Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-3

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-3
30.06.2026 | 17:22

Սկիզբը՝ այստեղ

(կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները)

Որպեսզի հասկանանք, թե ինչ մեխանիզմով է աշխատում թուրքական կինոարդյունաբերության հզոր մեքենան, նախ անհրաժեշտ է ջրի երես հանել հատկապես այն «շնաձկներին», որոնք միլիարդավոր դոլարների շրջանառությամբ ձևավորում են թուրքական կինոաշխարհի նվաճողական ու ագրեսիվ ռազմավարությունը։

Ագրեսիվ, քանի որ այն գործում է մեծ ծավալներով, անդադար, լեռներից իջնող տղմոտ սելավի ամենակուլ ուժով և առանց այլընտրանքի: Նրանք միլիարդներ են ներդնում, որպեսզի թվային բոլոր հարթակները՝ Netflix-ը, YouTube-ը, հեռուստաալիքները, ողողեն իրենց արտադրանքով՝ թույլ չտալով, որ սպառողն ազատ շնչի կամ այլ բան ընտրի: Դա տեղեկատվական-մշակութային դաշտի ագրեսիվ օկուպացիա է:

Ի դեպ, Թուրքիան Netflix-ի համար դարձել է արտադրության գլխավոր հաբերից մեկն աշխարհում: Նրանք ոչ միայն տեղական հեռուստաալիքներով են սփռվում, այլև հատուկ արևմտյան հարթակների համար ստեղծում են բարձրորակ բովանդակություն՝ թուրքական կենցաղն ու պատմությունը «եվրոպականացված» ու գրավիչ փաթեթավորմամբ մատուցելու համար:

Թուրքական սերիալների արտադրողները (ինչպիսիք են Ay Yapım-ը կամ Tims & B-ն) իրենց սերիալները գրեթե անմիջապես, պաշտոնական կանալներով և բարձր որակով, անվճար տեղադրում են YouTube-ում՝ տարբեր լեզուների (այդ թվում՝ ռուսերենի, որով հիմնականում նայում է հայ սպառողը) կրկնօրինակմամբ կամ ենթատեքստերով: Սա արվում է գիտակցված՝ հասանելիության արգելքները վերացնելու և «ամենակուլ սելավն» ապահովելու համար:

Թուրքիայում մեդիայի և հեռուստաարտադրության դաշտը բաժանված է երկու հիմնական թևերի՝ մասնավոր մեդիահոլդինգներ և պետական հզոր մեդիաընկերություն՝ TRT։

Այժմ առանձնացնենք թվային ամենաազդեցիկ այն «ագրեսորներին», որոնք 21-րդ դարում «փափուկ ուժով» են ասպատակում աշխարհը։

Առաջին հորիզոնականում անվերապահորեն TRT-ն է՝ Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նեոօսմանիզմն ու պանթուրքիզմը «բարձր մակարդակով» քարոզելու համար, Էրդողանի «սուլթանության» հենց առաջին տարիներից TRT-ն ստացավ միլիարդավոր դոլարների բյուջե, որի հիմնական մասը ձևավորեցին էլեկտրաէներգիայի վճարներից գանձվող հատուկ հարկերից, տեխնիկայի վաճառքի տուրքերից և նախագահի վարչակազմի անմիջական հատկացումներից։

TRT-ի ամենաեկամտաբեր աղբյուրը բանդրոլային՝ պիտակային տուրքն է։ Թուրքիայում այս հարկը պաշտոնապես կոչվում է «TRT Bandrol Ücreti»՝ TRT-ի բանդրոլային/պիտակային վճար։

Հեռուստա կամ ռադիոազդանշան ընդունող ցանկացած սարքավորում՝ սմարթֆոններ, հեռուստացույցներ, պլանշետներ, համակարգիչներ, անգամ ավտոմեքենաների մեդիահամակարգեր, ներմուծելիս կամ արտադրելիս հարկվում է հօգուտ TRT-ի։

Սմարթֆոնների վրա դրված այդ հարկը կազմում է 10-12%, հեռուստացույցներինը՝ 8-16%։

Յուրաքանչյուր քաղաքացի Թուրքիայում գնելով ժամանակակից տեխնիկա, ակամա ֆինանսավորում է TRT-ի «պատմական» սերիալների արտադրությունը։

2023 թվականի տվյալներով՝ TRT-ի ընդհանուր եկամուտների ավելի քան 86%-ը գոյացել է հենց հիշյալ տուրքից։

Սկսած 1984 թվականից Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացու և բիզնեսի էլեկտրաէներգիայի հաշվին ավելացվում էր 2% հավելավճար, որն ուղիղ մուտք էր գործում TRT-ի բյուջե։

2021-ի վերջերից, տնտեսական ճգնաժամի և էլեկտրաէներգիայի սակագների կտրուկ թանկացման ֆոնին, հանրության դժգոհությունը մեղմելու նպատակով Էրդողանը չեղարկեց էլեկտրաէներգիայի հաշվից TRT-ին հատկացվող 2%-ը, ինչն ուժի մեջ մտավ 2022-ի հունվարից։

Բա՞յց․․․ Էրդողանը ժամանակակից Թուրքիայի սուլթան չէր համարվի, եթե ինչ-որ 2%-ի պատճառով թույլ տար հարվածի տակ դնելու իր կյանքի գլխավոր իմաստի՝ նեոօսմանիզմի ու պանթուրքիզմի քարոզչությունը, դրանով իսկ խոչընդոտելով նվաճողական այդ գաղափարախոսության օրեցօր թափ հավաքող հաղթարշավին՝ տարբեր մայր ցամաքներում ապրող հարյուրավոր միլիոնների արդեն լվացված ուղեղներում ու հմայված հոգիներում։

Ե՞վ․․․ որպեսզի TRT-ն չտուժի, նույն ժամանակահատվածում Էրդողանի հրամանագրով կտրուկ բարձրացվեցին տեխնիկայի վաճառքից գանձվող բանդրոլային տոկոսադրույքները։

Այսինքն՝ լույսի փողից հանված գումարը պետությունը հետ վերցրեց հեռախոսների ու մեքենաների հարկերից։

Ինչե՜ր չես անի հանուն նեոօսմանիզմի ու պանթուրքիզմի «վառ» ապագայի»։ Սուլթան Էրդողանն առանց աչքը թարթելու բանեցրեց տնտեսգիտական՝ «գրպանից գրպան» հայտնի տրյուկը։

Ինչո՞վ վիրտուոզ չէր։

Միջին վիճակագրական սպառողի համար ամենացավոտ և տեսանելի ծախսից՝ ամենամսյա էլեկտրաէներգիայի հաշվից, հանեց 2% հավելավճարը և խցկեց հեռախոսներ, կենցաղային տեխնիկա, մեքենաներ գնող քաղաքացիների գրպանները՝ ստեղծելով ոչ միայն պետական հոգածության, այլև սոցիալական վիճակի բարելավման պատրանք:

Հանճարեղ ձեռնաշարժություն, որով մեղմեց և՛ հանրային դժգոհությունը, և՛ «հարկային բեռը թեթևացնելու» մասին բարձրաձայնելու քաղաքական դիվիդենտ ստացավ:

Իսկ ամենակարևորը՝ չփոխվեց TRT-ի բյուջետային իրական հավասարակշռությունը. պետական այդ մեդիահոլդինգի ֆինանսավորումը մնաց անխաթար, իսկ ֆինանսավորման աղբյուրը դարձավ «թաքնված»:

Եթե հայերը կարծում են, թե միայն Փաշինյանն է վիրտուոզ աճպարար՝ չարաչար սխալվում են։ «Բարձր դռնից» ((Bâb-ı Âli)) ժամանակ առ ժամանակ նրան հրահանգներ իջեցնող նեոսուլթանը մրցակցությունից դուրս է։

Դեռ ինչքա՜ն «պերաշկի» ու «կուկուռուզ» պիտի կրծի Նիկոլը, կամ խանձած խոզի կաշի պոկռտի, որ հասնի իր սրտի տիրակալի «պրոֆեսիոնալիզմին»։

Հավելենք՝ բացի թիրախային հարկերից, TRT-ն ուղղակի սուբսիդավորում է ստանում պետական բյուջեից և նախագահի վարչակազմի կողմից վերահսկվող հատուկ ֆոնդերից՝ իր միջազգային նախագծերի (ինչպիսին է TRT World) և հակահայկական ու պրոթուրքական ֆիլմերի իրականացման համար։

Ի տարբերություն մասնավոր հեռուստաալիքների, որոնց գործունեությունն անմիջականորեն կախված է վարկանիշներից և գովազդատուներից, TRT-ի համար գովազդը եկամուտների ընդհանուր ծավալի ընդամենը 13-14%-ն է կազմում։

Այս ֆինանսական անկախությունը մասնավոր շուկայից TRT-ին հնարավորություն է տալիս չմտածել ֆիլմերի կոմերցիոն շահութաբերության մասին։ Որովհետև նրանց «շահույթը» չափվում է ոչ թե դոլարներով, այլ մարդկային ուղեղներ նվաճելով։

Մինչ մասնավոր հեռուստաալիքները ստիպված են ցածր վարկանիշի պատճառով կեսից փակել սերիալները, TRT-ն կարող է տարիներով նկարահանել միևնույն պանթուրքիստական հեքիաթը, որովհետև թիկունքին կանգնած է պետական բյուջեն։ Սա կապիտալիստական շուկայի կանոններից դուրս գործող ռազմականացված կինոարտադրություն է։

TRT-ն, որը սովորական պետական ալիքից դարձավ համաշխարհային մասշտաբների մեդիակայսրություն և թուրքական «փափուկ ուժի» գլխավոր գործիք, որքան էլ de jure համարվում է հանրային հեռարձակող, այնուամենայնիվ, de facto ամբողջությամբ գործում է պետության և իշխող քաղաքական ուժի վերահսկողությամբ ու թելադրանքով։

TRT-ն իր միջազգային արտաքին հեռարձակումների (17 հեռուստաալիք), թվային հարթակների և ռադիոյի (17 ռադիոկայան) միջոցով ընդհանուր առմամբ գործում է 41 տարբեր լեզուներով (այդ թվում՝ հայերեն) և բարբառներով։ Էրդողանի կառավարությունը վերջին տարիներին, հատկապես, թիրախային մեծ ներկայություն է ապահովել եվրոպական, աֆրիկյան և բալկանյան ուղղություններով: Առանձին խոշոր հարթակներ են գործում գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և պարսկերեն լեզուներով։

Բացի սեփական լեզվական հարթակներից, TRT-ի արտադրած սերիալներն ու ֆիլմերը պաշտոնապես թարգմանվում, կրկնօրինակվում և վաճառվում են աշխարհի ավելի քան 50 լեզուներով՝ ընդլայնելով դրանց աշխարհագրական շառավիղն ու ազդեցությունը։

Հենց TRT-ով հեռարձակվեցին այնպիսի հայտնի սերիալներ, ինչպիսիք են «Հարություն․ Էրթուղրուլ»-ը կամ «Արթնացում․ Մեծ Սելջուկներ»-ը։ Դրանց բյուջեները երբեք չեն խնայվել։ Էրդողանն անձամբ էր այցելում նկարահանման տաղավարներ ու հրապարակներ՝ հասկանալով, որ սա իր քաղաքական կուրսի գլխավոր PR գործիքն է (հղումը՝ Հ․Գ․-ում):

Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի TRT-ի հայերեն բաժնի ռազմավարությունը, որը գործում է «գայլը՝ գառան մորթով» նենգ մարտավարությամբ։ Սա սովորական լրատվամիջոց չէ, այլ հայալեզու քողարկմամբ իսկական հոգեբանական ական, որի թեմատիկ ընտրությունն ու սերիալային պատառիկների մատուցումը նպատակ ունեն կաթվածահար անել հայի պատմական հիշողությունն ու ազգային դիմադրողականությունը։

TRT-ի հայալեզու հարթակները (թե՛ արբանյակային, թե՛ հատկապես սոցիալական ցանցերի՝ YouTube-ի, Facebook-ի ու TikTok-ի էջերը) սովորական մեդիա չեն. դրանք հատուկ նպատակային թիրախավորման գործիքներ են՝ ստեղծված հենց հայ հասարակության ներսում տեղեկատվական-հոգեբանական դիվերսիաներ անելու համար։

TRT Հայերենի գլխավոր նպատակն է կոտրել հայ սպառողի հոգեբանական դիմադրողականությունը և օտարման ու թշնամանքի զգացումը փոխարինել «բնականոն հարևանության» պատրանքով։

Առաջին պլան է մղվում լեզվական մանիպուլյացիան։ Նրանք չեն խոսում կոպիտ, կոտրատված հայերենով։ Նրանք աշխատանքի են վերցնում պրոֆեսիոնալ հայախոսների՝ հաճախ պոլսահայերի կամ արևելահայերենին կատարյալ տիրապետող մասնագետների, որպեսզի հաղորդավարի ձայնն ու տեքստը հայ ընթերցողի մոտ ներքին տագնապ կամ տհաճություն չառաջացնեն։

Նրանց էջերում հազվադեպ են բացահայտ հակահայկական, ագրեսիվ հայտարարությունները։ Փոխարենը՝ լուրերն այնպես են մատուցում, ասես Թուրքիան տարածաշրջանի խաղաղության միակ երաշխավորն է, իսկ հայ-թուրքական հարաբերությունների ձախողման մեջ մեղավոր են «երրորդ ուժերը» կամ հայկական կողմի «կաղապարված» մտածողությունը։

TRT Հայերենի թեմատիկան ընտրվում է հոգեբանական խոր հաշվարկով։ Նրանք շեշտը դնում են հետևյալ առանցքային ուղղությունների վրա.

«Կորսված դրախտի» էսթետիկա․

Հաճախ են պատրաստվում ռեպորտաժներ Արևմտյան Հայաստանի քաղաքների՝ Կարսի, Անիի, Վանի, Մուշի մասին։

Բայց ուշադրությու՛ն. նրանք այդ ամենը ներկայացնում են ոչ թե որպես հայկական մշակութային ժառանգություն, այլ որպես «Օսմանյան կայսրության բազմամշակութային հարստություն» կամ «Թուրքիայի պատմական գանձեր»։ Նպատակը մեկն է՝ պատմական հայրենիքի գաղափարը հայ երիտասարդի ուղեղում տրանսֆորմացնել և վերածել սովորական «տուրիստական բրենդի»։

Կրոնական և էթնիկ «հանդուրժողականություն».

Պարբերաբար ցուցադրում են Պոլսի հայոց պատրիարքարանի արարողությունները, հարցազրույցներ թուրքահայերի հետ, ովքեր պատմում են, թե որքան «ապահով, ազատ ու երջանիկ» են ապրում Էրդողանի Թուրքիայում։

Սա Թուրքիայի հավերժական այցեքարտն է Արևմուտքի և հենց Հայաստանի աչքում, որով փորձում է մաքրվել Ցեղասպանության արյունից ու ներկայանալ որպես «ժողովրդավարության օազիս»։

Տնտեսական «փայլը».

Ռեպորտաժներ Թուրքիայի տնտեսական հաջողությունների, տեխնոլոգիական ձեռքբերումների ու մեգանախագծերի մասին՝ հայ սպառողի մոտ ենթագիտակցական հիացմունք և սեփական պետության հանդեպ հուսահատություն առաջացնելու նպատակով։

Սա հոգեբանական պատերազմի դասագրքային օրինակ է։ Երբ մարդուն անդադար ցույց ես տալիս հարևանիդ հզորությունն ու քո երկրի թուլությունը, նա ինքնաբերաբար կորցնում է պետություն պահելու կամքը։

TRT Հայերենը, ի տարբերություն մյուս լեզվական բաժինների, սեփական հարթակներում ուղիղ հեռարձակմամբ 24-ժամյա սերիալներ չի ցուցադրում, բայց նրանք կատարում են շատ ավելի վտանգավոր գործ. իրականացնում են թուրքական գաղափարախոսական մեծ ֆիլմերի և պատմական սերիալների «մատչելիացում» հայ ընթերցողի ու սոցցանցերի օգտատերերի համար։

Վերցնում են իրենց իսկ արտադրած «պատմական» մեծ սերիալների («Էրթուղրուլ», «Օսման», «Մեծ Սելջուկներ») ամենաէմոցիոնալ, «արդարության», «վեհանձնության» և «մարդասիրության» տեսարանները, թարգմանում կամ ենթագրում են հայերեն և տարածում TikTok-ում ու Facebook-ում։

«Մանրակրկիտ կտրտված պատառիկների» տարածումը, ի դեպ, ժամանակակից հիբրիդային պատերազմների ամենաարդյունավետ մեթոդն է։

TikTok-ի և Reels-ի դարաշրջանում քչերը 2,5 կամ 3 ժամանոց թուրքական սերիալ կնայեն, բայց 30 վայրկյան տևողությամբ, հայերեն ենթագրերով, էմոցիոնալ ու «վեհանձն» մի տեսարան աննկատ կանցնի հայ պատանու հոգեբանական ֆիլտրերով ու կնստի ենթագիտակցության մեջ։

Սա կոչվում է «կլիպային մտածողության» թիրախավորում։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Հղումը՝ https://www.youtube.com/watch?v=4oKOCVzg8aY

Դիտվել է՝ 355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ