Չգիտեմ` բանասերի մասնագիտական աշխատանքային կենսագրության ընթացքում հայոց լեզո՞ւն, թե՞ հայ գրականությունն են գերակա, մի բան հաստատ գիտեմ. համալսարանական տարիներին մեր նվիրյալ, բազմագիտակ դասախոսները մեր հոգում հավասարապես սեր սերմանեցին թե հայոց լեզվի ու նրա գոհարակերտ գրականության հանդեպ, որը որպես անանց սեր մնաց մեր սերնդի հոգում։
Իմ աշխատատանքային կենսագրությունը վկա, որին միշտ և ամենուր հավատարիմ մնացի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Զարմանալի պայծառ մարդ էր հայոց լեզվի պատմության մեր դասախոսը Հովհաննես Բարսեղյանը։
Շուրջը տրամադրություն ստեղծող տեսակ էր։ Գու՞ցե դրանից էր, որ երբ առաջին անգամ լսարան մտավ, մեզ թվաց, թե իրեն վաղուց գիտենք։ Անմիջական, անբռնազբոս` տասնյակ տարիների մտերիմի պես։
Մանավանդ, երբ հաճախ` աջ ձեռքի ցուցամատին ոլորում էր իրենից անբաժան արդեն գունափոխած մետաղյա երկար շղթան։
Զարմանալի բարի մարդ էր. թեև մուգ ապակիով ակնոց էր կրում, բայց պարզ, լուսավոր հայացքն ու ժպիտը երևում էին շարժուն դիմախաղից։
Բռնկվող տեսակ էր, անչար, անհաշտ` աշխարհի անարդարությունների հանդեպ։ Հայերենին տիրապետողներին ու սիրողներին էլ անմիջապես ճանաչում էր։
ՈՒ շատ համբերատար էր։
Այլապես ո՞վ կդիմանար մի ամբողջ երեք տասնամյակ, երբ իր ուսանողներից ու հայցորդներից շատերը գիտական կոչումներ էին ստանում, իսկ ինքը` բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանով, համբերությամբ սպասում էր դեռևս անհայտ` դոկտորական ատենախոսության պաշտպանության իր հերթի գալուն։
Մեր ուսումնառության տարիներին ընկեր Բարսեղյանը դարձավ մեր` բանասիրական ֆակուլտետի դեկանը, այնուհետ` հայոց լեզվի պատմության ամբիոնի հիմնադիր-վարիչը։ Խիստ պահանջկոտ, բայց և սիրված մարդ էր։ Անընդհատ շարժման մեջ` ասես միշտ ինչ-որ տեղ էր շտապում։
Նրա անդուլ աշխատասիրության մասին բազմիցս էինք լսել։
Առաջին կուրսում, երբ արդեն մեր սեղանին էր ամիսներ առաջ նրա հեղինակած` սպիտակ կազմով «Ուղղագրական-
ուղղախոսական տերմինաբանական բառարան»-ը, ակնհայտ դարձավ, որ նա նաև հմուտ բառարանագիր է։
ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի, հետագայում` ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի գիտքարտուղար եղած տարիներին` 1964 թվականից նրա խմբագրությամբ և լրացումներով ու մեկնություններով պարբերաբար լույս էր տեսել խիստ կարևորություն ունեցող «Տերմինաբանական ուղեցույց»-ը, որն արդեն շուրջ վեց տասնամյակ և այսուհետ ևս լինելու է բազմաթիվ մարդկանց (մասնավորապես` պաշտոնատար անձանց) սեղանի գիրքը և ուղեցույցը։
Եվ ամենակարևորը. միայն համառ ու հաստատակամ գիտնականը կարող էր անել այն, ինչ արեց Հովհաննես Բարսեղյանը հայ բառարանագրության պատմության համար։
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ը, որի համահեղինակներից էր հայերենի մեր դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը, Հայաստան աշխարհի տեղանունների համընդգրկուն, նմանը չունեցող բառարան֊ հանրագիտարան է։ Վերջերս, երբ արցախյան արմատներով տոհմածառիս մասին նյութ պատրաստելիս թերթում էի այդ բառարանները` տեղանունները ճշտելու, կրկին պատեց զարմանքը։
Լսել էի լեզվաբան, լեզվաբան-գրականագետ և այդ գիտություններին հարակից ոլորտների գիտակ` լեզվաբան-թարգմանիչ, լեզվաբան-գրաքննադատ... բայց լեզվաբան-աշխարահագրագետ չէի լսել։
Նա ոչ միայն համահեղինակ է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանուններ բառարան» ստվարածավալ հնգհատորյակի (1986-2001թթ.), այլև այդ գործն ավարտին հասցնող անդավաճան գիտակը։ Ահա ինչու, այդ տարողունակ աշխատանքի համար արժանիորեն նրան շնորհվել է ՀՀ նախագահի մրցանակ։
Անշուշտ, այս բառարանները սովորական ստվարածավալ գրքեր չեն։ Դրանք մեզ կարող են ծառայել որպես գրավոր հաղթաթղթի արժեք ունեցող վկայագրեր` աշխարհում հայոց երբեմնի կորուսյալ տարածքների տերը լինելու պայքարում` որպես մեզ կուլ տալու պատրաստ թշնամու կոկորդում մնացող ու կուլ չգնացող ոսկոր։
Այս բառարանները նաև պատմական Հայքի տեղանունների ամբողջական տեղեկատվական աղբյուրներ են։
Բառարանի համահեղինակներ` պատմաբան-աշխարհագրագետ Թադևոս Հակոբյանի և պատմաբան Ստեփան Մելիք-Բախշյանի վախճանվելուց հետո վերջին երկու հատորը Հովհաննես Բարսեղյանը միայնակ է խմբագրել և հրատարակության պատրաստել։ Սա վկայում է, որ նա ոչ միայն հմուտ բառարանագետ է, այլև նվիրված գործընկեր, մարդու հավատարիմ տեսակ։
Եվ դա պատահական չէր։ Տարիներ առաջ Հովհաննես Բարսեղյանի տարողունակ գիտական աշխատանքներին նախորդել էին իր համահեղինակած դպրոցական դասագրքերը։ Ինչպես կասեր հայոց լեզվի մեր արագախոս դասխոս Ալեքսանդր Մարգարյանը, «ասել է թե»` ընկեր Բարսեղյանը մեր մայրենիի ուսուցման հիմնաքարը դրել էր դեռևս դպրոցում` կրկին` համահեղինակ դառնալով 5-6-րդ դասարանների «Հայոց լեզու» ձևաբանություն դասագրքի, որից ստացած գիտելիքներով հարստացած` ընդունվել էինք մեր երազած մայր բուհի մայր ֆակուլտետ։
Զարմանալի մարդ էր ընկեր Բարսեղյանը, եռանդով լի, բարի, բարեհաճ։ Տասնամյակներ անց էլ ժպիտով եմ հիշում իրեն։ Բռնկուն փոթորիկ էր, երբ ինչ-որ բան իր սրտով չէր, իսկ րոպեներ անց` ասես զուլալ աղբյուր։
Այսպիսին էր հայագիտության երախտավոր, հայագետ-աշխարագրագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ մեր դասախոսը` Հովհաննես Բարսեղյանը։
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ