Կիևը չի ճանաչի ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքները, եթե դրանք տեղի ունենան առանց ուկրաինական կողմի մասնակցության՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքն է փոխանցել Reuters-ը։ «Այսօր կարևոր է, որ իրադարձությունները չզարգանան ըստ Պուտինի ծրագրի, ով ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի բանակցությունները երկկողմանի դառնան, պետք է ներկայացված լինեն նաև եվրոպական երկրները»,- հավելել է Զելենսկին։               
 

ՄԵԿ ՃՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՄԵԿ ՃՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
23.01.2025 | 21:54
Չեմ հավատում, թե՝ հին ընկերները չեն դավաճանում մտքին, բայց անվերապահորեն վստահում եմ հնագույն ընկերներին, որոնցից մեկը Վազգեն Շահբազյանն է։ Նա, չխնայելով իր ժամանակը, մի կողմ թողած բանուգործը, մի քանի ժամվա ընթացքում գրքիս համար պատրաստեց Ա․ Մանթաշյանցի նախնյաց սխեմատիկ ճյուղագրությունը, որը շատ հավանեցի։
Շնորհակալություն քեզ, Վազգեն եղբայր։
Օգտվելով առիթից, համառոտ պատմեմ այս տոհմագրության մեկ անձնավորության մասին։
***
Մեծագույն բարերար ու ձեռնարկատեր Ալեքսանդր Մանթաշյանցը սերում էր բնիկ թիֆլիսցի հոգևորականների գերդաստանից։ Տոհմավագ տեր Փիլիպոս Ղայթմազյանցը Սբ Գևորգ եկեղեցու ավագ քահանա էր, նաև՝ Թելավի ու Թիֆլիսի հոգևոր դպրանոցների ուսուցչապետ, նրա որդիներ տեր Սամուելը Սբ Բեթղեհեմ եկեղեցու ավագ երեց էր, իսկ տեր Դավիթը՝ հոր սպասավորած Քարափի Սբ Գևորգ եկեղեցու քահանա։
Գժտություն ունենալով վրաց թագավոր Հերակլ II-ի (1720-1798) հետ, վախենալով արքայի ու նրա ազգականների վրեժխնդրութիւնից, Տէր Սամուելը 1785-1786 թթ․ ուխտ անելու պատրվակով գնում է Էջմիածին, ապա անցնում Պարսկաստան, այնտեղից՝ Հնդկաստան, ընդմիշտ թողնելով կնոջն ու հինգ երեխաներին։
1794 թ․ տեղի է ունենում պատմամշակութային խոշորագույն իրադարձություն՝ քահանա Հարություն Շմավոնյանը (1750-1824) Մադրասում հրատարակում է առաջին հայ պարբերականը՝ «Ազդարարը»։ Նա վաճառաշահ, հայաշատ Մադրաս էր եկել 1784-ին՝ Սպահանի թեմակալ առաջնորդի հրամանով նշանակվելով տեղի Սբ Աստվածածին եկեղեցու ավագ քահանա։ Լինելով լայնախոհ մարդ՝ 1789 թ․ մեծ դժվարությամբ հիմնում է տպարան, ցանկանալով լուսավորություն և գիտելիքներ տարածել հայության շրջանում։ Հավանաբար այս փաստն է պատճառ դառնում, որ 1791 թ․ Բոմբեյից Մադրաս տեղափոխվի տեր Սամուել Ղայթմազյանցը։ Սկզբում նա հիմնում է դպրոց, ուր երկսեռ հայ երեխաներին ուսուցանում է հայոց լեզու, կրոն, ճարտասանություն, ընդ որում, ճարտասանության բոլոր օրինակները գրում էր չափածո։ Տեր Սամուելը զուգահեռաբար դառնում է Հ․ Շմավոնյանի մերձավոր աշխատակիցն ու օգնականը։ Նրա խորհրդով 1793 թ․ Հ․ Շմավոնյանը տպագրում է Պորփյուրի «Գիրք ներածութեան» աշխատությունը՝ տիտղոսաթերթին նշելով․ «Աշխատասիրութեամբ սրբագրեցեալ ի Տէր-Սամուելէ որդւոյ տէր Փիլիպպոսի Ղայթմազեցւոյ»։
Նույն թվականին Շմավոնյանը և Ղայթմազյանցը, կրկին երիտասարդության համար, ձեռնարկում են տպագրել Դավիթ Անհաղթի «Գիրք սահմանացը»։ Այդ գրքի հրատարակությունը տեր Սամուելը չտեսավ, վախճանվեց 1794 թ․ ապրիլի 27-ին, բայց 1797-ին լույս տեսած այդ գրքի տիտղոսաթերթին հայր Հարությունը տպագրեց․ «Սրբագրեցեալ յօգնաջան աշխատասիրութեամբ ի Տէր Սամուէլ շնորհունակ քահանայէ տէր Փիլիպպոսեան Թիֆլիզեցւոյ»։
Բանասեր, մանկավարժ, բանաստեղծ տեր Սամուելը թողեց բազմաթիվ անտիպ ձեռագրեր, որոնք, ցավոք, անհետ կորսվեցին հայոց գրական ժառանգության պատմության համար։
Այսպիսով, Ա․ Մանթաշյանցի հոգատար, սրտացավ վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու, գրողների, արվեստագետների, մտավորականների և առհասարակ մարդկանց հանդեպ ուներ գենետիկական բնույթ։
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ