Անցումի մոտ շները մարդկանց հետևում կանգնած սպասում էին, որ մարդիկ սկսեն փողոցն անցնել։ Երկու շուն էր՝ մեկը՝ խոշոր, դարչնագույն, մյուսն՝ ավելի փոքր, սև ու սպիտակ։ Կանաչ լույսը վառվեց, մարդիկ քայլեցին, շները խառնվեցին մարդկանց ու փողոցն անցան, հետո ուղիղ շարունակեցին ճանապարհը։ Հայացքները կենտրոնացած էր, մտածկոտ, ինչ-որ տեղ էին շտապում։
Անձրևը ոչ գալիս ա, ոչ չի գալիս։ Կարծես թե կտրվել ա, բայց մեկ էլ փոշեհատիկի չափ մի կաթիլ կընկնի քթիդ։ Նայում ես վեր. ոնց էլ էդ չափերով էսքան ճանապարհ ա անցել՝ ամպերից քեզ ա հասել, ու չի ձուլվել օդին՝ դառնա օդի հարաբերական խոնավություն։ Հովանոց էլ չես բացի, ամոթ ա։ Էդ նույնն ա, ինչ ամռան թեթև քամուց պատսպարվես ծառի հետևում։ Անձրևը հոգնել ա։
Մարդիկ չեն նկատում շներին։ Էդ լավ ա, որ չեն նկատում, նշանակում ա՝ քաղաքի բնապատկերի մասն են համարում, չեն մրթմրթում, չեն վախենում, հանգիստ անցնում են կողքներով։ Քաղաքն առանց շների անավարտ ջրաներկ նկար կլիներ։
Ժողովուրդն ասում ա՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Բայց առանց անձրևի անձրևային տրամադրություն լինում ա։ Գարնանային անձրևային տրամադրությունն էն ա, երբ ուրախ ես, բայց ժպտում ես, չես ծիծաղում։ Ծիծաղում ես, երբ արևը դուրս ա գալիս։
Շներին մենակ շներն են նկատում։ Տերերի հետ զբոսանքի դուրս եկած շները երկու ձևի են արձագանքում փողոցային շներին՝ կա՛մ կապը քաշում են, հաչում են՝ ուզում են մոտենալ, շփվել, կա՛մ էլ հեռվից անտարբեր նենց են նայում, ինչպես երես առած միլիոնատերն ա իր Ռոլզ-Ռոյսի պատուհանից նայում փողոցի անկյունում կուչ եկած մուրացկանին։
Թաց ասֆալտ, թաց ծառեր, թաց լուսացույց, որ անտարբեր փոխում ա լույսերը։ Ամեն տարի մոռանում ես, որ գարունն անձրևներով ա սկսվում։ Սպասում-սպասում ես գարնանը, նայում ես օրացույցին, օր ես հաշվում, գարունը գալիս ա՝ չէ՛, էս իմ իմացած գարունը չի, ինչ-որ թարս աշուն ա։
Տան շներն ու փողոցային շները շատ տարբեր են քայլում։ Փողոցային շունը ձիան նման թեթև վարգով ա քայլում՝ գլուխը տնկած, պոչն աջ ու ձախ տալով։ Նրա քայլքի մեջ ազատություն կա, «ուր ուզեմ՝ կգնամ» կա։ Տան շունը երբեք տենց չի քայլում, եթե անգամ ազատ թողնես։
Անձրևը մի գարնանային օր էլ լվաց-տարավ։ Գարնան առաջին ամիսն անցավ գարնան սպասումով։ Դե, ինչպես միշտ։
Շները կորան հեռվում՝ ձուլվեցին քաղաքի քառակուսի հորիզոնին։
Հենրիկ Պիպոյան