Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

MADE IN TURKEY (մաս 12-րդ)

MADE IN TURKEY (մաս 12-րդ)
22.07.2022 | 07:28

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ
(կամ` ինքնառաջադրման քաղտեխնոլոգիա)


ԿՐԿԻՆ ԱՄԲՈԽՆ Է ՈՐՈՇՈՒՄ` «ՈՒ՛Մ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԽԱՉԸ»` ՀԻՍՈՒՍԻ՞Ն, ԹԵ՞ ԲԱՐԱԲԲԱՅԻՆ
Մինչև 2018-ի ապրիլի 26-ը ՀՀ-ում որևէ մեկը չի հանդգնել հանրության հետ խոսել շանտաժի, սպառնալիքի լեզվով:
Բայց հիշյալ պահից սկսած, Հայաստանում ընթացող պրոցեսների իրական հեղինակերը համատեղ ջանքերով կտրուկ կփոխեն զարգացումների հունը և սահուն ընթացքով «կհոսեն» դեպի վերջնանպատակ:
Հանուն առաջիկա «խաղաղության դարաշրջանի», որի փլատակների քաոսում Արևմուտքի «ճարտարապետները», ազգանվան «յան» մասնիկը կրող հողաթափիկի արյունոտ ձեռքերով թաղելու են հայոց պետությունն ու պետականությունը, «գաղութով» լողացող այս ինֆուզորիկին արագ տեմպերով պետք է տեղադրեն ՀՀ վարչապետի աթոռին:
Հետևաբա՞ր, այո՛, Ադրբեջանի ապագա «ազգային հերոսը», նույն ինքը` հայկական բրենդի «դեղին ոչնչությունը», պետք է հենց հիմա վերջնագիր ներկայացնի Հայաստանին ու հայ ժողովրդին:


Ինչը և անում է անվարան ու առանց հապաղելու.
«Եվ ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ, կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհարապես վարչապետ չի ընտրվի» (26. 04, 2018 թ., «Հանրապետության» հրապարակ):
Հավաքվածները, որ «հաճույքից» որոտ ու շանթ են արտավիժում, չեն էլ ընկալում, թե հանրահավաքային հարթակից երկրին «Լինչի դատաստանով» սպառնացող առանձնյակի մեղսավոր համաձայնությամբ դիվային ինչ ուժեր են մուտք գործել երկիր, թե պարտվողական ի՜նչ հզոր մեխանիզմ է դրվում շարժման մեջ:
Հայաստանում կատարվողը սահմանից անդին` գրեթե ամենուր, սենսացիա են որակում:
Ինչ է սենսա՞ցիան:


Բուռն ընթացք ու անհավատալի արագություն դրսևորող զարգացումների շղթա, որ զանգվածների վրա թողնում է ապշեցուցիչ տպավորություն:
Ինչո՞վ շշմեցնող չեն հայաստանյան «անակնկալ» սկսված, լույսի արագություն հավաքած, որևէ հակազդեցության կամ խոչընդոտի «չհանդիպած» իրադարձությունները, որ գերխտացած են սպառնալիքներով, բռնություններով, կեղծիքով, խուժանությամբ, անգամ ահաբեկչության տարրերով:
Բա՞յց, այդ ամենը չեն «նկատում ու լսում» ո՛չ ՀՀ ուժային համապատասխան կառույցները, ո՛չ էլ «խավիարային ասեղի» տակ մնացած «միջազգային հանրություն» կոչվածը:
Որքան էլ զարմանալի է, ՀՀ ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալ Արթուր Վանեցյանը գործուն օգնություն է ցուցաբերում բազմակի օգտագործման «ունիվերսալ» այս «շինանյութին»:
Տրամաբանական հարց` առանց ԱԱԾ Երևանի վարչության պետի և ՀՀ ԱԱԾ տնօրենի գիտության նա կարո՞ղ էր աջակցել պատուհասին:
Իհարկե՝ ո՛չ:


Իհարկե «ճակատագրական» պահին միայնակ չէին թողնելու մի քանի երկրի (այդ թվում և սեփական կառույցի) «դարբնոցում» տեղը տեղին «հունցված»` «Made in Turkey» մակնիշը կրող գործակալին:
Իսկ որ նա «գործակալ» է, այն էլ՝ մի քանի երկրի, կհամոզվեն հետո, երբ «թավիշի» հեղափոխությանը փոխարինելու կգա «անմեղսունակության» ցունամին:
Երբ Արցախի ազատ «թռիչքն» ընդհատած թուրք-ադրբեջանական շահերի սպասարկուն ցինիկաբար կհայտարարի, թե էլի ի՛նչ և ինչու՛ պետք է հանձնի հայկական կողմը:
Իսկ Ալիևն այս անգամ աջը սովորականի նման խաղաթղթերին մեկնելու փոխարեն, կթափահարի օդում ու կսպառնա ո՛չ միայն հայ, այլև իր ձեռքից սնվող միջազգային բազում ու բազմատեսակ «ասուն»ներին.
«Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։


Այն Ադրբեջանի տարածք է, և կա Հայաստանի իշխանությունների հետ բանավոր պայմանավորվածություն, որ կարգավիճակի հարց օրակարգ չի բերվելու։
Այլապես, մենք էլ կվիճարկենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ պահանջելով Զանգեզուրը։
Երկրորդ արցախյան պատերազմը պետք է դաս լինի Հայաստանի իշխանության համար»։
Որքան էլ զարմանալի է, երկրի դեմոգրաֆիական աճը ներկայացնողների գերակշիռ հատվածն «ըմբռնումով» կմոտենա երկու հարբեցողների` տեղական դավաճանի ու նրա «պատրոնի» «հիմնավորումներին»:


Եվ, Աստված մի արասցե, մեկն ու մեկը փորձի կասկածի տակ առնելու հատկապես «թավշյա» գործակալի հայկական կողմի պարտությանը միտված «փաստարկները»:
«Անմեղսունակների» «բանդան» տվյալ անձնավորությանը (անկախ սոցիալական հիերարխիայում զբաղեցրած դիրքից, հայրենիքին ու ազգին մատուցած ծառայություններից) կհամարի «նախկին կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչ, որի նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում՝ հագեցած ամենակեղտոտ մեղադրանքներով:
Սակայն այդ ամենը կլինի հետո:
Հիմա, օգտվելով զգոնությունը կորցրած, ազգային անվտանգային բոլոր խնդիրները մոռացած բիոզանգվածին համակած թմրությունից, մի լաչառ միմոս ինքնառաջադրվում է ՀՀ վարչապետ:


Ապագա ողբերգություններն արդեն իսկ կանխազգացող-տեսնող, խելագարվածների ու աշխարհի «խլացած» ականջների համար SOS կոչնակող անհատները չեն զլանում հռետորական հարցադրում կատարել.
«Եվ այնուամենայնիվ, եթե հօդս ցնդի կամ ուշանա «թավշյա» հեղափոխության իրականություն դառնալը, ԱԱԾ-ն իր բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞ր մեկին է ձերբակալելու»:
Սակայն հարցադրման հասցեատերը չկա:
Շուրջ երկու հազարամյակ անց կրկին հրապարակի խառնիճաղանջ ամբոխն է որոշում` «ու՛մ բարձրացնել խաչը»` Հիսուսի՞ն, թե՞ Բարաբբային:
Հանուն Բարաբբայի «հաղթանակի» էլ «թավիշի» կնքահայրերը բոլոր միջոցներով կչեզոքացնեն հնարավոր այն «վտանգները», որ սպառնում են իրենց խելազուրկ և սնամեջ «ընտրյալի» «անվտանգ» հաղթարշավին:
Այդ համատեքստում էլ հաշված օրերի ընթացքում «հեղափոխություն» կոչվածի լուսանցքից անդին կհայտնվեն քաղաքական այն ուժերն ու գործիչները, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում «մերկոտն» ճառասացի համար:


Առանց որևէ դիմադրության կհեռանան բոլորըէ ասպարեզը թողնելով վարչապետ ինքնառաջադրվող քաղաքական խրտվիլակին:
Հանրության ամբոխացած հատվածի շարքերում չկա քաղաքական որևէ ուժ կամ գործիչ, որ նման շանտաժից հետո, Դանկոյի խիզախությամբ պատառոտի սեփական կուրծքը, հանի բոցավառվող սիրտը, բարձրացնի որպես ջահ ու գոչի.
«Ո՛չ» ասեք մահին: Հետևեք ինձ: Գնա՛նք: Ես կառաջնորդեմ ձեզ դեպի ԱՐԵՎԸ»,-և կյանքի գնով լուսավորի հիպնոթերապիայի մեջ հայտնվածների ճանապարհն ու փրկի նրանց ամենակուլ ճահճի երախից:


Դանկոյի փոխարեն, ավա՜ղ, Աբուլֆազ Էլչիբեյի արտաքինով, հոգեխանգարվածն է առաջնորդում Մորփեոսի գրկում հայտնված դժբախտներին:
Մոլորված ամբոխները հետո կհամաձայնեն` եթե ժամանակին Էլչիբեյն էր անակնկալ նվեր Հայաստանին, այնպես էլ սրա վարչապետությունն է մեծ նվեր Ադրբեջանին:
Երեք տարի անց այս եզրահանգումը TV5-ի հեռուտաեթերից կհնչեցնի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը.
«Երբ Էլչիբեյին ժամանակին փոխեցին Ալիևով, ես մի քանի օր շատ անտրամադիր էի, որովհետև նա մեզ համար ուղղակի նվեր էր, Աստծո պարգև: Հիմա սա է մեր Էլչիբեյը, նվեր է Ադրբեջանին»։
«Նվեր» դարձած այդ «Էլչիբեյն» էլ, օրենսդիր և գործադիր իշխանությունները նախնական պլանի համաձայն յուրացնելուց, իր ճանապարհին ամեն ինչ «ապամոնտաժելուց» հետո, Հայաստանը կդարձնի օտարերկրյա ուժային կառույցների «проходной двор»-ը:

ՄԻՋԱՆԿՅԱԼ
2022 թ., հուլիսի 15:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները` «Интерфакс», «Спутник Армениа», «Первый канал», «Россия-1», հղում անելով դիվանագիտական անանուն-իրազեկ աղբյուրներին, տեղեկացնում են` «առավոտյան անսպասելի այցով Երևան է ժամանել ԱՄՆ ԿՀՎ-ի պետը` ՈՒիլյամ Բըրնսը»:
Չի ուշանում Պերճ Պռոշյանի հայտնի վեպից փախած ու ՀՀ վարչապետի աթոռն ուզուրպացրած ՄԻԿԻՏԱՆԻ շահերի սպասարկու տելեգրամ-ալիքների «արձագանքը»:
Ակամա մրցավազքից շնչասպառ այս «սուրհանդակները» փորձում են միմյանցից թռցնել «անդրանիկությունը» և «փրփրակալած» բերաններով առաջինը «հերքել» ՌԴ պետական լրատվամիջոցների սենսացիոն հաղորդագրությունը :
Պաշտոնական Երևանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անմռունչ ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են րոպեների ընթացքում համացանցային սարդոստայնում իրարանցում առաջացրած անսպասելի լուրը:


ՀԱՄՐախտով են վարակվել նաև ՀՀ ԱԱԾ-ն ու Ազգային անվտանգության խորհուրդը:
Քաղաքագետների և քաղտեխնոլոգների (ոչ միայն հայաստանյան) ենթադրություն-եզրահանգումները գերհագեցած են բազում ու բազմերանգ «եթե»-ներով, որոնցից մեկը, առանց բացառության, շեշտում են բոլորը.
եթե անակնկալ լուրը հաստատվի պաշտոնապես, ապա այն կլինի ԿՀՎ պետի առաջին այցը Հայաստան:


Եզրակացություն-ենթադրությունների շրջապտույտում, սակայն, մոռանում են արձանագրել, թերևս, ամենակարևորն ու ամենաէականը` այդ այցը կլինի նաև «թավշյա» գործակալի և տիրոջ` «քայլեցնողի», առաջին բացահայտ հանդիպումը Հայաստանում:
Ժամեր անց «հերքման մարաթոնի» մասնակից լրատվամիջոցները «լիզում» են իրենց իսկ թքածը և հանրությանը մատուցում «Հեքիաթ, հեքիաթ պապս»-ի մոտիվներով «կոմեդիայի» (որն ամենայն հավանականությամբ, առաջիկայում Հայաստանի համար, ինչպես համանուն հեքիաթում է, կվերածվի տրագեդիայի) հերթական արարը:
Բըրնսը Հայաստանում է, ՀՀ վարչապետի աթոռին «նստեցված» «նորին գերազանցությունն» էլ մեծահոգաբար ժամանակ է գտել և իր «պայծառափայլ» ներկայությամբ «պատվել» է աշխարհը միքսերի «հումք» դարձրած կառույցի ղեկավարին:


Ավելին` ժամեր առաջ բացահայտ ստող ԶԼՄ-ները լուրջ տոնով մատուցում են պաշտոնական հաղորդագրությունը, թե կողմերը «քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին»:
Նախանձելի իրավիճակ թե՛ թշնամիների, թե՛ բարեկամների համար:
Ընդամենը չորս տարի և՞…


«Կովկասյան վագրին» արժանի ինչպիսի՜ հզոր «թռիչք»:
Ո՞վ կմտածեր, որ հարավկովկասյան տարածաշրջանի թիվ մեկ «ասողը» «բոլոր ժամանակների ու ժողովուրդների» «թավիշի հայրն» է լինելու:
Չգիտեի՞ք:
ՈՒրեմն իմացե՛ք:


Սեփական նախաձեռնությամբ Հայաստանին «ժողովրդավարության բաստիոն»-ի կարգավիճակ «պարգևած» գոյը, ըստ էության, քաղաքական լուրջ գործոն է դարձել ու ինչպես պնդում են «թավշյա» գործակալի «մեծ ու կեղտոտ լվացքի» տակ մնացածները, կարողացել է այնպես «հակակշռել» բռնատիրական Ադրբեջանի «խավիարային քաղաքականությանն» ու նավթին, որ աշխարհի հզորներն են նրա «դուռը վազում» և «աուդիենցիա» խնդրում:
Իսկ փա՞ստը` հուլիսի 18-ին ԵՄ-ն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտին առնչվող հուշագիր են ստորագրել:
Հետո՞ ինչ:
Զարմանում են ոմանք և հորթային հրճվանքով արձանագրում.
«ԵՄ-ն գազային գործարք է կնքում Բաքվի հետ:
Առանց խուճապի` սա նաև նոր լծակ է, որը կորցնում է Մոսկվան և որը ստանում է ԵՄ-ն: Եվ մենք»:


Ինքնակամ Արևմուտքի «հարճ» դարձածները չեն մանրամասնում` ի՞նչ նկատի ունեն «Եվ մենք» ասելով:
Նրանց ի՜նչ, որ ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ, քրիստոնյա-դեմոկրատ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը դեռևս ս.թ. մարտի 5-ին, Իսպանիայում խոստովանել է.
«Էներգիան ամենակարևոր հարցերից մեկն է: Եվրոպական միությունը պետք է ազատվի կախվածությունից ռուսական գազից, նավթից և ածխից»:
Իսկ հուլիսի 18-ին, Բաքու կատարած այցից հետո, Twitter-ում կկրկնի ասածն ու կավելացնի.
«ԵՄ-ն մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները»:
Որպես բարձրաստիճան տիկնոջ գրառման հավելում պետք է վկայակոչել և օրեր առաջ Ալիևի հնչեցրած սպառնալիք-«խոստովանությունը».
«Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։


Այն Ադրբեջանի տարածք է և կա Հայաստանի իշխանությունների հետ բանավոր պայմանավորվածություն, որ կարգավիճակի հարց օրակարգ չի բերվելու։
Այլապես, մենք էլ կվիճարկենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ պահանջելով Զանգեզուրը։


Երկրորդ արցախյան պատերազմը պետք է դաս լինի Հայաստանի իշխանության համար»:
Սա՛ է այն «նոր լծակը», որը «կորցնում է Մոսկվան», բայց «ստանում է ԵՄ-ն: Եվ մենք»:
Տխմարը միայն չի հասկանա` ԵՄ-Ադրբեջան «գազային գործարքը» վերջնականապես թաղում է «Արցախի կարգավիճակի» հարցը:
Մոսկվայի «կորցրած լծակը» որոճալու «ապրանք» դարձրած թանձրամիտները, օրինակ, տեղյա՞կ են, թե հայկական ամեն ինչը ադրբեջանական նավթով թաղող Եվրոպայի մասին ինչ է գրել Ավ. Իսահակյանը դեռևս 1921-ի դեկտեմբերի 26-ին` Արշակ Չոպանյանին ուղղված նամակում.
«Ի՞նչ է մնում մեզ, եթե ոչ դարերով ատել այդ միջազգային պոռնիկին, և ուխտել վրեժխնդիր լինել և վնասել… և մենք դեռ կարող ենք հարվածել նրան. Փոքր Ասիայում դեռ մենք կանք, և դեռ դեր ունինք»:
«Ըստ իս, «հայկական հարցը» մեռած է արդեն. գարշելի Եվրոպայից այլևս, և երբեք էլ, սպասելիք չկա, պիտի մեր ուժերի կարողացածի չափով արյունի վրեժ լուծել այդ բորենիներից, և ամփոփվել Ասիայում, հաշտվել դրացիների հետ, մտերմանալ բոլշևիզմին, և զարնել ամեն տեղ եվրոպացուն, թե՛ նրա վաճառականությանը, պրիստիժին, դպրոցներին, թե՛ մասնակցել հակաեվրոպական շարժումներին: ՈՒրիշ կերպ չի կարելի ապրել»:


«Այլևս ոչ մի հավատ չունիմ մեր հարցի մասին, և բոլորովին անմիտ, վնասակար եմ գտնում Փարիզի երկու պատվիրակությունների գործունեությունը, Ամերիկա կամ Պապին դիմումները, մամուլին, այդ բոզերի ոհմակին, դիմումներն ու կոկորդիլոսի արցունքները, հայասերների ճառերը, և ազգերի լիգայի կեղծավորությունը: Հայերիս համար կոզակը ավելի իրական է, քան Վիլսոնը, Ջեյմս Բրայսը, և բոլորը…»:


«Վերջացած է ամեն ինչ. խաբված ենք ապուշի պես, պարտված ենք չարաչար, նոր ուղիներ պիտի փնտրել»:
Բայց ԵՄ-Բաքու «գազային գործարք»-ից հետո «նոր լծակ» որոճացողներին ի՜նչ.
ա) Իսահակյանի ցավով շնչող տողերը,
բ) Ռուբեն Սևակի հանճարեղ բնորոշումը.
«Եվրոպան` այդ դիվանագետ պոռնիկը,
Ոսկի կցանե, որպեսզի
Բոզություն հնձե»,
և
գ) Սիամանթոյի բացականչությունը.
«Ո՛վ մարդկային արդարություն,
Թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ»:
Կարևորը «որոճալու» բան լինի:
Կարևորը, որ ամերիկյան հետախուզության ղեկավարն ինքնակամ, հետևելով ժողովրդի ասած` «շառից-փորձանքից հեռու» սկզբունքին, գաղտագողի ժամանում է Հայաստան, «MADE IN TURKEY» մակնշումը կրող ամենատարբեր «Շակալ»ների, թուրք-ադրբեջանական փողերով երկիր քանդող ծիածանագույն գործակալների հետ, ոչ ավելի ոչ պակաս, «միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր» «քննարկելու»:


Իսկ «թավիշը» մերժողներն առանց ամոթի շարունակում են պնդել, թե Հայաստանը տարածաշրջանային գործոնից վերածվել է գործիքի:
Աշխարհը շաղախիչի նման հարող-քանդող երկրի բարձրաստիճան պաշտոնյան ինքնակամ կգա՞ր ինչ-որ «գործիքի» «ոտքն» ու հիշյալ «մուրճին» (կամ` «չագուջին», ոնց կուզեք) նման լուրջ հարցերի օրակարգ կառաջադրե՞ր:
ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էլ ՖԲ գրառմամբ է տեղեկացնում, որ հանդիպել է ԿՀՎ ղեկավարի հետ: Քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացին առնչվող հարցեր:
Սենսացիոն և բազում հարցականների տեղիք տվող ինֆորմացիան` Բըրնսը ժամանել է ՌԴ ռազմավարական դաշնակցի երկիր, անմիջապես հայտնվում է ոչ միայն ՀՀ, այլև Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ուշադրության կիզակետում:
Ինչու՞:


Որովհետև հարավկովկասյան տարածաշրջանով սովորաբար զբաղվում են հիմնականում Պետդեպարտամենտը և, ինչ-որ չափով, Պենտագոնը:
Ավելին` ԿՀՎ-ի համար տարածաշրջանում առավել կարևոր են Վրաստանն ու Ադրբեջանը:
Նաև` մինչ այս պահը, գոնե առերևույթ, տարածաշրջանը չի եղել ԿՀՎ-ի հետաքրքրությունների շրջանակում:
Հետևապես, ո՞րն է նրա «առաքելության» իրական պատճառը:
Թե՛ քաղաքագետների, թե՛ վելուծաբանների ուշադրության կենտրոնում է նաև այցի հետագիծը.
այն կլինի տարածաշրջանայի՞ն, իմա` Հարավային Կովկասի բոլոր երկրներ, թե՞ միայն Հայաստան:


Կառույցները, որոնք իրավասու էին մեկնաբանելու այցն իր մանրամասներով խորացնում են տեղեկատվական վակուումը և առավել սրում լարվածությունն ու վտանգավոր երանգներ հաղորդում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցին ու դրա նպատակներին:
Այցի օրակարգի անհասկանալիությունն առավել են խորացնում բազում անհայտներով խճողված հարցերը.
ա) ի՞նչ «փաթեթ» է իր հետ բերել Բըրնսը:
բ) ՀՀ-ի համար ի՞նչ սպառնալիքներով է հղի նրա այցը:
Նաև հարցադրում են` ինչու՞ է գաղտնի պահվել ինֆորմացիան, ո՞րն է այցի կարգավիճակը` պաշտոնակա՞ն է, աշխատանքայի՞ն, թե՞…
«Թե»-ի փակագծերում ներառվածը փորձում են «կարդալ» ո՛չ միայն համապատասխան շրջանակները, այլև հանրությունը:
Եզրակացությունը մեկն է` հայ-թուրքական բանակցային գործընթացի քննարկման ընթացքում տրվել են անհրաժեշտ հրահանգները:
ՖԲ-ում «թագավորում» է մտահոգություն-վախերի ցունամին:
Ինչպես ասվում է` информация к размышлению`
ԿՀՎ ղեկավարների որևէ երկիր կատարած այցերին օրինաչափորեն հաջորդում են խառնաշփոթը, պատերազմները, ավերածությունները:
2021-ի ապրիլին, օրինակ, նույն ՈՒիլյամ Բըրնսը կրկին «գիշերվա քողի տակ», անցանկալի հայացքներից թաքուն, այցելել էր Աֆղանստան:


Խորհրդավոր այցին հաջորդեց ամերիկյան զորքերի «անակնկալ» դուրսբերումը Աֆղանստանից և թալիբների դարձը ի շրջանս յուր, իմա` իշխանություն:
2021-ին, ի դեպ, Բըրնսը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, ապա այցելել է ՈՒկրաինա: Նրա այցին հաջորդեց ռուս-ուկրաիանկան պատերազմը։
ՈՒշագրավ «մանրուք»` նշված հանդիպումներից առաջ և հետո ԱՄՆ ԿՀՎ տնօրենը այցելել է նաև Թուրքիա։
Փաստ է և այն, որ ԿՀՎ ղեկավարները հաճախ են այցելում Թուրքիա։
Ի՞նչ արձագանք կունենա քննարկվող այցը:
Պատասխանը, ամենայն հավանականությամբ, կհնչի առաջիկայում:
Բա՞յց, մինչ այդ պահը պետք է իրականանա ողբերգության հաջորդ արարը` քաղաքական սպանություն ուղիղ եթերում, ինչը կշեղի հանրության ուշադրությունն ու «մոռացության» կմատնի, թե՛ ԿՀՎ ղեկավարին, թե՛ նրա այցը Հայաստան և թե այն, որ Բըրնսին ճանապարհելուց հետո Հայաստան-«проходной двор»-ի բարձրաստիճան պահակների ականջներն այժմ էլ լայն ժպիտով ոլորել է ապրիլի 18-ին Երևան ժամանած ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


1. Ադրբեջանի ապագա «ազգային հերոսը»` նույն ինքը` հայկական բրենդի «դեղին ոչնչությունը», ի՞նչ վերջնագիր է ներկայացնում Հայաստանին ու հայ ժողովրդին:
2. Ի՞նչ է սենսացիան:
3. Առանց ԱԱԾ Երևանի վարչության պետի և ՀՀ ԱԱԾ տնօրենի գիտության Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր աջակցել պատուհասին:
4. Ովքե՞ր էին հռետորական հարցադրում կատարում.
«Եվ այնուամենայնիվ, եթե հօդս ցնդի կամ ուշանա «թավշյա» հեղափոխության իրականություն դառնալը, ԱԱԾ-ն իր բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞ր մեկին է ձերբակալելու»:
5. Ինչու՞ ոչ ոք Դանկոյի խիզախությամբ չպատառոտեց սեփական կուրծքը, չհանեց բոցավառվող սիրտը, չբարձրացրեց որպես ջահ, չառաջնորդեց ու չփրկեց «ճահճում» խեղդվողներին:
(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 74806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ