Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

«Մեծ գործարքից» հետո աշխարհաքաղաքական «հայացքներն» անխուսափելիորեն ուղղվելու են Հարավային Կովկաս

«Մեծ գործարքից» հետո աշխարհաքաղաքական «հայացքներն» անխուսափելիորեն ուղղվելու են Հարավային Կովկաս
17.06.2026 | 14:50

ՀՀ ներքաղաքական կյանքում 2026 թվականի ընտրություններից հետո ձևավորված պատկերը առաջին հայացքից կարող է կայուն թվալ, սակայն քաղաքական գործընթացները, որպես կանոն, գնահատվում են ոչ միայն ստեղծված ներքաղաքական իրավիճակով, այլև աշխարհաքաղաքական միջավայրով։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հենասյուներից մեկը ժամանակի գործոնն է։ Փաշինյանը մշտապես փորձել է աշխատել այն տրամաբանությամբ, որ արտաքին աշխարհում առկա հակասությունները, պատերազմներն ու մրցակցությունները թույլ չեն տա մեծ խաղացողներին ամբողջ ծավալով կենտրոնանալ Հարավային Կովկասի վրա։

Ինչպես ցույց են տալիս ԱՄՆ-Իրան ընթացող բանակցությունները, հունիսի 19-ին կունենանք կողմերի միջև կնքված համաձայնություն, որն իր հերթին կձևավորի բոլորովին նոր իրավիճակ։ Անգամ, եթե կողմերը չլուծեն բոլոր տարաձայնությունները, արդեն իսկ ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարժվում են հարաբերությունների հարաբերական կայունացման ուղղությամբ։ Դրան նպաստում է նաև Թրամփի քաղաքական մտածողությունը, որը հիմնված է ոչ թե անվերջ հակամարտությունների, այլ մեծ գործարքների տրամաբանության վրա։

Եթե Թրամփի վարչակազմը Իրանի հետ կարողանա հասնել այնպիսի համաձայնության, որը կապահովի Թեհրանի անվտանգային հիմնական շահերը և միաժամանակ հնարավորություն կտա Վաշինգտոնին նվազեցնելու իր ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, ապա ամբողջ տարածաշրջանային հաշվեկշիռը կարող է փոխվել։ Այդ դեպքում Իրանը ոչ միայն դուրս կգա միջազգային մեկուսացման որոշակի փուլից, այլև կստանա քաղաքական և տնտեսական առումով մանևրելու ավելի մեծ հնարավորություն։ Այս հանգամանքն իր հերթին անմիջական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հանդուրժել այնպիսի տարածաշրջանային վերաձևավորումներ, որոնք կսահմանափակեն իր կապը Հայաստանի հետ կամ կհանգեցնեն ուժային հավասարակշռության խախտման (ԹՐԻՓՓ)։ Եթե Իրանը դուրս գա ճնշման ռեժիմից և ստանա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր ձևաչափ, ապա նրա դիրքորոշումը կարող է դառնալ ավելի ազդեցիկ։

Դրան զուգահեռ, Իրանի ուղղությամբ լարվածությունը կնվազի, միջազգային ուշադրությունը բնականորեն տեղափոխվելու է այլ առաջնահերթությունների վրա։ Այդ առաջնահերթություններից ամենակարևորը ռուս-ուկրաինական պատերազմն է։ Թրամփն ինքը բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության առանցքային նպատակներից մեկը։ Իսկ երբ սկսվի այդ մեծ գործընթացը, անխուսափելիորեն աշխարհաքաղաքական «հայացքները» ուղղվելու են Հարավային Կովկաս։

Հենց այստեղ էլ սկսվում է ՀՀ իշխանությունների խնդիրը, քանի որ, եթե միջազգային խաղացողները վերադառնան տարածաշրջան և սկսեն արագացնել չլուծված հակամարտությունների կարգավորման գործընթացները, ապա Երևանը ստիպված է լինելու շատ ավելի կոնկրետ պատասխաններ տալ այն հարցերին, որոնցից մինչ այժմ հաջողվել է խուսափել։

Չմոռանանք Ալիևի կողմից տարիներ շարունակ հնչող ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը, որը մնում է առանցքային նախապայմաններից մեկը։ Այստեղ Փաշինյանի իշխանությունը բախվում է մի խնդրի, որի լուծման համար միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Փաստացի՝ այսօր ԱԺ-ում գործող իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։

Ստացվում է կազուս․ Փաշինյանի քաղաքական լեգիտիմության զգալի մասը կառուցված է խաղաղության օրակարգի վրա, սակայն այդ օրակարգի ավարտական փուլը կախված է մի գործընթացից, որի համար նա չունի բավարար քաղաքական ռեսուրս։ Որքան ավելի մոտենա այդ պահը, այնքան ավելի ակնհայտ է դառնալու իշխանության և իրական հնարավորությունների միջև առկա անհամապատասխանությունը։

Հետևաբար, այսօր առավել իրատեսական է թվում ոչ թե այն սցենարը, որի համաձայն գործող խորհրդարանը հանգիստ կաշխատի մինչև 2031 թվականը, այլ այն տարբերակը, ըստ որի, առաջիկա տարիներին Հայաստանը կարող է մտնել քաղաքական վերադասավորումների հերթական փուլ։ Իհարկե, քաղաքականությունը մաթեմատիկա չէ, և ապագան երբեք չի գրվում կոնկրետ բանաձևով, սակայն ակնհայտ է մեկ բան․ այն հաշվարկները, որոնց վրա կառուցվել է գործող իշխանության երկարաժամկետ ռազմավարությունը, այսօր աստիճանաբար մտնում են փակուղի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ