Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Զարեհ Մութաֆյանի տեսած Հայաստանը

Զարեհ Մութաֆյանի տեսած Հայաստանը
05.09.2022 | 07:26

«Եթե մեր բոլոր արվեստագետներն ու մտավորականները, որոնք իրենց արվեստների բերումով շփում ունեն օտար ժողովուրդների համապատասխան շրջանակների հետ, քաջություն ունենային և լրջորեն շեշտել տային մեր ժողովրդի ապրած արհավիրքները, ինչպես Զարեհ Մութաֆյանն է իրագործել, նրանք մեծապես սատարած կլինեին օտար շրջանակներում մեր ժողովրդի իրավունքների ճանաչման պայքարին, միաժամանակ Արևմտյան ժողովուրդներին, իրենց իսկ ներկայացուցիչների միջոցով, բացատրել տված կլինեին թրքական բարբարոսությունները, որոնք գործադրել են հայ ժողովրդի բնաջնջման գործողություններում։ Եվ դա կնպաստեր մեր իրավունքների վերահաստատմանը»։


Հայրենիք չտեսած, մանկություն չապրած, ընտանիքին կարոտ այս արվեստագետի սրտում որքա՜ն սեր կար առ հայրենիք․․․որքա՜ն կարոտ, որքա՜ն դառնություն և, միաժամանակ, որքա՜ն հույս և պայքարելու անսպառ ուժ։ Ազգային ողբերգության՝ ցեղասպանության կնիքը կրող «Հայուհի» (1963 թ․) և «Վերապրողը» կտավները վերոգրյալի վառ ապացույցն են: Դրանք ներկայացնում են կյանքի դաժան փորձություններով անցած կանանց, որոնք, չնայած դառնություններին, չեն կորցրել հավատը կյանքի հանդեպ: Իր ստեղծագործություններում շեշտելով հայկական ողբերգությունը, որի դառնությունները դեռ մատաղ հասակից դրոշմվել են նրա հոգում՝ նա ամեն անգամ այդ մասին շատ տեղին հիշեցնում է իր արվեստով հետաքրքրվողներին, նաև անվերջ ու նպատակային պատմում գեղատեսիլ Հայաստանի մասին։ Բավական է նշել այն, որ նա ֆրանսահայ նկարիչներից միակն է, ով Փարիզում (նաև Միլանում, Նյու Յորքում և այլուր) կազմակերպել է «Հայաստան» խորագրով մի առանձին ու բացառիկ ցուցահանդես՝ ամբողջությամբ բաղկացած մեր բնաշխարհի բնանկարներով ու մեր ճարտարապետական կոթողներով, արքայանիստ ու փառահեղ Արարատով, հինավուրց վանքերով ու սրբավայրերով (ընդհանուր՝ 48 կտավ)։ Թե որքան մարդ է այցելել այդ ցուցահանդեսներին, մեզ հայտնի չէ, բայց մամուլի արձագանքը և թերթերում զետեղված նյութերի վերնագրերը՝ «Մութաֆյանը և Հայաստանը», «Հայաստանը Մութաֆյանի աչքերով», «Մութաֆյանը պատմում է Հայաստանի մասին որդիական սիրով» և այլն, վկայում են, որ նկարչին հաջողվել է իր ասելիքը լսելի դարձնել աշխարհին։ Օրինակ՝ «Նուվո Ժուռնալ»-ը, անդրադառնալով այդ ցուցահանդեսին, գրել է․«Մինչև այժմ, ոչ մեկը Հայաստանի նկատմամբ այնքան սեր ու հետաքրքրություն չէր ստեղծել Փարիզի մեջ, որքան այս պատվական նկարիչը»։ Տպավորիչ են նաև Փարիզում բացված վերոնշյալ ցուցահանդեսի Ոսկյա մատյանում արձանագրած քաղաքապետարանի քարտուղար պրն․ Մերսիեի խոսքերը. «Այս սքանչելի պաստառները վկայում են, որ Զարեհ Մութաֆյանն արժանի էր Փարիզի մեծարանքին։ Մի տարի շարունակ նա նվիրվեց Հայաստանը մեզ ծանոթացնելու ազնիվ աշխատանքին»։ Ահա Շվեյցարիայի դեսպանատան կցորդ Դյուբուայի խոսքը․ «Կխոստովանիմ, թե տարբեր գաղափար ունեի Հայաստանի մասին, երախտապարտ եմ Մութաֆյանի հզոր տաղանդին, որ փոխեց համոզումս։ Ինչպե՞ս կարելի է չսիրել Հայաստանը ի տես այս գեղեցիկ նկարներուն, որոնց արևը, լույսը և գույնը տոնակատարություն մը սարքած են»։Կարելի է թերթերի գնահատականների բազմաթիվ այլ մեջբերումներ ևս բերել, բայց վերոգրյալն էլ բավական է հասկանալու համար, որ Մութաֆյանի ստեղծագործական միտքն իրոք խոսուն է եղել։


Նա, չունենալով ոչինչ, լինելով մեն-մենակ այս մեծ աշխարհում, կարողացել է իր տաղանդի, մեթոդի ու զանազանման շնորհիվ ոչ միայն իր պատվավոր տեղը գտնել արվեստի աշխարհում, այլև հայրենիքի հանդեպ տածած սիրուն ու ապրած ողբերգությանը մաս դարձնել աշխարհին։ ՄութաֆյանըԵվրոպայի ու Ամերիկայի երկրների արվեստի աշխարհում միշտ եղել է ուշադրության կենտրոնում, նրա մասին գրվել են բազմաթիվ մենագրություններ, և դրանք գրել են ֆրանսիացի և իտալացի արվեստաբաններ Գյուստավո Մաչչին, Անդրե Լերմոնը, Պիեռ Կելլեն, Սյուզան դ՝Արթեզը և այլք։ Ֆրանսիացի մի շարք նկարիչների մասին գրած մենագրություններով հայտնի ֆրանսիացի արվեստաբան Սյուզան դ՝Արթեզը «Մութաֆյան» խորագրով 136 մեծադիր էջերից բաղկացած մի ամբողջ հատոր է նվիրել Մութաֆյանին՝ հանգամանորեն անդրադառնալով նրա կյանքին, ստեղծագործական տարբեր փուլերին, վեր հանելով այն, ինչը բնորոշ է նկարչի խառնվածքին և նրա արվեստին։ «Իր բոլոր բազմատեսակ ու բազմաբնույթ ստեղծագործությունների խորքում կա նկարչի անձնական ողբերգությունը․ նա երբեք չի մոռացել իր հարազատների խողխողումը (այս պատճառով էլ դ՝Արթեզը նկարչի «գլուխգործոցները» համարում է «մտքի վրիժառություն»)։ Կրելով անձնական ողբերգության կնիքը՝ Մութաֆյանի գործերը, սակայն, մռայլ տրամադրություններ չեն արտահայտում։

Ընդհակառակը, դրանցում առկա է թախիծով պարուրված մի քնարականություն, մի մաքուր, անաղարտ զգացում, որ անմիջապես գերում է դիտողին։ Մի տարօրինակ, հանդարտ ու հանգստացնող լույս է սփռված նրա կտավներում։ Կյանքի աշունը բոլորող Մութաֆյանի մոտ այս փառահեղ լույսի գոյությունը շշմեցուցիչ է»,-գրել է նա։
Եվ զարմանալի չէ, որ Զ․ Մութաֆյանի բոլոր քննադատներն անգամ, իրենց գեղագիտական քննադատություններում նրան ներկայացնելիս, նկարագրում են Հայաստանն ու հայ ժողովրդին։


Ի դեպ, Մութաֆյանի հայեցի դաստիարակության յուրացման ու կատարելագործման մեկ այլ խոսուն ապացույց է որդու՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Երևանի համալսարանի պատվավոր դոկտոր, մաթեմատիկոս և պատմաբան, ակադեմիկոս, խոշոր հայագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայաստանի պատմության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ Կլոդ-Արմեն Մութաֆյանի հայանպաստ գործունեությունը, որը շատ բովանդակալից նկարագրել է ՀՀ վաստակավոր լրագրող Արևիկ Ավագյանը․ «Սիրելի´ս, դուք, որ մերթ աղետի գոտում էիք (1988 թ․երկրաշարժ), մերթ՝ Արցախում (արցախյան գոյամարտ), ընտրեցիք պայքարի մի տեսակ, որը պակաս կարևոր չէր մեր ազատամարտիկների արածից՝ պայքար առանց զենքի։ Ավելի ճիշտ, հայ դարավոր մշակույթը վերածեցիք զենքի։ Աշխարհին այն ներկայացնելու պարտականությունը ստանձնեցիք ինքնաբուխ՝ օգտագործելով միջազգային գիտաժողովների ամբիոնները, կազմակերպելով ցուցահանդեսներ, հրատարակելով գրքեր»։
Եվ այսպես, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր, ավելի քան 1000 ստեղծագործության հեղինակ, Փարիզի քաղաքային ամենաբարձր՝ «Լա գրանդ մեդայլ դը վերմէյլ» պատվանշան ոսկեխառն արծաթազօծ շքանշանին արժանացած հանրահայտ ֆրանսահայ նկարիչ և արվեստաբան Զարեհ Մութաֆյանը ծնվել է 1907 թ․մարտի 15-ին՝ Սև ծովի ափին գտնվող Օսմանյան կայսրության Օրդուի մարզի Ունիե փոքրիկ քաղաքում՝ Սամսունից 90 կմ հեռավորության վրա, նպարավաճառ Կարապետի ընտանիքում: Նա ընդամենը 8 տարեկան էր, երբ որբացավ, կորցրեց ամեն ինչ ու բռնեց տարագրության երկար ու տառապալից ճանապարհը։


Տասնմեկ հոգանոց ընտանիքից նա միակն էր, որը փրկվեց 1915 թ․ չարաբաստիկ կոտորածից:
Մինչև Մալաթիա հասնելն ընտանիքի բոլոր անդամները կոտորվում են, իսկ նա էլ ողջ է մնում, քանզի թշնամին կարծում է, թե մահացած է։ Արդյո՞ք նա ականատես է լինում այդ սարսափին, հայտնի չէ, բայց այն, որ նա շարունակում է ճանապարհը և միանում աքսորյալների մի քարավանի, օգնում է նրան ողջ մնալ։ Երբ քարավանը հասնում է Մալաթիա, նրան աշխատանքի է վերցնում մի քուրդ թիթեղագործ, ինչի շնորհիվ երրորդ անգամ է փրկվում մահից: Պատերազմի ավարտին (1917 թ․) Սամսունում բացվում է ամերիկյան Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի որբանոց (The mission of the Near East Relief), ուր հանգրվան է գտնում մոտ 2 000 հայ որբ, այդ թվում նաև՝ Զարեհը։ Այստեղ տասը տարեկան պատանյակը, որպեսզի մոռանա իր վիշտը, սկսում է նկարել և հենց շարժում է մատիտը, գծում է գույնզգույն նավեր․ չէ՞ որ ծովափնյա հայրենի քաղաքում անցկացրած տարիներին ստացած տպավորություններն ամենաջերմն էին, ամենաանհոգն ու ապահովը: Մութաֆյանի մանկական տպավորությունները հետագայում իրենց արտահայտությունն են գտնում նրա վրձնած բազմաթիվ ու բազմազան ծովային, առավելապես, նավահանգստային տեսարաններում։
Դասարանում, նկարչությունից բացի, նա հետաքրքրվում էր նաև գրականությամբ և երաժշտությամբ։ Անգամ երեք տարի ջութակի դասեր է վերցնում․ երազում էր դառնալ ջութակահար։


Մի քանի տարի անց, վախենալով թուրքերի մի նոր բարբարոսությունից, որոշվում է որբանոցները տեղափոխել Հունաստան։ Մութաֆյանը, որբանոցի իր ընկերների հետ, փոխադրվում է Հունաստանի Լուտրակի քաղաք, որտեղից էլ մեկ տարի անց հաստատվում է Կորֆու կղզում (Հունաստան փոխադրված որբերի մի մասն էլ հաստատվում է Սերա կղզում)։ Կորֆուի որբանոցի տնօրենը, նկատելով շնորհաշատ պատանուն, նրան ջութակի համար լարեր ու նկարելու վրձիններ է նվիրում։ Այս բարեհամբույր վերաբերմունքը քաջալերում և մեծ դրական ազդեցություն է ունենում ապագա նկարիչի ձևավորման վրա։ Բայց այստեղ ևս նրան սարսափելի օրեր էին սպասվում. 1923-ին իտալական օդուժը հարձակվում է Հունաստանի վրա և ռմբակոծում Կորֆու կղզին՝ սխալմամբ որպես թիրախ ընդունելով նախկին զորանոցի շենքում տեղակայված ամերիկյան որբանոցը․ զոհերը բազմաթիվ էին: Միացյալ նահանգների հետ դիվանագիտական միջադեպից խուսափելու համար Իտալիայի բռնապետ Մուսոլինին առաջարկում է Իտալիայում հյուրընկալել և հոգալ մոտ հարյուր որբի ուսման ծախսը, որոնք պետք է կրթվեին Մխիթարյան միաբանությունում: Նրա կարգադրությամբ Վենետիկի հոգևոր հայրերը հայ որբերի միջից ընտրում են շնորհալիներին: Այսպես Մութաֆյանը բախտ է ունենում աշակերտելու Վենետիկի Մխիթարյան միաբանության Մուրադ-Ռաֆայելյան միջնակարգ վարժարանին, որը միաբանության՝ Միլանում գործող մասնաճյուղն էր։ Ստանում է հայեցի կրթություն և տիրապետում է հայոց լեզվին։ Վարժարանում նույնպես նա աչքի է ընկնում գրականության, երաժշտության և նկարչության դասընթացներին։ Դասական երաժշտությամբ տարված՝ նա շարունակում էր երազել ջութակահար դառնալու մասին, սակայն Վենետիկյան մեծ վարպետների դպրոցում պլևրիտի (թոքամզի բորբոքում) պատճառով ստիպված է լինում հրաժարվել ջութակահար դառնալու երազանքից։ Բացի այդ, իտալական նկարչական մեծ արվեստի հետ ամենօրյա շփումը, ծանոթացումը Տիցիանի, Վերոնեզի (Պաոլո Կալյարի )և իտալական վերածննդի մյուս ներկայացուցիչների հետ, շնորհաշատ պատանուն վերջնականորեն մղում է դեպի կերպարվեստ: Բայց, այդուհանդերձ, երաժշտությունը միշտ ուղեկցում է նրան․ այն գրեթե անհագուրդ պահանջ էր նրա մոտ, և նա հաճախ նկարում էր դասական երաժշտության ունկնդրությամբ, ինչը խորապես ազդում է նրա ստեղծագործությունների վրա։

1927 թ․ միջնակարգ ուսումն ավարտելուց հետո ստանալով կրթաթոշակ՝ հնարավորություն է ունենում ուսումը շարունակելու Միլանի «Բրերա» գեղարվեստի ակադեմիայում (1927-1931 թթ)։ Այդ ժամանակներից էլ սկսում է հնչել Մութաֆյան նկարչի անունը՝ սկզբում մեղմ, հետզհետե ավելի ու ավելի տիրական․ ավելի ուշ ֆրանսիացի արվեստաբաններց մեկը՝ Ժան Դալեվեզը, նրա մասին գրել է․ «Մութաֆյանը ժամանակակից մեծագույն նկարիչներից մեկն է»։
1931-ին մեկնում է Հռոմ՝ անցկացնելու իր պետական քննությունը, որտեղից երեք օր անց վերադառնում է Միլան՝ դիպլոմով։ Երկու տարի անց՝ 1933 թ․ փետրվարին, Միլանի նկարիչների տանը բացում է իր անհատական առաջին ցուցահանդեսը՝ երկու փոքրիկ սրահներում ցուցադրելով մոտ 30 կտավ, և արժանանում ջերմ արձագանքի։ Անգամ հռչակավոր քննադատ Գյուստավո Մաչչին է գովասանական խոսքերով արտահայտվում նրա աշխատանքների մասին։


Վեց ամիս անց՝ 1934 թ․, մեկնում է Շվեյցարիա՝ նոր հաջողությունների որոնումների, և այստեղ՝ Ցյուրիխում, բացում իր երկրորդ ցուցահանդեսը։ Եվ եթե մինչև 1933 թ․Մութաֆյանը՝ տարված իտալական կլասիցիզմով, հիմնականում դիմանկարներ էր նկարում, Շվեյցարիայում՝ հմայված գեղատեսիլ բնությամբ, սկսում է ավելի շատ բնապատկերներ վրձնել։ Այդ շրջանում (1935 թ․) Ցյուրիխում անց էր կացվում երիտասարդ նկարիչների դիմանկարչության մրցույթ, և Մութաֆյանը ոչ միայն հնարավորություն է ունենում մասնակցելու դրան, այլև ստանում է առաջին՝ Նորդման մրցանակը, ինչը նրան հաստատուն հռչակ և ճանաչված անձանց կողմից դիմանկարների բազմաթիվ պատվերներ է բերում։ 1936 թ․ ամռանը ճանապարհորդության է մեկնում Վենետիկ։ Վերադառնալով՝ 1937 թ․ բնակություն է հաստատում Ժնևում։ Այստեղ մի մեծ ցուցահանդես է բացում՝ ներկայացնելով մոտ 40 կտավ՝ բնապատկերներ և դիմանկարներ։ 1938 թ․ մի քանի ամսով մեկնում է Փարիզ, ապա վերադառնալով՝ նույն սրահում մի նոր ցուցահանդես բացում։ Եվ միգուցե Ժնևում երկար մնար, եթե չավարտվեր այնտեղի բնակության թույլտվությունը, ուստի 1939 թ․ կրկին վերադառնում է Փարիզ՝ այս անգամ մշտական բնակության։ Իտալական և շվեյցարական այս տարիներին հաջորդում է ֆրանսիական շրջանը:


Ֆրանսիայում՝ 1939 թ․հունվարի 3-ին ամուսնանում է ֆրանսահայ ատամնաբույժ Հայկուհի Դամլամյանի հետ, որը նույնպես ծնվել էր Սամսունում, անցել ցեղասպանության արհավիրքով, ապրել հոր և չորս հորեղբայրների մահվան սարսափը, ապա վերջնական բնակություն հաստատել Ֆրանսիայում։ Ի դեպ, Մութաֆյանը ապագա կնոջ հետ առաջին անգամ հանդիպել էր Սամսունում՝ նրանց տանը․ Հայկուհու մայրը շաբաթը մեկ անգամ ամերիկյան որբանոցի որբերին հրավիրում էր իրենց տանը ճաշելու: Նրանց հաջորդ հանդիպումը (1936 թ․) տեղի էր ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մութաֆյանի հերթական շրջագայության ժամանակ դեպի Վենետիկ, ուր հանդիպել էր Ֆրանսիայից շրջագայության եկած մի խումբ հայերի, որոնց շարքում էր նաև Հայկուհին։ Զույգն ունենում է երեք զավակ` Մարի-Մադլենը, Կլոդը և Սիլվին:
Փարիզը, աղմկող, երգող Փարիզը տակնուվրա է անում Մութաֆյան-գեղագետի հոգևոր աշխարհը։ Այստեղ նրա ոճը բավականին փոխվում է․ թանգարաններում բացահայտելով իմպրեսիոնիստ և ֆովիստ նկարիչներին՝ գույնը շատ ավելի կարևոր է դառնում նրա արվեստում։ Նրա արվեստը, ի դեպ, աչքի է ընկնում ինչպես իտալական կլասիցիզմով, ֆրանսիական իմպրեսիոնիզմով և ֆովիզմով, այնպես էլ հայկական գեղանկարչական ավանդույթներով։ Ու թեև ողջ կարիերայի ընթացքում նա հավատարիմ է մնում դիմանկարին, նրա ստեղծագործությունների մեծ մասը, այնուամենայնիվ, բնանկարներ են: Քիչ չեն նաև ծովանկարները։


1939 թ․սեպտեմբերին զորակոչված Մութաֆյանը պատրաստում է իր ճամպրուկը, բայց գերմանական զորքերի արագ առաջխաղացումը խանգարում է նրա ռազմաճակատ մեկնելուն։ Օկուպացիայի տարիներին նա մի արվեստանոց է վարձում Նավարեն փողոցի վրա՝ Փարիզի 9-րդ շրջանում, այն թաղամասում, որը ֆրանսիական մայրաքաղաքի հայ մտավորականությունն իր հավաքատեղին էր դարձրել: Այդ տարիներին հավաքների անցկացման սահմանափակման պատճառով նրա արվեստանոցը հաճախ ծառայում է որպես ցեղասպանությունից մազապուրծ մտավորականների մշակութային գործունեության հանգրվան: Այդ օրերից ի վեր նա մշտապես մասնակցում է Փարիզի հայ կյանքին, որն այն ժամանակ բուռն վերելք էր ապրում, շարունակում գրքեր և հոդվածներ գրել՝ հիմնականում արվեստի պատմության վերաբերյալ։
1945 թ․ դառնում է Անկախների սալոնի անդամ (մինչև 1963), 1948 թ․՝ Աշնանային սալոնի մասնակից։ 1946 թ. մասնակցում է Խորհրդային Հայրենասերների Միության կողմից Փարիզում կազմակերպված ռուս նկարիչների ցուցահանդեսին, մասնակի ցուցահանդեսներ է բացում տարբեր սալոններում՝ Փարիզում, Մարսելում, Միլանում, Բրուսելում և այլուր։


1945 թ․դեկտեմբերին Փարիզում բացում է իր առաջին ցուցահանդեսը՝ ներկայացնելով 30 կտավ, որը նրան մեծ հաջողություն է բերում։ Անգամ Փարիզի քաղաքապետարանի կողմից արժանանում է «Արվեստի, գիտության և գրականության» արծաթե մրցանակին։
1962թ. շրջագայության է մեկնում Միացյալ Նահանգներ, որտեղ մի շարք նկարահանդեսներ է ունենում ողջ երկրով մեկ` Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս` Նյու-Յորք, Միլուոքի, Լոս Անջելես, Ֆրեզնո: Այնտեղ է, որ նամակ է ստանում կնոջից, որում վերջինս հայտնում է բաժանվելու իր որոշման մասին: Զարեհը մեծ ցավով է տանում այդ լուրը, որոշ ժամանակ դադարում է անգամ նկարել, բայց, ի վերջո, վերադառնում է իր վրձիններին, և, զարմանալի է, այդ տարաբախտ իրադարձությունն իր գեղանկարչության մեջ խթանի ազդեցություն է ունենում. ասես ինքն իրեն գերազանցելով՝ նա իր նախկին կնոջը կրկին նվաճելու հույսով նոր ոգեշնչմամբ է սկսում նկարել:

1963 թ․ ցուցահանդես է բացում Բեյրութում, իսկ 1965 թ․«André Weil» ցուցասրահում երրորդ մասնակի ցուցահանդեսին առաջին անգամ ներկայանում է թուրքական ջարդերը նկարագրող 20 կտավով։ Ցուցահանդեսը, որը նվիրված էր Ցեղասպանության հիսնամյակին, մամուլում մեծ իրարանցում է առաջ բերում։ Սա, ի դեպ, միակ դեպքն է, երբ Մութաֆյանն անդրադառնում է ցեղասպանության թեմային. նա այդ թեմայի մասին երբեք չէր խոսում, անգամ իր մանկության մասին չէր սիրում, չէր ցանկանում, չէր կարողանում խոսել, և եթե կարողանար, թերևս չնկարեր: Եվ սա է պատճառը, որ նրա կենսագրությունը որոշ բացեր ու անճշտություններ ունի։ Ցեղասպանության և աքսորի տառապանքն այնքան ուժեղ էր, որ նա խուսափում էր վերհիշելուց, վերապրելուց: Եվ մեղմ բնավորությամբ, բարի աչքերով այս արվեստագետը, որը բոլոր դառնություններից հետո շարունակում էր կյանքը տեսնել իր պայծառ, անխամրելի գույներով, ցասումով էր լցվում, երբ խոսքը թուրքերի կամ Թուրքիայի մասին էր։ 1977-ին Էրգրում ճամփորդելուց հետո որդին ասել է․ «Հայրս չէր ցանկանում ոչինչ լսել Էրգրի մասին, և ամեն անգամ, երբ ինչ-որ բան էի ուզում պատմել կամ որևէ նկար ցույց տալ, պարզապես թեման փոխում էր։Նրա մահից հետո միայն իր տանը գտա մի բացիկ, որը նրան ուղարկել էի Վանա լճից․ Աղթամարի եկեղեցին էր՝ լճի վրա։ Նա պահել էր լուսանկարը, բայց վերևի աջ անկյունը, որտեղ պատկերված էր թուրքական դրոշը, պատռել էր, քանզի չէր կարողացել հայկական ամենագեղեցիկ եկեղեցու պատկերի ետնամասում թուրքական դրոշը տեսնել։ Այս վայրերը այցելելուց հետո ես ավելի լավ հասկացա հորս և´ կյանքը, և´ նրա ամուր հայկականությունն ու հայրենասիրությունը։ Եվ նաև գիտակցեցի նրա ահռելի համբավը՝ բավական էր ասեի, որ Զարեհ Մութաֆյանի որդին եմ, և բոլոր դռները բացվում էին իմ առջև»:
Զարեհ Մութաֆյանը նույնպես շատ էր սիրում ճանապարհորդել, եղել էր Արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, բայց մի մեծ փափագ ուներ՝ լինել Հայաստանում, տեսնել հայրենիքը, որն ի կատար է ածվում, երբ նկարիչն արդեն վաթսուն տարեկան էր։
1962 թ․Հայաստանում առաջին անգամ ծանոթանում են Մութաֆյանին, երբ ֆրանսահայ նկարիչների 70-ից ավելի գործերի հետ, իբրև նվեր, պատկերասրահին է հասցեագրվում նաև նրա մեկ բնանկար։ Եվ ահա 1967 թ․ ամռանը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ջանքերով, նա Հայաստան է հրավիրվում, և 1967 թ․ամռանը Նկարչի տանը բացում իր առաջին ցուցահանդեսը՝ երեսուներեք կտավով, որոնց կեսը, հուրախություն մեզ, նվիրաբերում է հայրենիքին։ Նա, ի դեպ, սփյուռքահայերից առաջինն է, որը անհատական ցուցահանդես է բացում Խորհրդային Հայաստանում։


Հայաստանով և հայրենակիցներով ոգևորված՝ նա օրեր շարունակ շրջում է մեր քարաշատ բնաշխարհում, նկարում բնապատկերներ, պատմական հուշարձաններ, հողի և մտավոր աշխատանքի մարդկանց։ Բայց այդ ոգևորությանը անհուն թախիծ էր միահյուսված՝ չէ՞ որ օրեր անց նա պիտի հրաժեշտ տար առաջին անգամ տեսած, սահմանափակ օրերի ընթացքում հարազատացած իր հայրենիքին, նրա մարդկանց։ Անշուշտ գեղագետ-նկարիչն իր հոգու աչքերով տանելու էր վեհափառ Արարատի պատկերն ու գրեթե շոշափելիորեն վայելած Արագածը, վերապրելու էր Մարտիրոս Սարյանի անկեղծ ընդունելության, Մինաս Ավետիսյանի հետ հանդիպման, Վեհափառ Հայրապետի իմաստուն, սրտապնդիչ զրույցների անջնջելի հիշողությունը։ Այդուհանդերձ, բաժանումը ծանր էր․․․
Մութաֆյանի ցուցահանդեսն առանց ժապավենի է բացվում։ Բազմությունը մտնում է ներս, և նկարներն ու մարդիկ անձայն խոսում են իրար հետ։ Ջերմ էր բարեկամների խոսքը, անկեղծ ու անմիջական։ Որբացած նկարիչը վաթսուն տարի անց զգում է հարազատ ժողովրդի տաք շունչը։ Երկու լուսավոր կաթիլ է կախվում նրա աչքերից․ արյան մեջ եղած հինավուրց ու սրբազան երգերից էին այդ կաթիլները։

Արվեստաբան Շահեն Խաչատրյանը գրել է․«1967 թ. իրականացավ նրա փայփայած երազանքը` Ֆրանսիայից առաջին անգամ եկավ Հայաստան: Առաջին հանդիպումը հայրենի բնաշխարհի հետ ստեղծագործական անսպառ եռանդ ներշնչեց նկարչին: Նրա նկարներից սկսեցին հոսել գույները»։ Որդին նույնպես, անդրադառնալով հոր՝ Հայաստան կատարած առաջին այցին, ասել է․«Երբ հայրս այցելեց Հայաստան, նրա աշխատանքների ոճը փոխվեց, գույները կարծես «վառվեցին» ու պայծառացան։ Հայրս ավելի քան 1000 կտավների հեղինակ է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել եվրոպական, ամերիկյան մի շարք երկրներում,սակայն նա առավել շատ կարևորում էր հայաստանյան երկու ցուցահանդեսները (երկրորդը բացվում է 1971 թ․)»։


1967-ն, տպավորված հայրենի բնաշխարհի գեղեցկությամբ, Փարիզ վերադառնալուն պես Մութաֆյանը կտավներին է փոխանցում ապրումները՝ ստեղծելով Հայաստանը պատկերող նկարների մի ամբողջ շարք (մոտ ութ տասնյակ գործ), որը «Հայաստանը Մութաֆյանի աչքերով» խորագրով ներկայացնում է նախ՝ Փարիզում (1968 թ․), ապա նաև՝ Մարսելում (1969 թ․), Միլանում (1970 թ․), Վալանսում (1971 թ․)։ Նրա երազանքն էր ցուցահանդեսը տեղափոխել Երևան, և ահա 1971 թ․ հոկտեմբերի 30-ին Նկարչի տանը հայ արվեստասերները հնարավորություն են ունենում ըմբոշխնելու ցուցադրված ստեղծագործությունները՝ «Սևանը լուսնյակ գիշերով», «Սևանի կղզին», «Ձկնորսի ընտանիքը», «Գեղարդ», «1915», «Աքսորի նախօրեին», «Ապաքինում», «Երևանը», «Հաղարծնի վանքը», «Հաղպատ», «Գոշավանք», «Տաթև», «Սանահին»,«Խոր Վիրապի շրջակայքը», «Զանգեզուրի լեռները», տարբեր դիտակետերից դիտված «Արարատ»-ները, հայրենի «Անտառ»-ները և այլն։1979 թ․ հունիսին՝ մահից մեկ տարի առաջ, նա այդ ցուցահանդեսը բացում է նաև Նյու Յորքում։ Եվ ամենուր ոչ միայն հանդիպում է ջերմ, դրվատալից արձագանքի, այլև Հայաստանը պատկերող նկարների համար արժանանում է մի շարք պարգևների՝ Փարիզի «Արվեստի և գրականության» ակադեմիայի արծաթե մեդալին, Փարիզ քաղաքի բարձրագույն պարգև «Լա գրանդ մեդայլ դը վերմէյլ»՝ ոսկեխառն արծաթազօծ շքանշանին (այս ցուցահանդեսը Փարիզում երկրորդ անգամ բացելու առնչությամբ) և ընտրվում Իտալիայի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։
1976 թվականին Ֆրանսիայում բացված նրա վերջին ցուցահանդեսը կոչվում էր «Ծովը»։
Մութաֆյանը ծրագրում էր 1982 թ․կրկին գալ հայրենիք։ Այդ մասին նա գրել է 1980 թ․ մարտի 13 թվակիր նամակում․ «Շատ կարոտած եմ հայրենիքս։ Կարելի՞ բան է չկարոտնալ։ Որոշած եմ 1982-ին գալ, որ բարեկամներուս հետ տոնեմ 75-ամյակս»։ Բայց, ավա՜ղ, նամակը գրելուց երկու ամիս անց մահանում է։ Որդին, որն այդ ժամանակ Հայաստանում էր (հրավերով դասախոսում էր Երևանի համալսարանում), գույժն իմանում է մայիսի 11-12 գիշերը՝ հեռագրով։ Հեռախոսով նրան հայտնում են, որ հայրը մահվան շեմին հարազատներին ասել է․ «Վիճակիս մասին Արմենին լուր չի տաք։ Հայաստան է․․․ թող մնա՜․․․»։


Մահանում է 1980 թվականի մայիսի 11-ին՝ սրտի կաթվածից, թաղվում Բանյո գերեզմանատանը` հայ մտավորականների գերեզմանատանը։
Այս տաղանդաշատ նկարիչը, որը կենդանության օրոք երեսուն անհատական ցուցահանդես է բացել աշխարհի տարբեր քաղաքներում՝ 1933 թ․ փետրվարին՝ Միլանում (առաջինը), 1934 թ․՝ Ցյուրիխում, 1935 և 1938 թթ․՝ Ժնևում, 1945 թ․՝ Փարիզում, 1946 թ․՝ Մարսելում, 1948 և 1950 թթ․՝ Փարիզում, 1952 թ․՝ Միլանում, 1954 և 1957 թթ․՝ Փարիզում, 1962 թ․ մայիսին՝ Նյու Յորքում, 1962 թ․ հունիսին՝ Միլուոքիում, 1962 թ․ սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում, 1962 թ․ նոյեմբերին՝ Ֆրեզնոյում, 1963 թ․՝ Բեյրութում, 1966 և 1967 թթ․՝ Փարիզում, 1967 թ․՝ Երևանում, 1968 թ․՝ Փարիզում, 1969 թ․՝ Մարսելում, 1970 թ․՝ Միլանում, 1971 թ․ մայիսին՝ Վալանսում, 1971 թ․ հոկտեմբերին՝ Երևանում, 1972 և 1973 թ․՝ Լիոնում, 1975 թ․ հունիսին՝ Փարիզում, 1975 թ․ հոկտեմբերին՝ Ժնևում, 1976 թ․՝ Փարիզում, 1979 թ․՝ Նյու Յորքում (վերջինը), նաև բազմաթիվ մասնակի ցուցահանդեսներ տարբեր սալոններում (նրա նկարները հավաքված են համաշխարհային հավաքածուներում, մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Երևանի Ազգային պատկերասրահում), մեծ հռչակ է ձեռք բերում ոչ միայն իր կտավներով, այլև գրվածքներով (օրինակ՝ «Նկարչության դասական դպրոցները և արդի ձգտումները», «Արվեստի տեսաբանները 18-19-րդ դդ․», բազմաթիվ հոդվածներ)։


Այո´, գրվածքներով, քանզի Զ․ Մութաֆյանը նաև նկարչության տաղանդավոր քննադատ էր, ինչի կապակցությամբ սփյուռքահայ գրող, բանաստեղծ, արձակագիր Անդրանիկ Ծառուկյանը գրել է․«Գրիչն ու վրձինը քիչ անգամ տեսած են նույն ձեռքի մեջ։ Մասնավոր հայ նկարիչների մոտ քիչ հանդիպած է, որ հայ նկարիչը նաև գրող լինի»։ Մութաֆյանի գրվածքները, որոնք լույս են տեսել սփյուռքի հայկական մամուլում, շատ մաքուր լեզվով են թարգմանում ցավն ու վրեժը, կարոտն ու հույսը, հավատն ու գեղեցկությունը։ Դրանք շարադրված են հակիրճ, պատկերավոր լեզվով, ոսկեղենիկ հայերենով և հոմանիշների զարմանալի առատությամբ, հարուստ են հմուտ մեկնություններով։
Նկարչի մահից հետո որդին ու հարսը՝ ֆրանսուհի Մարի Դուֆլոն, մամուլի էջերից հավաքում և կազմում են նրա աշխատությունները, հոդվածներն ու նկարները, որոնք ամփոփվում են Վենետիկի ս․ Ղազար կղզում լույս տեսած «Հայերգություն վրձինով և գրիչով» գունազարդ հատորում։ Հայերենով և Ֆրանսերենով լույս տեսած գրքի հոդվածներն ամփոփված են «Ապրիլյան սերունդը», «Մշակույթը», «Երեք նկարիչներ՝ Հովհաննես Այվազովսկի, Մարտիրոս Սարյան և Մինաս Ավետիսյան», «Հայաստանյան տեսարաններ» և «Դիմանկարներ» գլուխներում, որոնք ընթերցողին համառոտակի ներկայացնում են հայ ժողովրդի մշակույթն ու բարգավաճ Հայաստանը՝ Մութաֆյանի աչքերով։ Կլոդը նաև 1980 թ.-ից ձեռնամուխ է լինում հոր ժառանգությունը տարածելու գործին և «Հայերգություն» խորագրով հոր պատկերահանդեսներ կազմակերպում տարբեր երկրներում։ Առաջինը 1982 թ․ բացում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ընդարձակ սրահներում (որդին՝ հոր կամքի համաձայն, հայրենիքին նվեր է բերում գեղանկարչի ժառանգության մի զգալի մաս, որոնք համալրում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի, Գյումրու, Վանաձորի պատկերասրահների և Հայաստանի գիտությունների ակադեմիայի կերպարվեստի հավաքածուները։ Նշյալ ցուցահանդեսում գերիշխողը հայկական բնանկարներն էին), 1983 թ․՝ Մարսելում, 1984 թ․՝ Լոնդոնում։ Լոնդոնի ցուցահանդեսի բացման ժամանակ Կլոդը, հանգամանորեն ներկայացնելով հորը, անգլերենով պատմում է եղեռնի որբերի սերունդ Զարեհ Մութաֆյանի կյանքի ու ստեղծագործությունների մասին․ «Հայրս,-ասում է նա,- շատ ինքնամփոփ մարդ էր, նույնիսկ քիչ տխուր, դժվարին անցյալն ունեցել էր իր անդրադարձը նրա հետագա կյանքի վրա։ Նա իրեն միայն երջանիկ զգաց՝ այցելելով Հայաստան, ուր հայ ժողովուրդը մեծ վերածնունդ է ապրում։ Եվ ահա այս նկարները, որ պիտի դիտեք քիչ հետո, մայր հայրենիքում ստացած նրա ոգևորության արգասիքն են»։
Տարիները հաջորդում են միմյանց, և ահա 1990 թ․նոյեմբերին Երևանում կրկին հյուր է Զարեհ Մութաֆյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, ցուցադրվում է նաև Մոսկվայում։Հայաստանում Մութաֆյանի հաջորդ և վերջին ցուցահանդեսը բացվում է 2007 թ.՝ Հայաստանի ազգային պատկերասրահում՝ նվիրված Մութաֆյանի 100-ամյակին, որի ժամանակ ցուցադրվում են ոչ միայն նրա` Ազգային պատկերասրահում պահվող աշխատանքները, այլև շուրջ երկու տասնյակ կտավներ, որոնք Փարիզից իր հետ բերում է նկարչի որդին։


Ի դեպ, խոսելով կտավներից՝ հարկ է նշել նրա մի քանի ստեղծագործություն՝ բնավ չնսեմացնելով մյուս աշխատանքների արժեքը։ Օրինակ՝ «Կոմիտասը» (Մութաֆյանը, այս կտավում Վարդապետին պատկերելով եվրոպական նշանավոր կոմպոզիտորիների՝ Ռիխարդ Վագների, Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի և Ֆերենց Լիստի շարքում, բոլոր ժամանակների հայ երևելի կոմպոզիտորին յուրովի է արժևորել), Մեծի Տանն Կիլիկիոյ Զարեհ Ա. Կաթողիկոսի (ականատեսների հավաստմամբ՝ իսկ և իսկ նրա արտացոլանքն էր), Արշակ Չոպանյանի, Իրիս Բուլբուլյանի, Մարիամ Դամլամյանի և այլոց խիստ հաջող դիմանկարները, «Ձյունածածկ Արագածը», «Առագաստանավեր», «Անտառը աշնանը» և այլ բնանկարներ։
Մութաֆյանի կերպարի լավագույն նկարագրությունը, թերևս, իր իսկ խոսքերն են․ «Իմ նպատակն էր «Հայաստան» բառը ընտանի և սիրելի դարձնել օտարներուն, անոնց ծանոթացնել մեր հիանալի երկրի ստեղծագործությունները։ Գոհունակությամբ պիտի նշեմ, որ ես հասա իմ նպատակին, և այս ես համարում եմ որդիական իմ դույզն ներդրումս հայրենիքիս անունին պանծացումին մեջ»։
Կարդում եմ այս մեծ հայրենասերի, շնորհալի արվեստագետի կենսագրությունը, և մի կողմից հիացմունքն է խեղդում կոկորդս, մյուս կողմից՝ զայրույթը, հիասթափությունը․Կլոդ Մութաֆյանը 2019 թ․ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսելով հոր մասին, ցավով նշում է․ «Ազգային պատկերասրահում նրանից մոտ երեսուն գործ կա, բայց, դժբախտաբար, միայն մեկն է ցուցադրված»։ Մե՞կը, ընդամենը մե՞կը, իսկ ո՞ւր են մյուսները․․․


Ցավ է, բայց փաստ է՝ մենք այդպես էլ չսովորեցինք գնահատել, արժևորել, պահել ու պահպանել մեր ունեցածը, մեր սերունդներին հնարավորություն տալ ճանաչելու և հպարտանալու մեր արժեքներով և, ինչու չէ, նաև աշխարհին ներկայանալու մեր հարստությամբ:


Լյուսյա Առաքելյան

Դիտվել է՝ 22179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ