ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Անիրական հարցազրույց իրականի հետ

Անիրական հարցազրույց իրականի հետ
01.09.2024 | 15:59

ԶՐՈՒՑԱԿՑԻՍ ԿԵՐՊԱՐԻ ՄՈՏԱՎՈՐ ՍՏՎԵՐԱԳԻԾԸ

«Իրական» կոչվածը, որքան էլ մեր ժամանակակիցն է, որքան էլ ճակատագրի կամոք իրեն ընձեռված հնարավորությունը, նաև միջոցները, դեռևս սպառում է լոկ սեփական «ես»-ին, ընտանիքի խիստ կասկածելի «ապագային» ու պարարտ մարմնին ծառայեցնելով, որքան էլ ցանկացած միջավայրում առանց կոմպլեքսների, աշխարհի ամենատես աչքի առաջ անգամ, չտեսի պռտկերեսությամբ ստամոքսը բտում է «մարմնակազմական»` ձեռքն ընկած նյութերով, որքան էլ լուսանցքային արարքներով, տավտոլոգիկ բառաբարդումներով պերմանենտ «զբաղեցնում» է հավաքական միտքը, սղոցում-մաշում հանրության գերակշիռ հատվածի պրկված նյարդերը, այնուհանդերձ, սույն գոյակը (իմա` առարկան) չունի հստակ արտաքին:

Լղոզված ու նյարդային են դիմագծերը, վախեցած են կեղծ ալտրուիզմով լի աչքերն ու տղամարդուն ոչ բնորոշ կերկերուն-խզված ձայնը, մթամած է անվերջ ինչ-որ բան փնտրող հայացքը:

Գիտությանը դեռևս անհայտ «շինանյութից» «սարքված» այս ծեփվածքը, որքան էլ տարօրինակ է, չունի նաև անուն-ազգանուն:

Հետևապես, անակնկալ կայացած զրույցը հրապարակվում է առանց կողմնորոշող և ասվածը լրացնող լուսանկարի:

«Պատկերված» էսքիզ-ուրվանկարին յուրաքանչյուրը թող միս ու արյուն հաղորդի իր երևակայության սահմաններում, և «հողե այս շինվածքին» անվանակոչի սեփական նախընտրությամբ:

Նաև հավելեմ` «իրական» կոչվածի կիսատ-պռատ արտահայտած մտքերն ընկալելու համար պահանջվում է թարգմանիչ` հայերենից հայերեն:

Որպեսզի եզրահանգումս չհամարվի նախատրամադրվածություն ինչ-որ անդեմ «քայլողի» հանդեպ` ասածս փաստեմ 1-2 կոնկրետ օրինակով:

ա) Հատված «քաղաքացու օրվա» կապակցությամբ (չէ՛, չեմ սխալվել, չե՛մ շփոթել «առթիվ» ու «կապակցություն» բառերի ճիշտ օգտագործումը. սրա ցանկացած նախաձեռնություն ողբերգություն է, հետևաբար, միա՛յն` «կապակցությամբ») հղած «ուղերձից»:

«2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետևանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետև ինքդ դու՛ լինելու հետևանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դու՛ պարզապես պիտի որոշես՝ ուզու՞մ ես դու լինել, թե՞ ոչ»:

Բան հասկացա՞ք:

Ես էլ` չէ՛:

բ) Հատված 2023-ին` 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման ժամանակ հնչած ելույթից.

«Այսօրը այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր»:

Որքան էլ դժվար է, այնուամենայնիվ, խնայելով ընթերցողիս նյարդերը, նաև ժամանակը, որպեսզի հերթական խրթնաբանությունը կարդալով չճգնի ենթադրություններ անել, թե սրա իրար հետևից շարված բառերի անիմաստ կուտակումը ստույգ ի՞նչ շեղման հետևանք է, «վրձնածս» անդիմագիծ «իրականի» մտքերը ներկայացնում եմ արդեն զտված ու խմբագրված վիճակում:

ԼՐԱԳՐՈՂՆ Է՞Լ ԷՍՔԱՆ ՍՏԱԽՈՍ ԼԻՆԻ

- Նկատի ունենալով այն փաստը, որ 2024-ի մարտին արգելափակվեց «РТР-ПЛАНЕТА»-ով եթեր սփռվող «Вечер с Владимиром Соловьевым» և «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հեղինակային հաղորդումների հեռարձակումը` Հայաստանի Հանրապետության տարածքում, պետք է ենթադրել, որ…

- Հըլը մի րոպե` ո՞վ արգելափակեց:

- Որպեսզի այդ թեմայի շուրջ չծավալվենք, պարզապես փաստենք` հայրենիքի ամբողջ մի հատված «օրենքից դուրս» հայտարարողի ու թշնամուն «նվիրողի» համար մեկ կամ երկու հաղորդաշարն ի՞նչ էր, որ չփակեր:

Չնայած` շա՛տ էլ լավ էր, որ փակվեց:

- Այսի՞նքն…

- Ցանկացողներն արբանյակային հեռարձակմամբ դիտում են իրենց ուզածը: Իսկ մինչ օրս «նախկիններ» մերժողների համար Փոլադ Բյուլ-Բյուլ-օղլու կլկլոցներն ու տարբեր «կոյունլուների»` «ակ», «իկ», «կարա», մասին պատմող սերիալներն ու հաղորդումներն ավելի սպասված են և, իհարկե, նախընտրելի:

Ինչևէ, կարծում եմ` մանրակրկիտ հետևում եք ռուսաստանյան ո՛չ միայն ոմանց ցեխը մտցնող հաղորդումներին, այլև քաջածանոթ եք տարբեր ժամանակահատվածներում ՌԴ տարբեր ալիքներով հեռարձակված «Кто хочет стать миллионером?» հեռուստախաղին:

- Չհասկացա, ինձ հետ ի՞նչ կապ ունեն ռուսական ալիքներն ու հիշատակված հեռուստախաղը:

- Ինչպես իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ Նալբանդյանն է ասում` «ամենաուղիղ» կապն ունեն:

- Ո՞ր Նալբանդյանը:

- Ազատության երգիչը:

- Էդիկը՞…

- Էդիկն ո՞վ է

- ԱԳ նախկին նախարարը:

- «Նախկին»-ներին հանգիստ թողնենք:

- Էդ ընչի՞ որ: Չեն թալանե՞լ, չեն լափե՞լ: Դղյակների տեր չեն դարձե՞լ:

- Կյանքն ապացուցեց` ասվածներն ընդամենը «օդից կախված լուրեր» էին ու այդպիսին էլ մնացին:

- Փաստերը հե՞չ…

- Ո՞ր փաստերը, սրա՞նք.

ա) «Մեր կարևորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը»:

բ) «Հերթով բացահայտելու ենք ՀՀ բոլոր թալանչիներին»:

գ) «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են»:

դ) «Ռոբերտ Քոչարյանն էդ ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել: Թող 98 թվից առաջ կուտակեին, գնային միլիոններ անեին, առյուծ քշեին, բան անեին: Կամ հիմա ինչու՞ չեն աշխատում էդ միլիոնները, մե՞նք ենք խանգարում: Մենք խանգարում ենք, թող գնան արտերկրում աշխատեն: Ստատուս քվոն պետք է վերադառնա: 98 թվից առաջ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը»:

Շարունակե՞մ թվարկելը, թե՞…

- Ես նման բաներ եմ ասե՞լ:

- Ինչու՞ Դու՛ք` ՀՀ-ում իշխանությունն իր տերերի շնորհիվ յուրացրած դժգույն միջակությունը: Ո՛չ միայն ասել, այլև` խոստացել է. «ԿպառկԸցնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպառկԸցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով»:

Վեց տարի անց, սակայն գոյացած ջրբաժանի մի կողմում մնացին «նախկինների» նկատմամբ հնչեցրած ստերը, սպիտակի վրա սև թելերով փինաչու ձեռամբ շուլալված «գործերը», մյուս կողմում` անխիղճ կողոպուտ, անգամ պետբյուջեից, և սեփական «զրոյական» կետից «ծլած» դղյակներ, բնակարաններ, զրահապատ ավտոմեքենաներ ու ամենակարևորը` միլիարդների հաշիվներ օտար բանկերում:

- Սուտ լուրեր: Էդքան, որ տեղեկացված են, անհիմն բամբասանքներից բացի թեկուզ և մեկ օտարերկրյա բանկի անուն թող հնչեցնեն:

- Երբ դավաճանությանը պլլված կոռուպցիոն գործարքներից են խոսում, հաճախ վկայակոչում են «Росбанк»-ի պահոցային հատվածներում թաքցրած ոսկու ձուլակտորների ահռելի քանակը:

- Անպատասխանատու մարդկանց անկապ հայտարարություններ: Իսկ պարզաբանում ե՞ն, թե ինչի հաշվին է առաջացել միֆական այդ հարստությունը:

- Իհարկե, «ըստ օդում կախված լուրերի», գոյացել է հայրենիքի վաճառքից: Նաև` «հայրենական արտադրության» գործարարներին պերմանենտ տեռորի ու ռեկետի ենթարկելուց:

Բիոզանգվածի վերածվածները, օրինակ, 2018-ին համոզված էին, որ հենց իրենք են դառնալու տեղական «բիզնես աշխարհից» բարձր պրոֆեսիոնալիզմով «քերված» այն 800 միլիոն դոլարի շահառուները, որն առայժմ «հանգրվանել» է նույն «Росбанк»-ի համապատասխան բունկերում:

- Հորինված միլիոններ ու անկապ հույսեր:

- Այսօր, իհարկե, «հորինված», նաև` «անկապ», բայց անիծված այն օրերին առատության եղջյուրից թափվող խոստումները շոյում էին հաց հանապազօրյայի պահանջատերերի ականջները, օզոնաթերապիայի ենթարկում նրանց վրեժով խցանված, արյունատար համակարգն ու բջիջ առ բջիջ լցնում հեշտ հարստանալու մարմաջով:

Իսկ «Միակ խոսող» նոմինացիան իրենով արածի ուխտը` «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են», էքստազի մեջ էր գցում Հայաստանում ցուցադրվող «կրկեսի» մասնակիցներին:

- Ես կատարել եմ իմ բոլոր խոստումները: Ամենակարևորը` հպարտներին ազատել եմ այնքան ատելի նախկին թալանչիներից: Եվ պատժի արժանի որևէ կեղտոտ գործարքի մասնակից չեմ:

ՈՒնեցած-չունեցածս էլ, ինչպես մինչ հեղափոխությունը, դրանից հետո էլ, Երրորդ մասում գտնվող մի բնակարան է, որը նույնիսկ ծախել չեմ կարողանում:

- Իսկ նույն «օդում կախվածների» հավաստմամբ` 2024-ի հուլիսի դրությամբ, Ձեր, ինչպես Դու՛ք եք ասում` «ունեցած-չունեցածը», գերազանցել է 3,5 միլիարդ (մի՜-լի՜-ա՜րդ) դոլարը:

Ի՜նչ մեծ բան է, որ: Եղած-չեղածն ընդամեը 3,5 միլիարդը գերազանցող, ինչպես կասեր հանրահայտ Մորգանի խնամին` «տանձի կորիզ»:

- Միայն ստերի վրա հիմնված, նման դատարկ զրույց երբևէ չէի ունեցել: Լրագրողն է՞լ էսքան ստախոս լինի:

ՈՒրեմն եթե կոնկրետ ասելու բան չկա` ավարտենք ավազի վրա կառուցած էս անկապ ջուրծեծոցին:

КТО ХОЧЕТ СТАТЬ МИЛЛИОНЕРОМ?

- Ճիշտ պահն է բարձրաձայնելու ոմն «միստր Х»-ի de facto («կադաստր»-այինը չգիտեմ) մատուցվող տվյալները` ՄԵԽՐԱԼԻԵՎ ՄԻՐԶԱԼԻ ՌԵՆԱՏ-ՕՂԼԻ:

- Ինձ բացարձա՛կ անհայտ ու ոչինչ չասող անուն-ազգանուն է:

- ՈՒրեմն, հիշատակված խաղի կանոններով`«помощь зала»` ծնունդով բաքվեցի լեռնային հրեա: Մոսկվաբնակ բիզնեսմեն: Գործունեության շրջանակը` ամենատարբեր ապրանքների ռեէքսպորտ Ադրբեջանով դեպի…

- Դահլիճի օգնությունը «ելք» չէ, եթե ասվածն ամբողջովին ռեբուս է:

- Դիմենք` «звонок другу» տարբերակին: ՈՒ՞մ ենք զանգում:

- Իմ ո՛չ մի ընկեր էլ հնչեցված անկապության պատասխանը չունի:

- Փորձեմ ինքս ստանձնել «վիրտուալ ընկերոջ» դերը և պատասխանել առաջադրված «անկապությանը»:

Հիշատակված անձնավորությունը 2021-ի մարտին անվավեր ճանաչեց նույն թվականի փետրվարին քուվեյթցի արաբ մեծահարուստի հետ կնքված 70 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը և՞…

- …մի րոպե, խճողվեց ամեն ինչ` լեռնահրեա, արաբ, Քուվեյթ, պայմանագիր, միլիոններ:

- Ընդհատեցիք ամենահետաքրքիր տեղում` Ռենատ-Օղլին նույն պայմանագիրի առաջ կանաչ լույս վառեց ընդամենը 600 հազար ռուբլով (70 միլիոն դոլարի փոխարեն): Փաստենք, որ 600 միլիոն ռուբլին 2021-ի դրությամբ կազմում էր շուրջ 10 միլիոն դոլար:

- Բա՜ն չեմ հասկանում: Ինձ ոչինչ չասող թվեր են դրանք:

- Օգտագործենք և՛ խաղի «50/50» տարբերակը. այն է` շրջանառության մեջ դնենք «Московская область, Раменский городской округ, посёлок Ильинский, улица Октябрьская, владенье…» հասցեն:

- Ես ինչ-որ բա՞ն պետք է հաստատեմ կամ ժխտեմ:

- Չէ՛, պարզապես, «օդից կախված լուրերի համաձայն», 2021-ի մարտին հիշյալ հասցեում գտնվող դղյակը Դու՛ք եք գնել: Կադաստրային արժեքը 600 միլիոն ռուբլի: Իրական, ասել է` շուկայական արժեքը` 5 միլիարդ ռուբլի:

- Ապացու՞յց:

- «Նախորդ կյանքում» երբևէ փորձե՞լ եք «ապացույցներով հիմնավորել» միամիտներին նետված Ձեր խայծերը ՀՀ 2-րդ,

3-րդ նախագահների ու նրանց մերձավոր շրջապատի վերաբերյալ:

- Հստակեցնենք` ե՞ս եմ կնքել գործարքը, թե՞ կինս:

- Օգտվելով խաղի վերջին` «право на ошибку» հնարավորությունից վկայակոչեմ կրկին «օդից կախված լուրերը»: Եվ այսպես` գործարքը պահանջվող անհրաժեշտ երաշխավորագրով Մոսկվայում կնքել է

47-ամյա (2021-ի դրությամբ) ոմն Ալվինա Ատրուշանի Կիրակոսյան:

- Ֆեյք լուրեր:

- Ասվածը լրացնեմ իրողությամբ` հենց նման «ֆեյք» լուրերով էլ քանդվեցին մեր երկրի հիմքերը:

- Երկրի հիմքերը հանգիստ թողեք ու բարձրաձայնենք ֆեյք դղյակի ֆեյք բնակիչների իսկությունը:

- «Ֆեյք» դղյակն առայժմ բնակեցված չէ, որովհետև սեփականատերերը դեռևս վերուվար են անում երևանյան հայտնի պալատի աստիճանավադակներով:

Բայց նույն «օդից կախվածների» համաձայն կալվածքի պահպանության համար ամսական վճարվում է 25 թե 27 հազար դոլար:

- Հասկանում ե՞ք, թե ինչ թվերից եք խոսում:

- Ես չէ, «օդից կախվածներն» են խոսում:

- Հրաժարվում եմ շարունակել ստերով հագեցած էս անկապ զրույցը:

«ՁԵՐ ԱՊԱԳԱՆ ՊԻՏԻ ԴԱՏԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԵ ՁԵՐ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎԵՐԱ»

Չհասկացա, թե որտեղից և ինչպես հայտնվեց իր ժամանակի ամենալուսավոր անհատականությունը` Միքայել Նալբանդյանը:

Զզվանքով լի հայացքը հառեց զրուցակցիս, ցուցամատը մեկնեց դեպի նա ու.

- Մեր ազգի անցյալը տխուր է, այն օրերի պատմական հիշատակարաններից արտասուք է հոսում: Մեր ազգի ներկան` ստրկությունը և աղքատությունը, բարձրաձայն խոսում են այստեղ:

Խոժոռված հայացքով շանթահարեց անդիմագիծ կերպարին, թե.

- Դավաճանական առուծախից ստացածդ 2 մլրդ 640 մլն դոլարը (նախնական «տրանշը», լա՜վ գիտես` ինչի դիմաց) բոլորիդ քթից է գալու:

Ապա կտրուկ մոտեցավ սարսափից գետնաքարշ եղած զրուցակցիս ու գուժեց չարաղետ ձայնով.

- Այր և կին դուքանչի-վաշխառուներ, մի՛ մոռանաք` ձեր ապագան պիտի դատաստան կատարե ձեր գերեզմանի վերա:

Մինչ կփորձի վերլուծել-հասկանալ, թե ինչ կնշանակեն «նախնական տրանշ» արտահայտությունն ու վերջաբան-եզրահանգումը, ականջիս տակ հնչած աղեկտուր «մյա՜ու՜»-ն ստիպեց արթնանալ:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Մլավողը կատուս էր` Տոմիկը:

Պատուհանագոգին նստած Լիլիպուտն էլ ձայնակցում էր զգուշորեն:

Համառորեն իրենց «Kit Kat»-ն էին պահանջում:

Նրանց հոգն էլ չէր, որ ընդհատել էին «անհասկանալի» մի երազ, հագեցած ինչ-որ թվերով, «օդից կախված» լուրերով, անհայտ անուն-ազգանուններով ու որպես հավարտ հնչած սարսափելի մեղադրական եզրակացությամբ:

Դիտվել է՝ 10901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ