Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Մեր կյանքն անցնում է սպասումով

Մեր կյանքն անցնում է սպասումով
16.02.2022 | 17:15

Առավոտյան արթնանում ենք և սպասում, թե երբ է գալու երեկոն, երեկոյան երազում արևածագի մասին։ Անվերջ սպասում ենք ինչ-որ հնարավորության, պատեհ պահի, իրադարձության, որը ոչ մի դեպքում չի կարող ներկայում կատարվել․ այն ապագայի «մենաշնորհն» է, ապագայի ուրվականը։ Մենք մեր երիտասարդությունն ենք հետաձգում ծերության համար՝ մոռանալով, որ կյանքը կատարվում է բացառապես այստեղ և հիմա՝ ներկայում:


Գնահատենք մեր ժամանակը, արժևորենք ներկան, ապրենք ներկան:
Այս երևույթը, որով տառապում է Երկրի բնակչության մեծ մասը, 1997 թվականին «Հետաձգված կյանքի համախտանիշ» (այսուհետ՝ ՀԿՀ) ձևակերպմամբ ներմուծել է հոգեբանության դոկտոր պրոֆեսոր Վ.Պ. Սերկինը՝ ուսումնասիրելով հյուսիսում ապրող մարդկանց հոգեբանությունը։ Նրանք տարիներ շարունակ ապրել և ապրում են տեղափոխվելու գաղափարով (շատ հյուսիսային շրջաններում մեծահասակների 70-ից 90 %-ը կցանկանար տեղափոխվել բնակութան մեկ այլ վայր, եթե նման հնարավորություն ունենար)։ Ըստ նրանց գիտակցված կամ անգիտակից ենթադրության՝ ներկայում նրանք չեն ապրում, այլ միայն պայմաններ են ստեղծում դրա համար: Իրական կյանքը սկսվելու է հետո, երբ իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծեն։ Նրանք անընդհատ պատրաստվում են երջանիկ և լիարժեք կյանքի, բայց երբեք չեն հասնում դրան: Ավելին, երբ նրանց նպատակներն ու ծրագրերը չեն իրագործվում, ընկնում է նրանց ինքնագնահատականը, ինչն էլ հանգեցնում է մի շարք խնդիրների։
Էմիգրացիայի պատճառները կարող են տարբեր լինել՝ կլիմայական պայմանները, մարզերի ոչ զարգացած ենթակառուցվածքները, որակյալ կրթություն ստանալու ավելի քիչ հնարավորությունները, բժշկական և այլ ենթակառուցվածքային ծառայությունները, վատ (դանդաղ, անկայուն, սահմանափակ) ինտերնետի շահագործումը, ավելի բարեկեցիկ կայնքի տեսլականը և այլն։ Սակայն հեղինակը նշում է՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զանգվածային միգրացիայի պատճառները ոչ միայն տնտեսական են, այլև հոգեբանական՝ հաճախ չգիտակցված։ Եվ հետաքրքիրն այն է, որ հյուսիսային շրջաններից տեղափոխվել ցանկացող կանանց թիվը երկու անգամ գերազանցում է տեղափոխվել ցանկացող տղամարդկանց թվին, ինչն առանձին ուսումնասիրության նյութ է։


Հետաքրքիր է, երբ ուսումնասիրության համար միջմշակութային համեմատություն են անցկացնում Ալյասկայի (ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտք) և Մագադանի (Ռուսաստանի հյուսիս-արևելք) ուսանողների միջև, պարզվում է, որ նրանց ցանկալի բնակավայրի մասին պատկերացումները շատ նման են (գնահատման պրոֆիլների նմանություն՝ օգտագործելով բնակչության միգրացիայի սոցիալ-հոգեբանական պատճառները, ինչը պայմանավորված է նմանատիպ գեոկլիմայական պայմաններով)։
Ի դեպ «Հյուսիսային սցենարը» ՀԿՀ-ի միակ տարբերակը չէ։ Դրա վառ օրինակներից է նաև «գաղութային սցենարը»։ Օրինակ՝ Հնդկաստանում 20, 30 և ավելի տարի բնակվող շատ անգլիացիներ անկեղծորեն հավատում էին, որ իրենց «իրական» կյանքը սկսվելու է միայն Անգլիա վերադառնալուց հետո։


Ավելի ուշ հեղինակը ներմուծում է նաև «Հետաձգված կյանքի նևրոզ» (ՀԿՆ) հասկացությունը՝ բացատրելու համար նևրոտիկ երևույթնրի դրսևորումներն այն մարդկանց մոտ, ովքեր, ՀԿՀ-ով պայմանավորված, չեն լուծում հրատապ խնդիրները՝ իրենք իրենց և ուրիշներին պատճառաբանելով, որ այդ ամենը նրանք անելու են իրենց նպատակին հասնելուց հետո՝ «Իրական կյանքում»։ Ե՛վ առողջ մարդը, և՛ նևրոտիկը միշտ բախվում են բազմաթիվ խնդիրների, սակայն եթե առողջ մարդը ձգտում է լուծել դրանք, նևրոտիկ մարդը փորձում է պաշտպանվել դրանցից։ Օրինակ, ժամանակավորապես մոռացության տալ դրանք կամ ինքն իրեն ու մյուսներին վստահեցնել դրանց անկարևորության կամ լուծելու անհնարինության մասին։ Երբ չլուծված խնդիրների քանակը կամ հրատապությունն անցնում է կրիտիկական սահմանը, նրանց մոտ հստակ արտահայտված նևրոտիկ խանգարումներ են սկսվում։ Դասական նևրոզը կարելի է բնութագրել «Ես ուզում եմ, չեմ կարող» ընդհանրացված սխեմայով, մինչդեռ «Հետաձգված կյանքի նևրոզի» սխեման հետևյալն է՝ «Ես ուզում եմ, կարող եմ, ինձ թույլ չեմ տալիս (առայժմ)»։ Նման վարքագծի օրինակներ են՝ «Կավարտեմ քոլեջը, հետո…», «Կպաշտպանեմ իմ թեզը, հետո …», «Որակավորում կստանամ, հետո․․․», «Հետո, հետո, հետո․․․»։


ՀԿՀ-ն զարգանում է, երբ նպատակի իրագործումը ձգվում է այնքան երկար (տարիներ, տասնամյակներ, ամբողջ կյանք), որ չլուծված խնդիրների լարվածությունը կրողի և նրան շրջապատող մարդկանց համար դառնում է սովորական երևույթ։ Բայց կարևոր է նշել, որ այս համախտանիշը չի սպառնում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են փոխել բնակության վայրը, այլ նրանց, ովքեր ուզում են մեկնել, բայց երկար տարիներ չեն իրագործում այդ որոշումը՝ անկախ պատճառներից (տնտեսական, վախ, սպասելիքներ և այլն)։
Հաճախ ՀԿՀ-ով մարդն ունենում է խնդիրները լուծելու հնարավորություն, սակայն անորոշ ժամանակով անընդհատ հետաձգում է դրանք։ Եվ երբ հետաձգումը դառնում է ոճային հատկանիշ (ըստ Ադլերի՝ նևրոտիկ ապրելակերպ), նմանվում է դասական նևրոզի․ տարիներ շարունակ չլուծված խնդիրների «բեռով» ապրող մարդն ունենում է նույն հոգեկան և ֆիզիկական խանգարումները, ինչ նևրոտիկները՝ ինքնավստահության կորուստ և այլն։
Սակայն ՀԿՆ-ի առաջացման ամենատարածված պատճառը չափազանց բարձր նշաձողն է, երբ գրեթե անհնարին է իրագործել «երազանքը»։ ՀԿՆ-ն հատկապես սուր է արտահայտվում, երբ բաղձալիին հասնելն ավելի իրատեսական է դառնում, ու հանկարծ, ինչ-ինչ պատճառներով, անորոշ ժամանակով հետաձգվում է կամ, առավել ևս, անհասանելի դառնում։ Այդ պարագայում հետևանքները կարող են ծայրահեղ լինել։
Ի դեպ, այլ աղբյուրներում հետաձգված կյանքի նևրոզը բնութագրվում է որպես հուզական և անձնային խանգարման նոր ձև, որն առաջանում է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման արդյունքում կյանքի կտրուկ փոփոխության պատճառով։


Ծայրահեղ հետևանքների կարող է հանգեցնել նաև հակառակ՝ խորհրդային հոգեթերապևտ Վ․ Ս․ Ռոտենբերգի կողմից առաջ քաշված «Ձեռքբերման հիվանդությունների համախտանիշ»-ը (Մարտին Իդենի սինդրոմ)։ Խոսքը սուր արտահայտված հոգեսոմատիկ հիվանդությունների մասին է, որոնք առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր իրենց առջև մեկ նպատակ են դնում, ամեն գնով հասնում են դրան, ինչից հետո ամեն ինչ արժեզրկվում է, և նրանք կորցնում են կյանքի իմաստը, դառնում ապատիկ, ինչը երբեմն հանգեցնում է անգամ ինքնասպանության: Դա, ըստ հեղինակի, պայմանավորված է ակտիվ գործունեության կտրուկ դադարով։ Տարիներով նույն նպատակը հետապնդելը կարող է հանգեցնել նմանատիպ հետևանքների: Նպատակին հասնելու անհնարինության կտրուկ գիտակցումը կարող է բերել գոյության իմաստի կորստի, ինչը երբեմն ունենում է վատթարագույն հետևանքներ։
Եվ այսպես, հետաձգված կյանքի համախտանիշին բնորոշ են հետևյալ ախտանիշները.
Շրջադարձային կետ, որից հետո կյանքը նախապատրաստականից վերածվում է իրականի (կյանքը բաժանված է «սպասման շրջանի», «ձեռքբերման» կարճ շրջանի և «պարգևատրման շրջանի»՝ «իրական» կյանքի)։ Ներկայում տեղի ունեցող իրադարձությունները թվում են աննշան, երկրորդական, մինչդեռ շրջադարձային կետից հետո կյանքը լցվում է իմաստալից արժեքներով։
Այս ելակետը մարդու համար դառնում է գերարժեք։
Սեփական կարողությունների թերագնահատում, անհանգստության զգացում, կուտակելու, խնայելու ձգտում, նշանակալի հույզերը ճնշելու ցանկություն, ուրիշների կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն:


Համախտանիշի զարգացումը տևում է ավելի քան 5 տարի։
Ի դեպ, այս մտածելակերպը մարդուն բնական է թվում։
Հետազոտողներն ուսումնասիրել են այն գործոնները, որոնք կարող են ազդել «Հետաձգված կյանքի համախտանիշ»-ի ձևավորման վրա։ Դրանք են՝
• ժառանգական նախատրամադրվածությունը։
• Ընտանիքում տիրող իրավիճակը և ծնողների վարքագիծը։ Մարդը ծնվում է առանց նախնական գաղափարների, իսկ գիտելիքը ոչ միայն փորձառության, այլև զգայական ընկալման արդյունք է։ Սովորությունները նույնպես ձեռք են բերվում կյանքի ընթացքում՝ ծնողների, նրանց դաստիարակության, կյանքին նրանց վերաբերմունքի անմիջական ազդեցությամբ։ Ա․ Ադլերի պնդմամբ՝ կենսակերպը (կյանքի պլանը) ձևավորվում է հիմնականում 4-5 տարեկանում և որոշիչ դեր է խաղում ողջ կյանքի ընթացքում։ Իսկ է․ Բեռնն այն կարծիքինէ, որ ընտանեկան դաստիարակությունը անհատականության ձևավորման ամենակարևոր գործոնն է, ինչը պայմանավորված է նրանով, որ ընտանեկան տեղեկատվությունը նախնական և առավել էմոցիոնալ նշանակություն ունի։

Կ․ Գ․ Յունգն անձի զարգացման խնդիրներն ուսումնասիրելիս հանգել է այն եզրակացության, որ անհատը, անձնականից բացի, կրում է նաև արխետիպերի հիման վրա ձևավորված կոլեկտիվ անգիտակցականի ազդեցությունը։
• Ցածր ինքնագնահատականը և սեփական անձի հանդեպ հավատի բացակայությունը (մարդը կարծում է, որ այնքան լավը չէ, որ ունենա իր ցանկալի կյանքը)։
• «Թունելային մտածողությունը»։ Մարդը մոլեռանդորեն տարվում է կոնկրետ նպատակով։ Համառորեն ինչ-որ բանի ձգտելով (նիհարել, գնումներ, սպորտային նվաճումներ, բնակության այլ վայր տեղափոխվելը և այլն)՝ երկար ժամանակ վարում է հատուկ ապրելակերպ՝ սահմանափակված դեպի նպատակին շարժվելու պահանջներով։ Առօրյա կյանքը կորցնում է իր կարևորությունը և դառնում անվերջ սպասման ժամանակ։ Սա հատկապես բնորոշ է 20-40 տարեկաններին։ Երիտասարդը հաճախ հավատում է, որ դեռ բավական ժամանակ ունի՝ սկսելու այն կյանքը, որը միշտ ցանկացել է: Նրանց համար վատնում է թվում ներկայում կյանքը վայելելը, քանզի կարծում են, որ ապագան է ավելի պայծառ, կայուն և ապահով։
• Այլ մարդկանց նպատակներին ձգտելը։ Այդ մարդիկ անտեսում են սեփական նպատակները և լիովին կենտրոնանում այլոց երազանքների վրա։ Նրանց բնորոշ է սեփական կյանքի համար պատասխանատվություն ստանձնելու դժկամությունը, ինչը պայմանավորված է անձնական ռեսուրսների բացակայությամբ։
• Սեփական կյանքում ակտիվ գործելու փոխարեն համբերատար սպասելու ռազմավարությունը և այլն:
Մարդը, ով մեծացել է էմոցիոնալ անկայուն միջավայրում, ավելի հավանական է, որ հակված լինի այս սինդրոմին:


Իսկ ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս համախտանիշը: Այստեղ, ինչպես և կախվածության դեպքում, խնդրի ճանաչումն անհրաժեշտ քայլ է՝ դրանից ազատվելու համար: Գիտակցելով, որ այն զրկում է բոլոր ուրախություններից՝ թույլ չտալով վայելել պահը «այստեղ և հիմա», անհատը կկարողանա հասկանալ այն գործոնները, որոնք հանգեցրել են դրան՝ հետագայում դրանք չեզոքացնելու համար: Եթե նկատում եք, որ «ապրում եք» ապագայում՝ չունենալով իրատեսական նպատակներ և հաճախ ինքներդ ձեզ անհաջողակ եք համարում (քանի որ չեք հասել դրանց), ապա, հավանաբար, կրում եք այս համախտանիշի հետևանքները: Պետք չէ դադարել երազել, պարզապես պետք է փորձել որոշ երազանքներ դարձնել իրատեսական նպատակներ։ Ապագայի ծրագիրը պետք է բաղկացած լինի փուլերից, որպեսզի անհատը, հասնելով դրանցից յուրաքանչյուրին, երազանքին հասնելու դրական նվաճում դիտի, ինչն էլ կբարձրացնի ինքնագնահատականը: Գործողությունը հետաձգված կյանքի համախտանիշի հաղթահարման բանալին է: Հետևաբար պետք է կազմել նպատակներին հասնելու հաջորդական կոնկրետ գործողությունների ցանկ՝ յուրաքանչյուր կետի համար հստակ ժամկետներ սահմանելով:
Պլաններ կազմելն ու նպատակներ դնելը շատ կարևոր է, բայց չպետք է դրանցից կախված լինի մեր երջանկությունն ու ինքնագնահատականը:


Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 24419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ