Կիևը չի ճանաչի ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքները, եթե դրանք տեղի ունենան առանց ուկրաինական կողմի մասնակցության՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքն է փոխանցել Reuters-ը։ «Այսօր կարևոր է, որ իրադարձությունները չզարգանան ըստ Պուտինի ծրագրի, ով ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի բանակցությունները երկկողմանի դառնան, պետք է ներկայացված լինեն նաև եվրոպական երկրները»,- հավելել է Զելենսկին։               
 

Ինչո՞ւ էր Սևակը մտածում, որ բանաստեղծ չէ և ո՞վ է բանաստեղծը

Ինչո՞ւ էր Սևակը մտածում, որ բանաստեղծ չէ և ո՞վ է բանաստեղծը
24.01.2025 | 22:57

«Մարդ կա՝ գիտի, որ գիտի. մարդ կա՝ գիտի, որ չգիտի. մարդ կա՝ չգիտի, որ չգիտի»:

Այսօր, տարիների հեռվից ու Պարույր Սևակի հռչակի, ճանաչման ու ժողովրդական սիրո տեսանկյունից դժվար է պատկերացնել, որ բանաստեղծի ճանապարհը հեշտ չի եղել։ Գյուղից քաղաք եկած ընթերցասեր պատանին բախվում է բազմաթիվ դժվարությունների, ընկնում հուսահատության մեջ, նույնիսկ դադարում գրել, թեև մինչ այդ մտածում էր, որ արդեն կայացած բանաստեղծ է։ Այս մասին Պարույր Սևակը անկեղծորեն պատմում է իր «Անցյալը ներկայացած» ակնարկում և հարցազրույցներից մեկում։ Իրեն բանաստեղծ չհամարելու պատճառները մի քանիսն էին, սակայն գլխավորը՝ Եղիշե Չարենցի պոեզիային ծանոթությունն էր։ Ծանոթանալով Չարենցի երկերին, երիտասարդ Սևակն հասկանում է, թե ո՞վ է բանաստեղծը, ի՞նչ է գրականությունը, ինչպե՞ս պետք չէ գրել և, ինչն ամենից դժվարն էր՝ ինչպե՞ս գրել։

Չարենց-Սևակ հարաբերությունները, իհարկե, այսքանով չավարտվեցին.

Այս ակնարկից երկու տարի անց՝ 1967 թ․, բանաստեղծը մեծ նախորդին անդրադառնում է իր՝ Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի առթիվ ընթերցած՝ «Չարենցը և արդիականությունը» զեկուցման մեջ․

Երբ էլ որ մենք զրկվեինք Չարենցից, թեկուզ 18-20 տարեկան ժամանակ, նա պիտի մնար հայ գրականության պատմության մեջ, ինչպես մնում են և հավերժորեն մնալու են իր և բոլորիս պաշտելի Դուրյանն ու Մեծարենցը: Առավել ևս 20-25, 25-30 տարեկանում Չարենցի մահը մեծ կորուստ կլիներ բոլորիս համար, ինչպես որ ահավոր կորուստ էր 40-ամյա հասակում, կորուստ՝ բոլորիս համար, բայց ոչ իր համար, որովհետև նա այդ տարիքներում Էլ կմեռներ իբրև մեծ բանաստեղծ ու գրող…

Նույն տարի էլ Պ. Սևակը կազմում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ընտրանի, որը 2022 թ. Չարենցի ծննդյան 125-ամյակի առթիվ վերահրատարակեց գրականագետ, Պ․ Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։

Չարենցը ստիպում է Սևակին մտածել, որ ինքը բանաստեղծ չէ, սակայն նաև մտածել տալիս, թե ո՞վ է բանաստեղծը, ի՞նչ է բանաստեղծությունը: Ներկայացնում ենք Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված «Սևակն ափի մեջ» նախագծի հաջորդ դրվագը:

Սխալ պատկերացում գրականության մասին

«էն «Գիքորը» գրողի պես մարդ դառնալու» անկասկած համոզվածությամբ էլ ես համալսարան գնացի: Այն ժամանակ լրագրերում տպված ամեն մի ոտանավոր ինձ թվում էր գլուխգործոց և ոտանավորի գլխին կամ տակը տպված ամեն մի ազգանուն՝ հանճար: Բայց համալսարանական կյանքիս առաջին իսկ ամիսը իմ հափշտակության և համոզվածության վրա ոչ միայն պաղ ջուր լցրեց, այլև մտրակեց ինձ կյանքի այն խարազանով, որի շաչյունի բառացի թարգմանությունն է «ուշքի գալ»-ը:

Ամենից առաջ՝ իսկույն հասկացա, որ բան չգիտեմ, այսինքն՝ գիտեմ լոկ այն, ինչ գրված է եղել մեր քրեստոմատիայում. հատված մի վիթխարի վեպից (բայց ոչ վեպը), երկու ոտանավոր՝ մի մեծ բանաստեղծից (բայց ոչ բանաստեղծին), երկու սուտ ու կես ճիշտ (բայց ոչ խեղաթյուրված ճշմարտությունը), ոչ թե գրական քիչ թե շատ նկատելի ընթացք, այլ մի քանի տուփերի ոխերիմ հարևանություն՝ «խոշոր բուրժուազիայի գաղափարախոս», «մանր բուրժուազիայի ներկայացուցիչ», «պրոլետարական գրականության վետերան», «թթու նացիոնալիստ», «կղերական մտածողության քարոզիչ»... Նույնիսկ հայոց գրականությունից իմացածս ավելին չէր, քան Գերագույն Սովետի պատգամավորների ցուցակը. անուն-ազգանուններ՝ համառոտ կենսագրությամբ, և գործունեության առավել քան աչառու շարադրանք, բայց ոչ բուն գործունեություն:

Մակերեսային գիտելիքներ ու հայոց լեզվի ոչ բավարար իմացություն

Նաև չուշացա հասկանալ, որ անգրագետ եմ: Այն ժամանակ դեռ ականջիս չէր հասել Մ.Գորկու ահռելի ճիչը. “Какое это счастье – быть грамотным”: Բայց ինձ այդ ճիչը չհամակեց միայն, այլև սարսափի մատնեց, երբ ոչ թե իմացա ի լրո, այլ զգացի սեփական ուղնուծուծովս, որ եթե գրագետ լինելը դժվար է ընդհանրապես, ապա քառակի դժվար է գրագետ լինելը հայերենից, որովհետև հայոց լեզուն լավ իմանալ նշանակում է տիրապետել ... 4 գրական լեզվի (գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն): Իսկ եթե սրան էլ ավելացնենք, որ հայերենն ունի նաև 60 բարբառ, որոնցից շատերն իրարից ավելի են հեռու, քան ռուսերենը ուկրաիներենից, և որ իմ մայրենի բարբառը գրական հայերենին մոտիկ է նույնքան, որքան չեխերենը ռուսերենին,- ապա կուրվագծվեն հայերենը տիրապետելու դժվարության մոտավոր սահմանները:

Չարենցի խորտակիչ հարվածը

Իմ հիասթափությունը խորանարդվեց՝ ստանալով նաև երրորդ նիստ. հասկացա, որ ես ... բանաստեղծ չեմ: Դա ինձ հասկացրեց, ամենից և ամենքից առաջ, Եղիշե Չարենցը: Ես այդպես էլ բախտ չունեցա նրան տեսնելու. Երևան գալուցս 3 տարի առաջ նրան սպանել էին բանտում: Նրա գրքերն այրված էին. նրա անունը տվողին սպառնում էր բանտ ու աքսոր. ում երեկ պաշտոնապես կոչում էին «սովետահայ գրականության ողնաշար», այսօր դարձել էր «ժողովրդի թշնամի»: Բայց դեռ մնացել էին մարդիկ, որոնք պահել էին նրա այս կամ այն գիրքը՝ իրենց և իրենց ընտանիքը կործանելու վտանգը կոխելով: Ու նրանց միջոցով էլ Չարենցը նստեց հանրակացարանային իմ չոր մահճակալին, մինչև վերջ բացվեց իմ առջև, և հենց այն է ուզում էր ասել, երբ ես կանխեցի նրան և ինքս ասեցի.

-Հասկացա, որ բանաստեղծ չեմ:

Հասկացա, որովհետև մինչև այդ կարծում էի, թե բանաստեղծությունը ոտանավոր գրելն է՝ օրացուցային այս կամ այն թվականի առթիվ, գովքն է՝ հանճարեղ առաջնորդի կամ նրա մարտական զինակցի, խառնուրդն է 2 բաժին ծաղկի և մի բաժին առվի ջրի, երբ պետք է՝ վերամբարձ - ճոռոմ ոճով (որ անում էին «մարտիկ -պոետներ»-ը), եթե հարկավոր է՝ աշուղական հանգով (որ բնագավառն էր «հուզական լիրիկա»-ի): Ես տակավին չէի նկատել, որ այսօրինակ գրականությունը, վերջին հաշվով, զբաղված է ոչ այլ ինչով, քան չակերտներ դնելով, իսկ հիմա սկսում էի հասկանալ, որ գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը:

Ո՞րն է ճշմարիտ բանաստեղծությունը և ո՞վ է բանաստեղծը

... բանաստեղծությունը շղթայել օրացույցին՝ նույնն է, թե Բախի խորալը նվագել ստադիոնում կամ «Խորհրդավոր ընթրիքը» փակցնել բաղնիքում.

որ ... ճշմարիտ բանաստեղծությունը գործ չունի «ալելուա»-ի և «ամեն»-ի հետ. ամենաշա՜տը՝ նա կարող է մարդկանց տոն պարգևել կամ մեղմել սգի կսկիծը.

որ ... ճշմարիտ բանաստեղծություն գրելը պիտի լինի ինքնազատագրության պես բան և ոչ թե թամադայություն.

որ ... բանաստեղծը ներքին այրման շարժիչ է և ոչ թե ջրաղացի անիվ՝ օտար մի ուժով պտտվող.

որ ... «բանաստեղծ» կոչումը կրծքանշան չէ՝ առնես ու ամրացնես կրծքիդ կամ գլխարկիդ.

բանաստեղծը նա է, ով ունի իր ստորերկրյա ջուրը, իր արտեզյան երակը.

որ, վերջապես, գրելու և գրելացավի միջև ընկած է մի անտեսանելի անդունդ, մի երևակայելի, բայց անժխտելի ջրբաժան գիծ, մի, եթե կուզեք, փոքրիկ ... առվակ, որի մեջ, սակայն, հազարավորներն են խեղդվում:

Չարենցն ինձ օգնեց տեսնելու այդ անդունդը, այդ ջրբաժան գիծը և այն փոքրիկ առվակը, որի մեջ ես չուզեցի խեղդվել: Միայն Չարենցը հազիվ թե օգներ, եթե նրան չաջակցեր իմ սեփականությունը՝ ինքնասիրության և արժանապատվության զգացումը:

Լավ է լինել լավ ընթերցող, քան վատ գրող:

Ու ես երդվեցի այլևս ոտանավոր չգրել: Եվ իսկապես էլ չգրեցի: Ես ինձ տվեցի ուսման և, առաջին հերթին, հին հայերենի իմացությանը: Հայ բազմադարյան գրականությունը կամաց-կամաց դադարեց terra incognita լինելուց: Ես ինձ լրջորեն նախապատրաստում էի գրականագիտության և բանասիրության․․․»

Բանաստեղծի կոչման ու առաքելության մասին այս սահմանումները տարբեր կերպ գտնում ենք նաև հենց Պ. Սևակի պոեզիայում և հատկապես «Աստծո քարտուղարը» շարքում.

Բանաստեղծի ծնունդը

Այն օրն են միայն բանաստեղծ դառնում,

Երբ հասկանում են,

Հանկարծ ըմբռնում,

Որ իրենց գործը այն շիշն է միայն,

Որ ծով է նետում նավորդը մեռնող՝

Փրկություն հայցող տողով մի քանի:

Եվ ժամանակի ծովը քմահաճ

Շիշն այդ երբևէ ծովափ կհանի՞...

31.XII.1961թ.

Երևան

Բանաստեղծի բախտը

Թեկուզ և ձեռքըդ գրչից էլ զրկեն,

Դու, միևնո՜ւյնն է, պիտի՛ որ երգես:

Թո՛ղ չտան ոչ մի լիազորություն,

Դու, մե՜կ է, սուտը պիտի՛ որ հերքես:

Քեզ կույր են կոչում,

Բայց տեսնում ես այն,

Ինչ որ շատերը չե՜ն կարող տեսնել:

Քեզ կաղ են կարծում,

Բայց այնտե՛ղ ես դու,

Ուր նրանք երբե՜ք չեն կարող հասնել:

Բախտի ճամփեքը տարբեր են լինում,

Նա ամեն մեկին տարբեր է սիրում

(Շատ անգամ նույնիսկ ատելությունը

Շուռ տված սիրո պատկեր է կրում):

Հաջողությունը թո՛ղ երես թեքի,

Հաջողությունը թո՛ղ քեզնից տա խույս...

Թո՛ղ նրանք լինեն հաջող որսի շուն,

Իսկ դու կմնաս ձախորդ հետախո՜ւյզ:

Թո՛ղ նրանք լինեն հայտնի թարգմանիչ,

Իսկ դու ուզում ես մնալ վերծանո՜ղ:

Թո՛ղ նրանք լինեն անցավ մանկաբարձ,

Իսկ դու մնում ես կարեվեր ծնո՜ղ:

Թո՛ղ նրանք լինեն դարի մունետիկ.

Իսկ դու մնում ես դարի գաղտնարա՜ն,

Նրա՛նք՝ թեկուզ և ծառայեցնող,

Դո՛ւ՝ ժողովրդի ինքնակամ ծառա՜ն...

...Բախտի ճամփեքը տարբեր են լինում,

Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր:

Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,

Իսկ դու՝ որ քեզնով երբևէ հարբեն...

1961թ.

***

Պարսիկներն ունեն մի իմաստուն խոսք, որը հայերիս ծանոթ է շատ վաղուց՝ գրաբարով: Արդի հայերենով այդ ասացվածքը կհնչի այսպես. «Մարդ կա՝ գիտի, որ գիտի. մարդ կա՝ գիտի, որ չգիտի. մարդ կա՝ չգիտի, որ չգիտի»:

Գրականությամբ զբաղվելու իրավունք պիտի ունենան այն մարդիկ միայն, ովքեր «գիտեն, որ գիտեն»: Ուրիշ հարց է, թե այդ իրավունքը չարաշահողների թիվն ավելի է, քան դրանից օգտվողներինը:

Գրականության մեջ աշխատելու արտոնություն ունեն նաև նրանք, ովքեր «գիտեն, որ չգիտեն»: Այդ արտոնությամբ են գրական ասպարեզ իջնում օժտված պատանիները, որոնք շատ բան չգիտեն (և չեն էլ կարող իմանալ), բայց գոնե գիտեն, որ չգիտեն:

Եվ ցավալի է, որ գրականության դուռը՝ սարքված լինելով դարեր առաջ, չի օգտվում տեխնիկայի այսօրվա առավելություններից, եթե ոչ պիտի ավտոմատորեն փակվեր բոլոր նրանց դեմ, ովքեր «չգիտեն, որ չգիտեն»:

Պարույր Սևակ

***

Իսկ այսօր էտ չգիտեցողներ, որ չգիտեն, որ չգիտեն, ամենուր են։ Անգամ Երկիր են կառավարում, ավելի շուտ ավերում…


Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4180

Մեկնաբանություններ