ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Հոգլանդի պլանը Բրայզայի պլանն է, այսինքն` Հեյդար Ալիևի

Հոգլանդի պլանը Բրայզայի պլանն է, այսինքն` Հեյդար Ալիևի
12.03.2019 | 01:08

Վերջերս «Ամերիկայի ձայնի» հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) հարցազրույցը վերահաղորդվեց որոշ ռուսական և այսրկովկասյան ԶԼՄ-ներում, այդ թվում` հայկական։ Ոմանք շտապեցին մեզ հասկացնել, թե իբր Հոգլանդը «նախազգուշացնում է հայերին»։ Հայաստանի ամերիկամետներ, եկեք ես էլ ձեզ նախազգուշացնեմ։ Ամերիկացի դիվանագետը գնահատել է Արցախի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման հեռանկարներն այն իրավիճակում, երբ «ինքը թողեց պետական ծառայությունը և այժմ ներկայացնում է սեփական տեսակետը»։ Աշխարհը հիանալի գիտի, որ Արցախի խնդրով բոլոր բանակցությունները վարվել ու վարվում են գաղտնիության ռեժիմով, որին, որպես կանոն, հետևում են ոչ միայն հակամարտող կողմերը, այլև միջնորդները։ Ճիշտ է Բաքուն մի անգամ բացատրեց, թե ինչ է հասկանում «ինքնուրույն բանակցություններ» ասելով։ Պարզվում է, որ դա «հավատարմություն է հետևողականության սկզբունքին` պահպանելով գաղտնիությունը»։ Հավանաբար համանախագահները և հակամարտող կողմերն այն տեղեկությունների հետ վարվելու միասնական կարգ են սահմանել, որոնք ենթակա չեն հրապարակման։ Հնարավոր է, որ նույնիսկ գոյություն ունի բոլորի կողմից ընդունված փաստաթուղթ, որում նկարագրվում են փակ բնույթ ունեցող տեղեկույթի պահպանման պայմանները և գաղտնիության ռեժիմը պահելու հսկողությունը։ Կամ գործում է բանավոր պայմանավորվածությունը։


Չգիտեմ, իրավունք ունե՞ր Հոգլանդը, թեկուզ պաշտոնաթողությունից հետո, հրապարակելու գաղտնի տեղեկություններ այն նախագծերի մասին, որոնք քննարկվել են Արցախյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացի ժամանակ։ Խնդիրն այն է, որ նա հերթական մեքենայությունն է սկսել արցախյան հարցի շուրջը։ Ըստ Հոգլանդի, «վերջին իրադարձությունները, ներառյալ կողմերի շարունակվող երկխոսությունը և շփման գծում բախումների կտրուկ նվազումը, որոշ լավատեսություն են ներշնչում, սակայն լուրջ առաջընթաց չի լինի»։ Բայց հետո նա վկայակոչում է ինչ-որ «Լավրովի պլան», որին «հավանություն չտվեց կողմերից ոչ մեկը», այն է` «ղարաբաղյան կարգավորման գծով Լավրովի առաջարկած փաստաթուղթը հիմնված է մադրիդյան սկզբունքների վրա` որոշ տարբերություններով»։ Հոգլանդը պնդում է. «Հիմնական տարբերությունը հանրաքվեն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների շրջանում, այդ թվում` տեղահանված ադրբեջանցիների... Պատճառը, թե ինչու երկու կողմն էլ չընդունեց այդ նախագիծը, այն է, որ հանրաքվեի անցկացման ժամկետն արձանագրված չէ. այն երբևէ կանցկացվի ապագայում։ Բայց տվյալ պահին Երևանն ու Բաքուն ուզում են, որ հանրաքվեի ժամկետը հստակ որոշված լինի»։


Այսինքն, Հոգլանդը մասամբ խոսում է նաև ներկայիս մասին` սահմանելով բանակցությունների ներկայիս օրակարգը. իբր ամեն ինչ որոշված է, մնում է միայն հանրաքվեի ժամկետը որոշելը։ Բայց հենց նա, դիվանագիտական էստաֆետը Շեֆերին հանձնելիս, լրացուցիչ մանրամասներ էր բերում, որոնք «Ամերիկայի ձայնը» անվանեց «Հոգլանդի պլան», ոչ թե` Լավրովի։ Մեջբերենք «Ամերիկայի ձայնից». «Լեռնային Ղարաբաղի բարդ պատմության լույսի ներքո կողմերը պետք է որոշեն նրա վերջնական իրավական կարգավիճակը ապագա համաձայնեցված և իրավաբանորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով։ Միջանկյալ կարգավիճակը ժամանակավոր կլինի»։ Հոգլանդը հավատացնում էր, որ դա ԵԱՀԿ ՄԽ-ի բոլոր համանախագահների դիրքորոշումն է։ Նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում գտնվող և Բաքվի կողմից չվերահսկվող տարածքները «պետք է ստանան միջանկյալ կարգավիճակ, որն առնվազն երաշխավորում է անվտանգություն և ինքնավարություն։ Լեռնային Ղարաբաղի շրջակա օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը», ասվում է փաստաթղթում, որի անունն է «Հոգլանդի պլան», այսինքն` ԱՄՆ-ի, ոչ թե Լավրովի և Ռուսաստանի։ Չի կարող լինել «որևէ կարգավորում առանց Ադրբեջանի ինքնիշխանությունը հարգելու և ընդունելու, որ այդ տարածքների նկատմամբ նրա ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»։ Էլի մեջբերում. «Այդ պլանը նաև նախատեսում է միջանցքի ստեղծում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև, սակայն այդ միջանցքը չի կարող ներառել Լաչինի շրջանը։ Երկարատև լուծումը պետք է հաշվի առնի իրենց բնակության նախկին վայրը վերադառնալու բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքը։ Լուծումը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք նախատեսեն խաղաղարար միջոցներ։ Չկա այնպիսի սցենար, որի դեպքում կարելի է խաղաղության հասնել առանց հստակորեն կշռադատված և բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղարար գործողությունների»։


Իսկ 2017-ի մարտին Հոգլանդը հայտարարում էր, որ «կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի խելամիտ պլան, որոնց վերաբերյալ կողմերը պետք է բանակցեն, և դրանք «Լավրովի պլան» չեն կոչվում»։ Նա երկու անգամ ընդգծեց, որ որևէ փաստաթուղթ չկա «Լավրովի պլան» անվանմամբ և բանակցություններում չի քննարկվում։ «Շրջանառվում է երեք մասից բաղկացած պլան, սակայն այս փուլում դրա մանրամասները հրապարակել չենք կարող, դեռ ժամանակը չէ։ Կողմերն աշխատում են դրա վրա»։ Հավելենք` Լավրովն ինքը հրապարակավ ժխտել է իր ազգանվամբ պլանի գոյությունը և պարզաբանել, որ «ներկայումս քննարկվող գաղափարների հիմքում այն առաջարկներն են, որոնք համատեղ մշակել են Մինսկի խմբի համանախագահ երկրները. խոսքն այն դրույթների մասին է, որ համատեղ հայտարարություններում հնչեցրել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները»։ Կարևոր հարց է ծագում. ինչու՞ 2017-ին Հոգլանդը հայտարարում էր, որ «Լավրովի պլան» չկա, իսկ այժմ փոխել է իր կարծիքը։ Չէ՞ որ դուրս է գալիս, որ նա իր «պլանը» ներկայացնում է որպես «Լավրովի պլան»։ Որոշ բան պարզվում է, երբ շարունակում ենք կարդալ «Ամերիկայի ձայնի» հետ նրա հարցազրույցը։ Պատասխանելով կարգավորման ընթացքի վրա արտաքին խաղացողների դերի և ազդեցության մասին հարցին` նա ասում է. «Կարծում եմ, որ Իրանը շահագրգրռված է հակամարտության լուծմամբ։ Բայց Ռուսաստանն ուզու՞մ է, որ այն լուծվի... Մոսկվայում կան ուժեր, որոնք հակամարտության կարգավորման դեպքում նրա կողմերի վրա ճնշման կարևոր լծակ կկորցնեն»։ Առաջ նման հարցին Հոգլանդն այլ կերպ էր պատասխանում. «Չնայած ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև եղած տարաձայնություններին, երկու երկիրը սերտորեն համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ինձ համար ակնհայտ է, որ Մոսկվան պատերազմ չի ուզում Լեռնային Ղարաբաղում, պատերազմ չի ուզում Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Դա կապակայունացնի ողջ տարածաշրջանը և կվնասի Ռուսաստանի շահերին»։ Հոգլանդի շեշտադրումների տարբերությունն ակներև է։ Առկա է Ռուսաստանը որպես պատերազմի մասին երազող կողմ ցույց տալու ձգտումը։ Եվ այստեղ մտաբերվում է այն իրարանցումը, որ Հայաստանի ամերիկամետ ուժերը սարքել էին Ադրբեջանի 2016 թ. ապրիլի արկածախնդրությունից հետո։


Բայց հետաքրքիրն այն է, որ Հոգլանդը խորհուրդ է տվել միայն Հայաստանի վարչապետ Փաշինյանին` «լինել շատ զգույշ, կարգավորման գործընթացում արմատական քայլեր չանել», «առաջ շարժվել փոքր քայլերով»։ Իլհամ Ալիևը մնաց առանց Հոգլանդի խորհուրդների։ Դա հանգեցնում է այն մտքին, որ ԱՄՆ-ը բացահայտորեն «հարվածի տակ է դնում» Փաշինյանին` «Հոգլանդի պլանի» հարցում հույս կապելով նրա հետ։ Այդ միտքը փոխ առան բաքվեցի որոշ փորձագետներ, որոնք սկսեցին Մոսկվային մեղադրել իբր Փաշինյանի և Ալիևի միջև ձեռք բերված «պայմանավորվածությունները տապալելու» մեջ, այն գաղափարն է առաջ տարվում, թե հայոց վարչապետը պետք է Արցախի որոշ շրջաններ «հանձնի» Ալիևի հանդիպական փոխզիջումային առաջարկի դիմաց։ Եվ հանկարծ Փաշինյանը արտգործնախարարների մի շարք բանակցություններից և Ալիևի հետ «ոտքի վրա շփումներից» հետո հայտարարում է, որ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող նույնիսկ քննարկել։

Հակամարտության կարգավորման շուրջ միշտ բարդ ու բազմաշերտ գործընթացներ են եղել, ամեն փուլ իր առանձնահատկությունն է ունեցել։ Այժմ Վաշինգտոնը, թեկուզ ի դեմս ՄԽ-ի նախկին համանախագահի, սկսել է օգտագործել տեղեկատվության և ապատեղեկատվության մեթոդիկան, ինչը վարկաբեկում է ՄԽ-ի շրջանակում ընթացող գործընթացը։ Ճիշտ է, հիմա ՄԽ համանախագահ երկրները չեն թաքցնում, որ կարգավորման շուրջ պայմանավորվածությունների բացակայության դեպքում փորձում են գոնե պահպանել ստատուս քվոն։ Բայց ի՞նչ է լինելու վաղը։ Մենք հայտարարում ենք, որ Հոգլանդի քայլը ՄԽ-ի և նրա բանակցային գործընթացի վարկաբեկմանն ուղղված քայլ է։ Այսինքն, ԱՄՆ-ին այդ կառույցն արդեն պետք չէ՞ Այսրկովկասում իր ուզածն անելու համար։


2017-ից արդեն գաղտնիք չէ, որ ՄԽ-ի ներսում ԱՄՆ-ը հենց Ադրբեջանի և պանթուրքիստների գործակալն է։ Աշխարհի, այդ թվում` ԱՄՆ-ի բոլոր հայերին կոչ եմ անում, որ խորամուխ լինեն հետևյալում։ Ահա քաղվածք այն փաստաթղթից, որը կազմվել է 1997-ի օգոստոսի 1-ին Սպիտակ տանը Բիլ Քլինթոնի և Հեյդար Ալիևի բանակցության արդյունքում։ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎ. «Նոր ժամկետով Ձեր ընտրվելը մեծ հաջողություն է։ Մենք ակնկալում ենք, որ Դուք նոր քայլեր կձեռնարկեք ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների խորացման համար և Ադրբեջանին կօգնեք լուծելու այն խնդիրները, որոնց նա բախվել է։ Կովկասյան տարածաշրջանն ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունի։ Ես գիտեմ, որ Դուք նայում եք այդ ուղղությամբ, բայց անհրաժեշտ է արագացնել այդ գործընթացը»։ ԲԻԼ ՔԼԻՆԹՈՆ. «Հույս ունեմ, որ մենք կարող ենք արագացնել այդ գործընթացը։ Մենք տպավորված ենք այն առաջընթացով, որ Դուք արձանագրել եք Ձեր երկրում չափազանց ծանր պայմաններում... Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել, և կարծում եմ, որ Կոնգրեսն ավելի բաց կդառնա Ադրբեջանի վերաբերմամբ, քանի որ դուք առաջընթաց եք ցուցադրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների ասպարեզում։ Եվ եթե մեզ հաջողվի լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կարծում եմ, որևէ սահմանափակում չի լինի, որ մեր երկրների հարաբերությունները խորանան։ Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես գիտեի, որ Ձեր երկրին լավ ապագա է սպասում էներգետիկ պաշարների և Ադրբեջանի աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Ձեր ընդունած որոշումները լուրջ ազդեցություն կգործեն Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների վրա»։ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎ. «Ադրբեջանի համար ամենադժվար խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է։ Մանրամասները ես Ձեզ ներկայացրել եմ մեր նախորդ հանդիպման ընթացքում։ Մենք ենք ցանկացել, որ ԱՄՆ-ը դառնա Մինսկի խմբի համանախագահ։ Մենք շատ ջանքեր ենք գործադրել դրա համար։ Ադրբեջանի համառությունը հանգեցրեց երեք համանախագահների ձևաչափին։ Մենք Ձեզ ավելի շատ ենք վստահում, քան որևէ մեկին։ Ադրբեջանում նույնիսկ երեխաներն են հավատում նախագահ Քլինթոնին»։ Պա՞րզ է ամեն ինչ, ԱՄՆ-ի հայ քաղաքացիներ և Հայաստանի ամերիկամետ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության ամերիկամետ տրամադրված քաղաքացիներ։ Մեզ հարվածի տակ են դրել, և ԱՄՆ-ի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր դառնալուն համաձայնած դավաճանները մինչև այժմ պատասխանատվության չեն ենթարկվել 1996 թ. վերջի-1997 թ. վերջի դավաճանության համար։ ՈՒ մինչև այժմ մեր երկրում ազատ ու անպատիժ գործում են նոր դավաճաններ, որոնք առանց առարկության պատրաստ են կատարելու Ամերիկայի ցանկացած շշունջ։


Նույնիսկ այն, որն «Ամերիկայի ձայնն» անվանել է «Հոգլանդի պլան», իրականում «Բրայզայի պլանն» է։ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի մի նախկին համանախագահ էլ կար` թուրքի փեսա Մեթյու Բրայզան։ Անձամբ ես 14 տարի Հայաստանի և Արցախի հանրությանը կոչ եմ անում ուշադրություն դարձնելու և միշտ հիշելու, որ այն հակահայկական դրույթները, որոնք 2005-06-ից սկսած հնչեցնում էր թուրքի փեսա Բրայզան, ըստ էության հիմք դարձան տխրահռչակ «Մադրիդյան սկզբունքներն» ստեղծելու համար, որոնք միայն առաջին հայացքից էին կարծես հաշվի առնում նաև Արցախի հայերի շահերը: Իրականում դրանք Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումների արտացոլումն էին, ոչ թե, դեռ 1992-ից, կարգավորման բանակցությունների ընթացքում Հայաստանի և Արցախի առաջ քաշած կոնկրետ պահանջների: Ահա և ստացվում է, որ ինչ էլ անվանես ադրբեջանաշահ պլանը` «Հոգլանդի» կամ «Բրայզայի», իրականում մեր վզին փաթաթել են Հեյդար Ալիևի պլանը, որն ԱՄՆ-ը խորամանկաբար մեզ է հրամցրել իբր ՄԽ-ի շրջանակում Վաշինգտոնի պաշտոնական տեսակետ: ՈՒրեմն եզրակացություններ արեք, Հայաստանի և Սփյուռքի տիկնայք և պարոնայք։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 19130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ