջվեց մարդկանց ուղեղներում: Առ այսօր էլ առօրյա զրույցներում կարելի է լսել. «Ախպեր, դե էդ աղջիկն էր մեղավոր, ոստիկանին չէր լսել»։

Սակայն ավելի քան երեք տարի ընթացող դատական գործընթացում նման որևէ փաստ չի հաստատվել։ Փոխարենը հաստատվել է մեկ այլ՝ սառը իրողություն. շարասյունն ուղեկցող մեքենայի արագությունը 108 կմ/ժ էր։ Բայց այս մասին, ցավոք, շատ քչերը գիտեն։

Ի դեպ, չնայած անցյալ տարվա ամռանը դատարանը բազմաթիվ ձգձգումներից հետո մեղավոր ճանաչեց վարորդին ու դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման, նա դեռ ազատության մեջ է և շարունակում է աշխատել համակարգում։ Ինչո՞ւ։ Որովհետև մինչև գործն անցնի վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններով, վաղեմության ժամկետը կարող է լրանալ, և մեղադրյալն այդպես էլ կմնա անպատիժ։

Իսկ շարասյան պատասխանատուներին (ովքեր նաև սահմանում են այդ արագությունը) ընդհանրապես որևէ մեղադրանք չառաջադրվեց։ Չնայած տուժած կողմի բազմաթիվ բողոքներին ու դատարաններ դիմելուն՝ նրանց դեմ գործ չի հարուցվում։

Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մահացու վրաերթի գործը միայն մեկ ընտանիքի ողբերգությունը չէ։ Սա ախտորոշում է. այսօր ցանկացած մարդ՝ անկախ սեռից, տարիքից կամ քաղաքական հայացքներից, կարող է հայտնվել նիկոլական իշխանության «կատոկի» տակ։

Մեզնից յուրաքանչյուրը կարող է կանաչ լույսի տակ, «զեբրայով» անցնելիս ընկնել որևէ իշխանավորի խելակորույս շարասյան տակ, կարող է մտնել եկեղեցի՝ պատարագի, ու հայտնվել բանտում, կարող է երեխայի հետ նստել մետրո ու ենթարկվել անձամբ Նիկոլի հարձակմանը։

Այս ամենը քաղաքական է, թեպետ շատերս դեռ փորձում ենք փախչել այդ մտքից:

Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ Սոնա Մնացականյանի միջադեպից հետո, առանց ավելորդ աղմուկի, օրենսդրական փոփոխություններ կատարվեցին: Հիմա իշխանական ավտոշարասյունները գործնականում կարող են սլանալ ցանկացած արագությամբ՝ մնալով բացարձակ անպատիժ։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Հ.Գ.

Կիրակի օրը՝ ապրիլի 26-ին, լրանում է Սոնայի և նրա չծնված փոքրիկի մահվան 4 տարին։

Աստված հոգիները լուսավորի։

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ