Թուրքիայի նախագահի հասարակության հետ կապերի վարչությունը հերքել է հայ-թուրքական սահմանի բացման մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումները։ Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ հայ-թուրքական պաշտոնապես փակ սահմանով զուտ Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ են մտել Թուրքիա և ճանապարհը շարունակել Սիրիա, այնուհետ նույն երթուղով վերադառնալու են Հայաստան։               
 

«Ափսոսում եմ հրաժարվել իմ տարիներից»

«Ափսոսում եմ հրաժարվել իմ տարիներից»
20.01.2025 | 21:20

«Թող մի քիչ շուրջը նայեն և «մի քիչ դժբախտություն» ներմուծեն իրենց կշտության մեջ, հավատացնում եմ, որ նրանք ավելի իմաստալից կյանքով կապրեն»:

Անհրաժեշտ պարզաբանում.

1999-ի հունվարի 20-ին լրացավ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը:

Տոնակատարությունը, սակայն, հետաձգվեց:

Փոխադրվեց ապրիլի 16, և հայտարարվեց` կնշվի մեծ շուքով:

Մարտի վերջն էր: Օրը ստույգ չեմ հիշում:

«Երեկոյան Երևանի» գեղարվեստական խմբագիր Նիկօի հետ հրավիրված էինք Սիլվա Կապուտիկյանի բնակարան՝ սուրճի:

Բանաստեղծուհին և Նիկօն ինչ-որ էսքիզներ էին ընտրելու:

Զրույց-քննարկումն այնքան խորն էր ու բովանդակալից, որ հայցեցի տիկին Սիլվայի թույլտվությունը` հրապարակելու որոշ հատվածներ:

Չմերժեց:

Խնդրանքս իրագործեցի 1999-ի ապրիլի 3-ին` «Ափսոսում եմ հրաժարվել իմ տարիներից» վերտառությամբ:

Ըստ էության, սա ո՛չ թե բանաստեղծուհու և լրագրողի պրոֆեսիոնալ հարցազրույց է, այլ սուրճին զուգակցված մտորումներ, որոնք երբեմն, շատ զգուշորեն ընդհատում էի հակիրճ հարցերով:

- Ձեր 80-ամյակի տոնակատարության տեղափոխումը ապրիլի 16 ինչ-որ խորհու՞րդ է պարունակում:

- Ապրիլն ինձ համար շատ սուրբ ամիս է: Ե՛վ տխրության, և՛ դրամատիզմի, և՛ ուրախության, և՛ զարթոնքի:

Ինձ դուր է գալիս, որ ապրիլին պիտի ինչ-որ չափով մասնակցեմ մեր ժողովրդի հոգևոր զարթոնքին:

- Ասել է՝ ապրիլի 16-ը, կամա թե ակամա, իր խորհուրդը կունենա:

-Համենայն դեպս, այդ խորհուրդը ես դնում եմ. պատահական չէ, որ ապրիլը մեզ համար ամենածանր ամիսն է, բայց միևնույն ժամանակ համահունչ է ապրել բառի հետ: Ո՛չ մի ամսում մենք կարիք չունենք այնքան շեշտել ապրելու իմաստը, որքան՝ ապրիլ ամսին:

- Մանրուք թվացող մի հարց` շատ քիչ են այն կանայք, ովքեր համարձակորեն խոստովանում ու չեն թաքցնում իրենց ապրած տարիների քանակը: Դուք այդ եզակիներից եք: Ձեզ երբե՞ք չի հուզել տարիքը:

-Ո՛չ, անգամ երիտասարդ տարիներին: Չնայած այն ժամանակ վախենալու բան չունես:

- Իսկ ա՞յժմ:

- Հիմա իսկի վախենալու բան չունեմ: Երբ վերջերս կես կատակ-կես լուրջ շեշտեցին, թե` տղամարդ է, իմ պատասխան խոսքում ասացի՝ 60 տարեկան կնոջ համար շատ հեշտ է տղամարդ համարվելը:

Այ, քիչ առաջ ձեր ներկայությամբ զանգահարող ուսուցչուհին ասաց. «Ես շնորհավորում եմ Ձեր չորս 20-ամյակը»: Պատասխանեցի, թե լավ կլիներ, որ չլիներ վերջին քսանը: «Ի՞նչ եք ասում,- բացականչեց նա,- դա այնպիսի շքեղ քսան է, այնպիսի խորհուրդ ունի իր մեջ»:

Շա՜տ սիրուն ասաց:

Համամիտ եմ, այն մարդը, որն ապրում է իմաստալից կյանքով, որի համար օրերը միայն լուսաբաց ու մայրամուտ չեն, այլ իրենց հետևից հետք են թողնում, թեկուզ այս տարիքում, ինչպե՞ս հրաժարվեմ:

Ափսոսում եմ հրաժարվել իմ տարիներից, ինձ համար թանկ են իմ ապրումները, իմ բռնկումները, իմ մասնակցությունը հասարակական կյանքին:

Այդ իմ մտածումները դարձել են բանաստեղծություն- «հաշվեհարդար», և կարծում եմ, վատ չի ստացվել: Չեմ հրաժարվում ոչ մի տարուց, որովհետև դրանք իմն են, իմ հարստությունն են:

-Վատ, լավ... առանց տարբերությա՞ն:

- Հիշողությունն այն հատկությունն ունի, որ վատը միշտ ջնջում է: Երևի թե կենաց փիլիսոփայության ձևերից մեկն է, որ Աստված դրել է մեր մեջ: Իհարկե, վատ օրեր էլ շա՜տ ունեմ իմ հոգու խորքերում, վիրավորանք ունեմ ճակատագրից, որ կայնքիս անձնական կողմն այդքան անարդարորեն ձախորդ է դասավորվել: Բայց, միևնույն ժամանակ, իմաստ եմ դնում դրա մեջ, երևի այդպես էլ պետք է լիներ:

- Երկու երնեկ մի տեղ չեն լինում:

- Ես էլ մի աֆորիզմ ունեմ՝ լրիվ երջանկության համար մի քիչ դժբախտություն է պետք: Այդ «մի քիչ»-ը, ինձ մոտ մի քիչ շատ եղավ: Բա՞յց... Հիշու՞մ եք իմ տողերը.

Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում,

Սակայն չտվեց երջանիկ մի սեր,

Չտվեց, որ ես միայն չլցվեմ

Խուլ երջանկությամբ` անընտել ցավին,

Չլացող աչքի արցունքը տեսնեմ,

Լսեմ խոսքերը չասվա՜ծ տակավին...

Ահավոր բան է, երբ մարդ շատ կուշտ է լինում, հոգեպես ձանձրալի և անիմաստ է դառնում կյանքը: Դրա համար «մի քիչ դժբախտություն» ասելով՝ ես այդ հոգեկան հափրած կշտության դեմ եմ: Եթե կան այնպիսիները, որ շատ երջանիկ ու կուշտ են, թող իրենց շուրջը նայեն, տեսնեն, թե ինչքան կարիքավոր մարդիկ կան, տեսնեն, որ մեր փողոցներում մուրացկաններ կան, ծերունիներ կան, որոնք հազիվ քայլ են անում հին, մաշված պայուսակը ձեռքին...

- Աղբարկղներն են քրքրում:

- Ինձ համար ծանր է այդ ասելը, բայց այդ կա... Թող մի քիչ շուրջը նայեն և «մի քիչ դժբախտություն» ներմուծեն իրենց կշտության մեջ, հավատացնում եմ, որ նրանք ավելի իմաստալից կյանքով կապրեն:

- Տիկին Սիլվա, շատ հակիրճ, խնդրում եմ, Ձեր վերաբերմունքն այսօրվա մամուլի նկատմամբ:

- Քիչ առաջ, ձեր ներկայությամբ, զանգահարեցին ինձ ու տեղեկացրին, որ միջին տարիքի գրողներից մեկն ակնարկել է, թե ես, իբր, երազում եմ հին գլավլիտային օրերը և դեմ եմ մամուլի ազատությունը: Սա նույն ժուռնալիստուհիների մակարդակն է:

Լուրջ մարդը չի՛ կարող կարծել, որ ես կարող եմ գլավլիտ երազել: Մի մարդ, որ միշտ խոտոր է գնացել իշխող մտայնությանը... ինչպե՞ս կարող է:

Եթե իմանաք «Քարավանները» կամ «Խճանկարը» տպագրելու համար ես ինչե՜ր եմ քաշել: Հիշում եմ (ես պինդ մարդ եմ), թե ինչպես մի օր Պետհրատում հիստերիայի մեջ ընկա ու սկսեցի լաց լինել, էլ չէի դիմանում: Այսպիսի բաներ քաշողը կարո՞ղ է գլավլիտ երազել:

Ազատությունը մեր մեջ պետք է ավելացնի պատասխանատվության զգացումը: Ահա այս է, որ երբեմն բացակայում է ոչ միայն գրողների, լրագրողուհիների, այլև խմբագիրների մեջ: Դուք պիտի իմանաք, որ ժողովուրդ եք դաստիարակում:

Լրագրերի այս առատությունը... գիտե՞ք ինչ ավերիչ, բան է: Մենք մոլորվում ենք այդ առատության մեջ, չենք գտնում այն անհրաժեշտը, որը պիտի կարդանք: Պետք է սոցիոլոգիական ուսումնասիրություններ արվեն, թե ու՛ր է տանում մեզ ուզած թերթը հրատարակելու իրավունքը:

- Նորից կկառչեն Ձեր վերջին արտահայտությունից ու կմեղադրեն Ձեզ:

- Գիտեմ: Ի՞նչ ասեմ, կառչում են, թող կառչեն: Ինչ էլ ասեմ, մի բան կգտնեն: Իսկ ինչ վերաբերում է ազատությանը, ապա շատ կիրթ մարդը միայն կարող է ազատությունը տեղին օգտագործել:

Գնորգ էմինն է ասում.

«Ե՛վ գնդակը, և՛ բառը արճճից են ձուլվում, պետք է սովորել տեղին գործածել»:

Ազատությունն էլ այդպիսի հրազեն է, որ պետք է սովորեն ճիշտ օգտագործել: Ազատությանը գերի չպիտի դառնաս, այլ ինքդ տիրապետես ազատությանը, նրա տերը լինես և ոչ թե ստրուկը: Այլապես նա քեզ կտանի, կխփի քարեքար, քարշ կատ որտեղ ուզում է:

- Սրտամո՞տ եք ընդունում որոշ թերթերի Ձեր հասցեին արված կսմիթները:

- Գուցե լավ է, գուցե վատ, բայց նման թերթերը ոչ միայն չեմ կարդում, այլև չգիտեմ, թե ինչ տեսք ունեն: Դրանք բոլորն անցողիկ բաներ են, կյանքն էլ ապացուցեց:

- Ի՞նչը նկատի ունեք:

- Ավելի ուժգին հարված, քան թատերական հրապարակում կատարվածը... չեմ տեսել: Այն փետրվարյան օրերին, ինչպես ասում են, ինձ վահանի վրա էին բարձրացնում, բայց արդեն աշնանը… ինձ վռնդեցին սուլոցներով.

«Սիլվա՛, հեռացի՛ր» բացականչություններով:

Բայց, հավատացեք, ամբիոնից իջա մի տեսակ թեթևացած, իմ ճշմարտության մեջ ավելի համոզված ու ամրացած:

Ես հավատում եմ իմ ճշմարտությանը և գիտեմ՝ մի՛շտ էլ մնում է հիմնականը՝ ժողովրդի սերն ու գնահատականը, որն էլ ինձ համար վեր է ցանկացած կոչումից ու շքանշանից:

Զրույցը` Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

3.04.1999 թ.

Դիտվել է՝ 7103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ